Logo

Արմեն Բաբալարյան. «Ամեն ինչ արել ենք, որ տղաները պատրաստ ներկայանան աշխարհի առաջնությանը»

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:37 / 07.09.2022Ըմբշամարտ
Բացառիկ
Արմեն Բաբալարյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ին մեկնելու է Բելգրադ՝ մասնակցելու սեպտեմբերի 10-ին մեկնարկող աշխարհի առաջնությանը։

Սերբիայի մայրաքաղաք ուղևորվելուց առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը VNews-ի հետ զրույցում վերահաստատեց, որ ըմբիշները հիմնականում պահանջվող մարզավիճակում են և պատրաստ են լուծելու իրենց առջև դրված խնդիրները։

«Նախապատրաստությունն ընթացել է բնականոն հունով, հնարավորինս ամեն ինչ արել ենք, որպեսզի տղաներն առավելագույնս պատրաստ ներկայանան տարվա գլխավոր մրցմանը։ Մնացածը, ինչպես ասում են, կերևա մրցագորգում։ Չեմ դավաճանի իմ սկզբունքին և զերծ կմնամ նախամեկնարկային կանխատեսումներից։ Ժամանակակից սպորտն այնքան անկանխատեսելի է, որ պարզապես անիմաստ է խոսել այդ թեմայով»,- նշեց Բաբալարյանը։

Մարզիչը նկատեց, որ տարբեր կարգի վնասվածքներ ունեն Սլավիկ Գալստյանը, Գևորգ Ղարիբյանը և Արթուր Ալեքսանյանը, բայց դա, ըստ նրա, թերևս չի կարող խանգարող հանգամանք լինել։

«Ըմբշամարտն անհնար է պատկերացնել նույնիսկ առանց թեթև վնասվածքի։ Այդպես պարզապես չի լինում։ Կարևորն այն է, որ վնասվածքը լուրջ չլինի։ Անկեղծ ասած՝ նույնիսկ լավ է, որ թեթև խնդիր է լինում. մարզիկներն ավելի ուշադիր են դառնում։ Այնպես որ, երբեմն դա կարող է նույնիսկ նպաստել հաջող մրցելույթին»,- ընդգծեց հավաքականի գլխավոր մարզիչը։

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արթուր Ալեքսանյանի վնասվածքի և մարզավիճակի մասին հարցին՝ Արմեն Բաբալարյանը հորդորել էր թեմային վերադառնալ աշխարհի առաջնությունից հետո։

Ըմբշամարտի միացյալ աշխարհը (UWW) համաշխարհային ստուգատեսի մեկնարկին նվիրված անդրադարձում ԱԱ-ի մեդալների գլխավոր հավակնորդների թվում նշել է աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մրցանակակիր Սլավիկ Գալստյանին, Եվրոպայի այս տարվա չեմպիոն, մինչև 72 կգ քաշային կարգում աշխարհի 2021 թվականի չեմպիոն Մալխաս Ամոյանին, Օլիմպիական չեմպիոն, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանին, ինչպես նաև Լեհաստանի դրոշի ներքո ելույթ ունեցող, աշխարհի անցյալ տարվա բրոնզե մեդալակիր Գևորգ Սահակյանին (72 կգ) ու Բուլղարիան ներկայացնող աշխարհի և Եվրոպայի քառակի բրոնզե մրցանակակիր Հայկ Մնացականյանին։

ԱԱ-ում մեդալների համար կպայքարեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա