Logo

Հեռուստատեսության պատմության 5 ամենաերկար սերիալները. «Սանտա Բարբարա»-ն ցանկում չէ

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:00 / 14.06.2022Ռեժիսորներ
ամենաերկար սերիալներ

Հայ հեռուստադիտողին քաջ ծանոթ «Սանտա Բարբարա»-ն հեռու է հեռուստատեսության պատմության ամենաերկար սերիալը լինելուց։ Այս անվանակարգում առաջին տեղը հաստատապես պատկանում է ամերիկյան «Guiding Light»-ին («Ուղղորդող լույս»), որի պրեմիերան կայացել է 1937 թվականին ռադիոյով։ Այն ունեցել է ավելի քան 15.000 դրվագ: 

Guiding Light

VNews Culture-ը ներկայացնում է համաշխարհային հեռուստատեսության պատմության 5 ամենաերկար սերիալները՝

«Guiding Light» («Ուղղորդող լույս») 1937-2009

Guiding Light-1937


 

Աշխարհի ամենաերկար սերիալը, որը 1930-1950-ական թվականներին հեռարձակվել է որպես ռադիոշոու, իսկ 1952-1985 թվականներին հեռարձակվել CBS հեռուստաալիքով։15.000 դրվագների ընթացքում հեռուստադիտողները հետևել են հերոսների կյանքի վերելքներին և վայրէջքներին. այս ձեռքբերումը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել: 

Սյուժեի հեղինակ նախկին ուսուցչուհի Իրնա Ֆիլիպսի գրած պատմությունը սկսվել է Չիկագոյի հորինված արվարձանում ապրող քահանայի շուրջ, բայց հետո ավելի ու ավելի շատ կերպարներ են ի հայտ եկել: Ժամանակի ընթացքում «Ուղղորդող լույսը» դարձավ ամերիկյան 6 ընտանիքների պատմություն, որոնք կապված են ամենաբարդ հարաբերություններով: Իսկ Իրնա Ֆիլիպսը սերիալային ժանրի հիմնադիրներից է:  

2009 թվականի ապրիլին CBS-ի ղեկավարությունը հեռուստադիտողներին տեղեկացրել է, որ սերիալը կավարտվի ցածր վարկանիշի պատճառով։ Վերջին դրվագը հեռարձակվել է 2009 թվականի սեպտեմբերի 18-ին։ 

 

«As the World Turns» («Ինչպես է պտտվում աշխարհը») 1956 - 2010

As the World Turns

Ամենաերկարատև սերիալների շարքում երկրորդ տեղում է «As the World Turns» սերիալային դրաման: 1958-ից 1978 թվականը՝ 20 տարի շարունակ այն ամերիկյան ամենահայտնի սերիալն էր։ Ընդհանուր առմամբ թողարկվել է 13.858 դրվագ, կինոնկարի ընդհանուր տևողությունը մոտ 10.400 ժամ է։ Սկզբում մեկ դրվագը տևում էր 30 րոպե, ինչը նորամուծություն էր, քանի որ մինչ այդ հեռուստասերիալները թողարկվում էին 15 րոպեանոց դրվագներով։ Ֆիլմը հորինված Օքդեյլ քաղաքի գլխավոր ընտանիքների կյանքի, հոգեբանական որոնումների և առօրյա խնդիրների մասին է:

Սյուժեի կառուցման նման մոտեցումը սերիալների համար դարձավ սովորական:

Սերիալն աչքի է ընկնում նրանով, որ ամբողջ պատմության ընթացքում չի փոխվել այն քաղաքը, որտեղ արտադրվել ու նկարահանվել է ֆիլմը: Նկարահանման տարածքները միայն տեղափոխվել են Նյու Յորքի մի շրջանից մյուսը. նկարահանումների առաջին 43 տարիներն անցկացվել են Մանհեթենում, իսկ 1999 թվականից՝ Բրուքլինում:

«One Life to Live» («Մեկ կյանք՝ ապրելու համար») 1968 - 2012

One Life to Live

Ագնես Նիքսոնի ստեղծած ամերիկյան սերիալը 1968 թվականի հուլիսի 15-ից ցուցադրվել է ABC հեռուստաալիքով: Այն առաջին դրաման էր հեռուստատեսությամբ, որը հորինված Լլանվյու քաղաքի քաղաքացիների օրինակով շոշափել է միջէթնիկ հարաբերությունների և թմրամոլության խնդիրները: Այս սերիալի դրվագների տևողությունը տատանվում էր 29 րոպեից մինչև մեկ ժամ։ Ընդհանուր առմամբ հեռարձակվել է 11.096 սերիա։ 2002 թվականին սերիալն արժանացել է «Էմմի» մրցանակի՝ որպես «Լավագույն դրամատիկ սերիալ»։

2005 թվականին սերիալն արժանացել է GLAAD Media Awards մրցանակին՝ ԼԳԲՏ խնդիրների լուսաբանման համար։ Բայց 2011 թվականի ապրիլի 4-ին ABC-ն հայտարարեց, որ շոուն կդադարեցվի մոտ 43 տարի եթերում լինելուց հետո։ Ի դեպ, դերասանուհի Էրիկա Սլեզակը, որը համարվում է շոուի գլխավոր հերոսուհին, նկարահանվել է սերիալի բոլոր սերիաներում՝ 4 տասնամյակ: Հոլիվուդյան շատ աստղեր իրենց կարիերան սկսել են նկարահանվելով այս ֆիլմում ՝ Ջուդիթ Լայթը, Ռոմա Դաունին, Լոուրենս Ֆիշբորնը, Թոմի Լի Ջոնսը, Մարիո Վան Փիբլսը, Ռայան Ֆիլիպը, այլք։

«All My Children» («Իմ բոլոր երեխաները») 1970 - 2011

All My Children

1970 թվականին եթերում հայտնված սերիալի գործողությունները, որը ստեղծել է «One Life to Live»-ի հեղինակ Ագնես Նիքսոնը, տեղի են ունենում Փենսիլվանիայի Սոճիների հովտում։ Ինչպես նախատեսվում էր, սերիալը պետք է բարձրացներ ժամանակակից հասարակության բոլոր սուր սոցիալական խնդիրները, օրինակ՝ Վիետնամի պատերազմի թեման։ Իսկ Էրիկա Քեյնին մարմնավորել է դերասանուհի Սյուզան Լուչին, որի կերպարը համարվում է ցերեկային հեռուստատեսության պատմության ամենահայտնի հերոսը։ Սյուժեն կառուցված է Էրիկա Քեյնի ընտանիքի կյանքի շուրջ։ Ի դեպ, 1973 թվականի դրվագներից մեկում գլխավոր հերոսուհի Էրիկան ​​որոշում է աբորտ անել. աբորտն, առհասարակ, առաջին անգամ էր ցուցադրվում հեռուստատեսությամբ: 

 Բացի այդ, «Իմ բոլոր երեխաները» սերիալն առաջիններից էր, որը ցուցադրեց պլաստիկ վիրաբուժությունը և դրա հոգեբանական ազդեցությունը:

«The Young and the Restless» «Երիտասարդ ու համարձակ» 1973 - մինչ օրս

The Young and the Restless

«The Young and the Restless» (հակիրճ` Y&R) շարքը ստեղծել են Ուիլյամ Ջ.և Լի Ֆիլիպ Բելերը: Առաջին անգամ ամերիկյան սերիալը եթեր է հեռարձակվել 1973 թվականի մարտին: Սերիալի գործողությունները տեղի են ունենում Վիսկոնսին նահանգի Ջենովա Սիթի հորինված քաղաքում։ Սկզբում սյուժեն կառուցվել է Ջենովա Սիթիի երկու հիմնական ընտանիքների շուրջ՝ Բրուքսների և Ֆոսթերների: Բրուքսները հարուստ էին և ազդեցիկ, իսկ Ֆոսթերները՝ աղքատ:

Սերիալը սկզբնապես հեռարձակվում էր 30 րոպեանոց դրվագներով, շաբաթական 5 անգամ։ Իսկ 1980 թվականից սերիալի տևողությունը կրկնապատկվել է։ Մինչ օրս այն ամերիկյան հեռուստատեսության ամենաբարձր վարկանիշ ունեցող ցերեկային դրամաներից է:

Y&R-ն ստացել է 116 մրցանակ և «Էմմի»-ի 360 անվանակարգ, որոնցից 11-ը՝ «Լավագույն ցերեկային դրամա» կատեգորիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա