Logo

Էդուարդ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնությունից ակնկալիքների և Արթուր Ալեքսանյանի վերադառնալու ժամկետի մասին  

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:41 / 25.03.2022Ըմբշամարտ
Բացառիկ
Էդուարդ Սահակյան

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մեդալներ նվաճելու ակնկալիքներով են մեկնում Եվրոպայի առաջնությանը։ Մարզաձևի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը VNews-ին հայտնեց, որ մեր մարզիկները մրցագորգ են դուրս գալու լավագույնս հանդես գալու ձգտումով։

ԵԱ-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ

«Նախապատրաստությունը նորմալ է ընթացել։ Տղաները լավ մարզավիճակում են, տրամադրված են մարտական։ Վնասվածքներ և այլ կարգի խնդիրներ չունենք։ Առհասարակ, որևէ խանգարող հանգամանք չկա։ Հավուր պատշաճի պատրաստվել ենք, սպասում ենք մեր կատարած աշխատանքի արդյունքին՝ մեդալների»,- նշեց փորձառու մասնագետը։

Մարզիչը նկատեց, որ հավաքականի կազմը որոշելիս հաշվի են առել ըմբիշների մարզավիճակը, նրանց անցած մարզական ուղին և վերջին մրցաշարերում գրանցած արդյունքները։

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Անդրադառնալով օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի հաղթող, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի բացակայությանը՝ Էդուարդ Սահակյանը VNews-ին ասաց. «Նա արդեն վերականգնվել է վնասվածքներից և հիմա պատրաստվում է համաշխարհային ստուգատեսին։ Այս մրցմանը նրա մասնակցությունը նպատակահարմար չհամարեցինք»։

ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ

Գլխավոր մարզիչը ձեռնպահ մնաց իր սպասելիքները մանրամասնելուց: «Ակնկալում եմ լավ արդյունք։ Ձգտելու ենք առավելագույնս լավ մասնակցել։ Պայքարելու ենք մեդալների համար»,- եզրափակեց նա։

Մարտի 28-ից ապրիլի 3-ը Բուդապեշտում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում մեր երկիրը ներկայացնելու են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ քաշային կարգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ)։

Հաբեթնակ Կուրղինյանը՝ հավաքականի տրամադրվածության, Վազգեն Թևանյանի բացակայության մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա