Logo

Ի՞նչ դիտել տանը. Աբդելատիֆ Քեշիշի կրքոտ, կիսամերկ ու ծովային «Մեկտուբ, իմ սեր. երգ առաջին»-ը

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 29.07.2021ՍՊՈՐՏ
be37b7869ce0941bf94bd50a3289e55c - Ի՞նչ դիտել տանը. Աբդելատիֆ Քեշիշի կրքոտ, կիսամերկ ու ծովային «Մեկտուբ, իմ սեր. երգ առաջին»-ը

Շարունակում ենք ներկայացնել ամենատպավորիչ և մթնոլորտային ֆիլմերը, որոնք գովերքում են ամառն ու ամառային հաճույքները։ Այս անգամ ներկայացնում ենք ֆրանսիական կինոյի ամենազգացմունքային և թեժ սիրավեպեր, հոգու փնտրտուքներ, րոպեական պոռթկումներ պարգևող Աբդելատիֆ Քեշիշի վերջին ֆիլմերից մեկը՝ «Մեկտուբ, իմ սեր․ երգ առաջին»-ը / “Mektoub, My Love: Canto uno”-ն, որը սկսվում է բավականաչափ անկեղծ ու բուռն անկողնային տեսարանով:

 

Մի քանի տարի առաջ ֆրանկո-թունիսցի ռեժիսոր և սցենարիստ, Կաննի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր և ֆրանսիական կինեմատոգրաֆում արաբական կոլորիտի, բարքերի, ավանդույթների և հմայքի կերտողներից ամենակառկառունը, կրքամոլն ու խիզախը՝ Աբդելատիֆ Քեշիշը որոշեց ստեղծել 2 մասանոց նոստալգիկ և կիսակենսագրական տարրեր պարունակող կտավ՝ յուրաքանչյուրը մի քանի ժամ տևողությամբ։ Առաջին մասը, որը կոչվեց «Մեկտուբ, իմ սեր. երգ առաջին», 2017 թվականին ցուցադրվեց Վենետիկի միջազգային կինոփառատոնի մրցությաին ծրագրում, իսկ հայ հանդիսատեսին հասանելի դարձավ հաջորդ տարի՝ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Երկրորդ մասը, որը մտել էր անցած տարվա Կաննի միջազգային կինոփառատոնի ծրագիր, դեռևս հասանելի չի լայն զանգվածներին, սակայն առաջինը բավականաչափ ինքնուրույն է դիտման համար, այն էլ որ հաշվի առնենք ֆիլմի երկարաշունչ ժամանակաչափը՝ 180 րոպե։

Ֆրանսիա, 90-ականներ։ Պատմությունը բժշկականի ուսանող, լուսանկարիչ և սկսնակ սցենարիստ ինքնամփոփ, սակայն ընկերասեր Ամինի (Շահին Բումեդին) մասին է, ով որոշում է թողնել բժշկի հեռանկարային կարիերան և ամբողջությամբ տրվել ստեղծագործ աշխատանքին։ Ամառային արձակուրդներին երիտասարդը տեղափոխվում է Փարիզից հայրենի Սետ՝ փոքրիկ ծովափնյա քաղաք, որտեղ ապրում և աշխատում է իր մեծ ընտանիքը։ Մի արևոտ օր իր հորեղբոր որդու՝ արկածախնդիր ու սիրառատ Տոնիի հետ Ամինը ծանոթանում է Նիցայից ժամանած երկու հմայիչ ուսանողուհիների հետ։ Աղջիկներն արագ ներգրավվում են տղաների շրջապատ և սկսում հետազոտել ալժիրցի և թունիսցի ֆրանսիացիների կյանքը՝ բուրավետ խոհանոցից մինչև կրքոտ արաբական պարեր, տարրատեսակ հավելումներով խանդի և տռփանքի դրվագներ։

 

Mektoub My Lovet Kechiche consent a supprimer des plans de la scene de sexe oral 960x639 - Ի՞նչ դիտել տանը. Աբդելատիֆ Քեշիշի կրքոտ, կիսամերկ ու ծովային «Մեկտուբ, իմ սեր. երգ առաջին»-ը

 

Քեշիշը տապ, կիսախոնավ ֆրանսիական ազատություն շնչող և արտաշնչող օդից, աղի ավազահատիկներից և արևայրված պատանի մարմիններից ստեղծել է 3 ժամանոց անշտապ, սեքսուալ, զգայական, հոտավետ և ախորժելի ուտեստ, ինչպես համեղ և ճիշտ պատրաստված կուսկուսը, որի մասին այդքան խոսում են ռեժիսորի հերոսները։ Հենց կուսկուսի շուրջ է հավաքում Քեշիշն իր մեկ այլ ֆիլմի` ‘’La graine et le mulet’’ ֆիլմի աղմկոտ հերոսներին՝ նույնպես պատկերելով աշխարհից կտրված, եդեմական Սետը։ 90-ականների Ֆրանսիան չի խոսում ռասիզմի կամ պատերազմների, անհանդուրժողականության կամ որևէ այլ վտանգի մասին, օ, ո՛չ։ Ամինը Քեշիշի աչքով զննում ու զմայլվում է գեղեցկադեմ աղջիկներով, լիաթոք վայելում ծովային օդը, սիրահարվում և բռնացնում սիրեկաններին կրքառատ անկողնային դրվագի ժամանակ, իբրև հասուն պատանի առաջին անգամ բացահայտում անլուրջ և ոչնչի չդրդող սիրախաղի կանոններն ու սովորում՝ ինչպես ապրել։ Երիտասարդության տագնապը, մարմինների ձգողականությունը, գիշերային զբոսանքները, հարբած հայացքները, շոշափողական էներգետիկան, երբ էկրանի դիմաց սեփական մաշկիդ վրա զգում ես այլևս գոյություն չունեցող, 90-ականների թրթիռն ու տրամադրությունը, սա է Քեշիշի «մեկտուբը», արաբերենից թարգմանաբար՝ «բախտը», առնվազն այդ ամառվա համար: Ամինը դիտորդ է, ինչպես և Քեշիշը. զբաղվում է լուսանկարչությամբ, և պատրվակ է ման գալիս զքանչելիորեն փարթամ Օֆելիային՝ իր բարեկամի հարսնացուին, մերկ նկարելու համար: Նա հետևում է աղջկան ամենուր՝ ադուլտյերային անկողնուց մինչև կիսամութ գոմ, որտեղ նա կերակրում է փոքրիկ գառնուկին և օգնում մյուսին լույս աշխարհ գալ՝ գրեթե աստվածաշնչական հղումներով: Հետաքրքրական անցում, որը գովերքում է մարմանականը, կյանքը, ցանկալին և բնականը:

 

4044622.jpg r 1280 720 f jpg q x xxyxx 960x540 - Ի՞նչ դիտել տանը. Աբդելատիֆ Քեշիշի կրքոտ, կիսամերկ ու ծովային «Մեկտուբ, իմ սեր. երգ առաջին»-ը

 

Շատերը սպասում են կուլմինացիոն ավարտի կամ, առնվազն, դրամատիկ վայրիվերումների, լավ, թեկուզ տաքարյուն տղամարդկանց բուռն ու աղմկոտ վիճաբանությունների: Սակայն Քեշիշն անշտապ, գուցե նաև առանց հստակ երևացող նպատակի ուրվագծում է իր ամառային կինոնկարը՝ լցնելով այն էնդորֆիններով և դոֆամիններով, մերկացնում գեղեցկուհիներին իր տղամարդկային՝ որձական հայացքով: Անգամ տարիներ առաջ իր դերասանուհիներից մեկը՝ Լեա Սեյդուն «Ադելի կյանքը» աղմկահարույց ֆիլմից հետո ակնարկել էր ռեժիսորի կողմից դերասանուհիների անփորձության չարաշահման մեջ՝ Քեշիշը պահանջել էր ֆիզիկական մտերմության տեսարաններում ավելի մեծ ներուժ, քան նախօրոք որոշված էր դերակատարուհիների հետ:

Անդադար վուայերիզմը, որով «Մեկտուբ, իմ սեր» ֆիլմի բոլոր տղամարդիկ մերկացնում են կանանց, գրկախառնվելու կամ պարելու ընթացքում շոյում և փաղաքշում նրանց գրավիչ մարմինները և հրավիրում համտեսելու գիշերային Ֆրանսիան՝ լի անմոռանալի արկածներով, ինչպես հեքիաթային ն ու ֆանտաստիկ Հազար ու մի գիշերը, նույնքան անհեռանկարային է և անկայուն, որքան մի ժպիտի հիման վրա ծագող արձակուրդային սիրավեպը և դրանից բխող բոլոր րոպեական որոշումները: Անկրկնելի ժամանակը, որը լինում է կյանքում միայն մեկ անգամ, երբ դու երիտասարդ ես, անհոգ ու անդարդ, աշխարհը պտտվում է քո շուրջը, իսկ հարավային արևի տապն ու կողքիդ շրջող բարետես ու խորամանկորեն ժպտացող կանանց հմայքն օրորում են գիտակցությունդ՝ տեղափոխելով քաղցր ու հեշտալի երազների աշխարհ:

 

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա