Logo

Ի՞նչ դիտել տանը. Բերնարդո Բերտոլուչիի հուզառատ, վայրենի ու կուսական «Խուսանավող գեղեցկությունը»

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 03.07.2021ՍՊՈՐՏ
tumblr prqza7jryw1u1em39o10 1280 - Ի՞նչ դիտել տանը. Բերնարդո Բերտոլուչիի հուզառատ, վայրենի ու կուսական «Խուսանավող գեղեցկությունը»

Շարունակում ենք տնային կինոդիտման համար ընտրել և առաջարկել խիտ ամառային մթնոլորտով հագեցած կարևոր հեղինակային ֆիլմեր, որոնք վաղուց հասանելի են համացանցում, սակայն ինչ-ինչ պատճառներով հնարավոր է, որ իրենց հաջողության գագաթնակետի ժամանակաշրջանում անցել են Ձեր կողքով: Այս անգամ պատմում ենք իտալացի ռեժիսոր և սցենարիստ, Մաեստրո Բերնարդո Բերտոլուչիի ֆիլմագրության եթե ոչ ամենակարևոր, ապա միանշանակ ամենագեղատեսիլ ֆիլմերից մեկի՝ «Խուսանավող գեղեցկության» մասին, որն իտալական բնօրինակում հնչում է որպես «Ես պարում եմ ինքս ինձնով» (Io ballo da sola): Գլխավոր դերում և պատմության էպիկենտրոնում կտեսնեք երիտասարդ Լիվ Թեյլորին, ով մեծ եվրոպացի ռեժիսորի մոտ նկարահանվելիս ընդամենը 19 տարեկան էր:

 

19-ամյա ամերիկուհի Լյուսի Հարմոնը (Թեյլոր) մոր ինքնասպանությունից հետո այցելում է Իտալիա, վերջինիս մտերիմ ընկերների առանձնատանը ամառն անցկացնելու, տանտիրոջ հերթական քանդակի համար մոդել ծառայելու և իրեն հուզող ընտանեկան գաղտնիքներին պատասխանները գտնելու ակնկալիքով: Նա գտնվում է տարիքային և սեռական անցումային փուլում՝ մտորելով հասուն զգացմունքների և իսկական սիրո մասին, այնուամենայնիվ պահի տակ նյարդայնանում կամ նեղանում է դեռևս դեռահասական հանդգնությամբ: Տոսկանայի կիզիչ արևի ներքո Լյուսիի նոր ընկերությունը անկաշկանդ մերկացնում է արևայրած մարմինները, վայելում լողավազանի հովն ու գիշերային գինովցած անկեղծությունները: Աղջկա շուրջ ստեղծվում է գերակտիվ հետաքրքրություն, որտեղ բոլոր տարիքի կանայք և տղամարդիկ միաժամանակ քաջալերում և մի փոքր խղճում են Լյուսիին՝ ամեն մեկը յուրովի օգնելով, գաղթակղելով կամ սիրաշահելով նրան: Տարրատեսակ խառնվածքով ու արտաքինով տղամարդկանց գունապնակը, կարծես, հուշում է՝ սրանք են այդ բոլոր տղամարդկային տեսակները, որոնք կյանքի տարբեր փուլերում և իրավիճակներում հայտնվում են յուրաքանչյուր կնոջ կյանքում, և Լյուսին իր մեղմ, բայց գաղթակղիչ գեղեցկությամբ բացառություն չէ: Ջերեմի Այրոնսի տարեց և վատառողջ հերոսի՝ գրող Ալեքս Փերիշի և Լյուսիի միջև ստեղծվում է շատ անկեղծ, ինտիմ կապ, որն ավելի շուտ հայրական է, պլատոնական, վարպետի և մուսայի տանդեմի մասին է, քան ֆիզիկական սիրո ակնարկ է: Հավանաբար, Ալեքսը հորդորում է Լյուսիին դառնալ այնքան խիզախ, որքան որ աղջկա մայրն էր և հանկարծ բաց չթողնել հնարավոր արկածի կամ անակնալի գալուստը: Նմանատիպ մտերմիկ կապը չի կարող որոշակի ալեգորիա չառաջացնել նաբոկովյան «Լոլիտա»-ի հետ, սակայն որքան էլ որ շատ լինի իտալական օդում կանգնած տենչանքի ու կիրքի անհագ զցագումը, Բերտոլուչիի ֆիլմն ավելի շուտ քողարկվում է այդ ֆասադով: Իր պատմության բոլոր հերոսները խոսում են գեղեցկութան, սիրո և հաճույքների մասին, այնինչ իրականում բոլորն ունեն հարցեր, որոնց պատասխանները փնտրում են ծաղկաշատ դաշտերում, հինավուրց վիլաներում և գինու գավաթի մեջ: Խորհրդավոր իտալական մայրամուտներն ու երկար ընթրիքները, հով գիշերները, երբ կարելի է ծխախոտ կիսել անքուն հարևանիդ հետ ու սթափեցնող արևածագերը, որոնք պարուրում են իրենց ոսկեղենով, շարունակվում են անվերջ թվացող խաղողի այգիներով, կրակի մեջ թաղված պոետիկ տողերով և, ինչպես ասվում է ֆիլմում, բլուրներով, որտեղ թաքնված է արվեստ ստեղծելու մեծ ավանդույթը: Լյուսին հանդիսատեսի հետ միասին կտրուկ ու անսպասելի հայնտվում է խիստ բաց, ազատ ու ինքնիշխան կալվածք-աշխարհում, որտեղ բոլորը անվերջ խոսում են զգացմունքներից:

 

tumblr prqza7jryw1u1em39o3 1280 960x540 - Ի՞նչ դիտել տանը. Բերնարդո Բերտոլուչիի հուզառատ, վայրենի ու կուսական «Խուսանավող գեղեցկությունը»

 

Գրեթե բոլոր հերոսները ստեղծագորղծող մարդիկ են՝ լինի դա զարդերի դիզայն, արձակ թե քանդակագործություն, բոլորը խոսում են աննյութականի և զգայականի մասին, կիսվում փորձով, անդադար վերհիշում Լյուսիի մայրիկին՝ համեմատելով վերջինիս նրա հետ: Նոստալգիկ անցյալի և հիշողությունների կիսամութ դարակներում Լյուսին փորփրում է մոր բանաստեղծություններն ու նամակագրությունը, փորձում հավաքել բացակայող փազլի կտորը, որպեսզի գտնի սեփական հորը, ում, իր կարծիքով, նա կարող է հանդիպել հենց այստեղ՝ Իտալիայում:

Բերտոլուչիի որոշ երկրպագուներ ու բազմաթիվ կինոքննադատներ հաճախ են փնովում ֆիլմն անհստակ, մի փոքր լղոզված սյուժետի և անիրական, պաթոսային թվացող երկխոսությունների համար: Իրականում որոշակի դրվագներ և արտահայտություններ բավականաչափ համարձակ են և չափազանց անսովոր ընտանեկան միջավայրում ստեղծված պատմության համար: Սակայն դիտարկելով ֆիլմը ոչ թե առանձին, թեկուզ իր ժանրի մեջ, այլ որպես իր ծնողից կախում ունեցող բերտոլուչիական զավակ, հայտնի «նոն-կոմֆորմիստական և վերջինտանգոյական» իրականության մեջ, որտեղ առկա են 60-70-ականների էլ ավելի վայրենի, գուցե որոշ առումներով անգամ անպատշաճ չափանիշներ, ապա սույն ֆիլմը թվում է միամիտ, իրեն տեղ-տեղ որոշակի արդարացված սանձարձակություններ թույլ տվող, թոկից փախած և ամառային արձակուրդները վայելող երիտասարդ:

Գուցե հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, հնարավոր է, որ Լյուսին, քերոլյան Ալիսի պես վազում է սպիտակ ճագարի հետևից և այդպես տարված ցանկանում է կազմել իր անցյալի ամբողջական պատկերը, որպեսզի հրաժեշտ տա դրան՝ նետվելով ոչ թե անհասկանալիի, այլ արդեն ծանոթ և այդքան ուսումնասիրվածի բունը: Հենց այս կտավում բերտոլուչիական տրամադրությունն իր մաքրությամբ, անմեղությամբ, խորհրդավոր տողատակերով և միաժամանակ հասունացման և հեշտանքի առկայությամբ միավորվում է իբրև անմոռանալի ամառային արկած, որը ռեժիսորը ստեղծել է փայլուն բեմադրող օպերատոր Դարիուս Հոնջիի հետ միասին: Կիսաստվեր պատկերները, իտալական բնապարկերներով ուռուցիկ և խորը կադրերը, Լյուսիի գիգր շուրթերն ու առաջին սիրո փնտրտուքը ծանոթ է բոլորին, թեև ենթագիտակցական իղձի մակարդակով: Եթե իրականում նմանատիպ ճանապարհորդություններ երբեք չեն եղել և չեն էլ կարող իրականություն դառնալ, ապա երկու ժամով Մաեստրո Բերտոլուչին կարող է Ձեզ նման հաճույք պարգևել, ինչպես թեթև խմվող, բայց արդյունքում գլխապտույտ առաջացնող որակյալ տոսկանական գինին:

 

Stealing Beauty 694514777 large 960x540 - Ի՞նչ դիտել տանը. Բերնարդո Բերտոլուչիի հուզառատ, վայրենի ու կուսական «Խուսանավող գեղեցկությունը»

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա