Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Ի՞նչ դիտել կինոթատրոններում. Էմմա Սթոունի «Քրուելա»-ն՝ Դիսնեյի ամենանորաձև punk-չարագործի կենսագրականը

Cruella Movie Ending - Ի՞նչ դիտել կինոթատրոններում. Էմմա Սթոունի «Քրուելա»-ն՝ Դիսնեյի ամենանորաձև punk-չարագործի կենսագրականը

Օրեր առաջ համաշխարհային, իսկ հունիսի 3-ից արդեն մեր տարածաշրջանի էկրաններին մեկնարկեց «Disney»-ի ամենաէքսցենտրիկ և անմոռանալի չարագործներից մեկի՝ Քրուելա Դե Վիլի անձնական պատմությանը նվիրված ռեժիսոր Քրեյգ Գիլեփսիի «Քրուելա» ֆիլմը: Կերպարը վերցված է անգլիացի մանկագիր Դոդի Սմիթի «101 դալմատիններ» վեպից, որի էկրանավորման իրավունքները Սմիթը վաճառել է Ուոլթ Դիսնեյին դեռևս վաղ անցյալում, արդյունքում սցենարիստների կողմից ավելացվել են հերոսուհու անցյալի մասին անձնական դետալներ, որոնք գրքում բացակայում են: Գիլեփսիի էկրանավորումը երկար տարիներ եփվում էր ամերիկյան ստուդիայում, մինչ գլխավոր դերերը բաժին չհասան երկու էմմաներին՝ Սթոունին և Թոմփսոնին: Երկու ոճային և ինքնատիպ հերոսուհիները 2 ժամից ավել մրցում են չարաճճի ու հեդոնիստական՝ swinging Լոնդոնում`գործի դնելով իրենց արսենալում առկա բոլոր հնարավոր և անհնար ճարպկությունները:

 

60-ականների Անգլիա, որի կանոնավոր ապրելակերպը ուր որ է խաթարելու է խելահեղ ու փողոցային խուլիգանական փանք-ռոքն իր շրխկուն հնչեղությամբ և նոր ֆեշն-կուռքերով, իսկ ճենապակյա թեյի սերվիզին փոխարինելու է գալու երաժշտական դահլիճներում լիտրերով թափվող ալկոհոլը։ Բրիտանական խուլ և էլիտար դպրոցում սովորում է Էսթելան՝ ըմբոստ բնավորությամբ քայլող խնդիր-դեռահասը, ով չի ցանկանում թաքցնել դասարանցիներից ի ծնե յուրահատուկ սանրվածքը՝ աղջկա մազերի կեսը սև է, մյուս կեսը՝ սպիտակ։ Մայրը (Էմիլի Բիչեմ) համբերատար և սիրալիր է, աղջկա հերթական ըմբոստ արարքից կամ ծեծկռտուքից հետո ամեն անգամ խնդրում է ճնշել Քրուելային (այդպես են մայր ու աղջիկ անվանում Էսթելայի խառնվածքի չար կողմին): Սակայն մի օր էլիտար դպրոցի տնօրենի համբերությունը լցվում է, և Էսթելային հեռացնում են կրթօջախից։ Մայրը որոշում է, որ իրենք պետք է տեղափոխվեն Լոնդոն՝ նոր կյանք սկսելու. այդտեղ էլ ոճային ու ինքնատիպ Էսթելան կկարողանա դառնալ հագուստի մոդելյեր։ Միայն թե ճանապարհին մոր կարգադրությամբ պետք է այցելեն հին ընկերներին, չէ՞ որ առանց ընկերների բարդ է ոտքի կանգնել Լոնդոնի պես վտանգավոր, ուրբանիստական ջունգլիներում։ Սակայն նրանք այդպես էլ չեն հասնում մայրաքաղաք. Էսթելայի մայրիկն, այցելելով հին ծանոթներին իրենց շքեղ կալվածքում, երեք դալմատինների պատճառով ընկնում է ժայռից՝ դարձնելով իր աղջկան որբ ու միայնակ։ Էսթելան իր միակ ընկերոջը՝ փոքրիկ շուն Բադիին գրկած փախչում է դեպքի վայրից և հայտնվում լոնդոնյան խնամքազուրկ տղաների՝ Ջասփերի և Հորասի քթի տակ։ Տասը տարի անց Էսթելա-դեռևս-ոչ-Քրուելան (Էմմա Սթոուն) և նրա գործընկերներա-ընտանիքի-անդամներ Ջասփերն (Ջոել Ֆրայ) ու Հորասը (Փոլ Ուոլթեր Հաուսեր) դեռևս զբաղվում են մանր թալանով՝ դարձնելով մանկապատանեկան հոբբին իրենց կյանքի գործ։ Էսթելան կարում է հետաքրքիր կոստյումներ, որոնցով կողոպուտն ավելի զվարթ և արկածախնդիր է անցնում՝ միևնույն ժամանակ օգնելով թաքնվել ոստիկաններից։

Սակայն իրականում Էսթելան երազում է դառնալ նորաձևության դիզայներ և գրավել լոնդոնյան լավագույն խանութների ցուցափեղկերը։ Ջասփերի օգնությամբ նա աշխատանքի է տեղավորվում լավագույն հագուստի խանութներից մեկում, որտեղ էլ իրեն նկատում է քաղաքի նորաձևության թագուհին՝ բարոնուհի ֆոն Հելմանը (Էմմա Թոմփսոն), որը բոլորին հայտնի է իբրև Բարոնուհի, և իր երկաթե ձեռքով ու սահմռկեցուցիչ հայացքով ղեկավարում է Լոնդոնի ամենապահանջված նորաձևության տունը:

 

cruella 1 960x540 - Ի՞նչ դիտել կինոթատրոններում. Էմմա Սթոունի «Քրուելա»-ն՝ Դիսնեյի ամենանորաձև punk-չարագործի կենսագրականը

Էմմա Սթոունը՝ Քրուելայի դերում. Հորասի (Փոլ Ուոլթեր Հաուսեր) և Ջասփերի (Ջոել Ֆրայ) հետ միասին

 

Այստեղից ֆիլմի ռեժիսոր Քրեյգ Գիլեփսին սկսում է որոշակի կերպով կրկնօրինակել հանրահայտ «Սատանան կրում է Prada»-ի՝ նորաձևության, ամբիցիաների և ճանապարհիդ կանգնող քեզնից ավելի մանր ձկներին կուլ տալու պատմությունը։ Սակայն բացի այդ՝ կարիերիստական և նորարարական սյուժետային գծից, որտեղ բախվում են երկու ըմբոստ ու իշխող կանանց էգոները, Էսթելան սկսում է ազատ արձակել իր իսկ սեփական ալտեր-էգոյին՝ Քրուելային, ինչը չի կարող չհիշեցնել Թոդ Ֆիլիփսի «Ջոքերը»։ Սակայն ի տարբերություն հայտնի կոմիքսում հրեշի արարման ակնհայտ զուգահեռներին՝ «Քրուելան» իր վիզուալ հմայքով խիստ բրիտանական է, վինտաժային և մինչև ականջները հագեցած է punk մշակույթով։ Անհնար է չնկատել Քրուելայի և «փանքի տատիկ» Վիվիեն Վեսթվուդի հետ զուգահեռներն ու նմանությունները, իրական մարդու, ով տասնամյակներ առաջ հեղաշրջում էր լոնդոնյան սուբմշակույթներն ու նորաձևության պոդիումները՝ բերելով հին, ազնվական կոստյումների ատրիբուտները ռոքնռոլի աշխարհ, կերտելով նոր ուղղություն, դրա հետ մեկտեղ իրականացնելով քաղաքական ակցիաներ, օրինակ՝ այցելելով վարչապետ Դևիդ Քեմերոնին տանկով։

«Disney»-ի հին ու բարի՝ 1961 թվականին էկրաններ բարձրացած «Հարյուր և մեկ դալմատիններում» Քրուելա Դե Վիլը վառ ընդգծված մոլեկան է, ոչ թե պարզապես էքսցենտրիկ կամ վրիժառու կին։ Նա ատում էր շներին, շահագործում էր Ջասփերին և Հորասին և ամեն գնով փորձում մուշտակներ կարել դաշնակահար Ռոջերի և իր կնոջ՝ Անիտայի շներից։ Նման Քրուելա այստեղ չեք տեսնի, անհասկանալի կմնան նաև իր անձնական փոխհարաբերություններն իր սիրելի մայրիկին ժայռից գցած երեք դալմատինների հետ, քանի որ իրեն ընձեռնվում է հենց այդ շներից մուշտակ կարելու հնարավորությունը, որից նա չի օգտվում։ Սցենարիստները, կարծես թե, ստեղծել են շներին ատելու հիմնապատճառը, սակայն ի տարբերություն վերոհիշյալ Ջոքերի՝ Քրուելայի չար ու վայրի էության գաղտնիքը հանրության կողմից գեներացվող ցինիզմի, դաժանության, անտարբերության ու անսրտության մեջ չէ։ Սթոունի հերոսուհին իր երկու ալտեր-էգոների հետ միասին ավելի շուտ նման է խճճված ու երկբևեռ աֆեկտիվ խանգարում ունեցող զոհի, ով երկմտում է գթասրտության և չարագործության միջև։ Բարոնուհու ֆոնին Էսթելայից Քրուելա վերածվող հերոսուհին նման է հին սերնդի և կարծրացած բարքերի հետ ոտք գցող և խիստ մոտիվացված էքսպերիմենտալ արտիստի, ով քաղաքացիական ակցիաների և գեղագիտական տաղանդի շնորհիվ փորձում է գտնել իր տեղը նորաձևության և նոր, թրենդեր թելադրող Լոնդոնի աշխարհում՝ դրա հետ մեկտեղ վրեժ լուծելով իրենից ավելի չար մեկից, ով, փաստորեն, ներգրավված էր իր մանկության ամենաողբերգական դրվագում։ Ջոքերից զատ կարելի է որոշակի հեռավոր նմանություններ նկատել մեկ այլ կոմիքսային լեգենդի հետ. Էսթելան թաքնվում է օպտիկական ակնոցի և օֆիսային աշխատանքի հետևում ինչպես Քլարք Քենթը՝ իր Սուպերմեն լինելուց ազատ ժամերին՝ ցերեկային աշխատանքի գրաֆիկում։

 

60b60cd124046.image  960x624 - Ի՞նչ դիտել կինոթատրոններում. Էմմա Սթոունի «Քրուելա»-ն՝ Դիսնեյի ամենանորաձև punk-չարագործի կենսագրականը

Էմմա Թոմփսոնը բարոնուհու դերում

 

Թեև դիսնեյական հին անիմացիոն ֆիլմերի վրա մեծացած տնտղող միլենիալների սերունդը միշտ հետաքրքրվել է չարագործների կենսագրությամբ ու նախապատմությամբ՝ 1961 թվականի Քրուելայի ֆոնին այս մեկը՝ նորը, իր մասին ստեղծված փրիքվել-սփինօֆով, թվում է ոչ այդքան համոզիչ, թեև դիտարժան է, տպավորիչ, տեղ-տեղ զվարճալի և միանշանակ արժանի, որ իրեն դիտես մեծ էկրանին: Այդուհանդերձ թվում է, թե պրոդյուսերներն ամենասկզբից մտադրված են եղել թողարկել երկրորդ ֆիլմը, որտեղ էլ հնարավորություն կունենան սատանայացնել ու սևացնել գլխավոր հերոսուհուն՝ վերջնականապես դարձնելով նրան չհամակրելի կամ առնվազն՝ անդառնալի ցնորված։ Որովհետև 2021-ի էկրանավորման մեջ, որտեղ «Դիսնեյ»-ի նոր կանոնների համաձայն անգամ չարագործն իրավունք չունի կադրում ծխախոտ կպցնելու, իսկ սցենարական հնարքների շնորհիվ մեր մանկության գլխավոր սադիստներից մեկը՝ խելագարության ճանապարհը բռնած Քրուելա Դե Վիլը չի փորձում սպանել անգամ մեկ շունիկի՝ զգացվում է խարդախության և, իհարկե, Նոր էթիկայի հոտը։ Այստեղ ավելի շատ միախառնված են 21-րդ դարի տենդենցները՝ self made դառնալու, հին բարքերին մարտահրավեր նետելու և սեփական (թեկուզ և ավելի վտանգավոր) Ես-ը գտնելու խնդիրները։

Ռեժիսոր Գիլեսփին և կոստյումների հեղինակ, օսկարակիր Ջեննի Բիվանը չհնացող ռոք հիթերի, տպավորիչ օպերատորական («Փադինգթոնի» մթնոլորտը հիշեցնող) գողտրիկ Լոնդոնի և մի շարք հմայիչ կերպարների շնորհիվ ստեղծել են մի փոքր ձգձգված, բայց խիստ հանդուրժողական և տեսարժան ժամանակակից հեքիաթ՝ ինքնորոշման, բարդույթների և սիրող ընտանիքի կարևորության մասին։ Որքանով կապրի նոր՝ չծխող և կենդանասեր «Քրուելան»՝ ցույց կտա ժամանակը։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

«Doctor Strange in the Multiverse of Madness»-ը կինովարձույթում հավաքել է ավելի քան 800 միլիոն դոլար

  • 79

Թագավորական ընտանիքը Լոնդոնում մասնակցել է «Top Gun: Maverick»-ի պրեմիերային (տեսանյութ)

  • 105

Հրապարակվել է Marvel-ի «She-Hulk» սերիալի առաջին թրեյլերը

  • 42

«Ավատար 2»-ի թրեյլերը 1 օրում ունեցել է ռեկորդային 148 մլն դիտում

  • 229

«Top Gun: Maverick» ֆիլմի պրեմիերային Թոմ Քրուզը ժամանել է ուղղաթիռով, որն անձամբ է կառավարել

  • 115

Հրապարակվել է «Obi-Wan Kenobi» սերիալի թրեյլերը

  • 79

«Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի միջազգային պրեմիերան`  ANNECY-ում

  • 103

Լիլի Էլբակյան. բացահայտելով «Չնչիկի հերոսուհուն»

  • 389

1926թ․-ի ապրիլի 13-ին ցուցադրվեց առաջին հայկական ֆիլմը՝ «Նամուսը»

  • 214

Netflix-ը հրապարակել է Մերիլին Մոնրոյի մասին վավերագրական ֆիլմի թրեյլերը

  • 119

«Bridgerton»-ը մեր ժամանակների ամենահայտնի հեռուստասերիալներից է…իսկ ինպիսի՞ն է երկրորդ եթերաշրջանը

  • 837

«Bad Vegan: Fame. Fraud. Fugitives». նոր վավերագրական ֆիլմ՝ վեգան թագուհու և խաբեբաների մասին

  • 261

Marvel-ը ներկայացրել է «Ms․ Marvel» սերիալի առաջին թրեյլերը

  • 272

Համաշխարհային արխիվների բացառիկ նյութերը՝ «Երախտագիտության քարտեզ»-ում

  • 321

Գարնան գլխավոր 7 պրեմիերաները

  • 800

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. զրույց դրամատուրգ Համբարձում Համբարձումյանի հետ

  • 617