Logo

Հռիփսիմե Խուրշուդյան. «Հանձնվող տեսակ չեմ և ցանկանում եմ ապացուցել, որ տեղի ունեցածը թյուրիմացություն էր» 

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:51 / 07.04.2022Հարցազրույցներ
Բացառիկ
Հռիփսիմե Խուրշուդյան

Շուրջ 6-ամյա ընդմիջումից հետո մեծ սպորտ վերադառնալու որոշում կայացրած ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը մրցանակային հավակնություններով է պատրաստվում մայիսի 28-ից հունիսի 5-ն Ալբանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ VNews-ի հետ զրույցում մարզուհին նշեց՝ վճռականորեն տրամադրված է ապացուցելու, որ 2016-ին իր հետ տեղի ունեցածը թյուրիմացություն էր։

Մարզուհին հավատում է, որ կկարողանա նորից հայտնվել եվրոպական ստուգատեսի պատվանդանին, այլապես չէր վերսկսի իր մարզական կարիերան։

Նա նշեց է, որ վերադարձը դժվարությամբ է տրվում, սակայն մրցակցային ոգին իրեն առաջ է մղում դեպի նպատակի իրականացում։

«6 տարվա դադարից հետո անչափ դժվար է վերադառնալ նախկին կենսակերպին։ Տևական ընդմիջումը և մայրանալն ասում են իրենցը. մկաններս ամբողջությամբ թուլացած էին, որովհետև 2016-ից հետո բացարձակապես չէի մարզվել։

Հիմա կարծես զրոյական մեկնակետից եմ սկսել ամեն ինչ։ Պրոֆեսիոնալ սպորտը լուրջ զոհաբերություններ և քրտնաջան աշխատանք է պահանջում։

Շատ կարևոր է դիմանալ լարվածությանը, չընկրկել դժվարությունների առաջ։ Դա անհնար է առանց կամային որակների գերլարման։

Հուսով եմ՝ կստացվի, կկարողանամ, այլապես հաստատ չէի վերադառնա մեծ սպորտի փշոտ արահետ»,- VNews-ին հավաստիացրեց մարզուհին։

Խուրշուդյանը նշեց նաև, որ իր որոշումը պարզապես կանացի քմահաճություն չէ.

«Հավատացեք՝ իմ դեպքում դա մարդկային և մարզական սկզբունքի հարց է։ Հանձնվող տեսակ չեմ և ցանկանում եմ պայքարել ու ապացուցել, որ տեղի ունեցածը թյուրիմացություն էր։ Եթե այդ չարաբաստիկ դոպինգային սկանդալը չլիներ, չէի ընդմիջի մարզումներս»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով մարզումներին ընթացքին՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ առայժմ գոհ չէ իր արդյունքից.

«2016 թվականի համեմատ՝ երկամարտի ցուցանիշս մոտ 15 կիլոգրամով ցածր է։ Պոկում վարժությունում տարբերությունը կազմում է շուրջ 5, իսկ հրում մրցաձևում՝ 10 կգ։

Կարծում եմ՝ 1-1,5 ամսում հնարավոր է լրացնել այդ տարբերությունը։ Բարեբախտաբար, ժամանակը դեռ ներում է։ Հուսով եմ՝ Եվրոպայի առաջնությունում լավ կիլոգրամներ կբարձրացնեմ և կպայքարեմ մեդալների համար։ Դրա հնարավորությունը կա»։

ՎՆԱՍՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

«Ոտքիս հոդային վնասվածքն է փոքր-ինչ արգելակում առաջընթացս։ Հակառակ պարագայում վաղուց լրացրած կլինեի կիլոգրամների նշված պակասը։ Ցավը երբեմն այն աստիճան է սրվում, որ մարզումների ժամանակ նույնիսկ արտասվում եմ, բայց նույն պահին էլ մոռանում եմ այդ ամենը և վերսկսում մարզումներս։ Ցանկացած պարագայում կմասնակցեմ Եվրոպայի առաջնությանը՝ նույնիսկ ցավազրկող ներարկումներով։ Միայն թե այդ հանգամանքը կարող է փոքր-ինչ բացասաբար անդրադառնալ արդյունքիս։

Ամեն դեպքում, հնարավոր ամեն ինչ անում եմ, որպեսզի մեդալով վերադառնամ այդ առաջնությունից։ Իսկ հեռահար նպատակների մասին դեռ վաղ է խոսելը. այդ հարցում հստակություն կլինի եվրոպական ստուգատեսից հետո։

Միանշանակ պայքարելու եմ մեդալի համար, իսկ դրա գույնի և արժեքի մասին խոստումներ տալ չեմ կարող»,- ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը։

Օգտվելով առիթից՝ մարզուհին շնորհավորեց բոլոր հայուհիներին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ.

«Շնորհավորում եմ մեր բոլոր մարզուհիներին, մարզաշխարհի կանանց և աղջիկներին, մեր մայրերին ու ընդհանրապես բոլոր հայրենակցուհիներին այս գեղեցիկ տոնի առթիվ։ Մաղթում եմ, որ երբեք չհանձնվեն, պայքարեն մինչև վերջ և բարձր պահեն հայ ազգի պատիվը»,- VNews-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա