Logo

Ի՞նչ էին անում մյուս լեգենդները 36 տարեկանում. մինչդեռ Ռոնալդուն նոր թիմ է տեղափոխվում ու ռեկորդներ խփում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 06.09.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
CX5i7aTWwAASQ3n - Ի՞նչ էին անում մյուս լեգենդները 36 տարեկանում. մինչդեռ Ռոնալդուն նոր թիմ է տեղափոխվում ու ռեկորդներ խփում

Կրիշտիանու Ռոնալդուն 36 տարեկանում իր կարիերայում նոր փուլ է սկսում: Պորտուգալացին տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»՝ պայքարելու նոր տիտղոսների և անհատական մրցանակների համար, իսկ միջազգային ասպարեզում՝ Պորտուգալիայի հավաքականում այս տարի նա հասցրել է 2 կարևոր ռեկորդ սահմանել՝ ԵՎՐՈ-ների պատմության լավագույն ռմբարկու և մեկ հավաքականի կազմում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստ: 36 տարեկանում Ռոնալդուն շարունակում է մնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ ի տարբերություն բազմաթիվ լեգենդար ֆուտբոլիստների, որոնք այդ տարիքում կամ խաղում են ոչ մրցունակ առաջնություններում և գնում են մեծ գումարների ետևից՝ խաղալով ՄԼՍ-ում, Չինաստանում, արաբական երկրներում, կամ, առհասարակ, ավարտել են կարիերան ու մոռացել ֆուտբոլի մասին:

Այժմ ավելի մանրամասն հասկանանք՝ որտեղ էին, ինչ էին անում ու ինչպես էին խաղում ֆուտբոլի պատմության լավագույնները 36 տարեկանում:

Պելե

Սկսենք, բնականաբար, Պելեից:

Ֆուտբոլի արքան 1976-ին, երբ 36 տարեկան էր, արդեն 5 տարի էր, ինչ ավարտել էր միջազգային կարիերան ու չէր խաղում Բրազիլիայի հավաքականում, որի հետ 3 անգամ դարձել էր աշխարհի չեմպիոն:

Պելեն չէր խաղում նաև իր կյանքի ակումբում՝ «Սանտոսում»: 1974-ին նա տեղափոխվել էր «Նյու Յորք Կոսմոս» ակումբ, որտեղ անցկացնում էր իր կարիերայի վերջին տարիները: Պելեի համար հյուսիսամերիկյան այդ ակումբում խաղալն այլևս մարզական լուրջ շարժառիթներ չուներ, նա պարզապես այնտեղ էր՝ դեռ խաղալու հաճույքը վայելելու համար, թեև՝ նրա ցուցանիշները Նյու Յորքում ամենևին էլ վատը չէին: 1976-ին անցկացրած 42 խաղում նա խփել է 26 գոլ:

tphoto в Твиттере: «Pele (New York Cosmos), Los Angeles Aztecs 4-1 New York Cosmos at Coliseum Stadium in Los Angeles,on Saturday, 2/7/1977 Photo by Masahide Tomikoshi / TOMIKOSHI PHOTOGRAPHY… https://t.co/hxx7btDaza»

Պելեի մեծագույն նվաճումը, ինչ-որ տեղ նաև առաքելությունն այն էր, որ նա էապես մեծացրեց նյու-յորքցիների հետաքրքրությունը  ֆուտբոլի հանդեպ (խաղերից մեկին ներկա էր եղել ԱՄՆ-ի համար ռեկորդային՝ 77 հազար հանդիսական): Պելեի՝ Հյուսիսային Ամերիկայի առաջնությունում (NASL) խաղալուց հետո այնտեղ տեղափոխվեցին նաև այլ անվանի ֆուտբոլիստներ՝ Բեկենբաուերը, Կրույֆը, Էուսեբիոն, Ջորջ Բեսթը և Գորդոն Բենքսը:

Պելեն կարիերան ավարտեց 1977-ին՝ 37 տարեկանում:

Դիեգո Մարադոնա

36 տարեկանում Մարադոնան գործնականում ավարտել էր կարիերան:

1992-ին, երբ նա դեռ խաղում էր «Նապոլիում», Մարադոնայի՝ կոկայինի թեստը դրական է ստացվում, ինչից հետո նա 15 ամսով որակազրկվում է: Դրանից հետո Մարադոնան այլևս նույն ֆուտբոլիստը չէր. դադարն իրենն արել էր, օրգանիզմն էլ թույլ չէր տալիս խաղալ բարձր մակարդակով:

1993-ին Մարադոնան տեղափոխվեց «Սևիլիա», հաջորդ տարի՝ «Նյուելս Օլդ Բոյս», իսկ արդեն 1996-ին, երբ արգենտինացին նշեց իր 36-րդ տարեդարձը, վերադարձավ «Բոկա Խունիորս»: 1995/96-ին «Բոկայի» կազմում նա անցկացրած 24 խաղում խփել է 5 գոլ, իսկ հաջորդ մրցաշրջանում մասնակցել ընդամենը 2 հանդիպման՝ չխփելով ոչ մի գնդակ:

Maradona's Boca Juniors Signed Match Shirt, 1995/96 - CharityStars

1996-ին Մարադոնան ավարտել էր նաև իր ելույթները Արգենտինայի հավաքականում: Նրա վերջին խաղն «Ալբիսելեստեի» կազմում տեղի է ունեցել 1994-ին:

Յոհան Կրույֆ

Յոհան Կրույֆը 36 տարեկանում ավարտեց կարիերան, բայց բավական բարձր նոտայի վրա:

Իհարկե՝ հոլանդացին իր կարիերայի լավագույն տարիներն անցկացրել էր ավելի երիտասարդ տարիներին: Կրույֆն «Այաքսում» անցկացրած ոսկե տարիներից հետո (1964-1974) տեղափոխվեց «Բարսելոնա», որտեղ էլ հրաշալի տարիներ անցկացրեց, իսկ հետո արդեն նրա մոտ սկսեց անկումային շրջանն ու տարբեր՝ խաղամակարդակով ավելի ցածր ակումբներում խաղը. «Լոս Անջելես Ազտեքս», «Վաշինգթոն», «Լևանտե»… բայց կարիերայի վերջում Կրույֆը երկրորդ շնչառություն է առնում՝ վերադառնալով հայրենիք:

Feyenoord aangeslagen door overlijden Johan Cruijff- Feyenoord.nl

Հարազատ «Այաքսում» նա անցկացնում է 2 մրցաշրջան, իսկ վերջինը՝ 1983/1984-ը, երբ արդեն 36 տարեկան էր, անցկացնում է «Ֆեյենորդում» ու օգնում ռոտերդամյան ակումբին գահընկեց անել զորեղ «Այաքսին» և դառնում Նիդերլանդների չեմպիոն:

Ռիվալդո

1990-ականների գլխավոր աստղերից մեկը՝ Ռիվալդոն 36 տարեկանում այնքան էր իջել՝ բառի բոլոր իմաստներով, որ խաղում էր Ուզբեկստանի առաջնությունում:

Բրազիլացին «մեծ ֆուտբոլին» հրաժեշտ էր տվել դեռ 2004-ին, երբ հեռացավ «Միլանից»: Դրանից հետո Ռիվալդոյի կյանքում սկսեց կարիերայի երկրորդ՝ «անմակարդակ» փուլը, որտեղ նա գոլերի քանակի ետևից գնալով խաղաց ամենացածրակարգ ակումբներում: Սկիզբն այնքան էլ վատ չէր, երբ նա խաղում էր «Կրուզեյրոյում», իսկ հետո Հունաստանում՝ «Օլիմպիակոսում» ու ԱԵԿ-ում: Բայց 2008-ից Ռիվալդոն խաղաց ուզբեկական «Բունյոդկորում», 2011-ին՝ «Սան Պաոլոյում», 2012-ին՝ «Ժիրաբոլայում», 2013-ին՝ «Սան Կաետանոյում», իսկ կարիերայի վերջին երկու տարիներն անցկացրել է C սերիան ներկայացնող «Մոջի Միրիմ» ակումբում: Փառահեղ կարիերա՝ անփառունակ ավարտով:

Ռոնալդինյո

Ռոնալդինյոն ֆուտբոլի պատմության ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է, բայց նրա կարիերայի լավագույն տարիները շատ կարճ են տևել:

Դժվար է հավատալ, բայց Ռոնալդինյոն 4 տարի առաջ էր 36 տարեկան՝ այնքան, որքան այժմ Ռոնալդուն է: Ռոնալդինյոյի ազատ անկումն էլ սկսեց բավական վաղ տարիքում: 2008-ին նա «Բարսելոնայում» այլևս ցույց չէր տալիս այն ֆուտբոլը, որ սովորեցրել էր թիմի երկրպագուներին, և այդ ժամանակ էլ նրա ժամանակաշրջանը Կատալոնիայում ավարտվեց: «Միլանում» անցկացրած 3 մրցաշրջանում Ռոնալդինյոն որևէ նշանակալի նվաճման չհասավ ու կարիերան շարունակեց բրազիլական թիմերում՝ «Ֆլամենգո», «Ատլետիկո Մինեյրո» ու «Ֆլումինենսեում» (այդ ընթացքում նաև 1 մրցաշրջան անցկացնելով մեքսիկական «Քերետարոյում»):

The Ultimate MAN V FAT Football Team | MAN v FAT

2018-ին՝ 38 տարեկանում արդեն ֆուտբոլիստի արտաքին տեսք ու ֆիզիկական օպտիմալ մարզավիճակ չունեցող Ռոնալդինյոն ավարտեց կարիերան՝ խզելով պայմանագիրը «Ֆլումինենսեի» հետ: Իսկ հետո արդեն բանտ, սկանդալներ…

Ալեսանդրո դել Պիերո

Ալեսանդրո դել Պիերոն իր կյանքն ու կարիերան նվիրեց «Յուվենտուսին»՝ մնալով Թուրինում նաև ակումբի համար ամենածանր պահերին:

Իտալացին, սակայն, «Յուվենտուսի»՝ Բ սերիա նահանջելուց հետո այլևս նախկին ֆուտբոլիստը չէր: Ճիշտ է՝ դել Պիերոն «Յուվենտուսի» հետ վերադարձավ Ա սերիա, ունեցավ հիշարժան խաղեր (օրինակ՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում նրա դուբլը), բայց, ընդհանուր առմամբ, 36-ամյա դել Պիերոն կարիերայի մայրամուտում էր: Նա անցկացրած 45 խաղում խփել էր 11 գոլ: Միջազգային կարիերան դել Պիերոն ավարտել էր 34 տարեկանում:

Հետագայում «Յուվեի» լեգենդը կարիերան շարունակեց ավստրալական «Սիդնեյում», իսկ կարիերայի վերջին տարին՝ հնդկական «Դելի Դինամոսում»:

Մեր ընտրանին.

Տիերի Անրի

21-րդ դարի լավագույն հարձակվողներից մեկը բավական երկար ժամանակ պահեց բարձր խաղամակարդակը, բայց 36 տարեկանում նա այլևս եվրոպական ֆուտբոլում չէր:

«Արսենալում» ու «Բարսելոնայում» փայլելուց հետո ֆրանսիացին 2010-ին տեղափոխվեց «Նյու Յորք Ռեդ Բուլզ» (այդ տարի նաև ավարտեց միջազգային կարիերան), որտեղ անցկացրեց 5 մրցաշրջան: Առաջին 2 լիարժեք մրցաշրջաններում Անրին լավ ցուցանիշներ գրանցեց այնտեղ՝ յուրաքանչյուր մրցաշրջանում խփելով 15 գոլ (անցկացրած 29 և 27 խաղ համապատասխանաբար), բայց 2013-ից, երբ արդեն 36 տարեկան էր, խփեց 10-ական գոլ՝ համապատասխանաբար 32 և 35 խաղում: 2014-ին Անրին ավարտեց կարիերան:

A fresh chapter for MLS legend, Thierry Henry |

Չավի/Ինիեստա

«Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպանության տանդեմը 10-15 տարի մեծ հաջողությամբ ծառայեց կատալոնական ակումբին: 36 տարեկանում, սակայն, թե՛ Չավին, թե՛ Ինիեստան չկային եվրոպական ֆուտբոլի երկնակամարում:

Չավին ավելի երկար խաղաց «Բարսելոնայում»՝ մինչև հենց 35 տարեկան: 2015-ին նա տեղափոխվեց Սաուդիան Արաբիա՝ «Ալ Սադ»: Միջազգային կարիերան Չավին ավարտել էր դեռ 2014-ին, իսկ ակումբային կարիերան՝ 2019-ին:

Ինիեստան «Բարսելոնան» լքեց 34 տարեկանում՝ 2018-ին՝ տեղափոխվելով Ճապոնիա՝ «Վիսել Կոբե»: Հենց այդ թվականից էլ Ինիեստան դադարեց խաղալ նաև Իսպանիայի հավաքականում:

Andrés Iniesta named new Vissel Kobe captain - AS.com

Կարիերան ավարտած լեգենդները

Եթե Չավին, Ինիեստան, Անրին կամ Պելեն 36-ում դեռ խաղացել են, ապա մի շարք լեգենդար ֆուտբոլիստներ 36 տարեկանում արդեն խաղակոշիկները կախել են մեխից:

Զիդանը, Պլատինին, Ռոնալդոն, վան Բաստենը, Լամը, Կական, Բալակը, Շևչենկոն, Պույոլը, Ռունին, Ֆերնանդո Տորեսը և շատ աստղեր կարիերան արդեն ավարտած են եղել, մինչդեռ հիմա կա մեկը, որ 36 տարեկանում գնում է նոր մարտահրավերների ետևից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա