Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու շոկային լուրից հետո արդեն 5 օր է անցել: Միևնույն է՝ շատերը չեն համակերպվում այդ մտքի հետ, բայց կյանքը շարունակվում է, ամեն անցնող օրվա հետ էլ կրքերը սառում են: Այո՜, «Բարսելոնան» կորցրեց իր պատմության լավագույն ֆուտբոլիստին, կորցրեց այն պահին, երբ առհասարակ պատրաստ չէր:
Այնուամենայնիվ՝ Մեսիի հեռանալը՝ հենց կատալոնացիների համար, ունի նաև լավ կողմեր: Ներկայացնում ենք վերջին օրերի ամենաաղմկահարույց իրադարձության լավ ու վատ կողմերը: Սկսենք, բնականաբար, վատից:
Վատ կողմերը
«Բարսելոնան» դեռ պատրաստ չէր
«Բարսելոնայում» պատրաստվում էին պոստ-Մեսի ժամանակաշրջանին: Ակումբը փորձում էր երիտասարդ կադրեր զարգացնել ակադեմիայից, գնել՝ թիմի խաղին ու փիլիսոփայությանը համապատասխան ֆուտբոլիստներ, ինչպես, օրինակ՝ Պեդրիի դեպքում: Բայց այդ գործընթացը դեռ հեռու էր ավարտվելուց:
«Բարսելոնան», առհասարակ, դեռ որպես թիմ չէր հասցրել դուրս գալ նախորդ տարիների փառահեղ, բայց արդեն սպառված ժամանակաշրջանից: Ակումբը վերջին 3-4 տարիներին փորձում է նոր փուլ սկսել: Էռնեստո Վալվերդեի հետ «Բարսան» Իսպանիայի չեմպիոն դարձավ, բայց ձեռագիր կամ, այլ կերպ ասած, ֆուտբոլային դիմանկար ձեռք չբերեց: Հետո եկավ Կիկե Սետյենը, և «Բարսելոնայի» երկրպագուները մինչև հիմա փորձում են մոռանալ իրենց սիրելի թիմի պատմության այդ տխրահռչակ ժամանակահատվածը: 2020-ի ամռանը կատալոնական ակումբը գլխավորեց Ռոնալդ Կումանը: Հոլանդացի մասնագետի մոտ էլ ամեն ինչ հեշտ չսկսեց, բայց մրցաշրջանի երկրորդ հատվածից Կումանի թիմը զարգանալու նշաններ ցույց տվեց: Այս տարի «Բարսան» պետք է էլ ավելի ավելացներ՝ հաշվի առնելով նաև համալրումները: Զարգացման այս կարևոր փուլում շատ մեծ կլիներ Մեսիի դերակատարությունը, բայց…
Կադրային առումով էլ «Բարսան» պատրաստ չէ խաղալ առանց Մեսիի: Պեդրին, Ֆատին, դե Յոնգը, Դեստն ու ակադեմիայի տաղանդավոր սաները դեռ չեն հասել այն խաղամակարդակին, երբ պատրաստ կլինեին ակումբի հետ պայքարել ամենակարևոր տիտղոսները նվաճելու համար՝ առանց Մեսիի:
Թիմը մնում է առանց տարբերություն ստեղծողի
«Բարսելոնան» մնում է առանց իր առաջատարի (խաղադաշտում ու խաղադաշտից դուրս), առանց այն ֆուտբոլիստի, որը տարեկան 40-50 գոլ էր ապահովում, առանց իր՝ տարբերություն ստեղծող ֆուտբոլիստի:
Մեսին աշխարհում այն եզակի ֆուտբոլիստներից է, որ կարողանում է ոչնչից ստեղծել պահեր, նահանջել, վերցնել գնդակը կենտրոնից ու մեկ փոխանցումով կամ անցումներով գոլային գրոհներ կառուցել: «Բարսելոնայի»՝ վերջին տարիների ամենածանր պահերին՝ երբ թիմի մոտ ոչինչ չէր ստացվում, երբ հարձակման գծում թիմի խաղը փակուղի էր մտնում, Մեսին իր խաղով՝ գրեթե միայնակ օգնության էր հասնում և փրկում թիմին՝ պահելով չեմպիոնական պայքարում: Հիմա «Բարսան» այդ ֆուտբոլիստին չի ունենա և Մեսիի կառուցած խաղն ու խփած գոլերը պետք է փնտրի այլ ֆուտբոլիստների շրջանում:
Օրինակ՝ Ռոնալդուի՝ «Ռեալից» հեռանալուց անցել է 3 տարի, բայց «Արքայական ակումբը» դեռ գոլ խփելու հետ կապված խնդիր ունի: Միայն Բենզեման բավական չէ:
Մեծ է նաև Մեսիի հեռանալու հետևանքով առաջացած կոմերցիոն վնասը: Ըստ Brand Finance-ի՝ կատալոնական ակումբին Մեսիի հեռանալը կարժենա 137 մլն եվրո: Ակումբի կոմերցիոն եկամուտները կնվազեն 77 մլնով, (17 մլն՝ խաղերից), իսկ ակումբի բրենդի գինը կնվազի 43 մլնով:
Մեր ընտրանին
-
Ինչու Մեսին դեռ պայմանագիր չի կնքել «Բարսելոնայի» հետ. Ակումբը ցավոտ որոշումներ է կայացնելու
-
Ինչպես Մեսին փոխեց «Բարսելոնայի» պատմությունը. Լեոյի 10 լավագույն պահերը
-
Բա հիմա՝ ո՞ւր. 5 ակումբ, որտեղ Մեսին կարող է շարունակել կարիերան
Մեսիի՝ ՊՍԺ տեղափոխությունը կարող է նպաստել Մբապեի տեղափոխությանը «Ռեալ»
Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալը, գուցե, դեռ վերջին հարվածը չէ «Բարսելոնային»:
Արգենտինացու տեղափոխությունը ՊՍԺ հեշտացնում է Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխությունը: Մինչև Մեսիի ավելի քան հավանական ժամանումը Փարիզ, «Ռեալը» գրեթե վերջնականապես համակերպվել էր, որ Մբապեին այս ամռանը հաստատ չի կարողանա գնել: Բայց Մեսիի հավանական տեղափոխությունը ՊՍԺ զգալիորեն փոխում է իրավիճակը: Այժմ ՊՍԺ-ն բախվելու է նույն խնդրին, ինչ՝ «Բարսելոնան». որքանո՞վ է հնարավոր լինելու թիմում պահել Նեյմարին, Մբապեին ու Մեսիին, վճարել այս երեքի բարձր աշխատավարձը՝ չխախտելով ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Նեյմարը ստանում է տարեկան 36 մլն, նույնքան կստանա Մեսին, Մբապեի աշխատավարձն էլ ավելի քան 20 մլն է:
Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխության դեպքում «Բարսելոնայի» և իր սկզբունքային մրցակցի միջև ուժերի հավասարակշռությունը կթեքվի մադրիդցիների կողմը:
Լավ կողմերը
Գրիզմանն ու թիմի մյուս երիտասարդները կստանան խաղային ազատություն
Մեսիի հեռանալով ամենից շատը, խաղային իմաստով, շահեց Անտուան Գրիզմանը: Ֆրանսիացին կատալոնական ակումբում անցկացրած 2 մրցաշրջանում չէր գտնում իր տեղը, ինչի հետևանքով էլ չէր խաղում այն խաղը, որ նա ցուցադրում էր «Ատլետիկոյում», որն ակնկալում էին «Բարսելոնայի» երկրպագուները: Գրիզին առաջին մրցաշրջանում խփեց 15 գոլ, երկրորդում՝ 20: Վատ թվեր չեն, բայց, նախ, զիջում են «Ատլետիկոյում» նրա ցուցանիշներին, և բացի դա՝ Գրիզմանը թիմի խաղի վրա չէր ունենում այն ազդեցությունը, որն ունենում էր նախկին թիմերում և Ֆրանսիայի հավաքականում:
Պատճառը պարզ է՝ Գրիզմանն ու Մեսին խաղում էին նույն դիրքում, և բնական է, որ Մեսիի ներկայությունը դաշտում սահմանափակելու էր Գրիզմանի հնարավորությունները՝ իր ամբողջ ներուժը ցույց տալու հարցում: Գրիզմանը երբեմն խաղում էր աջից, երբեմն՝ ձախից, երբեմն՝ հարձակման կենտրոնում, մինչդեռ իր ամենասիրելի՝ ենթահարձակվողի/խաղարկողի դիրքը միշտ զբաղեցնում էր Մեսին: Արգենտինացու հեռանալուց հետո, գուցե, «Բարսելոնայում» վերջապես տեսնենք իրական և ամենաուժեղ Գրիզմանին:
Մեսիի հեռանալով՝ հարձակման գծի (և ոչ միայն) մյուս երիտասարդները նույնպես ավելի մեծ կարևորություն կստանան: Ֆիլիպե Կոուտինյոն, եթե մնա, նոր շանս կստանա, Պեդրին, Ֆատին, Դեպայը… բոլորը կունենան ավելի շատ խաղաժամանակ և ավելի մեծ պատասխանատվություն՝ թիմին առաջ տանելու հարցում:
Հակապրեսինգը՝ 10 հոգով
Մեսին «Բարսելոնայի» հարձակման գծում անփոխարինելի ֆուտբոլիստ է: Թիմում ոչ ոք չի կարող ավելի լավ գրոհներ սկսել, ստեղծագործել ու գոլեր խփել, քան Մեսին:
Բայց երբ գնդակը մրցակցի մոտ է, «Բարսելոնան» կարող է ավելի ակտիվ և ինտենսիվ հակապրեսինգ կիրառել: Մեսին համեմատաբար քիչ էր ճնշում գործադրում մրցակիցների վրա, նրա ուսերին այդ պահանջը չէր էլ դրվում: Նա քիչ էր աշխատում, երբ գնդակը մրցակցի մոտ էր: Այդ ամենը մեծ ազդեցություն չէր ունենում Իսպանիայի առաջնության շարքային խաղերում, տարիներ առաջ էլ, երբ «Բարսան» ունենում էր գնդակի 80-85 տոկոսի առավելություն, դա քողարկվում էր: Բայց վերջին տարիներին, հատկապես Չեմպիոնների լիգայի վճռորոշ խաղերի ժամանակ մրցակիցներն օգտվում էին իրենց առավելությունից և խաղադաշտի կենտրոնն անցնում ավելի հեշտությամբ:
Այժմ «Բարսելոնայի» հակապրեսինգն անգլիական, գերմանական ու իտալական թոփ թիմերի դեմ կաշխատի ավելի ուժեղ:
Նոր փուլի սկիզբն ու նոր սուպերաստղը
Պոստ-Մեսի ժամանակաշրջանը «Բարսելոնայի» համար վաղ թե ուշ մեկնարկելու էր: «Բարսելոնայի» համար հնարավորություն է կյանքի նոր փուլ սկսելու՝ թեկուզ առանց Մեսիի, թեկուզ դժվարություններով:
Առաջին հերթին՝ «Բարսան» ֆինանսական ֆեյր-փլեյի առումով այլևս խնդիրներ չի ունենա և կսկսի կազմը նորովի կառուցել: Ճիշտ է՝ այս տարի ակումբի ֆինանսական իրավիճակը սարսափելի է, բայց պետք է հաշվի առնել, որ կան ֆուտբոլիստներ, որոնք դեռ կվաճառվեն ու կլցնեն բյուջեն, և բացի դա, երկրպագուներն առաջիկա մրցաշրջանում վերադառնում են տրիբունաներ, խաղերի տոմսերի վաճառքից էլ կգոյանան գումարներ, ինչը թույլ կտա «Բարսային» կատարել թոփ տրանսֆերներ:
Օրինակ՝ Էրլինգ Հալանդի համար մղվող պայքարում հաջորդ ամռանը «Բարսելոնան» կդառնա ֆավորիտներից մեկը: Նորվեգացին այս ամռանը չի հեռանա «Բորուսիայից», իսկ հաջորդ տարի նրա հրաժարագինը կազմելու է 75 մլն: Կմնա միայն համոզել ֆուտբոլիստին ու մարզական նախագծի իմաստով գրավել նրան և առաջարկել շահավետ պայմանագիր: Կատալոնական ակումբն, անկասկած, մրցակիցներ կունենա, բայց նաև կունենա բավարար միջոցներ՝ այդ մրցավազքում հաղթելու համար: