Logo

Հմայակ Միսակյանը՝ Ավստրիայի թիմին միանալու ու երևանյան ԵԱ-ում մեդալ նվաճելու մասին

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:40 / 20.04.2023Ծանրամարտ
Բացառիկ
null

Ավստրիան ներկայացնող Հմայակ Միսակյանն իր համար հաջողված և հիշարժան է համարում Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Ալպյան երկրում հաստատված 21-ամյա գյումրեցի ծանրորդը, երրորդ տեղը գրավելով ԵԱ-ի 81 կգ քաշային կարգի պոկում վարժությունում, նվաճեց մեծահասակների մրցումներում իր առաջին մեդալը։ Միսակյանի գրանցած 151 կգ արդյունքը պոկում վարժության Ավստրիայի ռեկորդ է։ Ռեկորդային է նաև երկամարտի 326 կգ արդյունքը, որը նրան թույլ տվեց գրավել 4-րդ տեղը՝ 11 կգ զիջելով բրոնզե մեդալակիր դարձած Ռաֆիկ Հարությունյանին։

VNews-ի թղթակցի հետ հարցազրույցում Հմայակ Միսակյանը կիսվեց սեփական ելույթից ստացած տպավորություններով, պատմեց մարզական հավակնությունների և այն մասին, թե ինչպես է դարձել ավստրիական բանակի սպա։

- Բավականին տպավորիչ մեկնարկից հետո վերջնարդյունքում եզրափակեցիք առաջին քառյակը։ Գո՞հ եք ձեր ելույթից։

- Պոկում վարժության ելույթիցս գոհ եմ։ Նվաճեցի փոքր բրոնզե մեդալ՝ հաղթողին և երկրորդ տեղ գրաված ծանրորդին զիջելով համապատասխանաբար 4 և 1 կգ։ Հրում վարժությունում նույնպես կարող էի հաջող մասնակցել, քանի որ դրա համար կային նախադրյալներ։ Մարզումների ընթացքում հրել էի 180 կգ, իսկ կրծքիս վերցրել էի 185 կգ կշռող ծանրաձողը։ Դա բավականին լավ ցուցանիշ է, որն այստեղ կրկնելու դեպքում կկարողանայի միջամտել երկամարտի մեդալների համար պայքարին։ Ամեն դեպքում, գոհ եմ արդյունքիցս։ Կփորձեմ ավելի լավ պատրաստվել հաջորդ մրցումներին։

- Ի՞նչը խանգարեց այս անգամ։

- Թերևս, լարվածությունը, որն ավելի մեծ էր հատկապես նախամեկնարկային վերջին օրերին։ Հայրենիքում, հայրենակիցներիս ներկայությամբ հանդես գալու գիտակցումը պատասխանատվության լրացուցիչ զգացում էր առաջացրել։ Կարծում եմ՝ որոշիչ էր հենց հոգեբանական գործոնը։ Սակայն, չեմ ընկճվում և պատրաստվում եմ հետագայում պայքարել ավելի բարձր տեղերի համար։ Իսկ տրիբունաների աջակցությունն իրոք տպավորիչ էր, շնորհակալ եմ հայ մարզասերներին նման ջերմ ընդունելության համար։ Իրականում դա երկակի ազդեցություն ունեցավ. մինչև մրցահարթակ բարձրանալն օգնում և ոգևորում էր, իսկ մրցահարթակին արդեն որոշակի կաշկանդվածություն էր առաջանում։ Վերջնարդյունքից հիասթափված չեմ։ Ձգտելու եմ հաջորդ տարի ավելի լուրջ պայքար մղել։

- Ինչպե՞ս է հաջողվել ընդգրկվել Ավստրիայի հավաքականում։

- Ծնվել և մեծացել եմ Գյումրիում, սակայն արդեն 6 տարի բնակվում եմ արտասահմանում։ Երեք տարի ապրել եմ Հունաստանում և այդ երկրի դրոշի ներքո դարձել եմ պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ հրում վարժությունից և երկամարտում։ Ավելի քան երկու տարի էլ Ավստրիայում եմ։ Ինչ-ինչ պատճառներով հեռացա Հունաստանից, իսկ հետո Սարգիս Մարտիրոսյանի առաջարկով տեղափոխվեցի Ավստրիա։ Այնտեղ ամեն ինչ ավելի լավ դասավորվեց, կարողացա հստակեցնել և համակարգել մարզումներս։ 2022 թվականին մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության պոկում վարժությունից նվաճեցի ոսկե մեդալ, իսկ հրում մրցաձևում և երկամարտում, 1-ական կիլոգրամ զիջելով երկրորդ մրցանակակրին, անձնական քաշի տարբերությամբ գրավեցի 4-րդ տեղը։ Թեպետ մշտական բնակություն եմ հաստատել Ավստրիայում, բայց Հայաստանի հետ կապը ամուր պահպանում եմ։ Հաճախ եմ այցելում Գյումրի, շփվում անձնական մարզիչիս հետ։ Ես և Սարգիսը խորհրդակցելով գյումրեցի մարզչիս հետ՝ ձգտում ենք ավելի լավ արդյունքներ գրանցել։

- Ավստրիայում ապահովվա՞ծ եք կենցաղային և մարզումային պայմաններով։

- Այնտեղ ինքս եմ փորձում ապահովել սեփական կարիքները և լուծել ծագող խնդիրները։ Ավստրիայում կարգը բոլորովին այլ է, քան Հայաստանում։ Ծառայության եմ անցել ավստրիական բանակում և ներկայացնում եմ բանակի մարզական ակումբը։ Կոչումով եֆրեյտոր եմ, որը հավասարազոր է այստեղի պրոֆեսիոնալ սերժանտին։ Երևանում գրանցած արդյունքն ավելի ամրապնդեց իմ տեղը բանակային համակարգում։ Զինծառայության պայմանագրիս ժամկետը լրանում էր օգոստոսին, իսկ հիմա այն կերկարաձգեն ևս մեկ տարով։ Այնտեղ այդպես է. հիմնվելով մարզիկի գրանցած արդյունքներին՝ ամեն տարի թարմացնում են պայմանագիրը։

- Մարզական ի՞նչ նպատակներ ունեք ընթացիկ մրցաշրջանում։

- Գլխավոր նպատակս է հաջող մասնակցել մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը և փորձել օլիմպիական վարկանիշ լրացնել մեծահասակների աշխարհի առաջնությունում։ Դա անչափ դժվար է լինելու, սակայն ձգտելու եմ ամեն կերպ հասնել նպատակիս։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա