Logo

ՀՖՖ նախագահը՝ Թուրքիայի դեմ խաղերի, ապագա մարզչի ընտրության, Ազգերի լիգայում հավաքականի ելույթի մասին

22:25 / 08.11.2022Հայկական ֆուտբոլ
Արմեն Մելիքբեկյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է ֆուտբոլային հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի շուրջ։

- Ավարտվեց Ազգերի լիգայի շրջափուլը: Կխնդրենք ամփոփել այն և տալ Ձեր գնահատականը:

- Գնահատականը պարզ է և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի քայլերից բոլորը հասկացել են: Գլխավոր մարզչի հետ համաձայնության ենք եկել գործակցությունը չշարունակելու հարցում: Սա ամենաօբյեկտիվ գնահատականն է: Նպատակ ունեինք պահպանել տեղը Ազգերի լիգայի B խմբում, սակայն դա չիրագործվեց: Այն, ինչ տվել է Խոակին Կապառոսը Հայաստանի հավաքականին, արդեն տվել է: Շնորհակալ ենք նրան, բայց ժամանակն է փոխել քաղաքականությունն ու գլխավոր մարզչին, որը խնդիրը չկատարեց:

- Ազգերի լիգայի մեկնարկային 3 խաղերում հաղթելուց հետո  երկարաձգվեց Խոակին Կապառոսի հետ պայմանագիրը: Ո՞րն էր նման որոշման պատճառը:

- Եթե չեմ սխալվում, պայմանագիրը երկարաձգվեց Խորվաթիայի և Շվեդիայի դեմ ընկերական հանդիպումներից հետո: Նման որոշում կայացվեց, որովհետև պայմանագրում նշված էր կետ, որը պարտադրում էր պայմանագրի ավարտից 5 ամիս առաջ բանակցել այն երկարաձգելու շուրջ կամ դադարեցնել գործակցությունը: Հասկանալի է, որ կառույցի յուրաքանչյուր ղեկավար, որի հավաքականն ընթանում է առաջին տեղով, այլ որոշում չէր կարող կայացնել:

- Տարին սկսվեց Նորվեգիայից կրած 0-9 հաշվով պարտությամբ: Տեսանք, որ հավաքականը, կարծես, չի կարողանում վերականգնվել այդ հարվածից: Եթե վերջին խաղում հաղթեինք Իռլանդիային ու պահպանեինք տեղը B դիվիզիոնում, կհամարեի՞ք, որ առաջադրանքը կատարված է: 

- Այո՛, կհամարեինք՝ խնդիրը լուծված է, բայց դա չէր նշանակի, որ մարզչի պայմանագրի ժամկետը միանշանակ կերկարաձգվեր: Նորվեգիայից կրած ցավալի պարտությունից հետո մարզչի հետ ունեցանք լուրջ զրույց, որից հետո Իռլանդիային հաղթեցինք Երևանում (1-0): Շոտլանդիայի դեմ տնային հանդիպումը չընթացավ մեր ուզած սցենարով, սակայն սկիզբը խոստումնալից էր: Որոշեցինք, որ շրջափուլի ընթացքում ոչ պրոֆեսիոնալ կլինի մարզչին հեռացնելն ու այլ մարզիչ հրավիրելը:

- Նորվեգիայից կրած պարտությունից հետո ֆեդերացիան հայտարարեց, որ Հայաստանի հավաքականը պայքարելու է եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Որոշ ժամանակ անց արդյո՞ք իրատեսական եք համարում, որ հավաքականը կարող է պայքարել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար: 

- Հայտարությունը արվել է ֆուտբոլիստների հետ քննարկումից հետո: Այո՛, իհարկե, կարծում ենք, որ պետք է պայքարենք այդ խնդիրը կատարելու համար: Մեր խմբում կա աշխարհի առաջնությանը մասնակցող 2, Եվրոպայի նախորդ առաջնությանը մասնակցած 3 թիմ: Սա հեշտ խումբ չէ:

- Ի՞նչ պահանջներ եք հաշվի առնում նոր մարզչի ընտրության հարցում:

- Շատ է խոսվում, որ նոր մարզիչը նույնպես իսպանացի է լինելու: Մենք ուշադրություն չենք դարձնում մարզչի ազգությանը, սակայն կարևորում ենք նրա փիլիսոփայությունը: Խոակին Կապառոսի ընտրության ժամանակ նույնպես եղել են ոչ իսպանացի թեկնածուներ: Կոնկրետ չափանիշներ չկան. ցանկանում ենք հավաքականում տեսնել փորձառու մարզիչ: Հիանալի կլիներ, որ առաջիկա ընկերական խաղերին ունենայինք մարզիչ, սակայն չենք ցանկանում շտապել և մտադիր ենք մանրակրկիտ բանակցել, որպեսզի ապագա մարզիչը հասկանա իր առաքելությունը: Շատ ենք ուզում, որ հավաքականում մնան Ռոման Բերեզովակին ու Խավիեր Մինյանոն: Շատ մասնագետներ, որոնց հետ բանակցում ենք, դեմ չեն լինի մարզչական շտաբում նման փորձառու մարզիչներ ունենալուն:

- Առաջիկա ընտրական փուլում առանձնահատուկ են լինելու Թուրքիայի հավաքականի հետ խաղերը: Հաշվի առնելով, որ Հայաստանի հավաքականը փորձելու է խնդիր լուծել ու դուրս գալ Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ՝ այդ ամենը կարող է դուրս գալ ֆուտբոլային հարթությունից ու կապվել քաղաքականության հետ: Ի՞նչ պետք է անել, որ ֆուտբոլիստներն ու մարզիչները խուսափեն ավելորդ ճնշումներից ու կենտրոնանան ֆուտբոլի վրա:

- Ֆեդերացիան ամեն ինչ անելու է, որ հավաքականը խուսափի այդ ամենից, ու Թուրքիայի դեմ խաղերը քաղաքական ենթատեքստ չստանան: Հայաստանի հավաքականը չի սկսվում կամ ավարտվում Թուրքիայի դեմ խաղերով: Պետք է գիտակցենք, որ կարող ենք վտանգի տակ դնել ֆուտբոլային մեծ սերնդի ապագա, եթե այս խաղերին քաղաքական ենթատեքստ տանք: Ցավալի է, որ հենց առաջին խաղն է. ասածս չի նշանակում, որ չենք կարևորում այս խաղերը: Մարզչի ընտրության ժամանակ նույնպես անդրադառնալու ենք այս թեմային, որ նա ևս պատկերացնի այդ հանդիպումների կարևորությունը, բայց չենք ցանկանում այնպես անել, որ մեկ խաղով որոշվի ամեն ինչ: 

ՀՖՖ նախագահը՝ Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի հավաքական հնարավոր վերադարձի մասին (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա