Logo

Հովհաննես Դավթյան. «Ֆերդինանդ Կարապետյանը պետք է հաստատի իր տեղը հավաքականում» 

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:26 / 12.12.2022Ձյուդո
Բացառիկ
null

Երևանում անցկացված ձյուդոյի Հայաստանի առաջնությունում մասնագետները չեն նշմարել նոր տաղանդների և ստիպված են լինելու ապավինել իրենց արդեն ծանոթ մարզիկներին։ Հիմնականում լավ տպավորություն են թողել երիտասարդները, որոնցից առավել խոստումնալիցները կընդգրկվեն տարբեր տարիքային հավաքականներում։ Մինչդեռ 2018թ․ Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) պետք է հաստատի ազգային թիմում ելույթները շարունակելու հավակնությունները։ Հակառակ պարագայում նա կարող է զրկվել այդ հնարավորությունից։ Այդ մասին VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը։

39-ամյա մասնագետը նշեց, որ այժմ հավաքականի մարզչական շտաբի առաջնային խնդիրը 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարելու ունակ ձյուդոիստներից մարտունակ թիմ ձևավորելն է, քանի որ տեսանելի ապագայում հենց դա է լինելու հիմնական խնդիրը։

Ըստ Դավթյանի՝ Հայաստանի առաջնության արդյունքներն այդ առումով ընտրության մեծ հնարավորություն չեն ընձեռում։

«Առաջնությանը մասնակցեց շուրջ 100 մարզիկ, սակայն հեռանկարային նոր ձյուդոիստներ ի հայտ չեկան։ Ազգային հավաքականը կհամալրվի երիտասարդներով։ 2023 թվականին անցկացվելու են օլիմպիական վարկանիշային մրցաշարեր. փորձելու ենք դրանց մասնակցելու հնարավորություն տալ մեր լավագույն մարզիկներին։ Իսկ մյուսներին ներգրավելու ենք ավելի ցածր կարգի մրցաշարերի՝ Եվրոպայի գավաթի փուլեր և այլն, որպեսզի նրանք կարողանան թրծվել, հաստատվել մեծահասակների տարիքային խմբում և հետագայում հավակնել ավելի բարձր արդյունքների։ Ամեն ինչ անելու ենք այդ նպատակին հասնելու համար»,- ասաց Հովհաննես Դավթյանը։

Ազգային հավաքականը համալրել են հիմնականում թեթև և միջին քաշային կարգերի առաջատարները։

«Առաջնությունն անցկացվեց 7 քաշային կարգում, սակայն ոչ բոլորի հաղթողներն ու մրցանակակիրներն են հրավիրվելու հավաքական։ Փոխարենը կան քաշային կարգեր, որոնց նույնիսկ 3-րդ համարներին ենք ընդգրկել թիմում։ Ընտրել ենք առավել հեռանկարային ձյուդոիստներին, որոնցից հաջող ելույթ ենք ակնկալում միջազգային ասպարեզում։ Առաջնորդվում ենք ոչ թե Հայաստանի առաջնությունում զբաղեցրած տեղով, այլ մարզիկի որակով։ Ըստ այդմ՝ հավաքական չենք հրավիրել մինչև 90 կգ և +90 կգ քաշային կարգերի մարզիկների։ Այդ քաշային կարգերում ունեցել ենք 5-6 մասնակից, ուստի նպատակահարմար չէ հավաքական հրավիրել անգամ չեմպիոններին, որոնց դժվար թե տեսնենք միջազգային ասպարեզում»,- նշեց մարզիչը։

Առողջական խնդիրների պատճառով Հայաստանի առաջնությանը չի մասնակցել և հավաքականում իր տեղը հաստատելու խնդրին է Ֆերդինանդ Կարապետյանը։

«Նա եկել էր մրցմանը, նույնիսկ կշռվեց, սակայն ներկայացնելով վատառողջ լինելու մասին բժշկական տեղեկանք՝ ազատվեց մասնակցությունից։ Կապաքինվի, որից հետո մարզիչներով կքննարկենք և կորոշենք նրա հեռանկարները հավաքականում։ Եթե կարողանա համապատասխան մարզավիճակ ձեռք բերել, կմտածենք նրան նորից թիմում ընդգրկելու մասին։ Ֆերդինանդին Հայաստանի առաջնությանը մասնակցելու և հավաքականի լիարժեք անդամ դառնալու հնարավորություն էինք ընձեռել։ Հիմա էլ հնարավորություն ունի հաստատելու իր տեղը հավաքականում։ Ամեն ինչ կախված է հենց իրենից։ Տիտղոսները և նախկին նվաճումները չեն երաշխավորում մարզիկի տեղը հավաքականում՝ բարձր կարգը պետք է հաստատել։ Այնպես որ, ամեն ինչ հնարավոր է։ Առավել ևս, որ արդեն ունենք Արսեն Ավետիսյան և այլ հեռանկարային տղաներ, որոնք նորմալ գոտեմարտում են։ Ֆերդինանդը պետք է հաստատի առաջատարի իր հավակնությունները։ Այդ դեպքում կհրավիրենք հավաքական և ընթացքում կորոշենք հետագա անելիքները։ Հիմա նպատակադրվել ենք հիմնականում ապավինել երիտասարդ մարզիկներին։ Ավելի լավ է ուշ ունենանք արդյունք, բայց ունենանք։ Այդ ուղղությամբ նպատակային աշխատանքներ են տարվում»,- հայտարարեց Հովհաննես Դավթյանը։

Այս օրերին բոլոր տարիքային հավաքականներն անցկացնում են տարվա վերջին ուսումնամարզական հավաքը, որի նպատակը, ինչպես նշեց մեր զրուցակիցը, մարզիկներին տոնուսի մեջ պահելն է։

«Հունվարի սկզբից կսկսենք ծրագրված պատրաստվել նոր մրցաշրջանին։ Արդեն հունվարի 9-ից ազգային թիմի 6 մարզիկներ միջազգային հավաքի են մասնակցելու Ավստրիայում։ Այն տևելու է 10 օր և ուղեկցվելու է հիմնականում գոտեմարտերով։ Նախատեսել ենք նաև միջազգային մրցաշարեր, որոնց մասին կհայտարարենք։ Նոր մրցաշրջանի առաջին հավաքից հետո ավելի հստակ պատկեր կունենանք և կհասկանանք, թե որ մարզիկին ինչ մրցումների ենք գործուղելու։ Մեր հիմնական նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն է»,- խոսքը եզրափակեց Հովհաննես Դավթյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա