Logo

«Հիսուսի կատվից» մինչև «…Կատուների քաղաք». Գրիգը պատմում է վերջին գրքի մասին

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 24.06.2019Գրադարան
հարցազրույց - «Հիսուսի կատվից» մինչև «...Կատուների քաղաք». Գրիգը պատմում է վերջին գրքի մասին

«Շփումներ, հանդիպումներ, դավադրություններ, հետապնդվողներ ու հետապնդողներ, առեղծվածներ ու բացահայտումներ, հիացում և նախանձ, հանցանք և պատիժ, մի խոսքով՝ մարդկային հարաբերություններն իրենց ամբողջ բազմազանությամբ, բայց…. կատուների քաղաքում: «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» պատանեկան դետեկտիվը առաջին իսկ տողերից կկլանի իր սրընթաց գործողություններով և միաժամանակ թեթևություն կպարգևի՝ անկրկնելի հումորով…»

Այսպիսին է հայ արձակագիր Գրիգի երկրորդ գրքի նկարագրությունը, որը 2019-ի գարնանը հրատարակել է Անտարես հրատարակչությունը: «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» ի տարբերություն հեղինակի առաջին՝ «Հիսուսի կատուն» գրքի, պատանեկան դետեկտիվ է, որը սակայն կարող է կարդալ ցանկացած տարիքի մարդ, որը փնտրում է լիաթոք ծիծաղ, արկածներ ու իհարկե կատուներ: 

Կատուների հանդեպ սիրո, նոր ստեղծագործության ու ապագա պլանների մասին VNews-ը զրուցել է հենց հեղինակի՝ Գրիգի հետ: 

Գրի՛գ, գաղտնիք չէ, որ Դուք կատուների մեծ «երկրպագու» եք, հետևաբար առաջին հարցը պետք է, որ հետաքրքրի շատերիս՝ ե՞րբ, ինչո՞ւ, և վերջապես ինչպե՞ս սկսեցիք կատուներ սիրել:

-Ճիշտ կլինի հարցնել, թե ո՞ւմ միջոցով սկսեցի կատուներ սիրել, ո՞ւմ են հիշեցնում, բայց թող գաղտնիք մնա: Ինչպես Օսկար Ուայլդի գրքում է ասվում՝ «Երբ ես մեկին չափազանց սիրում եմ, երբեք չեմ տալիս նրա անունը: Դա միևնույն է, թե ուրիշին տաս քեզ համար շատ թանկ մարդու ինչ-որ մասնիկ»:

Իսկ սեփական կատու ունե՞ք:

-Այո, անունը՝ Պարոն Ֆանտա, հանդիպածս ամենադմբո ու ամենաանճարպիկ կատուն է, ու մենք լավ ընկերներ ենք:

-Ինչպե՞ս կպատմեք «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» գրքի մասին այն մարդկանց, որոնք դեռ չեն կարդացել այն:

– Սա ուրախ վիպակ է, ուր փորձել եմ պատկերացնել՝ ի՞նչ կլիներ, եթե մարդու անցած էվոլուցիոն ճանապարհը անցած լիներ կատուն: Չգիտեմ՝ ստացվել է, թե՝ չէ, բայց ինձ դուր է գալիս, կուզեմ՝ ընթերցողը ինձ հետ միասին պատկերացնի այդ աշխարհը:

Գրքում կա՞ ինչ-որ մաս, որն ինքներդ ամենից շատն եք սիրում:

-Կան կերպարններ, որոնց նախատիպերը իմ շրջապատի մարդիկ են, այդ հատվածներն եմ սիրում:

Այս պատմության մեջ կա՞ որևէ մեջբերում, որն այնքան եք սիրում, որ կարող եք նույնիսկ դաջվածքի վերածել:  

-«Ոչ մի լավ արարք անպատիժ չի մնա»:

«Հիսուսի կատուն» և «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» գրքերը, կարելի է ասել, երկու տարբեր տարիքային խմբերի համար են հիմնականում նախատեսված: Հե՞շտ էր «Հիսուսի կատուն» գրքի աշխարհից տեղափոխվել հիմա էլ այս կատուների աշխարհ:

Հեշտ էր, ես փոփոխություններից չեմ խորշում:

Կա՞ գրքի ինչ-որ բացատրություն, մեկնաբանություն, որը կարդալուց հետո ստիպել է «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» գրքին նոր անկյունից նայել:

-Դեռ՝ ոչ, բայց ես սպասում եմ: Սիրում եմ դիտանկյուն փոխող մտքեր, դրանք կյանքը սիրուն դարձնող մարտահրավերներ են:

Եթե այս գիրքը կարդալու համար հարմար եղանակ, ժամանակ, կամ վայր ու պայմաններ հարցնեինք Ձեզ, ի՞նչ խորհուրդ կտայիք:

-Միայն մի պայման՝ կարդալ կուշտ փորով. կերպարները ուտող-խմող են ստացվել:

Արդեն գիտենք, որ «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» շարունակություն է ունենալու: Ինչ-որ մանրամասներ, հուշումներ կարո՞ղ եք «նվիրել»:

-Կարող եմ ասել միայն՝ յուրաքանչյուր ոք կարող է կատվային կերպարանքով հայտնվել շարունակության մեջ, այնպես որ զգույշ եղեք:

Եվ վերջում, բացի այս գրքի երկրորդ մասից, ապագայի համար ի՞նչ պլաններ ունի հեղինակ Գրիգը:

-Իմ հրատարակչության՝ «Անտարես» հոլդինգի հետ հեռուն գնացող ծրագրեր ունենք, վստահ եմ՝ շուտով լավ լուրեր կունենանք հայտնելու:

Զրուցեց՝ Մելանի Սարգսյան

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝ 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա