Logo

Հրայր Մկոյանը VBET ՀՊԼ-ում նման ցուցանիշ գրանցած ընդամենը 15-րդ ֆուտբոլիստն է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:00 / 29.05.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

«Արարատի» ավագ Հրայր Մկոյանը ֆուտբոլային կարիերայում ևս մեկ նշանակալի նվաճման հասավ: Առաջնության ավարտական տուրում «Հանրապետական» մարզադաշտում «Արարատ-Արմենիայի» հետ կայացած հանդիպումը VBET ՀՊԼ-ում Մկոյանի անցկացրած հոբելյանական՝ 300-րդ խաղն էր: Նա դարձավ այդ սահմանագիծը հատած ընդամենը 15-րդ ֆուտբոլիստը: Այդ փաստն արդեն վկայում է, թե որքան դժվար է նման ցուցանիշի հասնելը: Մկոյանն այդ ցուցանիշով ընթացիկ առաջնության մասնակիցներից զիջում է միայն «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանին, որը 340 խաղի է մասնակցել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մարտի 1-ին Չարենցավանում «Վանի» հետ կայացած մրցավեճում Մկոյանը ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում 500-րդ խաղի հոբելյանն էր նշել:

35-ամյա Մկոյանն արդեն 19 տարի պրոֆեսիոնալ ֆուտբոլում է: Նա 15-րդ մրցաշրջանն է անցկացնում VBET ՀՊԼ-ում՝ այդ ընթացքում կրելով Բարձրագույն խմբի 7 թիմերի մարզաշապիկները:

Ֆուտբոլային առաջին քայլերը Մկոյանը կատարել է հարազատ Գյումրիում: Դեռ 18 տարին չլրացած, Մկոյանը նորամուտը նշեց «Շիրակում»՝ մասնակցելով 2004թ. հունիսի 12-ին Երևանում «Արարատի» հետ կայացած առաջնության 9-րդ տուրի հանդիպմանը: Խաղի 81-րդ րոպեին, երբ «Շիրակը» պարտվում էր 0-2 հաշվով, թիմի գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանն Արման Տոնոյանի փոխարեն խաղադաշտ մտցրեց պատանի Հրայրին:

Այդ պահին ոչ Մկոյանի, ոչ էլ մարզադաշտում գտնվող որևէ մեկի մտքով դժվար թե անցներ, որ տարիներ անց պատանի ֆուտբոլիստը կկրեր «Արարատի» մարզաշապիկը, իսկ ավելի ուշ կրկին կվերադառնար լեգենդար թիմ արդեն ավագի կարգավիճակով:

Բարձրագույն խմբում իր առաջին մրցաշրջանում Մկոյանը մասնակցեց ընդամենը 3 խաղի՝ դուրս գալով փոխարինման: Իսկ ահա հաջորդ մրցաշրջանում Մկոյանն արդեն «Շիրակի» հիմնական կազմի խաղացող էր: Ժորա Բարսեղյանը թիմի անցկացրած 17 հանդիպումներից 12-ում Մկոյանին ընդգրկել էր մեկնարկային կազմում, մեկ անգամ էլ Հրայրը փոխարինման դուրս եկավ:

3 մրցաշրջանում «Շիրակի» կազմում մասնակցելով 37 խաղի և դառնալով 2 գոլի հեղինակ, Մկոյանը տեղափոխվեց «Արարատ»՝ընդունելով Վարուժան Սուքիասյանի հրավերը: Հենց «Արարատում» անցկացրած 2 մրցաշրջանների ընթացքում էլ Մկոյանն իր առաջին տիտղոսները նվաճեց:

2007թ. նա առաջին անգամ հանդես եկավ գավաթի եզրափակչում, որտեղ «Արարատը» լրացուցիչ ժամանակում 1-3 հաշվով զիջեց «Բանանցին»: Իսկ 2008թ. Մկոյանն արարատցիների հետ դարձավ Հայաստանի գավաթակիր և առաջնության արծաթե մեդալակիր: Գավաթի եզրափակչում «Արարատը» կրկին լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով ռևանշի հասավ «Բանանցի» նկատմամբ, իսկ «Փյունիկի» հետ կայացած «ոսկե» խաղում Արարատ Ճաղարյանն իր բացահայտ կողմնակալ մրցավարությամբ «Արարատին» զրկեց չեմպիոնի տիտղոսից, որին թիմն արժանի էր:

2009թ. Մկոյանն արդեն «Ուլիսի» կազմում էր՝ արժանանալով բրոնզե մեդալի: 2010-2011թթ. առաջնություններում Մկոյանը կրեց «Միկայի» մարզաշապիկը՝ դառնալով Հայաստանի կրկնակի գավաթակիր:

2012թ. հունվարին Մկոյանը 6 ամսով պայմանագիր կնքեց Նալչիկի «Սպարտակի» հետ, որի կազմում ընդամենը մեկ խաղ անցկացնելով, կարճ ժամանակով վերադարձավ «Շիրակ»: 2013թ. ձմռանը Մկոյանը կրկին մեկնեց արտերկիր՝ հանդես գալով Չեխիայի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից Չեսկե Բուդյովիցեի «Դինամոյի» կազմում, որտեղ խաղում էր նաև նրա ներկայիս խաղընկեր Էդգար Մալաքյանը: Սակայն այնտեղ էլ նա երկար չմնաց:

2013/14թթ. առաջնության առաջին շրջանում հանդես գալով «Գանձասար-Կապանում», 2-րդ շրջանում Մկոյանը կրկին վերադարձավ «Շիրակ»՝ թիմակիցների հետ դառնալով արծաթե մրցանակակիր: Առաջնության ավարտից հետո Հրայրը մեկնեց Իրան, որտեղ 3 մրցաշրջան հաջողությամբ հանդես եկավ «Էսթեղլալում»:

2018թ. գարնանը Մկոյանն Իրանից վերադարձավ «Շիրակ», իսկ հաջորդ առաջնությունը դիմավորեց նորաստեղծ «Արարատ-Արմենիայում»: Սակայն այնտեղ նա ընդամենը 3 խաղ անցկացրեց, հասցրեց դառնալ գոլի և ինքնագոլի հեղինակ ու տեղափոխվեց «Ալաշկերտ»: 2019/20թթ. մրցաշրջանում Մկոյանը կրկին հարազատ «Շիրակում» էր:

Հենց հարազատ թիմից էլ փորձառու ֆուտբոլիստն իր մի խումբ թիմակիցների հետ նախորդ մրցաշրջանից առաջ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ տեղափոխվեց «Արարատ», որի կազմում 3-րդ անգամ վայելեց Հայաստանի գավաթի նվաճման բերկրանքը:

Ճիշտ է, որակազրկման պատճառով Մկոյանին բախտ չվիճակվեց մասնակցելու «Ալաշկերտի» հետ կայացած գավաթի եզրափակչին և որպես ավագ ֆեդերացիայի նախագահից ստանալու պատվավոր մրցանակը:

VBET ՀՊԼ-ում Մկոյանն առայժմ առավել շատ հանդիպումների է մասնակցել իր հարազատ «Շիրակում» (101): «Արարատի» կազմում նա 95 խաղ է անցկացրել: «Ուլիսի» մարզաշապիկը Հրայրը կրել է 27 խաղում, «Միկայինը»՝ 50, «Գանձասար-Կապանում» մասնակցել է 11 խաղի, «Արարատ-Արմենիայում» ընդամենը 3 անգամ է խաղադաշտ դուրս եկել, որից հետո 13 խաղ է անցկացրել «Ալաշկերտում»:

Շնորհավորելով Հրայր Մկոյանին նշանակալի իրադարձության առթիվ, VNews.am-ը ներկայացնում է VBET ՀՊԼ-ում 300 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցանկը:

Ֆուտբոլիստներ

Խաղ

Մրցաշրջաններ

1.Հովհաննես Թահմազյան

461

1992-2011

2.Տիգրան Դավթյան

409

1999-2014/15

3.Սարգիս Հովսեփյան

365

1992-1997, 2004-2012/13

4.Արթուր Քոչարյան

357

1992-1996/97, 1999-2003, 2006-2012/13

5.Գևորգ Կասպարով

348

1997-2002, 2004-2006, 2008-2020/2021

6.Արտակ Գրիգորյան

340

2008-2021/22

7.Արարատ Հարությունյան

336

1995-2012/13

8.Արսեն Ավետիսյան

329

1992-2000, 2006-2011

9.Կարեն Ալեքսանյան

324

1998-2004, 2008-2016/17

10.Արտյոմ Ադամյան

320

2000-2012/13

11.Նորայր Գրիգորյան

319

2001-2006, 2008-2016/17

12.Կարեն Սիմոնյան

314

1992-1994, 1996/97-2007

13.Տիգրան Հովհաննիսյան

305

1992-2008

14.Արամ Բարեղամյան

304

2005-2019/20

15.Հրայր Մկոյան

300

2004-2013/14, 2017/18-2021/22

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա