Logo

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերադարձել է հայրենիք

14:07 / 16.02.2024Ըմբշամարտ
null

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն այս գիշեր վերադարձել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունից. Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին (97 կգ), եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանին (77 կգ), բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանին (55 կգ) և հավաքականի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են դափնիներով և ծափողջույններով, հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայություն։

Հայաստանի թիմին դիմավորել և շնորհավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ՀԱՕԿ ներկայացուցիչներ, մարզասերներ, չեմպիոնների բարեկամներն ու ընկերները:

Հիշեցնենք, որ Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել էր երրորդ տեղը՝ 2 ոսկե և 1 բրոնզե մեդալով:

Լրագրողների հետ զրույցում աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նշել է՝ յուրաքանչյուր չեմպիոնություն տարբերվում է և իր գինն ունի:

«Յուրաքանչյուր չեմպիոնության համար տանջվել ու աշխատել եմ: Եվրոպայի չեմպիոն դառնալը միշտ է դժվար եղել, բայց տարեցտարի այն ավելի դժվար է դառնում: Առջևում Օլիմպիական խաղերն են, որոնց պետք է լավագույնս պատրաստ լինել»,- ասել է Արթուր Ալեքսանյանը:

Երրորդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոն դարձած Մալխաս Ամոյանն էլ հույս է հայտնել՝ Փարիզի Օլիմպիական խաղերից ևս կկարողանա ոսկե մեդալով վերադառնալ.

«Ամեն ինչ կանեմ, որ Փարիզից էլ ոսկե մեդալով վերադառնամ: Եվրոպայի առաջնությունն այս տարվա առաջին մրցաշարն էր. ուրախ եմ, որ հաղթանակով մեկնարկեցի: Այս ոսկե մեդալն ինձ ավելի մեծ վստահություն տվեց, որպեսզի կարողանամ ավելի առաջ շարժվել»,- ասել է Մալխաս Ամոյանն ու ընդգծել՝ Եվրոպայի երրորդ չեմպիոնությունն իրեն բավականին բարդ տրվեց:

«Շատ բարդ ստացվեց երրորդ ոսկե մեդալը նվաճել: Բոլորը պատրաստվում են քո դեմ: Ասում են՝ չեմպիոն դառնալը բարդ է, տիտղոսը պահելը՝ ավելի դժվար: Դա իսկապես այդպես է: Մարզիչների շնորհիվ կարողացա ճիշտ գոտեմարտեր անցկացնել և հաղթող ճանաչվել: Առհասարակ, բոլոր մրցակիցների դեմ նույն կերպ եմ տրամադրվում գորգ դուրս գալու և հաղթելու նպատակով: Անկախ նրանից՝ մրցակիցս թուրք է, թե այլ ազգի ներկայացուցիչ»,- ամփոփել է Մալխաս Ամոյանը:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների ԵԱ-ին, նշել է՝ փորձի պակասն իրեն խանգարել է ավելի լավ արդյունք գրանցելու համար.

«Մրցավայր էի մեկնել հաղթելու նպատակով, սակայն, ցավոք, չստացվեց: Կարծում եմ՝ փորձի պակասը խանգարեց: Բավարարվեցի բրոնզե մեդալով: Հաջորդ անգամ կփորձեմ արդարացնել բոլորի սպասելիքները և ոսկե մեդալով վերադառնալ»,- նշել է երիտասարդ ըմբիշը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն էլ կարծիք է հայտնել՝ Եվրոպայի առաջնությունում տղաներն ավելիին էին ունակ.

«Յուրաքանչյուր մրցաշարից մշտապես լուրջ սպասելիքներ ենք ունենում: Եվրոպայի առաջնությունը ցույց տվեց, որ մեր տղաները կարող էին ավելին»,- ասել է գլխավոր մարզիչն ու անդրադարձել հատկապես Կարեն Խաչատրյանին և Սլավիկ Գալստյանին, որոնք մեդալային հավակնություն ունեին, սակայն մարզչի խոսքով՝ վնասվածքներ են ստացել և չեն կարողացել լավագույնս ներկայանալ:

Հիշեցնենք, որ Բուխարեստում փետրվարի 16-ին մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը մասնակցում է ամբողջական կազմով (10 ըմբիշ)։ 

ԵԱ․ Ազատ ոճի ըմբիշների մրցակիցները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա