Logo

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. զրույց դրամատուրգ Համբարձում Համբարձումյանի հետ

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 24.05.2021Հեղինակներ
188115824 1173091686451920 398297013858306109 n 1 1 - Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. զրույց դրամատուրգ Համբարձում Համբարձումյանի հետ

Մենք շարունակում ենք ծանոթացնել մեր ընթերցողներին հայաստանյան կինոշուկայում ստեղծվող ֆիլմերի հետ՝ շեշտը դնելով երիտասարդ կինոգործիչների վրա, որոնց մեծ մասը ստեղծում է իր կյանքի առաջին ֆիլմը։ Գրող Համբարձում Համբարձումյանը անձամբ էկրանավորեց իր «Կորեական դելիկատես» պատմվածքը՝ վերածելով այն կարճամետրաժ ֆիլմի։ Այդ կապակցությամբ շփվել ենք գրողի հետ, ով հանդես եկավ իր համար նոր՝ ռեժիսորական կարգավիճակում։

188198026 881277872426213 7087121252851922640 n 960x540 - Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. զրույց դրամատուրգ Համբարձում Համբարձումյանի հետ

«Կորեական դելիկատեսը» ժամանակակից հայալեզու գրականության մեջ բավականին ճանաչված ստեղծագործություն է։ Դա կրկնապատկե՞ց պատասխանատվությունը ռեժիսորական աթոռը ստանձնելու պահին, և առհասարակ՝ ի՞նչ էիր զգում այս առաջին՝ դեբյուտային ռեժիսորական աշխատանքին պատրաստվելիս և բուն նկարահանման հրապարակում:

 

Անկեղծ ասած, պատասխանատվության մեծ զգացում չունեի, որովհետև ինքս իմ առջև էի պատասխանատու։ Իհարկե, ուզում էի, որ ֆիմը ստացվի, բայց թերևս, եթե այլ գրողի պատմվածքի հիման վրա նկարահանեի կամ օրիգինալ սցենար գրեի, ավելի պատասխանատու կմոտենայի գործին։ Իմ առջև խնդիր էի դրել պատմվածքը փոխադրել սցենարի՝ փորձելով նյութն ավելի խտացնել, որպեսզի 15 րոպեանոց ֆիլմ ստանամ։ Ֆիլմի նկարահանումից հետո գիտակցեցի, որոշ նուրբ հարաբերություններ կան պատմվածքում, որ լիարժեքորեն չի ստացվել վերածել կինոլեզվի։ Նախապատրաստական աշխատանքների ժամանակ ու նկարահանման հրապարակում շատ էի զգում պրոդյուսերի բացակայությունը։ Ստիպված էի ինքս զբաղվել թղթաբանությամբ ու կազմակերպչական հարցերով։ Ժամանակի, էներգիայի մեծ մասը ծախսվում էր հենց դրա վրա, ինչը դաս եղավ, որ այլևս երբեք դրանով չզբաղվեմ, եթե հետագայում ֆիլմ նկարեմ։

Պետք է շնորահակալություն հայտնեմ Անդրանիկ Բաբայանին ու Նարեկ Մարտիրոսյանին, որոնք շատ օգնեցին ու թեթևացրեցին այդ բեռը, բայց այնուամենայնիվ պրոդյուսերի պարտականությունները կատարելը խանգարեց ստեղծագործական աշխատանքին։ Պատմվածք և սցենար գրելիս՝ դու կախված չես այլ մարդկանց աշխատանքից, այնինչ ռեժիսորի պարտականությունները կատարելիս՝ ստիպված ես համագործակցել այլ դերակատարների հետ։ Ինձ համար սա հետաքրքիր փորձառություն էր, և շնորհակալ եմ նկարահանման խմբի անդամներին որոնք հանդուրժեցին իմ անփորձությունը։

Թերևս ոչ այս սցենարի համար, բայց ռեժիսոր ու պրոդյուսեր միշտ եմ փնտրում։ Տպավորություն ունեմ, որ այդ փնտրտուքը փոխադարձ չի, տպավորություն ունեմ, որ մեր ռեժիսորները նախընտրում են իրենք գրել իրենց ֆիլմերի սցենարները և հենց դա է պատճառը, որ հայկական արտադրության ֆիլմերը թույլ դրամատուրգիա ունեն։ Հենց հիմա լիամետրաժ ֆիլմի սցենարի վրա եմ աշխատում և փնտրում եմ ռեժիսորի, որին կհետաքրքրի պատմությունը։ Եթե չգտնեմ, ստիպված եմ լինելու ինքս նկարահանել, որովհետև չնկարահանված սցենարները անպիտան են։ Պատմվածքն ու վեպը կարող ես հրապարակել, տպագրել, իսկ սցենարը իր ինքնուրույն կյանքը չունի։

187860768 467484744360469 4609954314850393637 n 1 960x540 - Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. զրույց դրամատուրգ Համբարձում Համբարձումյանի հետ

Կհամաձայնես, որ մեր տեղական կինոարտադրության ամենազգալի խնդիրներից մեկը հենց լավ սցենարիստների բացակայությունն է։ Համենայն դեպս հեղինակային, փառատոնային ֆիլմերի պարագայում համեստ բյուջեով լավ ֆիլմերը քիչ չեն, այսինքն, խնդիրը գումարի մեջ չէ։

 

Այո, վերջին տարիներին նոր սերնդի ռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերը որոշակի հաջողություններ գրանցում են՝ ընդգրկվելով փառատոնների մրցութային ծրագրերում։ Դա թերևս կինոկենտրոնի որդեգրած քաղաքականության արդյունքն է, երբ դեբյուտային ֆիլմերին սկսեցին մինչև 10 միլիոնի չափ գումար հատկացնել։ Այսպիսով կարճամետրաժների փողի խնդիրը լուծվեց։ Իմ ֆիլմը, ի դեպ, ընդամենը 4 միլիոն դրամով է նկարահանվել, որովհետև, չլինելով պրոֆեսիոնալ պրոդյուսեր, սխալ էի հաշվարկել բյուջեն։ Լիամետրաժ ֆիլմերի դեպքում համաֆինանսավորման սկզբունքն է գործում, պետությունը ամբողջ գումարը չի կարող հատկացնել։ Հիմա նոր սերնդի ռեժիսորները նոր մարտահրավերի առջև են կանգնելու։ Նորից բախվելու ենք նույն խնդրին, որ կայացած պրոդյուսերական դպրոց և կինոընկերություններ չունենք, որտեղ կարող ես գնալ քո սինոփսիսով ու սցենարով, որը կզբաղվի տարբեր հիմնադրամներից ու այլ աղբյուրներից փող ճարելու գործով։ Բայց կհամաձայնեմ Ձեզ հետ, որ գլխավոր խնդիրը դրամատուրգիայի խնդիրն է։ Մեր կինոյում չի արտացոլվում մեր կյանքը։ Հայաստանի իրականությունը 10։0 կրում է կինոյում պատկերված իրականությանը։ Հայաստանը այս տարիներին եռում էր քաղաքական, հասարակական իրադարձություններից, մեր հասարակությունը բարոյական, տնտեսական, մշակութային ճգնաժամերով էր անցնում, իսկ կինոն ասես «խուլ ու համար» էր։  Սովետական միությունից եկող ռեժիսորները, որոնք զզված էին սոցռեալիզմից, բավարար չափով չէին անդրադառնում հասարակական, քաղաքական թեմաներին։ Կինոյում չէր տրոփում կյանքի զարկերակը։ Վերջին շրջանի կարճամետրաժների համեմատական հաջողությունը նաև պայմանավորված է նրանով, որ նոր սերնդի ռեժիսորները կյանք բերեցին կինո։

188115824 1173091686451920 398297013858306109 n 1 1 960x540 - Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. զրույց դրամատուրգ Համբարձում Համբարձումյանի հետ

Այդ նոր ֆիլմերի՝ ռեալիզմին մոտ կանգնած պատմությունների կողքին ստեղծվում են բազմաթիվ կոմերցիոն լիամետրաժներ, որոնք որոշ չափով կրկնօրինակում են արտասահմանյան հայտնի կատակերգությունները, հայաստանցիները, ցավոք, քո նշած կարճամետրաժներից գրեթե միշտ անտեղյակ են մնում։ Ինչպե՞ս ես տեսնում լուծումը։

 

Լուծումը որակյալ լիամետրաժ ֆիլմերի արտադրությունն է։ Կարծում եմ, որ կինոկենտրոնը պիտի վստահի երիտասարդներին, նորաստեղծ փոքր ընկերություններին ու լիամետրաժների համար գումար հատկացնի։ Կարճամետրաժների ցուցադրությունը և լայն հանրության ներկայացնելը մեծ խնդիր չէ, ի վերջո, դրանք կարելի է սոցցանցերում տեղադրել և բավականին թվով մարդիկ կնայեն։ Հանրային հեռուստաընկերությունը նույնպես կարող է գնել ցուցադրման իրավունքը և ցուցադրումների շարք սկսել։  Ի դեպ, ես դեմ չեմ շահույթ հետապնդող կոմեդիաների նկարահանմանը, պարզապես մեծամասամբ որակի հետ կապված խնդիր ունենք։ Եթե նման առաջարկ լիներ, ապա հաճույքով կաշխատեի ռոմանտիկ կոմեդիա ժանրի ֆիլմի կամ սերիալի սցենարի վրա։  Հեռուստատեսային արտադրանքի մեջ խնդիրը նույնիսկ ավելի մեծ է։ Շուկայի փոքրության պատճառով ամեն ինչ արվում է կայծակնային արագությամբ և շատ փոքր գումարով՝ որակի հաշվին։

Անդրադառնալով նախորդ հարցին, թեև մեր կինոյի, հեռուստատեսային արտադրանքի ամենամեծ խնդիրը դրամատուրգիան է, բայց ամենաթերագնահատվածը ու քիչ վարձատրվողը սցենարիստների աշխատանքն է։ Բոլորի աշխատանքների օրավարձերը ֆիքսված են, իսկ գրական աշխատանքը գին չունի։ Կինոկենտրոնում նույնիսկ կրճատեցին  բյուջեյով նախատեսված սցենարիստի հոնորարի գումարը։ Օպերատորի կամ դերասանի գումարը չէին կարող կրճատել, նրանց օրավարձերի մինիմումը բոլորին հայտնի է։ Եթե այս պատկերացումը չփոխվի, կինոարտադրանքի որակը չի բարելավվի։

187928823 135597488620505 5946568808788966793 n 960x540 - Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. զրույց դրամատուրգ Համբարձում Համբարձումյանի հետ

Հետաքրքրվու՞մ ես վրացական կամ Արևելյան Եվրոպայի հաջողակ օրինակներով, իրենց մոտ ազգային կոլորիտի մեջ ու համեստ գումարներով ստեղծված ֆիլմերը շատ են, թվում է, կարելի է այդտեղից շատ բան քաղել…

Գիտեմ, որ հաջող օրինակներ կան, բայց իրենց կինոարտադրության մանրասներին ծանոթ չեմ։ Դրանով պիտի կինոյի կազմակերպիչները՝ Կինոկենտրոնը, կինոընկերությունները զբաղվեն, ուսումնասիրեն և փորձեն մեզ մոտ ներդնել այդ մեխանիզմները։ Դեբյուտային կարճամետրաժների հարցում Կինոկենտրոնը հաջողեց, բայց պետք է լուծել նաև որակյալ լիամետրաժների արտադրության հարցը։

 

Կարո՞ղ ես բնութագրել ժամանակակից հայկական դրամատուրգիան, կա՞ որևէ շարժում կամ նոր ալիք ստեղծելու միտում, թե՞ ինդիվիդուալիզմը հաղթում է, ամեն մեկն իր աջը քաշած, առանձին է գործում։

Չեմ կարող ասել, թե նոր ալիք կա, բայց ինչպես նշեցի՝ տեսնում եմ, որ կյանքը վերադառնում է կինո։ Պրոֆեսիոնալ սցենարիստները Հայաստանում շատ քիչ են և անգործ, որովհետև ընդհանրապես քիչ են են ֆիլմեր նկարվում, և որովհետև ռեժիսորները հիմնականում իրենք են գրում իրենց սցենարները։ Կուզենայի, որ կյանքը մտնի նաև լիամետրաժ կինո, մենք տեսնեինք էսօր Հայաստանում ապրող մարդուն, նրա խնդիրները, հոգսերը, երազանքները, ճգնաժամերն ու ճգնաժամերից դուրս գալու փնտրտուքը։

187984350 1204633656655770 1350450926598038900 n 960x540 - Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. զրույց դրամատուրգ Համբարձում Համբարձումյանի հետ

Պատրաստվու՞մ ես արդյոք կրկին հանդես գալ ռեժիսորի կարգավիճակում թե՞ այս փորձից հետո հասկացար, որ ուզում ես միշտ զբաղվել միայն դրամատուրգիայով։

Կուզենայի այնքան սցենարների պատվերներ ունենալ, որ կինո նկարելու մասին մտածելու ժամանակ չլիներ։ Եթե նկարեմ ֆիլմ, ապա միայն երկար նախապատրաստական աշխատանքից հետո, գործին լավատեղյակ պրոդյուսերի առկայության դեպքում։

Առաջին փորձը երկակի զգացողություն առաջացրեց։ Մի կողմից ես դուրս էի եկել իմ հարմարավետ միջավայրից՝ գրասեղանիս դիմացից ու ստիպված էի համագործակցել մարդկանց հետ, ինչը դեմ է իմ բնույթին, մյուս կողմից կինոնկարահանման պրոցեսը իր գրավչությունն ունի։ Առաջին փորձի արդյունքը ինձ համար այնքան էլ գոհացուցիչ չի և նորից փորձելու գաղթակղությունը մեծ է։ Եթե սցենարների պատվերներ չլինեն, հավանաբար գայթակղությանը չեմ դիմանա, որովհետև կինոյով զբաղվելու ցանկությունը մեծ է։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա