Logo

Հովհաննես Թումանյանի նամակները կնոջը՝ Օլգային

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 04.02.2021Հեղինակներ
aswer - Հովհաննես Թումանյանի նամակները կնոջը՝ Օլգային

***

Օլա ջան, գրում ես, թե նախանձվում էիր, որ Կոնոն ու իր նշանածն զբոսնում էին միասին, այնինչ դու մենակ էիր. ա՜խ, թե գիտենաս այս խոսքերն ինչպես սիրտս կրակեցին, ինչպես լցվեցա… Բայց չէ որ նրանք տարիներով հեռու են իրարից, իսկ մենք… մենք դեռևս շատ ժամանակ ունենք։ Այստեղ ակամայից հիշելով մեր սիրո անցյալ արկածները, մի բան գրեմ.— առավոտյան թղթերիս մեջ պատահմամբ գտա 87 թվականի վերջերին գրած մի բանաստեղծություն, որը գրել եմ քեզ վերա… ժամանակը (լավ հիշեցի, թե ինչ օր եմ գրել)։ Այնքան ինձ դյուր եկավ, որ հետս տարա կոնսիստոր, չգիտեմ, այնտեղ մնաց, թե հետս բերեցի, վերջապես կորցրել եմ, վաղը կորոնեմ կոնսիստորում. բայց ահա նրա վերջին տները. —

…Ես ուզում եմ սեր երգել,
Երգել սրտանց և վառվել,
Ես ուզում եմ և գրկել,
Փարել նրան և փարվել։

Ես ուզում եմ մի հրատապ
Սաստիկ սիրով ինձ տանջել,
Նրա կրծքին անարատ
Բոցավառվիլ և հանգչել.

Թողեք, թողե՛ք ինձ խնդրեմ,
Թողեք ինձ միայն սեր երգել.
Թողե՛ք, թողե՛ք, որ գրկեմ,
Սիրեմ նրան անարգել…

***

Նամակս վերջացնեմ գրքիս մասին տեղեկություն գրելով. դարձյալ ուղարկեցի 20 ռուբլի։ Այս Ստեփանյանիցն էր. նա 40 էր առաջարկում, բայց ես այդ էլ բավական համարեցի, և դարձավ 70 ռուբլի։ Գրեցի, որ գրքի գինը 40 կոպեկ լինի։ Շատերն են ասում, որ 40 կոպեկ արժան է, նույնիսկ գրավաճառանոցում։

Քեզ կարոտ՝ քո Հովհաննես Թումանյան։

Բարևիր բոլորին։

<Հ. Գ.> Մոռացել էի. Տերտերն ասում է՝ Շաքարին ասեցեք մոթալը շուտ ուղարկիր։

16. ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս — Շուլավեր

1890 թ., 27 սեպտեմբերի, Թիֆլիս

…Արի՛, հոգիս, որ առանց քեզ
Կյանքը դառն է և անձուկ,
Արի՜, արի՛, որ նորոգես
Եվ մեր սերը վաղանցուկ…

***

Օլա ջան,
Թեև այսօր մի նամակ էլ եմ ուղարկել, բայց, այնքան քաղցր է ինձ համար քեզ վրա նամակ գրելը, որ ստիպված եմ այսօր երկրորդ նամակը գրել։

Այնպես հափշտակված էի այսօրվան նամակը գրելիս, որ մոռացել եմ (կարծեմ) ամսաթիվը դնել։ Մի շատ ծիծաղելի թերահավատությամբ և անմիտ կասկածանքով ես տանջվում եմ, կարծելով, թե քեզ… կամ թե շատ ուշ եմ տեսնելու։ Ի՜նչքան տխուր են անցնում առանց քեզ իմ ժամերը, նրանցից յուրաքանչյուրը մի ծանր բեռան նման է:

աղբյուր՝ Վիքիդարան


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա