Logo

Ի՞նչ կարդալ ձմռանը. Մանուկ Նիգոյանը խորհուրդ է տալիս

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 13.12.2017Գրադարան
image 3 - Ի՞նչ կարդալ ձմռանը. Մանուկ Նիգոյանը խորհուրդ է տալիս

Ձմեռը տաքուկ տանը մնալու եղանակ է: Այնպես որ քիչ թափառեք համացանցում և ավելի շատ կարդացեք լավ գրքեր: Իսկ թե ինչ գրքեր, այս անգամ խորհուրդ կտա Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն և մոլի գրքասեր Մանուկ Նիգոյանը:

1. Գաբրիել Գարսիա Մարկես. «Հարյուր տարվա մենություն»

DSCN4558 1 - Ի՞նչ կարդալ ձմռանը. Մանուկ Նիգոյանը խորհուրդ է տալիս

Գաբրիել Գարսիա Մարկեսի այս գլուխգործոցը լատինաամերիկյան և առհասարակ համաշխարհային գրականության լավագույն վեպերից մեկն է։ Վեպի գործողությունները տեղի են ունենում մտացածին Մակոնդո քաղաքում: Մակոնդոյի 100 տարվա կյանքի պատմությունը հեղինակը գրել է մեկուկես տարում՝ 1965-66 թթ. Մեխիկոյում: Վեպի 20 անվերնագիր գլուխները պատմում են Բուենդիա ընտանիքի անդամների բարդ և հետաքրքիր կյանքի մասին՝ միահյուսելով իրականն ու մոգականը, մտացածինն ու հնարածը մեր երևակայության մեջ:

Իսկ թե ինչո՞ւ հենց ձմռանն արժե այս գիրքը կարդալ, Մանուկ Նիգոյանը պատասխանում է. «Որովհետև վեպը կարդալիս սառը ձմեռային օրերից ընթերցողն ակամայից հայտնվում է տոթ և արևոտ Մակոնդոյում, որտեղ տաք ավազն այրում է ոտքերը, իսկ բակում ծառից կապված Բուենդիան հիշեցնում ամառային զով երեկոների մասին»:

Բերնհարդ Շլինկ «Ընթերցողը»

978 9939 68 053 8 b 2 - Ի՞նչ կարդալ ձմռանը. Մանուկ Նիգոյանը խորհուրդ է տալիս

Գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը 15-ամյա պատանու և 36-ամյա կնոջ սիրո պատմություն է, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհայտացումով: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, որ նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Գիրքը հայերեն է թարգմանվել 2012 թ., թարգմանիչ՝ Գայանե Գինոյան:

«Վեպը հագեցած է ռոմանտիկ և դրամատիկ նկարագրություններով, սիրային տեսարանների գեղեցիկ պատկերներով, որոնք ավելի կգեղեցկացնեն ձմռանը գոլորշապատ ապակու, ափերում ամուր սեղմած թեյի բաժակի և վառվող տաք վառարանի ջերմ տեսարանը», – ասում է Մանուկը:

Իտալո Կալվինո, «Ծառաբնակ բարոնը»

big 1493448583 1128638 - Ի՞նչ կարդալ ձմռանը. Մանուկ Նիգոյանը խորհուրդ է տալիս

Գլխավոր հերոսը՝ Կոզիմո Ռոնդոն, հոգնում է ծնողների խստություններից և որոշում է ազատ ապրել: Նա հեռանում է անտառ և սկսում ապրել ծառերի վրա՝ երջանիկ ու բնության հետ ներդաշնակ: «Ձմռանն անհամեմատ ավելի հաճելի է կարդալ պատմություններ մրգագողերի, սաղարթախիտ ու կանաչ անտառում ապրող և վազվզող արկածախնդիր տղայի և ծառի վերին ճյուղերից նշմարվող կանաչ դաշտավայրերի մասին», – պատմում է Մանուկ Նիգոյանը:

Բիրգյուլ Օղուզ, «Հա՛հ»

22728948 1366854336771191 2331012020981168079 n - Ի՞նչ կարդալ ձմռանը. Մանուկ Նիգոյանը խորհուրդ է տալիս

Թուրք կին գրող Բիրգյուլ Օղուզի «Հա՛հ» վեպ-պատմվածաշարը հոր մահն ու նրա իդեալների կորուստը սգացող երեք քրոջ հոգևոր ճամփորդությունն է։ Վեպ-պատմվածաշարի յուրաքանչյուր պատումն ազդու խորհրդածություն է վշտի թեմայով: Սա մոգական գիրք է կյանքը փոփոխող այն հայտնությունների մասին, որոնք վիճակվում են ամեն մի վշտահար մարդու, թե՛ կյանքը, թե՛ մահը փառաբանող գիրք: Գիրքը թուրքերենից հայերեն են թարգմանել յոթ թարգմանիչ՝ Արփի Աթաբեկյանը, Նարինե Թադևոսյանը, Անի Սարուխանյանը, Արտակ Շաքարյանը, Վարդուհի Բալյանը, Տաթևիկ Սարգսյանը և Սաթենիկ Պետրոսյանը:

«Այս գիրքը ձմռան սառնության պես սարսռեցնող դժբախտության, կրակի այրոցից առաջացած մրմուռի պես տանջող անհանգստության և հոր կարոտի մասին է», – կիսվում է իր տպավորություններով Մանուկը:

Ի դեպ դեկտեմբերի 16֊ին հեղինակն այցելելու է Հայաստան:

Վանո Սիրադեղյան, «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»

vs - Ի՞նչ կարդալ ձմռանը. Մանուկ Նիգոյանը խորհուրդ է տալիս

«Այս ժողովածուն ձմռանն անպայման պետք է կարդալ, որովհետև ժողովածուում տեղ գտած պատմվածքներն այնքան ջերմ են, տաքացնող և լի նուրբ հուզականությամբ, որ կկտրեն ձմեռային ցուրտ իրականությունից», – ասում է Մանուկը:

Հատված համանուն պատմվածքից. «Տաքսին երեք հոգի էր տանում: Վարորդը առաջարկել էր, մենք էլ արագ համաձայնել էինք երկուական ռուբլի ավելի տալով՝ թեթև ճանապարհ ընկնել: Ինձ հետ տարիքով մի կին էր ետևը նստած, և այդ վաղ ճաղատացած, կարճլիկ տղամարդն էր, վարորդի կողքին: Երևանից այնպիսի թափ էինք առել, որ բացառվում էր միանգամից զրույց սկսելը: Կարծես սպասում էինք շունչներս տեղը գա: Արագություն կլանել էր ոչ միայն վարորդին, այլև ուղևորներիս: Աշտարակն անցանք՝ դարձյալ լուռ էինք: Ապարան չհասած… ճաղատս խայթվածի նման շուռ եկավ ու պայթեց՝ «Բա սա օրենք է՞», և չլռեց մինչև Կիրովական»:

Կարդացեք լավ գրականություն:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա