Logo

Սեյրան Նիկողոսյան. «Անսպասելի էր, որ մեդալների քանակով առաջ անցանք համայն Եվրոպայից» 

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:12 / 29.03.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Նորվեգիայի Համար քաղաքում անցկացված գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում հայ նշանառուների դրսևորած մրցանակային պոռթկումը, պարզվում է, հաճելի անակնկալ է դարձել անգամ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի համար։ Փորձառու մասնագետը VNews-ի հետ զրույցում նշել է, որ մեդալների ակնկալիք ուներ, սակայն իրականությունը գերազանցել է անգամ ամենահամարձակ սպասելիքները։

«Մեր բոլոր 12 մարզիկներից էլ այս կամ այն չափով սպասելիքներ ունեի, սակայն չէի ենթադրում, որ կնվաճենք 10 մեդալ, որից 7-ը ոսկե, իսկ 3-ն արծաթե։ Դա հաճելի անակնկալ էր։ Չէի սպասում, որ այդ առումով առաջ կանցնենք Եվրոպայի առաջնությանը մասնակցած շուրջ 50 երկրներից։ Շատերն էին զարմացած, որովհետև մեր ռեսուրսներով, կարելի է ասել, զիջում ենք համայն Եվրոպային։ 45 մլն դրամի հասնող մեր տարեկան բյուջեն անչափ համեստ ցուցանիշ է՝ եվրոպական առաջատար երկրների ազգային ֆեդերացիաների ֆինանսավորման համեմատ։ Հարցնում են՝ իսկ ինչպե՞ս հաջողվեց։ Միմիայն մեր հրաձիգների և մարզիչների քրտնաջան աշխատանքի շնորհիվ»,- VNews-ի հետ զրույցում նշեց հավաքականի երկարամյա մարզիչը։

Մեր հարցին, թե հեռանկարի առումով ի՞նչ տվեց այդ հաջողությունը մեր մարզիկներին, Նիկողոսյանը պատասխանեց. «Ճանաչում բերեց, հաստատվեցինք որպես հրաձգություն մարզաձևի երկիր»։

Նա ընդգծեց, որ թեպետ հայ հրաձիգները մեդալներ են նվաճել գերազանցապես ոչ օլիմպիական մրցաձևերում, սակայն թիմում կան մարզիկներ, որոնք հետագա մրցումներում կարող են ձևակերպել 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Մեր զրուցակցի խոսքով՝ օլիմպիական դառնալու մեծ հնարավորություն ունեն ատրճանակից հրաձգությունում մասնագիտացող Էլմիրա Կարապետյանը և հրացանով կրակող Հրաչիկ Բաբայանը։ Մարզիչը հայտնեց նաև, որ Օլիմպիական խաղերի ծրագրում կարող է վերականգնվել «վազող թիրախներին» հրաձգությունը, որից Հայաստանի մարզիկները պարբերաբար մեդալներ են նվաճում Եվրոպայի առաջնություններում և միջազգային մրցաշարերում։

«Հրաձգությունից 16 օլիմպիական մրցաձև կա, սակայն զենք-զինամթերքի խնդիր ունենալու պատճառով մասնակցում ենք միայն օդամղիչ զենքից հրաձգության մրցումներին։ Նման իրավիճակը պայմանավորված է ֆինանսների սղությամբ։ Բայց դրա մասին արդեն այնքան շատ եմ խոսել, որ կրկնելու ցանկություն այլևս չունեմ»,- պարզաբանեց գլխավոր մարզիչը։

Սեյրան Նիկողոսյանը հավելեց, որ մինչև սեպտեմբեր իր սաները, հնարավոր է, այլևս չմասնակցեն միջազգային մրցումների։ Գլխավոր նպատակն է հավուր պատշաճի պատրաստվել և մասնակցել աշնանը նախատեսված աշխարհի առաջնությանը։ Իսկ ամռանն սպասվում է ստենդային հրաձգության Եվրոպայի առաջնությունը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա