Logo

«Հին օրերի երգը». Ինչու է սխալ Ռոնալդուի վերադարձը Մադրիդի «Ռեալ»

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 18.03.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
8217b Krishtianu Ronaldu - «Հին օրերի երգը». Ինչու է սխալ Ռոնալդուի վերադարձը Մադրիդի «Ռեալ»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:09

-

-

Երկրպագուների ստվար զանգվածի ու մի շարք հեղինակավոր մասնագետների կարծիքով Կրիշտիոնու Ռոնալդուի հեռանալը Իսպանիայի մայրաքաղաքից կոպիտ սխալ էր։ Պորտուգալացի գոլային մեքենան իրեն լավ էր զգում Մադրիդում. խանգարեցին կողքից հանգամանքները։ Սակայն նույն մասնագետները հիմա ահազանգում են։ Ռոնալդուի վերադարձը «Ռեալ» ավելի մեծ սխալ կլինի։ Գործարքից ոչ ոք չի շահի։

Վերջերս Սերխիո Ռամոսն արեց հակասական ու սենսացիոն հայտարարություն՝ պնդելով, որ Կրիշին վաճառելը բոլոր առումներով ճիշտ որոշում չէր։ «Եթե վերջնական որոշումն իմը լիներ, երբեք չէի վաճառի Ռոնալդուի տրանսֆերը»։ Նման անկեղծությունը միանշանակ չընդունվեց, սակայն «Ռեալի» ավագը, մեծ հաշվով, մտածելու բան չունի, քանի որ.

  • Ռամոսի հեղինակությունը «Ռեալում» այնքան մեծ է, որ նա կարող է իրեն թույլ տալ նման հայտարարություններ։
  • Նրա պայմանագիրը «սերուցքայինների» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում. ի՞նչ կարիք կա մտածելու հետևանքների մասին։
  • Ռամոսն ասում է դառը ճշմարտություն։

2018 թվականին Ֆլորենտինո Պերեսը առաջին հայացքից իդեալական գործարք իրականացրեց՝ ավելի քան 100 միլիոն եվրո պոկելով 33 ամյա ֆուտբոլիստից։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ հետո, բացարձակ հուզիչ չէր, այլ՝ ողբերգական։ «Ռեալը» սխալ քայլերի պատճառով կորցրեց մարզչին, որի հետ լուրջ հույսեր էր կապում. Լոպետեգին փաստացի իրեն խաբված զգաց, քանի որ նա «Ռեալ» էր գալիս մարզելու թիմ, որն ուներ Կրիշտիանու, սակայն հանկարծ նա իմանում է, որ նա աշխատելու է այդ թիմում առանց պորտուգալացու։ Բացի դրանից, ստացված գումարի դիմաց Պերեսը տրանսֆերային շուկայում ոչ մի համարժեքին մոտ տրանսֆեր չիրականացրեց. Մարիանո Դիասն այդ կարգավիճակը չուներ, Ազարն էլ ավելի փխրուն գտնվեց, քան ձեր տատիկի տան բյուրեղապակյա «ռոկոկո» սերվիսը։

Ռամոսի հայտարարությունը թեպետ կոշտ էր, բայց ճշմարտությանը մոտ էր։ Սակայն լիարժեք չէ։ Դոն Սերխիոյի թույլտվությամբ մենք կավելացնենք ևս մի կետ. չէ՞ որ Ռոնալդուի տրանսֆերը երջանկություն ու հաջողություն չբերեց նաև «Յուվենտուսին»։ Թուրինում սպասում էին, որ պորտուգալացի հանճարը անգամ 34 տարեկանում կկարողանա թիմին հասցնել այն երազանքին, որը շարունակում էր ու փաստացի շարունակում է անհասանելի մնալ «բյանկոներիների» համար՝ հաղթանակը Չեմպիոնների լիգայում։ Բայց Կրիշը սահմանափակվեց միայն Սիմեոնեի հետ էպիկ պերֆորմանսով։ «Ատլետիկոն» շարունակում է մնալ վերջին թիմը, որին «Յուվենտուսը» հաղթել է 1/8 եզրափակիչում։

Մադրիդյան թիմի հետ խաղում «քամբեք» անելուց հետո «Յուվենտուսին» ապտակել են «Այաքսը», «Լիոնը» և «Պորտուն»։ Ոչ թե «Բավարիան», «Բարսան» կամ ՊՍԺ-ն, այլ վերը նշածս թիմերը: Հատկապես ցավալի էր «Պորտուից» կրած պարտությունը. Ռոնալդուն չկարողացավ իրացնել իր շանսը, իսկ վճռորոշ գոլի ժամանակ անբացատրելի վատ պատ կազմեց թիմակիցների հետ, գնդակը նրա ոտքերի արանքով անցավ ու հայտնվեց դարպասում:

Իհարկե, նման անհաջողություններից հետո եվրոպական մամուլը պտտեց սպասված շշուկներն այն մասին, որ Ռոնալդուն կարոտել է Մադրիդը ու երազում է վերադառնալ «Ռեալ»: Կարծես, բոլոր կողմերի համար շահեկան գործարք է. «Ռեալին» թոփ հարձակվող է պետք, քանի որ միայն Բենզեման չի ձգում այլևս, «Յուվեն» էլ պետք է հույսը դնի նոր, ավելի երիտասարդ կադրի վրա: Բայց տրասնֆերի տարօրինակությունն ունի 3 կարևոր ասպեկտ.

  • «Յուվեն» ոչ մի դեպքում անվճար բաց չի թողնի Ռոնին: Corriere dello Sport-ի հաշվարկով թուրինցիները պետք է Ռոնալդուին վաճառեն առնվազն 29 մլն. եվրոյի դիմաց՝ տրանսֆերի վրա վատնած գումարը վերադարձնելու համար:  Transfermarkt-ում թեպետ Ռոնալդուի գնապիտակի վրա 2 անգամ թանկ գին է նշված, բայց անգամ 29 մլն. եվրոն այսօրվա պարտքերի մեջ լող տվող «Ռեալի» համար մեծ գումար է:
  • Իրավիճակին տիրապետող աղբյուրները գրում են, որ Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ Մադրիդ՝ Չեմպիոնների լիգայի հաղթանակի համար: Վատ չէ, սակայն լավ իմանալով Կրիշի ֆինանսական ախորժակը, պորտուգալացին դժվար թե գնա բարեգործության ու մի քանի միլիոնով կրճատի իր եկամուտը: Այսինքն՝ Ռոնալդուի տրանսֆերը 29 մլն. եվրո չի նստի Պերեսի վրա: Պայմանագրով ու աշխատավարձով հանդերձ, Ռոնը կարժենա մոտ 100 մլն. եվրո:
  • Ռոնալդուն իրեն շարունակում է համարել գործող լավագույն 2 ֆուտբոլիստներից մեկը: Բոլոր իրավունքներն այդպես կարծելու համար պորտուգալացին ունի՝ նա Իտալիայում անթիվ անհամար ռեկորդներ է թարմացրել, գրեթե հանդիպում բաց չի թողնում, սակայն տրանսֆերը դեպի Մադրիդ կունենա կատաստրոֆիկ հետևանքներ «արքայական» թիմի համար: Սերնդափոխության փոխարեն (Կրոս, Մոդրիչ, Ռամոս) Պերեսն իր ծերունիների բրիգադը կհամալրի ևս մեկ հրեշով, որը ԳՈՒՑԵ իր վերջին շնչում ևս մեկ սխրանք անի: Բայց «Ինտեր»-2010-ի օրինակն ամենավառն է. ՉԼ տարած թիմը, որը ծփում էր 30+ թոփերով, մի քանի տարի հետո խորտակվեց ճգնաժամի հորձանուտում:

Իմիջային կամ մարկետինգային տեսանկյունից Ռոնալդուի տրանսֆերը չի կարող վատ քայլ համարվել: Համաշխարհային ֆուտբոլի ամենափրայմ ֆուտբոլիստը մի քանի ժամում կարող է միլիոնավոր դոլարների եկամուտ բերել, բայց ֆուտբոլում ամեն ինչ չէ, որ որոշում են փողն ու ֆուտբոլիստի անունը: Ռոնալդուի գալը Մադրիդ ինքնին կնշանակի, որ Հալանդն ու Մբապեն համենայն դեպս այս տարի «Ռեալ» չեն տեղափոխվի: Իսկ որտե՞ղ է երաշխիքը, որ Ռոնալդուն Պերեսի ու ինքն իր համար կբերի հերթական ՉԼ-ն: Չկա: Ստացվում է, որ «սերուցքայինները» խաչ են քաշելու զարգացման ու թարմացման նոր պլանը հանուն թոփ ֆեյսի և նոստալգիայի դիմաց:

Ժամանակն է հաստատել, որ Ռոնալդուի վերջին 3 տարվա ձախողումը մարզչական ձախողումը չէ, թիմակիցների գործոնն էլ այնքան էական չէ, որքան՝ գլխավորը: Ռոնալդուն իր անհաջողությունների համար պետք է մեղադրի ինքն իրեն: Պատասխանատվությունից խուսափելու և սխալների շտկում անելու փոխարեն Կրիշը փորձում է նոր երջանկություն գտնել: «Յուվեում» նա պետք է տարբերություն ստեղծեր այնտեղ, որտեղ պետք էր: «Կրոտոնեի» ու «Պեսկարայի» դեմ խաղում տարբերություն ցանկացած «յուվենտինո» կարող էր ստեղծել: Դա պետք էր անել Չեմպիոնների լիգայում: Մարզիչն ու թիմակիցներն այդ պարագայում մեղք չունեն:

Ֆլո Պերեսը կարող է գնալ վաբանկ ու տրանսֆերային պատուհանի ընթացքում «բոմբել»՝ ձեռք բերելով Մբապե-Հալանդ զույգից մեկին ու թիմի զարգացման համար նոր վեկտոր գծել: Այդպես ցանկանում են բոլոր իսկական «մադրիստները»: Մինչդեռ Պերեսը կգնա անձի պաշտամունքով տառապող ֆաների քմահաճույքը բավարարելու ճանապարհով, ինչը թիմին կտանի դեպի զարգացման վերջին կանգառը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա