Logo

Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորել է բասկետբոլիստներին և ըմբիշներին եվրոպական հաղթանակների կապակցությամբ 

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:11 / 04.07.2022Ըմբշամարտ
null

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ և ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորել է բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ընտրանուն Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ և վստահեցրել, որ հաղթանակները շարունակական են լինելու։

«Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը կրկին փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող է, ինչի առթիվ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս: Ռեքս Քալամյանին հաջողվել է ստեղծել մարտունակ թիմ, որը վստահ հաղթանակներ տոնեց Մալթայում կայացած առաջնությունում և ուրախացրեց հայ մարզասերներին հերթական տիտղոսով:

Բասկետբոլային տոնն սկսվել էր Երևանում, երբ մեծ թվով հանդիսականների ներկայությամբ Հայաստանի ընտրանին արժանի ելույթ ունեցավ ՍԱԴԱ-ի գավաթի խաղարկությունում: 

Այդ երկու մրցաշարերը մեծ ոգևորություն առաջացրին Հայաստանում, և վստահ եմ՝ նոր զարկ կհաղորդեն բասկետբոլի զարգացմանը և մասսայականացմանը: 

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ֆեդերացիայի ամբողջ անձնակազմին, մարզիչներին, խաղացողներին և բոլոր անդամներին, որոնց նվիրված աշխատանքի շնորհիվ գրանցվեցին այս հաջողությունները:

Հ.Գ. Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչպես են կերտվում հաղթանակները, ինչպես են կառուցվում ազգային հավաքականները, ասեմ, որ սկզբում ունեցել ենք փակուղային իրավիճակներ, երբ ոչ հեռավոր 2006-ին մեզ որպես կապիտալ հանձնվեց ընդամենը մի երկու կնիք: Սակայն այդ շրջանի անհաջողությունները մեզ չկոտրեցին, և քայլ առ քայլ շարժվեցինք ու շարժվում ենք դեպի մեր նպատակը:

Այժմ, երբ հետհայացք ենք նետում, տեսնում ենք, որ սրտացավ աշխատանքը տվել է իր պտուղները, և կարող ենք վստահ ասել, որ հաղթանակների ուղին շարունակելի է»,- նշել է Հրաչյա Ռոստոմյանը սոցցանցերում կատարած գրառման մեջ։

Նա Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ունեցած փայլուն ելույթների և արժանիորեն նվաճած մեդալների կապակցությամբ շնորհավորել է նաև հայ ըմբիշներին ու մարզիչներին՝ նշելով, որ այդ հաջողություններում հսկայական է Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանի ավանդը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա