Logo

Հոբելյանական և քովիդյան. Կիևի միջազգային կինոփառատոն «Молодість»-ը՝ կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի աչքերով

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 08.06.2021Կինո
08 12 - Հոբելյանական և քովիդյան. Կիևի միջազգային կինոփառատոն «Молодість»-ը՝ կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի աչքերով

Կիևում ավարտվեց ուկրաինական մայրաքաղաքի կարևորագույն՝ «Молодість» միջազգային կինոփառատոնի հոբելյանական՝ 50-րդ «թողարկումը»: Vnews-ի կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը փառատոնի հրավերով այցելել էր Կիև՝ լուսաբանելու գարնանա-ամառային ամենավառ կինոիրադարձություններից մեկը։

Հատկանշական է, որ Կիև միջազգային կինոփառատոնի՝ «Молодість»ի մասին շատերը տեղյակ չեն և իզուր. այն ստեղծվել է դեռևս խորհրդային տարիներին և հասկանալի պատճառներով տասնամյակներ շարունակ գոյություն ուներ որպես ազգային միջոցառում, այնինչ անկախացումից հետո դարձավ յուրահատուկ միջազգային հարթակ՝ միակ ու ինքնատիպն ամբողջ Ուկրաինայում։ Հարցը միայն Բեռլինալեից, Կաննից ու Վենետիկից ժամանած պրեմիերաների մեջ չէ, ոչ. Կիևի միջազգային կինոփառատոնն ունիկալ տարածք է, որտեղ կարելի է հանդիպել ամենատարօրինակ, երևանյան սլենգով ասված՝ «փախած» ֆիլմերի, որոնք «Молодість»-ի ֆիլմ-ընտրողները պեղում են տարբեր միջազգային փառատոնային ծրագրերից։

Այս տարվա հոբելյանական, կիսա-քովիդային պայմաններում կազմակերպված «Молодість»-ը ցուցադրում էր միաժամանակ մի քանի մրցութային ծրագիր, դրան գումարած նաև հարգանքի տուրք էր մատուցում սեփական կինոփառատոնի պատմությանն ու բոլոր այն մեծանուն հեղինակներին, որոնց ֆիլմերը տասնամյակներ առաջ առաջիններից ներկայացրել է կիևցիներին՝ Լեոս Քարաքս, Սթիվեն Դոլդրի, Յան Կունեն։

 

51229390103 f5c91eb3b2 k 960x640 - Հոբելյանական և քովիդյան. Կիևի միջազգային կինոփառատոն «Молодість»-ը՝ կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի աչքերով

Այսպես էին տեղի ունենում «Молодість»-ի բոլոր ցուցադրությունները՝ դիմակով և նախապես ամրագրած տեղերով

 

Փառատոնը բացեց ռեժիսոր և դերասան Իվան Միկոլայչուկի «Բաբելոն XX» դրաման, որը պատմում է ուկրաինական Բաբելոն գյուղում առկա ետհեղափոխական և արմատացած բարքերի բախումների մասին։ Առհասարակ, ուկրաինացիները հմտորեն օգտագործում են ազգային ժառանգությունը։ Դովժենկոյի կենտրոնը ծառայում էր իբրև Ֆեդերիկո Ֆելինիի ցուցահանդեսի լոկացիա, որտեղ ներկայացված էին իտալացի վարպետի ֆիլմերի պաստառներն ու դրվագները, լուսանկարներ և նամակագրություններ կնոջ՝ դերասանուհի Ջուլիետա Մազինայի և ընկեր ու դերարան Ալբերտո Սորդիի համատեղ անցյալից։ Հիմնական ցուցադրությունները կազմակերպված էին «Жовтень» (թարգմանաբար՝ «Հոկտեմբեր») կինոթատրոնում, որն այս պահին փաստացի միակ հարթակն է, որտեղ կարելի է դիտել հեղինակային կինո։ Կենտրոնում տեղակայված մեկ այլ հայտնի՝ «Կիև» կինոթատրոնի ճակատագիրն այս պահին անորոշ է, իսկ առևտրի կենտրոնների կինոթատրոններից փառատոնը, կարծես, այս պահին խուսափում է։ Մեկ այլ տարածքում՝ Բեսարաբյան շուկայի տարածքի բիզնես կենտրոնի հարկերից մեկում, կազմակերպվում էին մասնագիտական քննարկումները, դրանցից մեկին՝ նվիրված կինոփառատոների աշխատանքին և դրանց հանրային ազդեցությանը, մասնակցում էր նաև Երևանի միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը՝ ի դեմս Միջազգային բաժնի ղեկավարի՝ Վարվառա Հովհաննիսյանի: Մասնակիցները կիսվում էին իրենց երկնրերի փառատոների սպեցիֆիկ ևունիվերսալ փորձով, խոսում վերևելքների ու մարտահրավերների մասին։

Սակայն «Молодість» փառատոնի առկայությունը առաջին հերթին հիանալի հնարավորություն է սինեֆիլների համար. ծրագրում շատ էին այս տարվա՝ 71-րդ Բեռլինալեի մրցութային ծրագրերի ֆիլմերը՝ կանադացի Դենի Կոտեի «Սոցիլական հիգիենան», որը ռեժիսորը ստեղծել է քովիդյան պայմաններում՝ տեղափոխելով իր սակավաթիվ դերասանական կազմին անտառային, բացօթյա պայմաններ՝ չմոռանալով անգամ սոցիալական հեռավորության մասին: Ուկրաինացիների համար նաև բացառիկ հնարավորություն ընձեռնվեց դիտել այս տարվա Ոսկե արջի արժանացած ռումինացի Ռադու Ժուդեի «Անհաջող կենակցում կամ մոլեգին պոռնո»-ն, վրացի Ալեքսանդր Կոբերիձեի գերմանական արտադրության «Ի՞նչ ենք տեսնում, երբ նայում ենք երկնքին» հմայիչ, 2.5 ժամանոց բացիկ-ֆիլմը, որը պատմում է Քութաիսի պուրակների, սրճարանների, փողոցների, բակերի ու տեղացիների մասին։ Տարբեր մրցութային ծրագրերում կային հայազգի ռեժիսորների աշխատանքներ, օրինակ՝ Անտոն Բալեքջյանի Ֆրանսիան ներկայացնող «The Ugly Ducklings»-ը, իսկ Կարոլ Ստարնավսկու լեհ-ուկրաինական-հայկականա-վրացական արտադրության «Կայսրության ստվերները» պատմում են երեք երկրներում ծավալվող պատերազմից տուժող բնակիչների ու մարտական գործողությունների մասին։

 

51215842441 1c9f0fa5ab k 960x510 - Հոբելյանական և քովիդյան. Կիևի միջազգային կինոփառատոն «Молодість»-ը՝ կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի աչքերով

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնից Վարվառա Հովհաննիսյանը մասնակցում է «Молодість»-ի պանելային քննարկմանը

 

Բացի հիմնական միջազգային լիամետրաժ մրցույթից՝ «Молодість»-ն ունի ուսանողական, կարճամետրաժ, ազգային կարճամետրաժ, վավերագրական, Sunny Bunny և Teen Screen մրցութային ծրագրերը։ «Sunny Bunny» ծրագիրը կենտրոնացած է LGBT համայնքի խնդիրները շոշափող ֆիլմերի վրա, առհասարակ՝ փառատոնը շատ հանդուրժողական է միասեռական և ազգային փոքրամասնությունների հարցերի շուրջ, միայն թե ռուսական արտադրության ֆիլմերի պարագայում կարելի է տեսնել զգալի բաց (քաղաքական և քաղաքացիական դիրքորոշման հետ կապված՝ դեռևս 2018 թվականին կինոփառատոնն իր պաշտոնական քըմփեյնում բարձրաձայնվում էր Ռուսաստանում բանտարկված ուկրաինացի ռեժիսոր, սցենարիստ և գրող Օլեգ Սենցովի կալանքի փաստը, քանի որ Սենցովն այդ շրջանում հացադուլ էր հայտարարել): Պակաս հիշվող չէին այս տարվա՝ հոբելյանական կինոփառատոնի կարգախոսերն ու promo-հոլովակները, օրինակ՝ «У роздумах над вічним не пропусти молодість» (Հավիտենականի շուրջ մտորելիս՝ բաց մի՛ թողեք երիտասարդությունը»։Կարծես, նման կարգախոսն ավելի տրամաբանական ու արդիական է հնչում հետպատերազմական Հայաստանի ենթատեքստում, քան քովիդի խնդիրներից տուժող Ուկրաինայում, հիմնական սևեռումներից մեկը հենց դրա մասին էր (ֆիլմերից առաջ ցուցադրվող promo-հոլովակներից մեկում ռոբոտը սեղանի շուրջ դիմակներ էր կարում):

Ի տարբերություն 2010 թվականին հիմնված Օդեսայի միջազգային կինոփառատոնի, որն իր աղմկոտ PR-ի, մեծ բյուջեի, ճող կարմիր գորգի շնորհիվ անվանում են նաև «ուկրաինական Կանն»՝ կիևաբնակ «Молодість»-ն ավելի ուրբանիստական է, պակաս սնդուսափայլ, ավելի պարզ, մատչելի, հասարակ, երիտասարդական, որը խնդիր չի տեսնում ժամերով քայլելու, մի կինոթատրոնից մյուսը մետրոյով տեղափոխվելու, հարկ եղած ժամանակ անգամ կինոդահլիճի գետնին ֆիլմ դիտելու մեջ։ Թեև փառատոնի կազմակերպիչներից գլխավոր տնօրենի տեղակալ Հլեբ Ռոբչենկովը, ով ակտիվ ներգրաված էր արտաքին և թվային գովազդի, փրոմոուշնի, իվենթների կազմակերպչական գործում, կարծում է, որ «Молодість»-ը դեռևս միջազգային է միայն տեղացիների համար, այնուամենայնիվ բազմազանության և այլընտրանքի հարուստ ընտրությունը, ծրագրերի ու դիտանկյունների շռայլությունն ու գրկաբաց մթնոլորտը ստեղծում է տպավորություն, որ փառատոնի թե՛ Սկանդինավյան, թե՛ ազգային, թե՛ կեսգիշերային ցուցադրությունների ծրագրերում ներկայացված բոլոր ֆիլմերն ուղղակիորեն կապված են այս հմայիչ, գողտրիկ և միաժամանակ կայսերական քաղաքի հետ, այնքան խիտ է այն հագեցված բազմազանությամբ՝ դառնալով էկլեկտիկ մշակույթների խաչմերուկ։

Եվ վերջում հարկ է հիշել այս տարվա փառատոնի կարգախոսն ու բազմաթիվ հոգսերի ծանրության տակ անգամ հանկարծ բաց չթողնել երիտասարդությունը՝ անկախ ֆիզիոլոգիական տարիքից։ Չէ՞ որ 50-ամյա «Молодість«-ի մոտ դա հաջողվել է։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա