Logo

Հիփ-հոփի լեգենդը. այսօր 2Pac-ը կդառնար 51 տարեկան

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:01 / 16.06.2022Երաժիշտներ
2Pac

Այսօր 2Pac-ը կդառնար 51 տարեկան:

Թուփակ Ամարու Շաքուրը (Tupac Amaru Shakur) համաշխարհային հիփ-հոփի լեգենդ է, բանաստեղծ, որը նաև հայտնի է իր բեմական 2Pac, Makaveli անուններով։

Երաժշտության միջոցով 2Pac-ը բողոքում էր սոցիալական խնդիրներից, պատմում էր ռասայական խտրականության, աղքատության, ճնշումների, քաղաքային գետտոների, դաժան պայմաններում գոյատևման պայքարի մասին։ Շքեղ և հակասական բառերի հեղինակը վիճաբանության մեջ էր Արևմտյան և Արևելյան ափերի ռեփերների հետ, որն ուղեկցվում էր հրազենային կռիվներով:

Շաքուրը ծնվել է Նյու Յորք քաղաքի Հառլեմ թաղամասում:

2Pac-1

Նրա մայրը՝ Աֆենի Շաքուրը, «Սև հովազներ» խմբավորման անդամ էր, հղի էր նրանով, երբ գտնվում էր բանտում։ 1986 թվականին Շաքուրների ընտանիքը տեղափոխվում է Բալթիմոր, որտեղ Թուփակն այցելում է Արվեստի դպրոց։ Այնտեղ նա գրում է իր առաջին ստեղծագործությունը՝ «MC New York»։ Այնտեղ նա հասկացավ, որ սպիտակամորթների հետ կարելի է լեզու գտնել, սակայն իրենց թաղամասում պնդում էին հակառակը։

17 տարեկանում նա և մայրը տեղափոխվեցին Մարվին Սիթի, Կալիֆորնիա։ Այնտեղ Թուփակը ծանոթացավ հանցագործ աշխարհի հետ։ Թուփակն անընդհատ գումարի հետ կապված խնդիրներ ուներ։

Թուփակի կյանքն այդքան վատ չէր, նրան ընդունեցին DIGITAL UNDERGROUND խումբ, որն արդեն շատ հայտնի էր։ Նոր վոկալիստ ունենալով՝ խումբը հետաքրքրեց նոր մարդկանց և դարձավ ավելի հայտնի և սիրված։ Այդ խմբում «գլխավոր դերում» Թուփակն էր։

Միաժամանակ նա զբաղված էր սեփական երաժշտական ​​ստեղծագործությունները ստեղծելով։ 1991 թվականը նշանավորվեց նրա դեբյուտային ստեղծագործության թողարկումով՝ «2Pacalypse Now»: 1992 թվականին ռեփերը կատարեց իր դեբյուտը կինոյում։ Նա նկարահանվեց «Հեղինակություն» ֆիլմում, որտեղ մարմնավորել է գանգստերի։ Իր ժողովրդականության գագաթնակետին հասնելու ճանապարհին ռեփերն իրականում վարում էր հանցագործ կյանք և երբեմն հայտնվում էր ճաղերի հետևում, բայց՝ կարճ ժամանակով: Նույն ժամանակահատվածում Թուփակը թողարկել է իր երկրորդ ստուդիական ձայնասկավառակը` Strictly 4 My N.I.G.G.A.Z.-ը, որը վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով և նրան դարձրել աստղ:

2Pac-2

1993-ի վերջին 19-ամյա մի աղջիկ Շաքուրին մեղադրել է բռնաբարության համար։ Բայց դժվարությունները դրանով չեն ավարտվել. ավելի ուշ նա վիրավորվել է բանդիտների արձակած փամփուշտից։ Մինչ քրեական դատավարության վերջնական վճիռը, նա ստեղծում է «Thug Life» ռեփ խումբը և ձայնագրում ստեղծագործություններ հաջորդ սկավառակի համար՝ ճակատագրի ծանրության, ճնշվածության և անտանելի ցավի մասին մտքերով։

1995 թվականի փետրվարին դատարանը Թուփակին մինչև 4,5 տարվա ազատազրկման է դատապարտել: Իսկ մարտին թողարկվել է նրա երրորդ մենասկավառակը՝ «Me Against the World»։ Այսպիսով, երգիչը դարձել է աշխարհում առաջին երաժիշտը, որը թողարկել է իր սկավառակը կալանքի տակ գտնվելու ժամանակ։ Ալբոմը գլխավորել է հիթ-շքերթները, դարձել պլատինե, իսկ ավելի ուշ ընդգրկվել Ռոքնռոլի փառքի սրահում։ 8 ամիս ճաղերի հետևում մնալուց հետո Շաքուրը վաղաժամկետ ազատ է արձակվում՝ շնորհիվ Death Row ձայնագրման լեյբլի ղեկավար Սյուջ Նայթի՝ 1,5 միլիոն դոլար գրավի դիմաց: Ռեփերը ստիպված է եղել նրա հետ պայմանագիր կնքել երեք ալբոմ թողարկելու համար։

Մոտ չորս ամիս անց թողարկվում է «All Eyez On Me» ալբոմը՝ լավագույններից մեկը երաժշտության այս ժանրում: Ալբոմը որոշիչ դեր ունեցավ ռեփերի կարիերայի զարգացման հարցում։ Սկավառակը 9 անգամ ձեռք է բերել պլատինե կարգավիճակ՝ վաճառվելով 8,2 միլիոն օրինակով։ Սկավառակի երգերը միավորում էին մեղեդին և ռիթմը, պատմում էին սևամորթների կյանքի դժվարությունների մասին:

Անձնական կյանքը

1995 թվականին բանտում գտնվելու ժամանակ Թուփակ Շաքուրն ամուսնացել է դերասանուհի Քեյշա Մորիսի հետ, ում հետ ծանոթացել էր հարսանիքից երեք ամիս առաջ։ Սակայն միասին երկար չեն լինում, շուտով բաժանվում են՝ մնալով բարեկամական հարաբերությունների մեջ։

Ռեփերի կյանքում շատ աղջիկներ են եղել, սակայն լուրջ հարաբերությունների մասին դժվար է խոսել։ Երաժշտությունն առաջին տեղում էր նրա համար։

2Pac-ի սպանությունը

Սեպտեմբերի 7-ին Թուփակը Շուգ Նայթի հետ սև BMW-ով ժամանում է Լաս Վեգաս՝ Մայք Թայսոնի բռնցքամարտի հանդիպմանը, ում հետ Թուփակն ընկերական հարաբերությունների մեջ էր։ Մայքի սպասված հաղթանակից հետո, ակումբի ճանապարհին Շաքուրի մեքենային են (վարում էր Նայթը) կրակում անհայտ անձինք՝ սպիտակ Cadillac-ից։

2Pac-3

Ռեփերին 4 փամփուշտ է դիպել, իսկ Շուգը վիրավորվել է ապակու բեկորներից: Թուփակը գտնվում էր ծանր վիճակում և, գիտակցության չգալով, սեպտեմբերի 13-ին մահանում է: Նրա մարմինը դիակիզվել է։ Հայտնի է, որ երգչի աճյունամոխրի մի մասը ծխել են նրա ընկերները՝ մարիխուանայի հետ խառնելով։ Հանցագործները չեն հայտնաբերվել. ենթադրվում է, որ Թուփակին գնդակահարել են Արևելյան ափի պատերազմող խմբավորման ռեփերները:

Թուփակի կյանքի վերջին տարվա ստեղծագործություններում մոտալուտ մահվան բազմաթիվ ակնարկներ կային։ Նա նաև հետաքրքրվել է հայտնի փիլիսոփա Նիկոլո Մաքիավելիի ստեղծագործություններով, փոխել է բեմական անունը՝ փիլիսոփայի ազգանունով (Makaveli)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա