Logo

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում կամ ինչպես կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նկարեց իր առաջին ֆիլմը

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 11.06.2021Կինո
unnamed 1 1 scaled - Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում կամ ինչպես կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նկարեց իր առաջին ֆիլմը

Օրեր առաջ Լեհաստանում ավարտվեց Կրակովի 61-րդ կինոփառատոնը, որն իր կարճամետրաժ խաղարկային ծրագրում ընդգրկել էր հայաստանաբնակ կինոքննադատ և արդեն նաև ռեժիսոր Րաֆֆի Մովսիսյանի դեբյուտային՝ «Ժամանում» ֆիլմը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Kino Kijów կինոթատրոնում՝ ռեժիսորի ներկայությամբ: Փառատոնն անց էր կացվում հիբրիդային տարբերակով՝ կազմակերպված էին ինչպես օնլայն, այդպես էլ օֆլայն ցուցադրություններ, «Ժամանում»-ն ուներ հինգ ցուցադրություն:

Vnews-ի կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը զրուցել է Րաֆֆիի հետ ռեժիսուրա մուտք գործելու, ֆիլմի ստեղծման և կրակովյան պրեմիերայի մասին:

 

Տարիներ շարունակ դու զբաղվել ես կինոքննադատությամբ, համակարգել ես ֆիլմերի ցուցադրություններ, վարել քննարկումներ, թեև գիտեմ, որ այդ ժամանակ էլ ֆիլմ ստեղծելու ցանկություն ունեցել ես։ Կինոքննադատի փորձն օգնե՞լ է թե՞ խանգարել առաջին ֆիլմիդ ստեղծման ընթացքում։

– Իրականում, երբ ես գնացի կինոգիտական ֆակուլտետ՝ մեծ պատկերացնումներ չունեի կինոյի մասին, ինչ է ընդհանուր առմամբ այն կինոն, որը հետո դարձավ մեր մասնագիտական ուսումնասիրության նյութը, որն ես արդեն ինստիտուտի տարիներին սովորեցի։ Ես պարբերաբար դժգոհում եմ մեր կրթական համակարգից, բայց միևնույն ժամանակ չեմ կարող չընդունել, որ այդ հինգ տարվա մեջ, պլյուս մագիստրատուրան,ես ահագին բան կարողացա ճանաչել, բացահայտել, սովորել։ Ու միշտ ունեցել եմ այդ գաղտնի՝ կինո նկարելու երազանքը, բայց երբեք դրա մասին չեմ բարձրաձայնել, որովհետև ինձ միշտ թվում էր, թե կինո նկարելը, կարծես, մի տարածք լինի, որին չգիտեմ էլ ոնց պիտի հասնես… Դա ինձ համար մոգական մի բան էր։ Ժամանակին կինո ստեղծելու շատ ավելի շատ հնարավորություններ կային, «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում, տարբեր ռեժիսորներ գալիս կինոդպրոցներ էին անում, ավելի շատ էին տարածքները, որտեղ կարող էիր փորձել անել։ Բայց ինքս միշտ վախ եմ ունեցել, երբեք չեմ գնացել այդ քայլին, ու այդ ցանկությունն  այդպես մնացել է մինչև որ չորշեցի, որ պետք է անպայման փորձեմ, քանի որ ինչքան երկար է կպնում քեզ կինոգետ-կինոքննադատի պիտակը, որքան երկար ես դիրքավորվում որպես կինոքննադատ, այդքան ավելի ես հեռվանում ռեժիսոր դառնալուց։ Վախը հիմնականում պայմանավորված էր նրանով, որ նժարին դնում ես մի բան, ինչից հետո կարող ես կորցնել ամեն ինչ, վաբանկ գնալու նման մի բան էր։ Այսինքն, եթե ես գնամ դեպի ռեժիսուրա, ֆիլմ նկարեմ, չստացվի ու վատ լինի՝ դրանից հետո վերաբերմունքը փոխվելու է իմ հանդեպնաև որպես կինոքննադատ։

 

– Հիմա դու քեզ ի՞նչ ես ավելի շատ զգում՝ ռեժիսո՞ր թե՞ կինոքննադատ։

– Երևի ավելի շատ գնում եմ դեպի ռեժիսուրան։ Այդ նկարահանման տարածքը, հրապարակը, որտեղ որ գործ ես անում, նկարում ես, աշխատում ես դերասանների հետ, տեսնում ես, թե ինչպես է քո միտքը, պատկերացրածը դառնում պատկեր, շարժվել, նյութեղեն դառնալ, այդ պահն ահավոր փոխում է քո ներսը։ Ոչ միայն որպես կինոքննադատի, այլ նաև որպես մարդու, ստեղծագործողի, սկսում ես այլ բաների հետ գործ ունենալ։ Վստահ եմ, որ կինոքննադատությունից կարող ես անցում կատարել մեկ այլ տեղ, օրինակ՝ սկսես գրել քաղաքական հոդվածներ կամ դառնալ քաղաքական գործիչ, բայց կինո նկարելուց հետո (կարող է պաթետիկ հնչել՝ դեռևս միայն մեկ կարճամետրաժ եմ նկարել) համենայն դեպս դա տալիս է կախվածության մեծ մակարդակ։ Դրանից ազատվելը շատ ավելի բարդ է լինելու, քան կինոքննադատությունից, թեև նեղ մասնագիտական, ծանր հետազոտական կինոգիտությունն էլ է կախվածություն առաջացնում։

 

unnamed 3 1 960x540 - Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում կամ ինչպես կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նկարեց իր առաջին ֆիլմը

Կադր Րաֆֆի Մովսիսյանի «Ժամանում» ֆիլմից

 

– Դու ինքդ տեսել ես հարյուրավոր, հազարավոր ֆիլմեր, գլխումդ տարիներով կուտակված կինո-արխիվը չի՞ խանգարել նկարելուն, չէ որ շատ հնարավոր էր ֆրուստրացիայի զգացումը, որ ինքդ գոհ չլինես արածիցդ, քանի որ բազում-բազմաթիվ հաջողված օրինակների ես հանդիպել։

– Ես շատ եմ նայում ֆիլմեր, հիմա էլ, երևի ամեն օր նայում եմ կինո, այո, գիտեմ, որ կան ռեժիսորներ, որոնք կինո չեն սիրում նայել, որովհետև դա խանգարում է իրենց պատկերացրած պատկերն ունենալ։ Կինոն այսօր շատ փոխում է ինքն իրեն, փոխում է նաև պատկերային իմաստով։ 2000-ականների պատկերը որոշ չափով հասկանալի է, 10-ականների նույնիսկ, բայց այսօր, վերջին մի քանի տարիներին նկարողների պատկերները լռիվ ուրիշ են։ Նույն իմ սիրած փառատոներում հաղթող ֆիլմերի պատկերային լուծումները, օրինակ՝ Ռադու Ժուդեի ֆիլմը, որը Բեռլինում գլխավոր մրցանակ ստացավ, այդ ֆիլմը նայելիս տեսնում եմ, որ պատկերային մտածողության մեջ իր նախորդ ֆիլմերի մեջ մեծ տարբերություն կա, շատ քիչ ընդհանուր բան ունի։ Այսինքն պատկերը փոխվում է, իհարկե, որոշակի ճաշակ, էսթետիկա տարիների ընթացքում ձեռք բերում ես, բայց դա շատ լավ հենվելու տեղ է։

 

– Ժուդեի վերջին ֆիլմի պարագայում շատ ազդեց նաև Քովիդը, նույն պայմաններում էր անցած տարի ստեղծագործում նաև կանադացի Դենի Կոտեն, ով նույնպես Բեռլինի մրցութային ծրագրում էր և արժանացավ մրցանակի…

– Կարծում եմ, ցանկացած ժամանակաշրջանում ինչ-որ ֆակտորներ ազդում են ընդհանուրի վրա։ Ոնց ժամանակին առաջացավ իտալական Նեոռեալիզմը կամ ֆրամսիական Նոր ալիքը։ Երբ իրականությունը սկսում է ազդել՝ ինչպես եղավ իրենց երկրի կամ որևէ լոկալ տարածքի պարագայում։ Քո պատկերացրած պատկերը սկսում է ստանալ այդ իրականության կերպը, ձևը, ու դու սկսում ես այդպես աշխատել։ Իմ ամբողջ ցավն այն է եղել, որ մեր կինոն մեածամասամբ հեռու է եղել դրանից, եղել է ոչ թե իրականության արձագանք կամ այդ իրականության պատասխանն ու ընդդիմացողը, այլ մեծամասամբ որևէ կերպ այդ իրականության հետ առընչություն չի ունեցել։Ավելի շատ եղել է ինքն իրեն փնտրող, ինքն իրեն չգտած… Անգամ երբ խոսում ես մեր կինոգործիչների հետ՝ տեսնում ես իրենց քաղաքացիական կամ այլ դիրքորոշում, բայց իրենց ֆիլմերում դա չի երևում: Դրա հետ մեկտեղ երբ նայում եմ վերջին շրջանում նկարահանված հայկական կարճամետրաժները՝ տեսնում եմ, որ դա կոտրվում է, ինձ թվում է, որ հիմա ինչ-որ բան տեղի է ունենում հայկական կինոյում։ Ինձ թվում է՝ մենք մի սերունդ տանուլ տվեցինք, մի սերունդ կորցրեցինք, ինչն, իհարկե, շատ ծանր է, բայց միևնույն ժամանակ այդ կորստի վրա ձևավորում է ուրիշ տեսակի սերունդ և մտածողություն։

 

– Մարդ, ով չի տեսել ֆիլմդ և հարցնում է՝ «ինչի՞ մասին է», ի՞նչ պատասխան է ստանում։

– Սյուժետային նկարագրությամբ հետևյալն է՝ մի մարդու պատմություն է, ով արտագնա աշխատանքների է մեկնում Ռուսաստան ու տարին մեկ անգամ գալիս է Հայաստան՝ իր ընտանիքի հետ Նոր տարին նշելու։ Իր համար այդպիսի կարգ ու կանոն կա, որ  Նոր տարին պետք է նշել ընտանիքի հետ, որովհետև դա ընտանեկան տոն է։ Հայաստանում նա ունի կին, երեք տղա, որոնցից մեկը նորածին է և որին ինքը դեռ չի տեսել, և մայր։ Եվ այս անգամ հասկանում է, որ որքանով իր ավագ տղան է մեծանում և որքան այդ հեռավորությունը նկատելի է դառնում՝ այդքան էլ իրենց փոխհարաբերություններն են փոխվում, այսինքն այդ հեռավորությունը զուտ ֆիզիկական չի դառնում: Ինքը կորցնում է իր դերը, և դրա լուծման տարբերակը մնում է բռնությունը։ Բայց երբ ես խոսում եմ բռնության մասին, ապա չեմ մեղադրում  կոնկրետ որևէ մեկին, չեմ ասում, որ սա պատրիարխալ հասարակարգ է, դրա համար է այդպես։ Ընդհակառակը՝ կարծում եմ, որ ինչ-որ քաղաքականություն կա դրա մեջ. այդ տղամարդը գնում է բռնության իր ընտանիքի հանդեպ, որովհետև ինքը բռնարար է, այստեղ պարզ չէ, թե ով է բռնության ենթարկում այդ տղամարդուն, որովհետև իր հանդեպ էլ կա բռնություն, նա ինչ-որ մի օր ստիպված է եղել թողնել իր երկիրն ու գնալ իր օրվա հացը վաստակել մի ուրիշ տեղ։ Այդ բռնությունն ու քաղաքական կոնտեքստը որտեղի՞ց են գալիս։

 

unnamed 2 1 960x720 - Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում կամ ինչպես կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նկարեց իր առաջին ֆիլմը

Րաֆֆի Մովսիսյանը (աջից երկրորդը) Կրակովի կինոփառատոնում

– Արի խոսենք քո այս՝ դեբյուտային ֆիլմի միջազգային ուղղու մասին, ֆիլմն արդեն իսկ շատ հաջող մեկնարկել է Բաթումում և անմիջապես շարունակել իր ճանապարհը Կրակովի միջազգային կինոփառատոնում՝ ընդգրկվելով տեղի կարճամետրաժ մրցութային ծրագիր։

– Ֆիլմը նկարելուց հետո մի հատ ուրիշ մեծ պատմություն է առաջ գալիս՝ ոնց ես դու կազմակերպում այդ ֆիլմի ճակատագիրը։ Շատ բարդ է, թանկ ու դժվար կինո նկարահանել Հայաստանում, ու բյուջեն, որը նախատեսված է՝ շատ փոքր է։ Մենք ունեինք պետությունից ստացած գումար, որի մեջ պետք է տեղավորեինք ամեն ինչ՝ սկզբից մինչև վերջ (խմբ.՝ արտադրական փուլից մինչև հետարտադրական): Մտածել էինք ֆիլմի պրոդյուսեր Վարդան Հակոբյանի հետ, թե որ փառատոներն ենք ուզում դիմել, շորթ-լիստ էինք կազմել մեզ համար ու սկսել հերթով ուղարկել։ Այստեղ հարկ է նշել Վարդանի և Անդրանիկի անունները (խմբ.՝ Անդրանիկ Սահակյանը ֆիլմի բեմադրող օպերատորն է): Թեև ես աշխատել եմ «Ոսկե ծիրան»-ում, երբեք չեմ մոտեցել այն մարդկանց, որոնց հետ կապերը հետագայում կարող էին օգտակար լինել, և հայտնվել էի լռիվ այն կարգավիճակում, որում կլիներ ցանկացած ռեժիսոր, ով կարող էր ընդհանրապես կինոյի հետ կապ չունենալ։ Զրոյից սկսեցինք ինչ-որ մարդկանց ուղարկել, հիշու՞մ ես, դու էլ ես փորձել ինչ-որ հարցերում ինձ օգտակար լինել։ Այդպես հերթով սկսեցինք submit անել մեր ցուցակով, ու երբ Կրակովից եկավ պատասխան, որ իրենք վերցնում են ֆիլմը որպես համաշխարհային պրեմիերա՝ չեմ հիշում, թե վերջին անգամ նման ուրախություն երբ էի զգացել։ Միայն կարճամետրաժ խաղարկային մրցույթի համար իրենք ստացել էին 1200 հայտ և ընտրեցին 11 ֆիլմ, որից մեկն իմն էր։ Դրանից հետո առաջարկ եկավ «Содружество» փառատոն-կինոդպրոցից, որը կազմակերպվում է Վրաստանում՝ Բաթումում, մասնակցում են հետխորհրդային երկրներից ռեժիսորներ և ցուցադրում իրենց աշխատանքները։ Դիմեցինք Կրակով, որպեսզի բացառության կարգով թույլ տան մեկ փակ դիտում կազմակերպել Բաթումում։

 

– Քեզնից բացի Բաթումում ներկա էին ևս երկու հայ ռեժիսորներ, ինչպե՞ս անցան ցուցադրությունները, ի՞նչ արձագանքներ ստացաք։

– Իմ «Ժամանում» ֆիլմից բացի ներկայացված էր նաև Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր տարվա գոճի»-ն և Անի Հակոբյանի «Под гнездом аиста» ՎԳԻԿ-ի ավարտական աշխատանքը։ Իմ ֆիլմն արժանացավ երրորդ մրցանակի, Ալիկի ֆիլմը՝ դիպլոմի, վարպետների կողմից սահմանված մրցանակներ կային։ Ասեմ, որ այն ֆիլմերը, որոնք Հայաստանն էին ներկայացնում, չգիտեմ, որքանով է ճիշտ այդպես ինքս իմ ֆիլմի մասին ասեմ, բայց բացարձակ ամոթ չէր դրանց համար, և՛ մասնակիցների, և՛ այդ վարպետների կողմից քննարկումներ էին լինում, կարծում եմ, հետխորհրդային շրջանում նկարվող ֆիլմերի մեջ մեր ֆիլմերը բավականին աչքի ընկնող էին, խոսակցության նյութ տվող։ Թեև համեմատած մյուս երկրների բյուջեներին մեր աշխատանքներն շատ ավելի փոքր գումարներով են ստեղծվել։

 

– Իսկ թեմատիկ իմաստով ո՞նց ընդունվեց, թե՛ էմոցիոնալ և թե՛ բովանդակային, ի՞նչ էին ասում դիտորդները։

– Անկեղծ ասած այն ժամանակ, երբ Կրակովը դեռ ֆիլմս չէր ընդունել, դեռ սկիզբն էր, ու մենք տարբեր փառատոներ ուղարկելու ընթացքի մեջ էինք, ես շատ մտահոգ էի, կարծում էի, որ պատմությունը շատ լոկալ է և հասկանալի չի լինի եվրոպացիներին։ Իհարկե, այստեղ կա այն գործոնը, որ Լեհաստանը վերջիվերջո խորդհրդային բանով անցած երկիր է, գուցե նաև դրա համար է դա իրենց հասկանալի, այց դիտումից հետո տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ ես լսեցի կարծիքներ ու հենց մոդերատորից զգացվում էր, որ իրենք ամբողջ կոնտեքստն են հասկացել, թեման իրենց հասկանալի է ու ըմբռնելի։ Հենց փառատոնի տնօրենն ասաց, որ ամեն տարի Հայաստանից ստանում են հայտեր, բայց իր խոսքերով սա առաջին ֆիլմն էր, որը ցուցադրվեց մրցութային ծրագրում։ Իսկ ցուցադրությունից հետո մի աղջիկ մոտեցավ ու ասեց՝ կարող է Ձեզ թվում է, որ Լեհաստանն Եվրոպա է, Վարշավայում կամ Կրակովում մենք չունենք պատրիարխալ ընտանիքներ նմանատիպ հարցեր, սակայն այդպես չէ։ Մեր համար ամեն ինչ շատ լավ հասկանալի է, քանի որ մենք ինքներս ունենք այդ հարցը։

 

– Հետաքրքիր զգացում է երևի, երբ միշտ դահլիճներում ներկայացրել ես ուրիշ հեղինակների ֆիլմեր, իսկ հիմա մարդիկ պանդեմիայի անհասկանալի շրջանում, այն էլ օտար երկրում գումար են տվել, գնել ֆիլմիդ տոմսն ու եկել ցուցադրության…

– Ահավոր շփոթված էի. այլ հեղինակների հայկական ֆիլմեր ներկայացնելիս՝ միշտ խոսել եմ դրանց մասին որոշակի հեռավորության վրա, բայց երբ քեզ հարց են տալիս մի բան մասին, ինչն արդեն հենց դու ես արել՝ ավելի շփոթեցնող է։ Ես հասկանում էի, որ այն փորձառությունը, որն ես ունեմ որպես կինոքննադատ, ֆիլմերի համադրող, ինձ բնավ այս պարագայում չի օգնում։ Որովհետև դու ավելի անպաշտպան ես, մերկ, իսկ ցուցադրությունից հետո դահլիճում ձեռք բարձրացնող հանդիսատեսի՝ ֆիլմիդ մասին հնչեցրած յուրաքանչյուր բառն ուզում ես կուլ տալ, ընկալել։ Հասկանում ես, որ դա հենց քո մասին է։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա