Logo

Էդուարդ Սահակյանն ամփոփել է Եվրոպայի առաջնությունը, խոսել Մալխաս Ամոյանի, «բրոնզե եռյակի» ու չարդարացված սպասելիքների մասին

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:14 / 05.04.2022Ըմբշամարտ
Բացառիկ
null

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն ընդհանուր առմամբ գոհ է Բուդապեշտում ավարտված Եվրոպայի առաջնության արդյունքներից, թեպետ կարծում է, որ մեր երկրի հաշվին կարող էր ավելի շատ մեդալ գրանցվել։ Մասնակցության արդյունքները փորձառու մասնագետն ամփոփել է VNews-ի հետ զրույցում։

Մալխաս Ամոյանի հաղթանակի մասին

«Իրոք հրաշալի պահ էր։ Մալխասն ապացուցեց, որ հմուտ վարպետ է։ Անչափ բարդ է միանգամից Եվրոպայի չեմպիոն դառնալ նոր քաշային կարգում։ Զգացվեց, որ նա միանգամայն համակերպվել է նոր քաշային կարգի առանձնահատկություններին. նորեկի տպավորություն չթողեց։ Մալխասը վստահորեն շրջանցեց այդ քաշի բոլոր ճանաչված առաջատարներին։ Իհարկե, ելույթներին կայունություն հաղորդելու համար պետք է շարունակի քրտնաջան մարզվել և կատարելագործել վարպետությունը։ Աշխատելու տեղ միշտ էլ կա։ Ինչ վերաբերում է անձնական քաշի կարգավորմանը, ապա նա երբեք չի ունեցել ավելորդ կիլոգրամներից ազատվելու խնդիր. հիմնականում պահել է իր քաշը։ Առհասարակ, քաշային կարգի փոփոխությունը պետք է ժամանակին կատարել, այլապես կարելի է խնդիրների բախվել»։

Եզրափակիչ գոտեմարտի մասին

«Եզրափակիչները միշտ էլ բարդ են լինում։ Մալխասի համար դա թերևս ամենադժվար գոտեմարտն էր այս առաջնությունում։ Նաև սկզբունքային հանդիպում էր, որն առանձնակի ուշադրություն ու կենտրոնացվածություն էր պահանջում։ Այդ ամենին էի նրա ուշադրությունը հրավիրել եզրափակիչին պատրաստվելիս։ Ասել էի, որ փորձի միանգամից չեզոքացնել մրցակցի գործողությունները, հնարավորինս խուսափի նկատողություններից և չորեքթաթ դիրքում (պարտեր) հայտնվելուց։ Դրանք կարևոր գործոններ են։ Սակայն Մալխասն արդեն քաջածանոթ է այդ ամենին. նրա համար նորություն չեն մեր տակտիկական մոտեցումները»։

Մեր «բրոնզե եռյակի» մասին

«Տղաները պայքարեցին և արժանիորեն վաստակեցին իրենց մեդալը։ Գոհ եմ Ռուդիկ Մկրտչյանից, Գևորգ Ղարիբյանից և Սլավիկ Գալստյանից։ Տվյալ պահին նրանք իրենց հնարավորությունների սահմանում ելույթ ունեցան։ Սակայն պետք է ձգտենք բարելավել նրանց արդյունքները։ Այդ ամենին կանդրադառնանք առաջիկա հավաքների ժամանակ, երբ սկսենք պատրաստվել աշնանը նախատեսված աշխարհի առաջնությանը»։

Չարդարացված սպասելիքների մասին

«Դժգոհ եմ պայքարից դուրս մնացած մեր տղաների ելույթից։ Պատվո պատվանդանին կարող էր հայտնվել նաև Հրաչ Պողոսյանը, որը չկարողացավ 4-միավորանոց գցում կատարել։ Հաջողելու դեպքում կարող էր նաև եզրափակիչում հայտնվել։ Բայց մեծ սպորտում անիմաստ է հետին թվով խոսել չօգտագործված հնարավորությունների և սխալների մասին»։

Աշխարհի առաջնությանը պատրաստվելու մասին

«Մտահղացումներ ունենք, սակայն նախապատրաստական ծրագրերը կհստակեցնենք առաջիկա օրերին։ Նախատեսել ենք մասնակցել մեկ ստուգողական մրցաշարի, քանի որ ավելի շատ մրցումների մեկնելու հնարավորություն չունենք։ Մրցաշարեր կան Իսպանիայում և Գերմանիայում. պետք է ընտրենք օպտիմալ տարբերակը»։

Մտահոգությունների մասին

«Շատ կարևոր է, որ մեր նվազագույն ծրագրերն իրականացնելու համար կարողանանք տեղավորվել հատկացված բյուջեում։ Առաջնային է նաև տղաներին վիտամիններով ապահովելը։ Խոստացել են, որ այդ հարցը շուտով կլուծվի»:

Մալխաս Ամոյան. «Սա առաջին քայլս է Օլիմպիական խաղերին մասնակցելու ճանապարհին»  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա