Logo

«Հրաշք երեխան», որ խոստանում է լինել Բունդեսլիգայի նոր աստղը. ով է Ֆլորիան Վիրցը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 27.09.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Screenshot 27 - «Հրաշք երեխան», որ խոստանում է լինել Բունդեսլիգայի նոր աստղը. ով է Ֆլորիան Վիրցը

Լևերկուզենի «Բայերը» նոր ադամանդ է գտել տանը: 2020-ին Կայ Հավերցին 80 մլն եվրոյով վաճառելուց հետո լևերկուզենցիները մեկ այլ հրաշամանուկ ունեն ձեռքի տակ:

18-ամյա Ֆլորիան Վիրցը խփում է բոլոր հնարավոր և անհնար ռեկորդները: 2019/20 մրցաշրջանում Վիրցն արդեն գերազանցեց հենց Հավերցի ցուցանիշը՝ դառնալով «Բայերում» նորամուտը նշող ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (17 տարեկան 15 օրական հասակում), ինչպես նաև դարձավ Բունդեսլիգայում խաղացած 3-րդ ամենաերիտասարդը՝ զիջելով միայն Նուրի Շահինին ու Յան Աուրել Բիսեկին: «Բավարիայի» դեմ խփած գոլի շնորհիվ Վիրցը դարձավ Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որ գոլի հեղինակ է դառնում (17 տարեկան 34 օրական հասակում), մինչև որ «Բորուսիայի» 16-ամյա հարձակվող Յուսուֆա Մուկոկոն չգերազանցեց այդ ռեկորդը: «Մայնցի» դեմ խաղում խփած հաղթական գոլով էլ Վիրցը դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որ Բունդեսլիգայում 10 գոլ է խփում:

Ֆլորիան Վիրցին արդեն ցանկանում են գնել եվրոպական բոլոր գրանդները: Ուստի, արժե ավելի մանրամասն ծանոթանալ գերմանական ֆուտբոլի ամենախոստումնալից խաղացողին:

Առաջին քայլերը

Վիրցը ծնվել է 2003 թվականին ու 10 տարեկանում միացել է «Քյոլնին»: Արդեն այդ տարիքում նա տարբերվել է բոլորից իր յուրահատուկ խաղով ու արժանացել Kölner Express թերթի գովեստի խոսքերին. «Լավագույն կիսապաշտպանը, որ ունենալու ենք առաջիկա 30 տարիների ընթացքում», – գրել է թերթը:

Վիրցն այդ տարիներին գրավել է նաև «Բավարիայի», «Բորուսիայի» ու «Լիվերպուլի» սկաուտների ուշադրությունը՝ 2019-ին դառնալով Գերմանիայի երիտասարդական առաջնության չեմպիոն՝ լինելով «Քյոլնի» առանցքային խաղացողներից մեկը: Այդ մրցաշրջանում նա 10 խաղում 8 գոլ է հեղինակել և 2020-ի հունվարին ընդունել «Բայերի» հրավերը: Վիրցը դեռ անչափահաս էր, երբ մեկնարկեց 2020/21 մրցաշրջանը, որում անցկացրեց իր տարիքի համար անհավանական քանակի խաղեր (29 հանդիպում) Բունդեսլիգայում ու դարձավ առաջին 18-ամյա ֆուտբոլիստը, որ 5 գոլ է հեղինակել Բունդեսլիգայում:

Leverkusen's Wirtz creates record of youngest scorer in Bundesliga

Միջազգային ասպարեզում էլ Վիրցը խփում էր երիտասարդ լինելու հետ կապված բոլոր ռեկորդները: Նա դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը երբևէ, որն ընդգրկվել է Գերմանիայի Մ21 տարիքայինների հավաքականում: Մ21 Եվրոպայի առաջնությանը նա դարձավ նաև մրցաշարի պատմության ամենաարագ գոլի հեղինակը՝ Նիդերլանդների ընտրանու դեմ խաղում հանդիպման մեկնարկից 29 վայրկյան անց դառնալով գոլի հեղինակ: Այդ կիսաեզրափակիչում Վիրցը դուբլ ձևակերպեց, իսկ եզրափակիչում իր թիմի հետ դարձավ մրցաշարի հաղթող:

Ֆուտբոլային ընտանիքը

Վիրցը ֆուտբոլային ընտանիքում է ծնվել: Նրա ծնողները նաև նրա գործակալներն են: Ֆլորիանի հայրը նաև գերմանական համեստ ակումբ «Գրուն-Վայզ Բրաուվայլերի» սեփականատերն է, որտեղ նա խաղացել է՝ մինչև «Քյոլնին» միանալը:

Florian Wirtz: 'I dream big' | Bayer04.de

Վիրցի ավագ քույրը՝ Յուլիան Վիրցը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլով է զբաղվում և խաղում է «Բայերի» կանանց թիմում, և նույնպես նախկինում խաղացել է «Քյոլնում»: Յուլիանը կանանց Բունդեսլիգայում խաղում է 2018 թվականից ու նույնպես իր նորամուտը նշել է շատ վաղ տարիքում՝ 16-ում: Յուլիանը ևս ներկայացնում է Գերմանիայի երիտասարդական հավաքականը:

Խաղաոճը

Վիրցի հիմնական դիրքը ենթահարձակվողի դիրքն է, այլ կերպ ասած՝ նա հարձակողական ոճի կիսապաշտպան է: Բայց Վիրցի արժեքը որպես ֆուտբոլիստ այնքանով է բարձր, որ նա կարող է նույն որակի խաղ ցուցադրել տարբեր դիրքերում: Վիրցը կարող է խաղալ 10 համարի դիրքում ու խաղաոճով բավական նման է «Բայերի» նախկին կիսապաշտպան Յուլիան Բրանդտին. նա լավ է տեսնում խաղադաշտն ու կարողանում է գնդակն անցկացնել պաշտպանների թիկունքով, նույնիսկ այն դեպքերում, երբ նրանք մեծ խտությամբ են դասավորված սեփական տուգանային հրապարակում:

«Վիրցը գնդակի հետ վարվելու հրաշալի տեխնիկա ունի: Նա կասեցնում է գնդակը՝ առանց դրան նայելու: Ֆլորիանը գուշակում է խաղի զարգացման սցենարը՝ մինչև դրա իրականանալը: Նա նաև հիասքանչ աթլետ է, ու գնդակը կորցնելուն պես հասնում է մրցակցին ու խլում այն:

Վիրցը չի հանդուրժում պարտությունը նույնիսկ մարզման ժամանակ: Երբ նրան ասում էի, որ վարժություններն արդեն ավարտվել են, նա շարունակում էր աշխատել, երբ նա սխալվում էր, ցանկանում էր հաջորդ վայրկյանին ուղղել այդ սխալը: Ֆլորիանի աշխատանքային էթիկան հիացնում է ինձ», – նշում է «Քյոլնի» երիտասարդական թիմի մարզիչ Մարկուս Դաունը:

Wirtz: “Turning the pressure into fun and self-confidence” :: DFB - Deutscher Fußball-Bund e.V.

Վիրցը հրաշալի կարող է խաղալ նաև կիսապաշտպանության կենտրոնում՝ հաշվի առնելով նրա խաղային ինտելեկտը և փոխանցումների ճշգրտությունը: Նրա խաղային քարտեզը բավական ընդարձակ է. 18-ամյա ֆուտբոլիստը 90 րոպե ու նրան կարելի է տեսնել ամենուրեք՝ բոլոր հատվածներում: Վիրցը տիրապետում է նաև հեռահար դիպուկ հարվածների. կարիերայի ընթացքում նա գոլ է խփել խաղադաշտի կենտրոնից:

Վիրցը կարող է խաղալ նաև հարձակման եզրերում՝ գնդակով արագություններ զարգացնելու և արդյունավետ դրիբլինգի շնորհիվ:

Մեր ընտրանին.

2021-ը՝ թռիչքի տարի

Վիրցն իր կարիերայում երբեք չի մոռանա 2021 թվականը: Նրա համար սա պրոֆեսիոնալ աճի լավագույն տարին է:

2020/21 մրցաշրջանի արդյունքներով` Վիրցն անցկացրած 38 խաղում դարձավ 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ, իսկ նրա տրանսֆերային արժեքը մեկ տարվա ընթացքում 10 մլն եվրոյից հրավառության ալիքի պես սլացավ օդ՝ հասնելով 45 մլն-ի, թեև դա միայն Transfermarkt-ի տվյալներով: «Բայերի» ղեկավարությունը Վիրցի տրանսֆերի հարցով չի բանակցի 100 մլն եվրոյից ավելի ցածր առաջարկի դիմաց. «Գիտենք՝ որքան տաղանդավոր ֆուտբոլիստ ունենք մեր ձեռքում, որն այժմ ֆանտաստիկ մարզավիճակում է գտնվում: Բայց, նույնիսկ այս խաղով ու այսքան երիտասարդ տարիքում՝ Ֆլորիանը պահպանում է հանգստությունն ու սառը գլուխը», – նշում է «Բայերի» գլխավոր մարզիչ Խերարդո Սեոնը՝ Վիրցի՝ «Մայնցին» խփած հաղթական գոլից հետո: Այդ գոլով, որպես Բունդեսլիգայում ամենաերիտասարդ ֆուտբոլիստ, որը 10 գոլ է խփել, Վիրցը շրջանցեց Լուկաս Պոդոլսկիին, որը 10 գոլ խփել էր Բունդեսլիգայում 18 տարեկան 353 օրականում, մինչդեռ Վիրցը 18 տարեկան 145 օրական է:

«Չափազանց ուրախ ենք տեսնել՝ որքան մեծ ջանքեր է ներդնում Վիրցը կոլեկտիվում, որքան է աշխատում իր անհատական որակները բարելավվելու ուղղությամբ ու որքան երջանիկ է նաև Լևերկուզենում», – նշում է «Բայերի մարզիչը: Այս մրցաշրջանը Վիրցն արդեն մեկնարկել է վախեցնող թվերով. անցկացրած 6 պաշտոնական խաղում նա դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ՝ չլինելով կենտրոնական հարձակվող ու չլինելով իր թիմի գոլերի քանակի պատասխանատուն: Նա վերջին 4 խաղում անընդմեջ 4 գոլ է հեղինակել ու 4 ասիստ արել «Աուգսբուրգի», «Բորուսիայի», «Շտուտգարտի» և «Մայնցի» դեմ խաղերում: Միայն Հալանդն ու Լևանդովսկին են ավելի շատ գոլ հեղինակել Բունդեսլիգայի այս խաղարկությունում (երկուսն էլ՝ 7), քան Վիրցը:

Bayer-Verbleib und Transfer-Plan: Berater von Leverkusen-Talent Florian Wirtz gibt Einblick - Sportbuzzer.de

«Վիրցի առաջադիմությունը չտեսնված, արտասովոր մի բան է: Ինչպես Հավերցը, նա նույնպես փայլուն ապագա ունի և դեռ ամեն ինչ առջևում է նրա համար: Ֆլորիանը ճիշտ ճանապարհով է գնում: Մենք նույնպես լավ ենք աշխատում նրա հետ. նրա նորամուտից հետո մենք ճնշում չենք գործադրում նրա վրա, և նա ազատ է իրեն զգում, ինչը շատ է օգնում ցուցադրել լավագույն որակները: Վիրցը գերարդյունավետ է, և այն, ինչ անում է, անում է 18 տարեկանին ոչ բնորոշ որակով», – Bild-ին տված հարցազրույցում նշել է «Բայերի» մարզական տնօրեն Ռուդի Ֆյոլերը:

Այսպիսին է Վիրցը. 18-ամյա մի պատանի, որն արդեն Գերմանիայի ազգային հավաքականի լիարժեք անդամ է (հրավեր ստացավ Հանս-Դիտեր Ֆլիկից, մասնակցեց ԱԱ 2022-ի ընտրական փուլի 3 խաղի, Հայաստանի հավաքականի դեմ խաղում էլ հասցրեց գոլային փոխանցման հեղինակ դառնալ), «Բայերի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ և արդեն հիմա բացարձակ առաջատար, ինչպես նաև Եվրոպայի ամենացանկալի ֆուտբոլիստներից մեկը եվրոպական գրեթե բոլոր գրանդների համար: Վիրցը նման է վունդերկինդ աշակերտների, որոնք 12 տարեկանում ավարտում են դպրոցը: Գերմանիայում բոլորը Հալանդին են նայում, մինչդեռ կա մեկ այլ բացառիկ տաղանդ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա