Logo

«Ինչ մեքենա ես վարում», «դու շատ կոլոտ ես». ինչ է Trash talk-ը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 01.10.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Lionel Messi and Sergio Ramos - «Ինչ մեքենա ես վարում», «դու շատ կոլոտ ես». ինչ է Trash talk-ը

Cambridge-ի համալսարանի բառարանը «trash talk» արտահայտությունը բացատրում է այսպես. ինչ-որ մեկի վերաբերյալ խոսել վիրավորական տոնով, որն առավել հաճախ հանդիպում է սպորտում՝ մրցակիցների միջև: Վիրավորանքն ու ճնշումն այսօր ֆուտբոլում մեծ զենք է դարձել՝ մրցակցին ապակողմնորոշելու, նրան խաղադաշտում թուլացնելու համար:

Այս տերմինի/երևույթի մասին հատկապես գիտեն նրանք, ովքեր բասկետբոլի աշխարհից են: Այն շատ է կիրառվում NBA-ում, որտեղ բացի «գնդակով արտիստ» լինելուց պետք է ամուր անհատականություն ու բնավորություն ունենաս, ինչպես Մայքլ Ջորդանը, Կևին Գարնեթը, Դրեյմոնդ Գրինը կամ հատկապես Լարի Բիրդը, որոնք կարողանում էին իրենց անմիջական մրցակիցներին հանել հունից ու դատապարտել պարտության:

Ֆուտբոլը, որպես ամենամասսայական մարզաձև, նույնպես բացառություն չէ: Ֆուտբոլասերների հիշողություններում ամենավառն Արգենտինայի հավաքականի դարպասապահ՝ Էմիլիանո Մարտինեսի դրվագն էր, երբ նա Կոլումբիայի ընտրանու դեմ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ընթացքում հոգեբանական գրոհ ձեռնարկեց մրցակիցների դեմ, ինչի շնորհիվ հետ մղեց 3 հարված ու իր թիմին դուրս բերեց հաջորդ փուլ:

Ի՞նչ է «trash talk»-ը՝ ընդունելի միջո՞ց, որով կարելի է արդյունք ապահովել սեփական թիմի համար, թե՞ կեղտոտ երևույթ, որը չպետք է տեղի ունենա ֆուտբոլում: Մարտինեսի դեպքը ո՛չ առաջինն էր, ո՛չ էլ վերջինը:

«Արի՛, հենց դու հարվածիր, Կրիշտիանու»

Եթե ինչ-որ մեկը հարցնի՝ ինչպե՞ս կարելի է նյարդայնացնել աշխարհում ամենալավ 11-մետրանոց իրացնող ֆուտբոլիստներից մեկին՝ Բրունու Ֆերնանդեշին, նույն Էմիլիանո Մարտինեսը կկարողանա պատասխանել այդ հարցին:

Ընթանում էր «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ասթոն Վիլա» խաղի 93-րդ րոպեն, երբ հյուրերն անակնկալ հաղթանակ էին տանում «Օլդ Թրաֆորդում» նվազագույն հաշվով: Մրցավարը 11-մետրանոց նշանակեց «Ասթոն Վիլայի» դարպասին: Մարտինեսը հասկացավ, որ Ռոնալդուն չի իրացնելու հարվածը և շոուն սկսեց. «արի՛, հենց դո՛ւ հարվածիր, Կրիշտիանու», – բղավեց Մարտինեսը, և այդ մեսիջն ավելի շատ ուղղված էր Բրունու Ֆերնանդեշին, քան՝ Ռոնալդուին: Այդ պահին ժամանակը կանգ առավ պորտուգալացու համար, որը գնդակն ուղարկեց դեպի երկինք ու առջևում տեսավ՝ ինչպես է Մարտինեսը տոնում իր վրիպումը՝ «Օլդ Թրաֆորդում» հավաքված երկրպագուների աչքի առաջ:

Emi Martinez taunts Cristiano Ronaldo before Bruno Fernandes' missed penalty in Manchester United defeat | The Independent

«Նայիր՝ ինչպես եմ քեզ ուտում, եղբայր»

Չմոռանանք վերոհիշյալ դրվագը Մարտինեսի կատարմամբ՝ արդեն ամիսներ առաջ Ամերիկայի գավաթի խաղարկությունում:

«Դիբուն», ինչպես ասում են իրեն, խաղաց Կոլումբիայի ընտրանու բոլոր ֆուտբոլիստների նյարդերի հետ հետխաղյա 11-մետրանոցի ժամանակ: «Trash talk»-ի դասական օրինակ. «Ես ձեր հարվածները լավ գիտեմ», «նայիր՝ ինչպես եմ քեզ ուտում, եղբայր», «ընդմիջմանը շատ էիր խոսում, դե՛, ցույց տուր քեզ»: Մարտինեսի այս բղավոցները պարզ լսելի էին՝ դատարկ տրիբունաների ֆոնին: Իհարկե, մի պահ եղավ, երբ մրցավարը մոտեցավ ու նախազգուշացրեց Մարտինեսին, որն արդեն «trash talk»-ի բոլոր «կանոնները» խախտում էր ու անցնում սահմանները, բայց նրա այդ ճնշումները տվեցին իրենց արդյունքը:

Երի Մինան, Դեյվինսոն Սանչեսը և Կարդոնան վրիպեցին: Ի դեպ, Մեսին էլ շարունակեց Մարտինեսի «գործը»՝ լուծելով Սուարեսի և խաղընկերների վրեժը. «Դե հիմա պարի՛ր», – բղավեց Լեոն: Մինան այդ խաղից առաջ Ուրուգվայի հավաքականի դեմ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում դիպուկ էր եղել ու հաջողությունը նշել պարելով:

Նիստելռոյի վրա ծիծաղելը լավ գաղափար չէր

21-րդ դարի առաջին տասնամյակի լավագույն գոլահարներից մեկը՝ Ռուդ վան Նիստելռոյը, Նիդերլանդների հավաքականի կազմում 35 գոլ է խփել: Այդ 35 գոլերից ամենահիշարժանը նա խփեց Անդորրայի ընտրանու դեմ խաղում:

Կարծես, ամեն ինչ նորմալ էր. աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղերից էր, երբ հոլանդացիները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին Անդորրայի հավաքականի դարպասը: Բայց այդ խաղում եղավ դրվագ, որ բազմաթիվ ֆուտբոլասերներ մինչև հիմա չեն մոռանում: Անդորրայի դարպասին 11-մետրանոց էր նշանակվել, գնդակին մոտեցել էր Նիստելռոյը: Բարձրահասակ հարձակվողը վրիպեց՝ հարվածելով դարպասաձողին: Անդորրացիների ֆուտբոլիստ Անտոնի Լիման մոտեցավ Նիստելռոյին ու նայելով նրա դեմքին՝ ծիծաղեց ու ծաղրեց՝ փորձելով վերջնականապես կոտրել մրցակցի ոգին: Բայց դա լավ գաղափար չէր, քանի որ այն հակառակ ազդեցությունն ունեցավ:

Դրվագից րոպեներ անց Նիստելռոյն արդեն խաղային իրավիճակից դարձավ գոլի հեղինակ, հետո մոտեցավ Լիմային, առանց որևէ խոսք ասելու բարձրացրեց ձեռքերն ու տոնեց գոլը: Մրցավարը նրան դեղին քարտ ցույց տվեց, բայց դա ոչինչ էր՝ քաղցր վրեժի դիմաց: Արդյունքում, «կոտրվեց» Անդորրայի ֆուտբոլիստը:

Մեր ընտրանին.

Սուբոտիչը «հարամեց» Ռոբենի երեկոն

2011/12 մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիան» սլանում էր դեպի Բունդեսլիգայի հերթական տիտղոսը: Գերմանիայի չեմպիոն դառնալու հարցում ամենաառանցքային խաղը, բնականաբար, «Բավարիայի» հետ դիմակայությունն էր:

«Սիգնալ Իդունայում» կայացած խաղում Ռոբերտ Լևանդովսկին, որը դեռ ներկայացնում էր Դորտմունդը, բացել էր խաղի հաշիվը: Երկրորդ խաղակեսում «Բավարիան» ստացավ 11-մետրանոցի իրավունք, որը չկարողացավ իրացնել մյունխենցիների առաջատար Արյեն Ռոբենը: Վրիպումից հետո «Բորուսիայի» պաշտպան Նևեն Սուբոտիչը հարձակվեց Ռոբենի վրա ու սկսեց բղավել նրա դեմքին: Րոպեներ անց Ռոբենը հայտնվեց նպաստավոր դիրքում՝ դատարկ դարպասի դիմաց և բարձր հարվածեց: Սուբոտիչն այդ երեկոն մղձավանջի վերածեց Ռոբենի համար, իսկ այդ օրը ռևանշ չեղավ. սերբ պաշտպանը վայելեց իր հաղթանակը:

Watch the 2011/12 title-deciding Klassiker between Borussia Dortmund and Bayern Munich | Bundesliga

Ռևանշը կայացավ այդ խաղից մոտ մեկ տարի անց, արդեն ավելի կարևոր փուլում՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Ռոբենը խաղի վերջին րոպեներին խփեց իր թիմի հաղթական գոլը, իսկ նրա խաղընկերը՝ Ժերոմ Բոատենգը, չէր մոռացել՝ ինչ էր արել Սուբոտիչը: Ժերոմը մոտեցավ հիասթափությունից ջախջախված ու կքանստած Սուբոտիչին և ավելի «մտցրեց ցեխը»:

Bundesliga announce massive new TV deal | Goal.com

«Դու շատ կոլոտ ես», «իսկ դու՝ չափազանց թույլ»

2016 թվականին՝ Արքայական գավաթի խաղարկության շրջանակում «Բարսելոնան» խաղում էր «Էսպանյոլի» դեմ:

Դրվագներից մեկում «Էսպանյոլի» պաշտպան Ալվարո Գոնսալեսը բախվեց Լիոնել Մեսիի հետ, ու «trash talk»-ը սկսվեց. «դու շատ կոլոտ ես ինձ համար», – ասաց Գոնսալեսը Մեսիին: Արգենտինացին չընկճվեց ու շատ արագ տվեց նրա պատասխանը. «դու էլ՝ չափազանց թույլ ինձ համար»: Գոնսալեսը ոչինչ չկարողացավ պատասխանել, նա պարզապես ժպտաց ու շարունակեց խաղալ: Ի՞նչ կարող ես անել կամ ասել, երբ Մեսին քեզ ասում է, որ դու չափազանց վատն ես:

Alvaro Gonzalez Reveals Brilliant Conversation He Had With Lionel Messi - SPORTbible

Հետաքրքիր է, որ այս մրցաշրջանում երկու ֆուտբոլիստներն էլ խաղում են Լիգա 1-ում: Գոնսալեսը խաղում է «Մարսելում», Մեսին՝ ՊՍԺ-ում: Միմյանց դեմ խաղալիս նրանք գուցե հիշեն իրենց բախումը և նոր «trash talk» տեսնենք:

Երբ Խիմենեսը Ֆալկաոյի «կյանքը կերավ» ամբողջ խաղի ընթացքում

«Ատլետիկոյի» պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը 19 տարեկանում արդեն խաղում էր Ուրուգվայի հավաքականում՝ ինչպես վետերան:

7 տարի առաջ Ուրուգվայը խաղում էր Կոլումբիայի ընտրանու դեմ: Այդ հանդիպումը երբեք չի մոռանա կոլումբիացիների ռմբարկու՝ Ռադամել Ֆալկաոն, որն այդ ժամանակ լավագույններից էր իր դիրքում: Խիմենեսը ոչ միայն փորձել է իր խաղով վնասազերծել Ֆալկաոյին, այլ դիմել է տարբեր միջոցների ու անդադար խոսել նրա հետ. «Խիմենեսն այդ օրը խենթացրեց ինձ: Ես չէի կարողանում կենտրոնանալ իմ խաղի վրա:

Խաղի սկզբում, երբ արդեն մեկնարկել էր հանդիպումը, Խիմենեսն ինձ հարցրեց, թե ինչ մեքենա եմ վարում: Պատասխանում էի նրա հարցին ու հանկարծ հասկացա, որ ամբողջովին դուրս ենք մնացել խաղից և գնդակը մոտ 50 մետր հեռու էր մեզանից: Նա շարունակում էր իր հարցաշարը: Նա հարցնում էր՝ ինչու Էկվադորի, Վենեսուելայի և Կոլումբիայի դրոշները նույն գույներն ունեն: Հետո ինձ ասաց, որ սա իր նորամուտի խաղն է հավաքականում ու նա ցանկանում է դաջվածք անել իր մարմնին այս խաղի ամսաթիվը: Հետո նա հարցրեց՝ ինչպե՞ս է ճիշտ՝ սետեմբեր, թե՞ սեպտեմբեր, որպեսզի չսխալվի:

Radamel Falcao Reveals The Hilarious Depths Jose Maria Gimenez Went To Put Him Off His Game - SPORTbible

Այդ խաղում ո՛չ ես, ո՛չ ինքը ոչինչ չարեցինք: Ինչպե՞ս անեինք, եթե 90 րոպե խաղադաշտում նա ինձ հարցախեղդ էր անում», – պատմում է Ֆալկաոն:

«Վաղը ես քեզ 4 գոլ կխփեմ»

Արգենտինայի հավաքականի լեգենդ Դիեգո Մարադոնան, որն իր ազդեցիկ խառնվածքով միշտ է աչքի ընկել, խաղում էր «Արգենտինոս Խունիորսում»:

«Բոկա Խունիորսի» դեմ խաղից առաջ հյուրանոցում նա հանդիպեց մրցակցի դարպասապահ Հուգո Գատիին: Նախօրեին Գատին նախախաղային ասուլիսի ժամանակ սադրել էր Մարադոնային՝ հայտարարելով, որ նա ուռճացված ու գերագնահատված է մամուլի կողմից: Հյուրանոցում Մարադոնան Գատիին ասել էր. «վաղը ես քեզ 4 գոլ կխփեմ»:

Մարադոնան ասեց ու արեց. հաջորդ օրը նա 4 գնդակ ուղարկեց Գատիի դարպասը՝ խփելով 4 տարբեր ճաշակի գոլեր. 11-մետրանոցից, նրա հետ մեն-մենակ դուրս գալուց հետո, տուգանայինից հարվածներով… «trash talk»-ը նորից հակառակ ազդեցությունն ունեցավ:

Il luogo che unisce Maradona a Buenos Aires

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա