Logo

Ի՞նչ դիտել տանը. Մեգ Ռայանի և Թոմ Հենքսի «Դուք նամակ ունեք» դրամեդին

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 23.10.2021ՍՊՈՐՏ
242022 516592281699895 2096795008 o - Ի՞նչ դիտել տանը. Մեգ Ռայանի և Թոմ Հենքսի «Դուք նամակ ունեք» դրամեդին

Աշնանային քամոտ և զով երեկոները ամենակատարյալ ժամանակն է գողտրիկ ու մթնոլորտային ֆիլմերի դիտման համար: Թափված դեղին տերևների, հարմարավետ գործած բլուզների, նյույորքյան աշխույժ տրամադրության ու բարդ համացանցային սիրավեպի մասին է ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ Նորա Էֆրոնի «Դուք նամակ ունեք» արդեն դասական համարվող դրամեդին (խմբ.՝ dramedy, անգլերեն կատակերգական դրամա բառն է): Թոմ Հենքսի և Մեգ Ռայանի մասնակցությամբ սիրված պատմությունը գերմանա-ամերիկացի ռեժիսոր Էրնստ Լյուբիչի «Անկյունի խանութը» սև ու սպիտակ ֆիլմի ռիմեյքն է, որն Էֆրոնը բավականաչափ մոդերնիզացրել է՝ միայն մասամբ հիմնվելով 1940 թվականի կինո-օրիգինալի վրա (Լյուբիչն էլ իր հերթին օգտվել է հունգարացի Միկլոշ Լասլոյի «Պարֆյումերիա» պիեսից):

Եթե դուք ինչ-որ անբացատրելի ձևով բաց եք թողել «Դուք նամակ ունեք»-ը, որը 00-ականներին 24/7 ցուցադրվում էր գրեթե բոլոր հայկական հեռուստաալիքներով՝ խորհուրդ ենք տալիս անհապաղ դիտել այն, իսկ այն մարդկանց, որոնք չեն հիշում, թե երբ են վերջին անգամ դիտել ֆիլմը՝ լրացնել ջերմության և 90-ականների տրամադրության պակասը՝ սիրված ֆիլմի հերթական վերադիտմամբ:

 

 

Ջո Ֆոքսը (Հենքս) և Քեթլին Քելին (Ռայան) ապրում են Նյու-Յորքում և զբաղվում սիրելի գործով: Ջոն իր հոր և պապու հետ միասին պատրաստվում է բացել հերթական ընտանեկան բիզնեսը՝ տպավորիչ, բազմահարկանի գրքային հիփեր-մարքեթը, Քեթլինը ղեկավարում է մորից ժառանգած փոքրիկ մանկական  գրախանութը, որը հարազատ ու սիրելի է նյույորքցիների մի քանի սերունդների համար: Երկուսն էլ կլանված են մասնագիտական և անձնական կյանքով, սակայն հոգիները կարող են ջերմացնել միայն «մերկացնելով» դրանք օնլայն տիրույթում՝ վիրտուալ նամակագրության ժամանակ: Երկուսն էլ անոնիմ շփվում են իրար հետ՝ չիմանալով ոչ մի անձնական տեղեկություն՝ անուն, մասնագիտություն կամ տարիք, սակայն կիսվում են ամենասիրելի ու հոգեհարազատ մանրուքներով, ինչպիսիք են՝ գրքերն ու Նյու Յորքի  հետ կապված կենցաղային կամ լիրիկական նկատառումները:  Իրական կյանքում երկուսն էլ պայքարում են սիրելի աշխատանքի համար՝ դրա հետ մեկտեղ փորձելով համատեղել զուգընկների հետ միապաղաղ ու անթրթիռ անձնական կյանքը: Իսկ օնլայն տիրույթում երկուսն էլ հնարավորինս անկեղծ տարվում եմ միմյանցով, մինչև որ մի օր Ջոն չի առաջարկում հանդիպել օֆլայն՝ իրական կյանքում: Սակայն Ֆոքսի ընտանեկան բիզնեսն ընդլայնվում է, և շուտով բացվելու է նոր ու մեծ գրախանութը, որը խանգարելու է Քեթլինի փոքրիկ մանկական գրատան առևտրին:

 

EFKcJRaU0AMAzS5 - Ի՞նչ դիտել տանը. Մեգ Ռայանի և Թոմ Հենքսի «Դուք նամակ ունեք» դրամեդին

Մեգ Ռայանը՝ Քեթլին Քելիի դերում

 

Նորա Էֆրոնը վերջին 3 տասնամյակների ամերիկյան սիրային կատակերգությունների վարպետներից էր, ում ֆիլմերը կառուցված են յուրահատուկ հաճելի, մեղմ ու անգամ ախորժելի տրամադրությամբ: 2009-ին Էֆրոնը ստեղծեց իր վերջին ռեժիսորական ֆիլմը՝ Մերիլ Սրթիփի և Էմի Ադամսի մասնակցությամբ հաջողված կենսագրական ու գաստրոնոմիկ «Ջուլի և Ջուլիա. պատրաստենք երջանկության բաղադրատոմսով» կատակերգական մելոդրաման: Մի պատմությունն երկու գլխավոր հերոսների անունից ներկայացնելն Էֆրոնի սիրելի հնարքներից է, այդպես է նաև նույն Թոմ Հենքսի և Մեգ Ռայանի մասնակցությամբ 1993 թվականի «Անքունները Սիեթլից» մելոդրամայում, որտեղ Հենքսի ու Ռայանի հերոսները սիրահարվում են իրար՝ կրկին գտնվելով որոշակի հեռավորության վրա՝ տարվելով մինչև իրական ծանոթությունը:

nora ephron 2 960x640 - Ի՞նչ դիտել տանը. Մեգ Ռայանի և Թոմ Հենքսի «Դուք նամակ ունեք» դրամեդին

Ռեժիսոր Նորա Էֆրոնը Թոմ Հենքսի և Մեգ Ռայանի հետ ֆիլմի նկարահանման հրպարակում

 

«Դուք նամակ ունեք»-ը զուրկ չէ հին Հոլիվուդի անռեալիստիկ, տեղ-տեղ չափազանց սենտիմենտալ, կանխատեսելի ու միամիտ դրամատուրգիական կլիշեներից, սակայն հենց դրանում է այս կատակերգական մելոդրամայի հմայքը: Իհարկե, մրցունակ բիզնեսմեն ու հոգատար ջենթլմեն Ջո Ֆոքսի ու երբեմն ահավոր պարզամիտ Քեթրին Քելիի նման մարդիկ գոյություն ունեն, իրենք կարող են համացանցում խիստ տարբերվել իրենց օֆլայն պահվածքից: Բայց Նյու-Յորքի պես մեգապոլիսի խիտ կյանքի ռիթմի հետ մեկտեղ Էֆրոնը կառուցում է մի փոքր հեքիաթային՝ սեփական հեփի-էնդով ավարտվող love-story: Այսօր՝ women power-ի ժամանակաշրջանում Ռայանի բարի, ներողամիտ ու այդքան զիջող հերոսուհու կերպարը, դիտվում է մի քիչ հակասական ու ոչ միանշանակ: Դրա հետ մեկտեղ խանութների մրցակցության սյուժետային գիծըն ավելի ռեալիստիկ է՝ հսկաները կուլ են տալիս փոքրերին, անգամ եթե վերջիններս ավելի բարեխիղճ ու նվիրված են իրենց գործին: Այստեղ առաջանում է միայն մեկ հարց՝ կարելի՞ է արդյոք ներել այն տղամարդուն, ում պատճառով դու դուրս ես եկել բիզնեսից, եթե այո՝ ապա Հենքսի հերոսն այստեղ անթերի է կամ առնվազն արժանի չէ որևէ նախատանքի:

 

IBM ThinkPad Notebook – Youve Got Mail 1998 2 960x600 - Ի՞նչ դիտել տանը. Մեգ Ռայանի և Թոմ Հենքսի «Դուք նամակ ունեք» դրամեդին

Թոմ Հենքսը՝ Ջո Ֆոքսի դերում

 

Եվ եթե մի կողմ դնենք իր հերոսի՝ Ջո Ֆոքսի երկակի ու հեռատեսական խաղը, որը նա ստրատեգիորեն վարում էր Քեթլինի սիրտը շահելու համար, ապա «Դուք նամակ ունեք»-ը 90-ականների դրանմեդիների կատարյալ օրինակ է՝ անկրկնելի մթնոլորտով, որտեղ կտեսնեք և՛ տաքուկ ու գողտրիկ դրվագներ, և՛ բազմաթիվ կատակերգական երկխոսություններ, համեմված հիանալի դերասանական կազմով, կպչուն սաունդթրեքերով ու ցանկալի աշնանային տրամադրությամբ: Թեև պատմության մի հատված ձմեռային ու սուրբծննդյան է, ինչից հետո հերոսների հետ միասին տեղափոխվում ենք կանաչ ու ծաղկած գարուն՝ ֆիլմի հիմնական մասը կտեղափոխի հանդիսատեսին դեղնած, լի բրդյա ժակետներով ու փոփոխական եղանակով հմայիչ Նյու Յորք, որը միլենիալների մանկության անբաժան մասնիկն է:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա