Logo

Բռնցքամարտի ԵԱ. Հովհաննես Բաչկովը մեկնարկեց փայլուն հաղթանակով

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:44 / 26.05.2022Բռնցքամարտ
Հովհաննես Բաչկով-2022

Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության և Եվրոպական խաղերի հաղթող Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց Երևանում ընթացող բռնցքամարտի եվրոպական ստուգատեսում։

29-ամյա գյումրեցին 63,5 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում վստահորեն հաղթեց անգլիացի Ջոզեֆ Թայերսին։ Սա Բաչկովի 63-րդ հաղթանակն էր սիրողական բռնցքամարտում։

Մեր մարզիկը լիարժեք դրսևորեց իր լավագույն կողմերը։ Նա աչքի ընկավ գրագետ պաշտպանությամբ, ակտիվ և ագրեսիվ հարձակողական գործողություններով, բռնցքամարտին գրավչություն հաղորդող տեխնիկական հնարքներով՝ սուզումներ, կողային հարվածներ և այլն։

Դատելով տրամադրվածությունից՝ Հովհաննեսը լրջորեն մտադրված է հաստատելու այս քաշային կարգում Եվրոպայում ուժեղագույնը լինելու համարումը։

Այսօր՝ ցերեկային մրցահերթում, ռինգ դուրս կգան նաև Գուրգեն Մադոյանը (67 կգ) և Դավիթ Չալոյանը (92 կգ-ից բարձր), որոնք 1/8 եզրափակիչում կհանդիպեն համապատասխանաբար ֆինն Բենջամին Կարլ Էրիկսոնին և բոսնիացի Յուրայ Սոլդոյին։ Երեկոյան նույն փուլում Նարեկ Մանասյանը (92 կգ) ռինգ է դուրս գալու սլովակ Դավիդ Միխալեկի դեմ։

Առաջնությանը հայտավորված Հայաստանի 13 բռնցքամարտիկներից առայժմ պայքարին ներգրավվել են միայն 6-ը։ Քառորդ եզրափակիչ են անցել Համբարձում Հակոբյանը (80 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)։ Պարտվել և պայքարը լքել են Ջանիկ Սահակյանը (54 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ) և Վախթանգ Հարությունյանը (75 կգ)։

Առաջնության մենամարտերը կարող եք դիտել  «Վիվառո սպորտ պլուս»  և  «Վիվառո Արենա»  հեռուստաալիքներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա