Logo

Հռիփսիմե Խուրշուդյան. «Համամիտ չեմ այն պնդմանը, որ կանայք թույլ սեռ են»

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:33 / 08.03.2023Ծանրամարտ
Բացառիկ
Հռիփսիմե Խուրշուդյան

Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները բազմիցս են ապացուցել, որ ուժն ու կանացիությունը միանգամայն համադրելի են։ Հռիփսիմե Խուրշուդյանն այդ ամենից զատ առանձնանում է նաև աննկուն կամքով և կամային բարձր որակներով, որոնք նա լավագույնս դրսևորեց անցյալ տարի, երբ շուրջ 6 տարվա ընդմիջումից հետո վերսկսելով մարզումները և հաղթահարելով դրա հետ կապված տարբեր դժվարություններ՝ վերադարձավ մեծ մրցահարթակ ու համապատասխանաբար 5-րդ և 4-րդ տեղերը գրավեց աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում։ Հիմա 35-ամյա մարզուհին պատրաստվում է վերադարձից հետո իր երկրորդ Եվրոպայի առաջնությանը, որն առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում։ Քրտնաջան մարզումները երբեմն ընդհատվում են հաճելի արարողություններով, օրինակ՝ մարտի 8-ի առթիվ կազմակերպած միջոցառմամբ, երբ Հայաստանի հավաքականի մարզուհիները շնորհավորանքներ են ընդունում և փոխանակում։

Անվանի մարզուհին VNews-ի թղթակցի հետ զրույցում խոստովանեց՝ Կանանց միջազգային օրը իր սիրած տոներից մեկն է, որը նաև առանձնակի խորհուրդ ունի իր համար։

«Դա ամենասպասված տոներից է ինձ համար։ Բոլոր աղջիկների և մայրերի պես, ինձ համար էլ անչափ կարևոր է հարգված և սիրված լինելը։ Ցանկանում եմ, որ բոլոր կանայք և աղջիկները միշտ մնան յուրովի հմայիչ, լինեն առողջ, ուրախ և երջանիկ»,- նշեց Հռիփսիմե Խուրշուդյանը։

Ի դեպ, պարզվեց, որ այս տարի Հայաստանի հավաքականի ծանրորդուհիները մեկ օր շուտ են նշել տոնը։

«Անկեղծ ասած, կցանկանայի, որ մեծ միջոցառում կազմակերպեինք, սակայն սովորաբար այդ օրը ուսումնամարզական հավաքների ենք լինում և ստիպված համակերպվում ենք իրավիճակին։ Օրինակ՝ այս անգամ նշեցինք մարտի 7-ին, քանի որ գյումրեցի մարզուհիները պատրաստվում էին ավելի շուտ մեկնել հավաքից։ Շատ լավ անցավ. փոխանակվեցինք նվերներով, մարզիչները նույնպես անակնկալ էին պատրաստել»,- պատմեց նա։

Ծանրորդուհին գտնում է, որ ժամանակակից սպորտում գենդերային հավասարությունը հասել է առավելագույն մակարդակի. «Մեր օրերում կանայք ձգտում են ոչնչով չզիջել տղամարդկանց։ Դա դրսևորվում է տարբեր ոլորտներում և սպորտը բացառություն չէ։ Առհասարակ, համամիտ չեմ այն պնդմանը, որ կանայք թույլ սեռ են։ Հավաստիացնում եմ, գոնե իմ շրջապատում կանայք յուրաքանչյուր դժվարություն ավելի հեշտությամբ են հաղթահարում, քան տղամարդիկ»։

Այժմ Խուրշուդյանը և նրա թիմակիցները պատրաստվում են ապրիլի 15-23-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։ Հռիփսիմեն ամեն կերպ ձգտում է բարելավել անցյալ տարվա ցուցանիշները, բայց հիշելով վնասվածքների մասին՝ ստիպված է զգուշորեն մոտենալ խնդրի լուծմանը։

«Մարզումներս առայժմ նորմալ են ընթանում։ Աստիճանաբար ապաքինվում եմ վնասվածքներից։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավագույնս կդասավորվի։ Արդյունքների առանձնակի շարժ չկա, քանզի որոշակի մտավախություն ունեմ, որ ավելի ծանր քաշերի մոտենալը կարող է հանգեցնել ցավերի կրկնությանը։ Զգուշությունը չի խանգարի։ Այնուհանդերձ, հիմա ավելի հեշտ եմ բարձրացնում այն կիլոգրամները, որոնք նախկինում չէի կարողանում։ Այս պահին ամենակարևորը վնասվածքներից խուսափելն ու լավ մարզավիճակ ձեռք բերելն է։ Բոլորիս հաջողություն եմ մաղթում հայրենի հողում անցկացվելիք առաջին Եվրոպայի առաջնությունում»,- եզրափակեց մարզուհին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա