Logo

Ի՞նչ է եղել այսօր

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 20.07.2021ՍՊՈՐՏ
05 32 - Ի՞նչ է եղել այսօր

Այսօր՝ հուլիսի 20-ին աշխարհը նշում է Շախմատի միջազգային օրը. այն տոնվում է 1966 թվականից։ Տոնի ստեղծման գաղափարն առաջացել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) մոտ, որը հիմնադրվել է 1924 թվականի հուլիսի 20-ին Փարիզում։ Ըստ ՖԻԴԵ-ի տվյալների՝ 2012 թվականին աշխարհում հաշվառվել է մշտապես շախմատ խաղացող 605 միլիոն մեծահասակ։ Տոնը նշվում է 178 երկրներում։ Այս օրը անցկացվում են տարբեր թեմատիկ մրցություններ։ Միաժամանակյա խաղեր են անցկացվում նույնիսկ բանտերում։ Ինչպես նաև…

Ծնվել է Ալեքսանդր Մակեդոնացին 

Ալեքսանդր Մակեդոնացին այն պատմական դեմքն է, որի անունը հայտնի է բոլորին։ Սակայն գոյություն ունեն մի շարք հետաքրքիր փաստեր նրա կենսագրությունից, որոնք անհայտ են լայն լսարանին. օրինակ՝ Մակեդոնացին վախենում էր կատուներից: Ավելին կարող եք կարդալ՝ այստեղ:

Մահացել է Մարիամ Ասլամազյանը

Մարիամը ծնվել է Կարսի Բաշ-Շիրակ գյուղում՝ ներկայիս Գյումրիի շրջակայքում։ Ծնողները՝ Արշակ և Վարդուհի Ասլամազյանները յոթ երեխա ունեին՝ վեց աղջիկ ու մեկ տղա։ Ապագա նկարչուհու հորական պապը՝ Սիմոն Ասլամազը հույն էր։ Երիտասարդ տարիներին նա սիրահարվել էր մի հայ աղջկա և նրա հետ ամուսնանալու նպատակով հավատափոխ եղել՝ դարձել Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, իսկ ամուսնությունից հետո իր ազգանվանն ավելացրել էր «յան» վերջածանցը։ Այդպիսով, ԱսլամազՅԱՆները Բաշ-Շիրակի հարուստ ընտանիքներից էին։ Մարիամի և Երանուհու հայրը՝ Արշակ Ասլամազյամը ճանաչված ջրաղացպան էր, որը, չնայած յոթնամյա կրթությանը, իր ձեռքով կառուցել էր տարածաշրջանի առաջին տուրբինային էլեկտրական ջրաղացը։ Հետագայում Արշակ Ասլամազյանը բոլշևիկների կողմից ճանաչվեց կուլակ և 1920-ականների ընթացքում Սովետական ղեկավարությունը հետըզհետե առգրավեց նրա ողջ ունեցվածքը։ Այդպիսով, երբեմնի հարուստ ընտանիքը աղքատության շեմին էր:

Մարիամն ու քույրը՝ Երանուհին  մեծանում էին մշակութային միջավայրում. նրանց հայրը ընկերություն էր անում ժամանակի հայտնի մարդկանցից շատերի հետ, այս թվում՝ ճարտարապետներ Թորոս Թորամանյանի, Նիկողայոս Բունիաթյանի, արևելագետ և ակադեմիկոս Հովսեփ Օրբելու, պատմաբան և լեզվաբան Նիկողայոս Մառի։ Ինչպես նշեցինք, Մարիամի և Երանուհու նկարչական տաղանդը արտահայտվում էր դեռևս դպրոցական տարիներից: Աղջիկների նկարչության ուսուցիչը նրանց խորհուրդ տվեց այդ տաղանդը զարգացնել Ալեքսանդրապոլում նկարչական ստուդիայում: Աղջիկները հետևեցին խորհրդին: Ստուդիան ավարտելուց հետո քույրերը տեղափոխվեցին Երևան և ընդունվեցին «Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում՝ հստակ որոշելով, որ ավարտելուն պես պիտի մեկնեն արտասահման ու այնտեղ շարունակեն ուսումը:

Տարիներ անց, Լենինգրադում տեղի ունեցած նկարիչների ցուցահանդես-մրցույթում հայազգի Մարիամին հաջողվում է գրավել առաջին հորիզոնականը: Մարիամը տոգորված էր հեղափոխական գաղափարներով, նախկինում հալածյալ աղջիկը դարձել էր Խորհրդային գեղանկարչության ընդունելի դեմքերից մեկը: Նա հեղինակել է բազմաթիվ գաղափարական գեղանկարներ, որոնք նվիրված են սովետական իշխանություններին ու ժողովրդին: Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց Մարիամի վերոնշյալ կտավները հանվեցին ցուցահանդեսներից և անհետացան:

Մարիամի ստեղծագործությունները բազմաժանր են՝ բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ։ Հայաստանի բնությունը, մարդիկ, աշխարհի մարդիկ, Հայաստանի ու աշխարհի մշակույթը մեծ ու նշանալի տեղ են ունեցել քույրերի արվեստում։ Արդեն 31 տարի է, ինչ Գյումրիում գործում է Ասլամազյան քույրերի պատկերասրահը Մարիամ Ասլամազյանի 70-ամյակի կապակցությամբ նրանք գյումրեցիներին են նվիրել իրենց աշխատանքների բնօրինակները։ Երկհարկանի շենքի առաջին հարկում ցուցադրվում են Երանուհի Ասլամազյանի, իսկ երկրորդ հարկում` Մարիամ Ասլամազյանի գործերը: Նրա ստեղծագործություններից շատերի գլխավոր հերոսուհին հենց կինն է:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա