Logo

Հզոր, սարսափելի, բայց նաև խոցելի. Որոնք են ՊՍԺ-ի թույլ կողմերը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 23.08.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
image 2 - Հզոր, սարսափելի, բայց նաև խոցելի. Որոնք են ՊՍԺ-ի թույլ կողմերը
Ամառվա ընթացքում ֆուտբոլասերների ու մասնագետների գլխավոր թեման ՊՍԺ-ն էր: Փարիզյան ակումբն, իսկապես, հնչեղ ձեռքբերումներ ունեցավ, որոնց մեծ մասը՝ անվճար: Ամեն ինչ ավելի թեժացավ Լիոնել Մեսիի՝ Փարիզ տեղափոխությունից հետո: Շատերի կարծիքով ՊՍԺ-ն հավաքել է բոլոր ժամանակների ամենաուժեղ կազմերից մեկն ու լավագույն հարձակողական գիծը. Նեյմար-Մեսի-Մբապե եռյակը վախեցնող է:

Բայց ՊՍԺ-ն, որքան էլ ահեղ լինի, ունի նաև թույլ կողմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում: Այո՜, նրանք Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտներից մեկն են, դե Լիգա 1-ի մասին ավելորդ է նույնիսկ խոսելը, սակայն փարիզցիներն ունեն խոցելի կետեր, որոնցից կարող են օգտվել մրցակիցները: Ներկայացնում ենք դրանցից ամենաուշագրավները:

1. Ռամոսի վիճահարույց ձեռքբերումն ու դրանից բխող ճնշումը

Սերխիո Ռամոսը 21-րդ դարի լավագույն պաշտպաններից է, նա անհավանական նվաճումների է հասել «Ռեալի» կազմում՝ հաղթելով բազմաթիվ տիտղոսներ, խփելով կարևորագույն գոլեր, դառնալով թիմի ավագն ու, ինչու ոչ՝ լեգենդը: ՊՍԺ-ն պայմանագիր կնքեց նրա հետ: Առաջին հայացքից ֆանտաստիկ է հնչում, բայց Ռամոսի «տրանսֆերը» որքան ականջահաճո է, այդքան էլ վիճահարույց:

Իսպանացի պաշտպանի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր ու, ըստ ֆրանսիական մամուլի, տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով: Ռամոսի հետ կապված գլխավոր խնդիրը ֆուտբոլիստի՝ արդեն խրոնիկական բնույթ կրող վնասվածքներն են: Ռամոսը 2021 թվականին «Ռեալի» կազմում անցկացրել է ընդամենը 5 հանդիպում: Սևիլիացին մարտ ամսվա վերջնամասում, կարծես, ապաքինվել էր ու հայտավորվեց Իսպանիայի հավաքականի՝ ԱԱ որակավորման փուլի խաղերին, բայց հավաքականի ճամբարից նա վերադարձավ նոր վնասվածքով և չխաղաց 1 ամիս: Ռամոսն ամեն ինչ արեց ՉԼ կիսաեզրափակիչ «Չելսիի» դեմ պատասխան խաղին մասնակցելու համար: Մասնակցեց, բայց տապալեց այդ հանդիպումը՝ ֆիզիկապես օպտիմալ վիճակում չգտնվելու պատճառով: Դա նրա վերջին խաղն էր մադրիդյան թիմում:

Ramos and Hazard, an unexpected dilemma for Zidane

Ռամոսը նաև բաց թողեց ԵՎՐՈ 2020-ը՝ նույն պատճառով: Անցավ 2 ամիս, նա ժամանեց Փարիզ, մարզվեց նոր թիմակիցների հետ, ու երբ եկավ նորամուտը նշելու ժամանակը՝ նոր վնասվածք: Սերխիոն արդեն բաց է թողել Ֆրանսիայի Սուպերգավաթային խաղն ու Լիգա 1-ի առաջին 3 տուրի խաղերը, և սպասվում է, որ նա բաց կթողնի 4 շաբաթ: Ռամոսն ունի ձախ ազդրի մկանային խնդիր:

Ռամոսի ձեռքբերումով ՊՍԺ-ի պաշտպանությունից սպասելիքները մեծանում են, ճնշումը՝ նույնպես, բայց ստացվում է, որ Ռամոսը կարող է ամենևին էլ այն ազդեցությունը չունենալ թիմի խաղում, որն ակնկալվում է: Վտանգը, որ նա իր լավագույն ֆուտբոլն այլևս չի խաղա, շատ մեծ է:

Եվ, առհասարակ, ՊՍԺ-ի պաշտպանությունում ամեն ինչ փայլուն չէ: Աշրաֆ Հաքիմին գերազանց է գործում գրոհներին միանալիս (նույնիսկ ավելի լավ, քան շատ թոփ վինգերներ), բայց նա դա անում է թիկունքում բաց տարածություններ թողնելու հաշվին: Հայտնի չէ նաև, թե ինչ մարզավիճակով կվերադառնա ձախ պաշտպան Խուան Բեռնատը, որը նախորդ մրցաշրջանը գրեթե ամբողջությամբ բաց թողեց ծանր վնասվածքի պատճառով:

ՊՍԺ-ն արդեն ցույց է տալիս խոցելի պաշտպանության նշաններ: Լիգա 1-ի առաջին 3 տուրում փարիզցիները սեփական դարպասն ընդունել են 5 գոլ:

2. ՊՍԺ-ն չունի հենակետային. Վեյնալդումը քանդող չէ

ՊՍԺ-ն մեկ տրանսֆեր իրականացրեց խաղադաշտի կենտրոնում՝ պայմանագիր կնքելով Ջորջինիո Վեյնալդումի հետ, բայց չլուծեց իր վերջին տարիների ամենամեծ խնդիրներից մեկը՝ հենակետայինի գոտին շարունակում է բաց մնալ:

Փարիզյան ակումբը միշտ աչքի է ընկել թոփ հարձակվողներ գնելու կարողությամբ, բայց հենակետայինի գոտին մոռացության է մատնվում, ինչի հետևանքով էլ նրանց խաղում չկա հավասարակշռություն. թիմում կապը պաշտպանության և հարձակման գոտիների միջև ամուր չէ:

Ակումբը բաց թողեց Լո Չելսոյին, Ռաբիոյին, Մատուիդին էլ նոմինալ հենակետային չէր: Ենթադրվում է, որ խաղադաշտի կենտրոնում կգործեն Վերատին ու Վեյնալդումը, բայց նրանցից ոչ ոք քանդող ֆուտբոլիստ չէ: Թե՛ Վերատին, թե՛ Վեյնալդումն ավելի շատ միտված են հարձակմանն ու գրոհները խորքից կազմակերպելուն:

Video: Top Moments from Wijnaldum's Ligue 1 Debut for PSG Against Troyes - PSG Talk

ՊՍԺ-ն ունի այս խնդրի լուծման 3 տարբերակ: Առաջինը՝ ինչ-որ մեկի փոխարեն խաղադաշտ դուրս բերել Իդրիսա Գեյեին կամ Դանիլո Պերեյրային, որոնք, այդուհանդերձ, լավագույնների շարքում չեն այդ դիրքում: Երկրորդ լուծումը Մարկինյոսին մի փոքր առաջ բերելն է՝ պաշտպանությունում օգտագործելով Ռամոս-Կիմպեմբե զույգը: Մարկինյոսն ունի այդ փորձը, երբ դեռ Տիագո Սիլվան ՊՍԺ-ում էր: Երրորդ տարբերակը նոր ֆուտբոլիստ գնելն է՝ մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը: Խոսում են Էդուարդո Կամավինգայի մասին, որի՝ «Ռենի» հետ գործող պայմանագրի ավարտին մնացել է 1 տարի ու նվազել է նաև տրանսֆերային արժեքը՝ հասնելով 30 մլնի: Ինչ խոսք՝ թիրախային ձեռքբերում կլիներ, բայց այստեղ էլ մեկ խնդիր է առաջանում՝ բա ֆինանսական ֆեյր-փլե՞յը, որի հարցը նույնիսկ հիմա՝ առանց Կամավինգայի էլ լուծված չէ:

3. Պոչետինոն ու տակտիկապես դեռ չկայացած թիմը

Մաուրիսիո Պոչետինոն ստանձնեց ՊՍԺ-ի ղեկն այս տարվա հունվարից, և մինչև հիմա դեռ պարզ չէ՝ տակտիկական ինչ ճանապարհով է գնում Ֆրանսիայի փոխչեմպիոնը: Հնչեղ անունների ու աստղերի պակաս չկա, բայց նրանցից պետք է ստանալ ուժեղ ու կայացած թիմ, որը կունենա ձեռագիր, խաղաոճ, պլան Ա, պլան Բ: Այս ամենում համոզվեցինք բոլորովին վերջերս՝ ԵՎՐՈ 2020-ի ժամանակ, երբ աստղազարդ Ֆրանսիայի, Պորտուգալիայի ու Գերմանիայի հավաքականները ձախողվեցին, իսկ չեմպիոն դարձավ առանց վառ անհատականությունների, բայց հզոր տակտիկայով Իտալիայի ընտրանին:

3-4-3

Լիոնել Մեսիի ժամանումից հետո Պոչետինոյի առանց այդ էլ խառնված ծրագրերն ավելի խառնվեցին՝ կապված մեկնարկային կազմի և սխեմայի ընտրության հետ: Արգենտինացու ընտրության հնարավորությունները մեծ են:

ՊՍԺ-ն կարող է խաղալ 3 կենտրոնական պաշտպանով (Ռամոս-Կիմպեմբե-Մարկինյոս)՝ կրկնօրինակելով այլ մեծ մարզիչների փորձը (Տուխել, Սիմեոնե, Կոնտե, Նագելսման), եզրերից՝ Հաքիմին ու Բեռնատը, կենտրոնում Վերատին ու Վեյնալդումը, հարձակման գծում՝ Մեսին՝ Նեյմարի ու Մբապեի թիկունքում: Այդպես հնարավոր կլինի օգտագործել Հաքիմիի ամբողջ ներուժը, քանի որ թիկունքում նրան կապահովագրեն:

PSG team-building priority for Pochettino

4-2-3-1

Պոչետինոն նախորդ մրցաշրջանում հաճախ էր օգտագործում 4-2-3-1 սխեման, որն այս դեպքում կլինի շատ հարձակողական: Այս դեպքում, սակայն, արգենտինացին պետք է համոզի Նեյմարին ու Մբապեին տուգանային հրապարակում տեղը հաճախակի զիջել Մեսիին ու Մաուրո Իկարդիին, իսկ նրանք կգործեն եզրերից: Իհարկե՝ խաղի ընթացքում կենտրոնական հարձակվողի թիկունքում կլինի նաև Նեյմարը:

4-3-3

Խաղալով առանց վառ ընդգծված կենտրոնական հարձակվողի ՝ Պոչետինոն կարող է ընտրել 4-3-3 տարբերակը: Այս սխեմայում Մեսին կխաղա աջից՝ իր կարիերայի առաջին դիրքում: Մբապեն պայմանականորեն կդիրքավորվի կենտրոնում, Նեյմարն էլ իր սիրելի ձախ եզրում: Այս սխեմայում ամենից շատ կշահի Անխել դի Մարիան, որը կգործի կենտրոնում՝ Վերատիի ու Վեյնալդումի հետ միասին:

Հարց է՝ որ տակտիկան կընտրի Պոչետինոն և ինչ մարտավարությամբ կխաղա: Գնդակի վերահսկո՞ւմ, տոտալ ֆուտբո՞լ, թե՞ հակագրոհ:

Մեր ընտրանին

4. ՊՍԺ-ն չի կառուցել ապագայի թիմ

ՊՍԺ-ի ներկա կազմը ֆանտաստիկ է, բայց այն, կարծես, երկարաժամկետ չէ՝ բացառությամբ որոշ դիրքերի (Հաքիմի, Դոնարումա): Կազմի միջին տարիքը բավական բարձր է, առաջատարներն էլ երկար տարիներ չեն խաղալու:

Ռամոսը 35 տարեկան է, Վեյնալդումը՝ 31, դի Մարիան՝ 33, Նեյմարը՝ 29, Մեսին՝ 34, իսկ եթե հաշվի առնենք, որ Մբապեի՝հաջորդ տարի ավելի քան հավանական «Ռեալ» տեղափոխությունը, ապա կտեսնենք, որ «տակը բան չի մնում»:

5. Քաոսի վտանգ՝ հանդերձարանում

Եվ աստղաբույլ հավաքելու ամենավատ կամ վտանգավոր կողմը՝ հավանական քաոսը հանդերձարանում: Նախ՝ Պոչետինոյի գլխավոր խնդիրներից է 2 թոփ դարպասապահների, փորձի ու տաղանդի միջև ընտրությունը: Նավա՞սը կլինի մեկնարկային կազմում, թե՞ Դոնարուման: Առաջին հայացքից՝ 2 որակյալ դարպասապահ ունենալն առավելություն է, բայց որքանո՞վ առողջ կլինի մրցակցությունը նրանց միջև ու ի՞նչ ազդեցություն կունենա դա թիմի վրա:

Բացի դա՝ ՊՍԺ-ում հավաքվել են առաջատարի հատկանիշներ ունեցող վառ անհատականություններ: Բավական է նշել միայն, որ մեկ հարկի տակ պետք է «ապրեն» «Ռեալի» ու «Բարսելոնայի» ավագները, Նեյմարը, ու Մբապեն՝ Ֆրանսիայի հավաքականի առաջատարներից մեկը: Բացառված չէ, որ մրցաշրջանի ընթացքում կլինի էգոների պայքար, և այդ պայքարը, հանդերձարանում լավ մթնոլորտը պետք է կառավարի/ապահովի Պոչետինոն: Կկարողանա՞ անել դա արգենտինացի մասնագետը:

From enemies to teammates: This has been the reunion between Messi and Ramos

Ավարտվում է «բոմբ» լուրերի ժամանակն ու մեկնարկում արդեն գործելու պահը: Աշխատանքը գրասենյակներից տեղափոխվում է խաղադաշտ: Մեսիին, Նեյմարին ու մյուսներին արդեն գործի մեջ կտեսնենք Լիգա 1-ում ու Չեմպիոնների լիգայում և կհասկանանք՝ որքանով են նրանք կարողանում իրականացնել երկրպագուների ահռելի սպասելիքները:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա