Logo

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. հարցազրույց երիտասարդ ռեժիսոր Արմիկ Իսրայելյանի հետ

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 14.05.2021Ռեժիսորներ
DE7436FC FFE5 48C0 8455 1E18AE05C6CC scaled - Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. հարցազրույց երիտասարդ ռեժիսոր Արմիկ Իսրայելյանի հետ

«Կինոկետ փրոդաքշնս» ընկերությունը Նիդերլանդների Արքայազն Կլաուսի անվան մշակույթի և զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացրեց Young Film Change-Makers նախագիծը, որի շրջանակներում ստեղծվել էր երեք կինոգործչական խումբ՝ ռեժիսորական, պրոդյուսերական և օպերատորական։ Նախագծի վերջնափուլ անցած մասնակիցներից Արմիկ Իսրայելյանը նման բացառիկ հնարավորություն շնորհիվ կարողացավ զինվել որակյալ մասնագիտական կինոտեխնիկայով, նախագծի ընթացքում ձեռք բերված ստեղծագործական թիմով և հիմնական ծախսերն ապահովող բյուջեով և ստեղծել իր դեբյուտային՝ «Մեր օրերի սև թուղթ» ֆիլմը։

Սկսնակ ռեժիսորը պատմել է նախագծի մասին իր տպավորությունների և անդրանիկ ֆիլմի նկարահանման մասին։

– Ինչպե՞ս միացար նախագծին, ինչի՞ց սկսվեց։

– Համալսարանն ավարտելուց հետո փնտրում էի նախագծեր, կրթաթոշակներ և առհասարակ հնարավորություններ, որոնց շրջանակում զուտ վարպետության դասընթաց չէր լինի, այլ կարելի է նաև ֆիլմ նկարահանել։ Երբ հայտարարվեց «Կինոկետ»-ի նախագիծը, որի ժամանակ հնարավոր կլիներ ոչ միայն տեսական գիտելիք ստանալ, այլ սպասվում էր նաև պրակտիկ մաս՝ հայտով դիմեցի, որպեսզի մասնակցեմ պրոդյուսերական վարպետության դասերին։ Դրանց շրջանակում լավն այն էր նաև, որ անկախ պրոդյուսերական կամ օպերատորական թիմից, կարող էիր վերջում ներկայացնել նախագիծդ որպես հեղինակ։ Հենց այդ ժամանակաշրջանում սկսվեց պատերազմը։

Ֆիլմի պատերազմական թեման էլ ինքնստինքյան ընտրվեց…

– Երբ եկավ սցենար ներակացնելու ժամանակը, այդ ժամանակաշրջանը համընկավ պատերազմի հետ, գրելու ժամկետն էլ երկարեց։ Այդ օրերին ինչ էլ անում էինք, կարծես, քիչ էր, բավական չէր։ Պատերազմական պատմություն ստեղծելը ոնց որ թերապիա լիներ ինձ համար, քանի որ հասկանում ես՝ հիմա հազարավոր պատմություններ են տեղի ունենում, դրանցից գոնե մեկը պետք է պատմել, սցենարի վերածել։ Տարբեր իրական պատմություններից ծնվեց, իմ ընկերներից մեկն էլ այդ պահին Արցախում էր, լուսաբանում էր, գիշերը մոտը երկու րոպե ազատ ժամանակ էր եղել, տեխնիկական հարց էր տվել ինձ տեսախցիկի հետ կապված, ու հենց այդ ժամանակ էլ պատմում էր, որ ապաստարանում երեխայի ծնունդյան տարեդարձ էին նշում։ Այդ ամենից ազդված էլ ֆիլմի սցենարը գրել եմ, այդ պահին ոնց որ ուրիշ բան մտքովս չէր էլ անցնում, եթե պետք էր սցենար ուղարկել, ամեն դեպքում պատերազմի հետ կապված սցեպար պիտի լիներ։ Անգամ ուղարկել էի ու մոռացել, մինչև մի ամիս անց չտեղեկացրեցին, որ նախագիծը վերսկսվել է, և մեր սցենարն անցել հաջորդ փուլ։

 

1B62655F 8E2E 4CC0 B4D7 4E064BF22AA1 960x640 - Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. հարցազրույց երիտասարդ ռեժիսոր Արմիկ Իսրայելյանի հետԿադր «Մեր օրերի սև թուղթ» պատերազմական ֆիլմից

 

Եկավ նամակ, որ անցել ենք երրորդ փուլ, և մեզ հրավիրում են փիթչինգի, որն ավելի շատ պատկերացնում էինք իբրև փիթչինգի պրակտիկ դասընթաց, քան թե որ մեր նախագիծը դրանով կանցնի։ Ֆիլմի գաղափարը կիսվելու հնարավորությունն ենթադրում էր նաև այն, որ բոլորը կիմանան բոլորի նախագծերի մասին և կասեն, թե ով ում նախագծով է հետաքրքրված՝ այդ կերպ կձևավորվեին թիմերը, որոնք էլ արդյունքում կիրականացնեին նախագծերը։ Թիմերը ձևավորվեցին, և բոլոր բնագավառների մենթորները սկսեցին խորհուրդներ տալ մեզ, որպեսզի գաղափարը զարգացվի, սցենարային և հենց կարճամետրաժ տեսակի ֆիլմի համար: Նաև կային այնպիսի մասնագետներ, որոնք ավելի շատ խորհուրդներ էի տալիս իրենց սեփական ֆիլմի մասին՝ այսինքն, ինչպես իրենք կնկարեին, այդտեղ պետք է պատշտպանեիր ֆիլմդ, որպեսզի այն հանկարծ չկորչեր։ Օրինակ՝ իմ մոտ մի պահ եկավ, որ ինձ թվաց, թե վերջ, այլևս սա այն սցենարն ու գաղափարը չէ, որն ես ի սկզբանե ուզում էի, ու այդ պահին ոնց որ հետ ես բերում դրան։ Երրորդ օրն էր շատ հետաքրքիր, երբ քեզ տալիս են հինգ րոպե ժամանակ, ու պետք է այդ ժամանակի մեջ տեղավորվես։ Ընթացքում գալիս էին բազմաթիվ պրակտիկ խորհուրդներ, սկսած այնտեղից, թե նկարահանման համար նախատեսված նկուղն ինչպես գտնել, որ էժան նստի… Քանի որ ոլորտի մարդիկ էին մեզ հետ աշխատում, որոնք ամեն օր ինչ-որ լոկացիաներ են գտնում և այլն։ Բացի այդ շատ մոտիվացնող ու ոգևորիչ է, երբ կողքիններդ «կպնում են» նախագծիդ, ստեղծման մասշտաբներն այդքան մեծանում են, բոլորս բոլորիս մտքերից ազդված ուզում էինք ամեն ինչ հնարավորինս լավ անել։ Իհարկե, դրա հետ մեկտեղ գալիս է մեծ պատասխանատվության պահը, ֆիլմն էլ իր հերթին Եվրոպայի կողմից է ֆինանսավորված… Նաև կար հստակ ժամկետ, որի մեջ պետք էր տեղավորվել՝ հունվար-փետրվարին նախապատրաստական աշխատանքներ են տարվել, մարտի սկզբին նկարահանել էինք և մինչև ապրիլի կես տրված էր հետարտադրական աշխատանքի համար։

28FE3B67 E12C 4C9A 913E 37F420AA6072 - Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. հարցազրույց երիտասարդ ռեժիսոր Արմիկ Իսրայելյանի հետ«Մեր օրերի սև թուղթ» կարճամետրաժ ֆիլմում  պատերազմ լուսաբանող ֆրանսիացի լրագրողները հայտնվում են արցախյան ապաստարան-նկուղում

Պատմիր ընթացքի մասին, ի՞նչ արտոնություններ ու տարբերություններ կային մեր համալսարանների ուսանողական ֆիլմեր նկարելու ընթացակարգից։

– Սովորաբար ուսանողական նկարահանումներին դերերը հստակ բաշխված չեն. դու ամեն ինչ ես, իսկական թիմային աշխատանքը չի ստացվում, իսկ այստեղ ես ռեժիսոր էի, ով պարտավոր էր ամեն մանրուք օպերատորին մանրամասն բացատրել, պրոդյուսերի հետ ավելի թանկ դերասանի համար կռիվ անել, իսկ վերջում հասկանում ես, որ ֆիլմի նկարահանման հաճույքը հենց այդ տեսակ պրոցեսի արդյունքն է։ Բացի այդ հետաքրքիր կոնտրաստ կար դերասանների հետ աշխատելու ընթացքում. կազմում ընդգրկված էին և՛ փորձառու դերասաններ, և՛ հինգ տարեկան աղջիկ, որին իր խնդիրը բացատրում էի իր սիրած մուլտֆիլմների միջոցով, իսկ պրոֆեսիոնալ դերասանների հետ շփումը բացարձակապես ուրիշ էր։ Սկզբում նման ընթացքը մի քիչ վախենալու էր, մի քիչ բարդ էր նման տարբեր մարդկանց հետ աշխատել։

1026E718 84B1 4FBD 82EF D7B0C2D4C547 960x640 - Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. հարցազրույց երիտասարդ ռեժիսոր Արմիկ Իսրայելյանի հետ«Մեր օրերի սև թուղթ» կարճամետրաժ ֆիլմի նկարահանման ընթացքը

 

Իսկ հիմա՝ ֆիլմն ավարտելուց հետո ի՞նչ պլաններ կան, որ կո՞ղմ ես պատրաստվում շարժվել։

– Ցանկությունը կարճամետրաժ նկարելն էր, որի շնորհիվ հնարավոր կլինի դիմել արտերկրի համալսարան։ Իրականում, չէի մտածում, որ հնարավոր կլինի այսքան շուտ կարճամետրաժ ստեղծել, այն էլ նման պրոֆեսիոնալ տեխնիկայով, ինչը պարզապես փառահեղ էր։ Արդեն ինձ համար առանձնացրել եմ մի քանի համալսարան, որտեղ տարբեր հնարավորություններ կընձեռնվեն, և՛ պրակտիկ գիտելիքի առումով, և՛ լավ տեխնիկայի։ Իսկ այս ֆիլմի հետ կապված ցանկություն կա այն տարբեր կինոփառատոներ ուղարկել, պտտեցնել, քանի որ ֆիլմի ստեղծումը չի ավարտվում նկարահանումներով ու մոնտաժով, պետք է զբաղվել նաև մարքեթինգով, ճիշտ հասցնել։ Սա լավ հնարավորություն է նաև այդ բնագավառում փորձ ձեռք բերելու, քանի որ մինչև օրս նման բանով չեմ զբաղվել։

 

– Ի՞նչ է կատարվում այս պահին հայկական կինոշուկայում կամ ըստ քեզ՝ ի՞նչ կարող է կատարվել…

– Որքան էլ սիրում եմ եվրոպական կինեմատոգրաֆը վերջերս եկել եմ այն մտքին, որ այնուամենայնիվ այստեղ էլ մեծ շուկա կա, չէ՛, ավելի շուտ՝ այստեղ դատարկ շուկա կա։ Շատ բան կարելի անել այստեղ, շտկել, կարծում եմ, մի քիչ անպատասխանատու է ունենալ ստանալ կրթություն ու չօգտագործել այն Հայաստանի համար։ Բազմաթիվ տեղական պատմություններ կան, որոնք ուրիշը չի կարողանա ստանալ դրանք, ճիշտ պատմել, ճիշտ նկարել։ Այնպես որ միանշանակ նպատակ կա լավ կրթություն ստանալ և նախագծով վերադառնալ Հայաստան. գուցե «dream big» է հնչում, սակայն լավ կլինի մտածածի թեկուզ կեսը իրականացնել։

 

կարդացեք նաև՝


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա