Logo

Ի՞նչ դիտել տանը. Ջեյք Ջիլենհոլի մասնակցությամբ «Հոկտեմբերյան երկինք» կենսագրական դրաման

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 29.10.2021ՍՊՈՐՏ
gg - Ի՞նչ դիտել տանը. Ջեյք Ջիլենհոլի մասնակցությամբ «Հոկտեմբերյան երկինք» կենսագրական դրաման

Շարունակում ենք պատմել աշնանային շնչով, տրամադրությամբ ու մթնոլորտով ստեղծված կինոպատմությունների մասին, որոնք իրենց ջերմ ու հուզիչ սյուժեներով կջերմացնեն կինոսերների քամոտ երեկոները։ Այս անգամ ներկայացնում ենք ռեժիսոր Ջո Ջոնսթոնի «Հոկտեմբերի երկինք» (October Sky) 1999 թվականի կենսագրական դրաման, որտեղ պատմվում է NASA-ի նախկին ինժեներ, գրող Հոմեր Հիքամի ոգեղնչող պատանեկությունն ու մեծ երազանքի իրականացումը։

1957 թվական, հետպատերազմական Ամերիկա։ Արևմտյան Վիրջինիայի նահանգի Քոուլվուդ փոքր քաղաքում գրեթե բոլորն աշխատում են ածուխի հանքում, «ապրում» հողի տակ՝ մրոտ ու փոշոտ, տառապում թոքերի հիվանդություններից։ Հոկտեմբերյան մի երեկո, երբ ամբողջ աշխարհը պահել էր շունչը, հետևելով տիեզերագնացության ու գիտության համար տեղի ունեցող շրջադարձային երևույթի, 17 ամյա Հոմերը (Ջեյք Ջիլենհոլ) ընկերների հետ կանգնած էր համաքաղաքացիների հետ տան դիմաց՝ հիացած ու տպավորված հայացքով ճանապարհելով երկնքով սրընթաց թռչող խորհրդային «Սպուտնիկ»-ի, որը կատարում էր իր ամենաառաջին աշխարհաշուրջ պտույտը։ Այդ օրվանից սկսած տիեզերական ֆենոմենը հանգիստ չի տալիս տղային, ով իր հավատարիմ դասընկերների ու սիրելի ուսուցչուհու՝ միսս Ռայլիի (Լորա Դեռն) օգնության շնորհիվ սկսում է տան նկուղում օր ու գիշեր զբաղվել հրթիռակառուցմամբ։ Թեև մաթեմատիկան իր ամենաուժեղ կողմը չէ՝ Հոմերը տարվում է հրթիռներով ու տիեզերքով՝ վստահ լինելով, որ հենց դա է իր կոչումն ու կյանքի գործը։ Բացի թևեր տվող հոբբիից՝ հրթիռաշինության շնորհիվ ինքն ու իր ընկերները կարող են մասնակցել ազգային գիտական ցուցահանդեսին, որտեղ հաղթելու դեպքում (շանսը` միլիոնից մեկն է) կստանան կրթաթոշակ և ստիպված չեն լինել բոլորի պես աշխատել Քոուլվուդի հանքում։ Հոմերի երազանքներն ու պլանները չի կիսում իր հայրը (Քրիս Քուփեր), ով ամբողջ կյանքը նվիրել է Քոուլվուդի հանքին՝ բազմիցս հերոսաբար փրկելով գործընկերների կյանքը, Հոմերին հարազատ մարդկանց, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում էին ածուխի փլվածքների տակ։ Հոմերը փորձում է հնարավորինս չենթարկվել հոր ճնշմանն ու գնալ իր երազանքի ետևից, մինչև որ մի օր հայրն ինքը չի հայտնվում փլվածքների տակ։

october sky dern 960x540 - Ի՞նչ դիտել տանը. Ջեյք Ջիլենհոլի մասնակցությամբ «Հոկտեմբերյան երկինք» կենսագրական դրաման

Ջեյք Ջիլենհոլն ու Լորա Դեռնը «Հոկտեմբերյան երկինք»-ը ֆիլմում մարմնավորում եմ աշակերտի և ուսուցչուհու

Օսկարակիր ռեժիսոր Ջո Ջոնսթոնը միլենիալների (և ոչ միայն) սերնդին է նվիրել 90-ականների բազմաթիվ սիրելի ընտանեկան դրամաներ, որոնք անհամացանց մանկության օրերին շատերս հայկական ու ռուսական հեռուստաալիքներով կարող էինք դիտել շաբաթը 100 անգամ, օրինակ՝ Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ «Ջումանջի»-ն և Ռիք Մորանիսի «Սիրելիս, ես փոքրացրել եմ երեխաներին» ֆանտաստիկ պատմությունները։ «Հոկտեմբերյան երկինք»-ը տարբերվում է դրանցից ավելի զուսպ, դանդաղ ու հանգիստ, մի փոքր ավելի զգացմունքային տրամադրությամբ ու տեմպով: Հոմերի երազանքին խոչընդոտում է թե՛ փոքրիկ քաղաքի բարդ կյանքը, թե՛ իր հոր հետ բախումներն ու տարածայնությունները: Հոր և որդու կոնֆլիկտը պատմության ամենազգայուն և հետաքրքրական ասպեկտներից է, որը կարող է շատերին հիշեցնել անձնական մանկական տրավմաները: Քրիս Քուփերը էկրանին բազմիցս մարմնավորել է ուժեղ և վճռական ծնողի դերեր, մի մարդու, ով փորձում է սեփական Ես-ն ու ամբիցիաները փաթաթել իր երեխայի վզին: Ֆիլմում կա նաև Հոմերի հոր՝ ածուխային հանքի տնօրեն Ջոնի և նշանավոր հրթիռների ու հրթիռային զենքերի ճարտարագետ, ժամանակակից տիեզերագնացության հիմնադիրներից մեկի՝ (իրականում գոյություն ունեցող) գերմանացի Վերներ ֆոն Բրաունի միջև մրցակցությունը: Հոմերը չի ուզում ապրել այնպես, ինչպես հայրը, ինչպես սև փոշու մեջ կորած, մռայլ Քոուլվուդի բազմաթիվ քաղաքացիներ, դրա հետ մեկտեղ, ի տարբերություն իր մեծ եղբոր, հաջողություններ չի գրանցում սպորտում, այնինչ միայն սպորտսմեններին էր հասանելի կրթաթոշակը: Ամեն ինչ փոխվում է մի հոկտեմբերյան երեկո, երբ նա իր գլխավերևում է տեսնում «Սպուտնիկ-3»-ը, պատմության մեջ առաջին հրթիռը, որը հասել է առաջին տիեզերական արագության:

AAAABVsmThyqtHvgtcq8F9ciWCmRE bjpNYieqgh74DE5YecoVwLSInIKDmo0wMQsogkH9a2COpCnGEnEhiAYYKT2lNexnKj 960x540 - Ի՞նչ դիտել տանը. Ջեյք Ջիլենհոլի մասնակցությամբ «Հոկտեմբերյան երկինք» կենսագրական դրաման

Կադր «Հոկտեմբերյան երկինք»-ը ֆիլմից

Այդպես էլ Հոմերը, ինչպես խորհրդային հրթիռը, զարգացնում է իր ամբողջ պոտենցիալը, եռանդը, աշխատասիրությունն ու ներուժը, որպեսզի ճախրի բարձր-բարձր և ազատվի մայրենի Քոուլվուդի սահմանափակ հնարավորություններից՝ իր հետ փոքր քաղաքից դեպի մեծ աշխարհ տանելով դասընկերներին: Դրան նաև գումարած կոտրելով կարծրատիպեր՝ անպայման չէ լինել սպորստմեն, որպեսզի դառնաս քաղաքի ամենասիրված, հետաքրքիր ու բոլորին մի երևույթի շուրջ միավորող մարդը, ով իր օրինակուոմ ոգեշնչում է ու մոտիվացնում:

Ջոնսթոնի ֆիլմը տեղափոխում է հանդիսատեսին ռոքնռոլի, ռետրո-մեքենաների, լարով հեռախոսների, լուրեր հեռարձակող ռադիոյի և գողտրիկ ամերիկյան քաղաքի կենցաղ, որտեղ բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, ապրում են անշտապ և համակերպված: Սակայն երկնքում թարթող լույսն իր հետևից կարող է թողնել ոչ միայն ֆիզիկական ու քիմիական օրենքներով բացատրվող տեսանելի կամ անհետացող հետքեր, այլ նաև փոխել երազկոտ դեռահասների կյանքը, մարդկանց, ովքեր չեն հանձնվում բազմաթիվ ձախորդություններից հետո և գնում են սեփական «ամերիկյան երազանքի» հետևից:

Անգամ եթե Հոմեր Հիքամի ինքնակենսագրական գիրքը, որի հիման վրա էլ ստեղծվել է ֆիլմը, տեղի է ունենում հեռավոր 50-ականներին՝ մեր ծնողների ու տատիկ-պապիկների օրոք, այն այնուամենայնիվ պարուրված է վարակիչ ու ջերմ ընտանեկան մթնոլորտով, որը թույլ է տալիս ներել որոշակի սցենարական ու ռեժիսորական թերություններ ու ընկղմվել փոքրիկ քաղաքի ու մեծ նպատակների խանդավառ աշխարհ:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա