Logo

Սպորտի քաղաքակա՞ն ժամը, թե՞ առաքելությունը. ինչերից զրկվեց Ռուսաստանը

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
19:56 / 07.03.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

«Սպորտը դուրս է քաղաքականությունից» ու նմանատիպ կարգախոսները կարծես արդեն մոռացված են ու ոտնահարված։ Այսօր ունենք նոր իրականություն, որտեղ գրեթե ամբողջ աշխարհը միավորվել է հանուն Ուկրաինայի՝ ընդդեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների։ Իհարկե, կարելի է անվերջ խոսել աշխարհի երկակի ստանդարտների մասին, բայց դա մեր գործը չէ։ Փոխարենը պետք է շեշտենք, որ այսօր ամբողջ սպորտային աշխարհը հանգրվանել է մի կայարանում, որտեղ տեղի են ունենում դեպքեր, որոնք մինչև այսօր չլսված են ու չտեսնված, հակասում են միջազգային սպորտային նորմերին, օրենքներին ու թելադրված են արևմտյան երկրների քաղաքական գործիչների և պաշտոնյաների կողմից։ Վստահությամբ կարող ենք պնդել, որ Ռուսաստանի դեմ սպորտային պատժամիջոցները դառնալու են նախադեպեր, որոնք հաճախ կկանգնեն ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի կամ էլ Միջազգային Օլիմպիական կոմիտեի կոկորդին։ Այս դեպքերից հետո, երբ բոլորը նորից վերագտնեն խաղաղությունը, սպորտն ու քաղաքականությունը տարանջատելու քարոզչությունը կդառնա առնվազն ծիծաղելի։ 

Մյուս կողմից էլ արդարության համար պետք է նշել, որ շատ ֆեդերացիաների ու սպորտային մարմիններին կանգնեցրել են ընտրության առաջ՝ սպառնալով բոյկոտներով, ու նրանց ոչինչ չէր մնում, քան հեռացնել Ռուսաստանի ու Բելառուսի հավաքականներին տարբեր մրցաշարերին մասնակցությունից։ Դա նաև գալիս է ապացուցելու, որ ամեն ինչ փոխկապակցված է։ Պետք չէ մոռանալ, որ սպորտի առաքելություններից մեկն այն է, որ միավորեն բոլորին ու պայքարեն պատերազմների, անհավասարության ու խտրականության դեմ։ Եվ ի վերջո, ինչպես սիրում են ռուսներն ասել, «В любви, как и на войне - все средства хороши»։

VNews-ն առաջարկում է ծանոթանալ այն կարևորագույն սպորտային իրադարձություններին, որոնցից զրկվել են ռուսները ռազմական գործողությունների մեկնարկից հետո։

ՄՕԿ-ի կոչը բոլոր ֆեդերացիաներին ու Պարալիմպիկ խաղերը

​​Ամենաքննարկվող լուրերից մեկը Միջազգային Օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հորդորն է միջազգային ֆեդերացիաներին ու ասոցիացիաներին՝ չեղարկելու կամ տեղափոխվելու Ռուսաստանում ու Բելառուսում պլանավորված սպորտային միջոցառումները, ինչպես նաև հրաժարվելու տվյալ երկրների պետական դրոշի և օրհներգի օգտագործումից։ Եթե համեմատենք մյուս պատիժների հետ, սա հավանաբար ամենամեղմն է, քանի որ «հորդոր» է, այլ ոչ թե արգելք ռուս ու բելառուս մարզիկների նկատմամբ։

Այնուամենայնիվ, շատ անսպասելի էր Միջազգային Պարալիմպիկ կոմիտեի (ՄՊԿ) որոշումը Պեկինի խաղերի մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ հեռացնել Ռուսաստանի ու Բելառուսի ներկայացուցիչներին։ Մինչդեռ նրանք մի քանի օր առաջ այլ դիրքորոշում էին հայտնել, ամեն ինչ փոխվեց, երբ մի շարք թիմեր վերջնագիր ներկայացրին ՄՊԿ-ին ու հայտարարեցին, որ հետ կկանչեն իրենց պատվիրակությունը Չինաստանից բացման արարողությունից մեկ օր առաջ, եթե ռուսներն ու բելառուսները լինեն իրենց շարքերում։ Հիմա 71 ռուս ու 12 բելառուս պարալիմպիկ մարզիկ ստիպված կլինի հավաքել ճամպրուկներն ու առանց մեդալի վերադառնալ հայրենիք։

«Այս որոշումը կայացվել է, քանի որ մի քանի հավաքական դեմ է արտահայտվել խաղերին մասնակցել, եթե ներկա գտնվեն ռուսական և բելառուսական թիմերը: Դրանից բացի, լարված մթնոլորտ է տիրում Օլիմպիական գյուղերում»։

ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի «հրթիռով» հարվածը ռուսական ֆուտբոլին

Բնականաբար, ամենակործանարար սպորտային պատժամիջոցն ՈՒԵՖԱ-ի որոշումն էր հեռացնել ռուսական ակումբներին ու ազգային հավաքականներին կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցաշարերում մասնակցությունից մինչև հետագա ծանուցումը։ Մինչև այդ կազմակերպությունը, ինչպես ՄՊԿ-ն, որոշել էր թույլ տալ մասնակցությունն առանց պետական խորհրդանիշների ու չեզոք խաղադաշտերում։ Սակայն Լեհաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստներ Ռոբերտ Լևանդովսկին ու Վոյցեխ Շեսնին հայտարարեցին, որ չեն պատկերացնում հանդիպում ռուսների դեմ նման իրավիճակում։

«Ռուս ֆուտբոլիստներն ու երկրպագուները պատասխանատվություն չեն կրում սրա համար, սակայն մենք չենք կարող ձևացնել, որ ոչինչ տեղի չի ունենում». Ռոբերտ Լևանդովսկի

Լեհաստանին աջակցեցին նաև Ռուսաստանի մյուս հավանական մրցակիցներն աշխարհի 2022թ. առաջնության եզրափակիչ փուլում՝ Չեխիան ու Շվեդիան, նրանց միացավ նաև Անգլիան, ՈՒԵՖԱ-ի նոր որոշումն էլ երկար սպասել չտվեց։ Մոսկվայի «Սպարտակը» զրկվեց հնարավորությունից շարունակելու պայքարը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչում, որտեղ պետք է հանդիպեր գերմանական «Լայպցիգին»։ Իսկ կանանց հավաքականն այս տարի պետք է մասնակցեր Անգլիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ 

«Ես դեմ եմ ցանկացած տեսակ պատերազմի։ Պատերազմը սարսափելի բան է։ Բայց ես նաև դեմ եմ ատելությանն ու ագրեսիային, որն օր օրի նոր թափ է հավաքում։ Ես դեմ եմ ազգության վրա հիմնված խտրականությանը։ Չեմ ամաչում ռուս լինելու համար. հպարտ եմ, որ ռուս եմ։ Եվ չեմ հասկանում՝ ինչու պետք է մարզիկները տուժեն։ Ես դեմ եմ երկակի ստանդարտներին». Արտյոմ Ձյուբա, Ռուսաստանի հավաքականի ավագ

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ այլ վայրում

Եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ հանդիպումը պետք է կայանար Սանկտ Պետերբուրգի «Կրեստովսկի» մարզադաշտում, սակայն ռուս-ուկրաինական հակամարտության հենց առաջին իսկ օրերին ՈՒԵՖԱ-ն օպերատիվ նիստ հրավիրեց, որտեղ որոշում ընդունվեց Չեմպիոնների լիգայի այս տարվա եզրափակիչն անցկացնել մայիսի 28-ին Փարիզի «Ստատ դը Ֆրանս» ստադիոնում։  

Այստեղ տեղին է հիշել, որ արցախա-ադրբեջանական պատերազմից ու մարդու իրավունքների մի շարք խախտումներից հետո, այնուամենայնիվ, ԵՎՐՈ-2020-ի ընդունող քաղաքների շարքում մնաց Բաքուն։

FIA-ն հետևեց ՈՒԵՖԱ-ի օրինակին 

Օրեր առաջ «Ֆորմուլա-1»-ը հայտնեց, որ խզել է Ռուսաստանում Գրան պրի մրցաշարեր անցկացնելու վերաբերյալ պայմանագիրը։ Մինչև այդ FIA-ն հայտնել էր, որ 2022-ի օրացուցային պլանից հանվելու է Սոչիում կայանալիք մրցաշարը, սակայն նոր որոշմամբ այն չի կայանա Սոչիում, Սանկտ Պետերբուրգում կամ Ռուսաստանի որևէ այլ քաղաքում ոչ 2023-ին, ոչ էլ ապագայում։ «Ռոսգոնկայի» ու «Ֆորմուլա-1»-ի պայմանագիրը նախատեսված էր մինչև 2025 թվականը։

Ռուսաստանի՝ Ուկրաինայում սկսած ռազմական գործողության մեկնարկից հետո իրենց դիրքորոշումը հայտնեցին նաև աշխարհի չեմպիոններ Ֆերնանդո Ալոնսոն, Սեբաստիան Ֆետելն ու Մաքս Ֆերստապենը։

«Շատ եմ ափսոսում այն անմեղ մարդկանց համար, որոնք իրենց կյանքը կորցնում են ու սպանվում հիմար պատճառներով, շատ-շատ տարօրինակ ու խելագար ղեկավարման արդյունքում։ Սա մի բան է, որի մասին մենք՝ ավտոարշավորդներս, պետք է խոսենք։ Անձամբ ցնցված եմ ու տխուր՝ տեսնելով, թե ինչ է կատարվում։ Երբ երկիրը պատերազմի մեջ է, սխալ է այնտեղ մրցելը». Մաքս Ֆերստապեն

Վլադիմիր Պուտինն այլևս պատվավոր նախագահը չէ… ձյուդոյի ֆեդերացիայի

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան պաշտոնական հայտարարությամբ հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այլևս կազմակերպության պատվավոր նախագահն ու դեսպանը չէ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների խորապատկերում։

Պուտինը մանկուց եղել է մարտաարվեստի մեծ սիրահար։ Նա զբաղվել է սամբոյով ու ձյուդոյով 11 տարեկանից։ Մեկ անգամ էլ դարձել է Լենինգրադի չեմպիոն։ Նա 14 տարի զբաղեցնում է ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի պատվավոր նախագահի պաշտոնը։

Շախտմատի Օլիմպիադան ու ռուս շախմատիստների աղմկոտ նամակը

Շախմատի միջազգային ֆեդերացիան, որի նախագահը Ռուսաստանի կառավարության նախկին անդամ Արկադի Դվորկովիչն է, որոշում է ընդունել տեղափոխել շախմատային գլխավոր իրադարձությունը Մոսկվայից։ Այն պետք է կայանա ամռանը։ 

Ռուսաստանն այս մրցաշարը պետք է ընդուներ դեռ 2020-ին, սակայն այդ ժամանակ էլ խանգարեց կորոնավիրուսի համաճարակը։

«ՖԻԴԵ-ն որոշել է, որ Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադան, ներառյալ հաշմանդամների մրցումները և ՖԻԴԵ-ի կոնգրեսը, չեն անցկացվի Ռուսաստանում. մենք ամեն ինչ անելու ենք՝ այլ կազմակերպիչ գտնելու համար»։

Այս ամենից հետո մեծ աղմուկ. 44 ռուս թոփ շախմատիստների բաց նամակը Պուտինին, որից ներկայացնում ենք մի հատված։

«Մենք դեմ ենք Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին և կոչ ենք անում շուտափույթ դադարեցնել կրակն ու հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության և դիվանագիտական ​​բանակցությունների միջոցով։ Մեզ համար անտանելի ցավալի է տեսնել այն աղետը, որը տեղի է ունենում այս օրերին մեր ժողովուրդների համար»։

Այս նամակի տակ կա Յան Նեպոմնյաշչիի ու Ալեքսանդրա Կոստենյուկի ստորագրությունը։

Վոլեյբոլի աշխարհի առաջնությունը մնաց երազանք

Վոլեյբոլի ռուս սիրահարներն առանձնակի անհամբերությամբ էին սպասում օգոստոսի 26-ից սեպտեմբերի 11-ը կայանալիք աշխարհի առաջնությանը, քանի որ այնտեղ երբևէ չի անցկացվել սպորտաձևի տարվա գլխավոր իրադարձությունը։ 

Բացի դրանից, վերջին տարիներին Ռուսաստանի հավաքականը նշանակալիորեն բարելավել էր արդյունքները, իսկ տանը կլիներ ֆավորիտների թվում, սակայն վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ «կփնտրի այլընտրանքային ընդունող երկիր/երկրներ, որտեղ վոլեյբոլի համաշխարհային ընտանիքն իրեն ապահով կզգա»:

Պատժամիջոցներ նաև թենիսում

Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) որոշել է ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի և Բելառուսի մասնակցությունը մրցումներին։ Սակայն խոսքը միայն թիմային մրցաշարերի մասին է. ռուս մարզիկները կկարողանան շարունակել հանդես գալ անհատական ​​մրցաշարերում։ Ռուսական թիմերը չեն կարողանա պաշտպանել Դևիսի գավաթի և Ֆեդերացիայի գավաթի տիտղոսները։ ITF-ն նաև հայտնել է Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի անդամակցության դադարեցման մասին։

Միևնույն ժամանակ ռուս ու բելառուս մարզիկներին դեռևս չի արգելվել մասնակցությունը «Մեծ սաղավարտի», ATP, WTA մրցաշարերին, սակայն նրանք ելույթ են ունենալու առանց պետական դրոշի։ 

Եվ այլն…

Ռուսաստանը նաև զրկվել է տափօղակով հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնությունն ընդունելուց, և եթե այսպես շարունակվի, կարող է մոռանալ նաև հաջորդ տարի կայանալիք մեծահասակների ԱԱ-ի մասին։ 

Ռուսները նաև տարվա սկզբին մտածում էին Պերմ քաղաքում կյոռլինգի մարզահամալիր կառուցելու մասին՝ Եվրոպայի առաջնությունը պատշաճ ընդունելու ու մարզաձևն այդ տարածաշրջանում զարգացնելու համար, սակայն միջազգային ֆեդերացիան արդեն նոր երկիր է փնտրում մայրցամաքի մրցաշարի համար։

Այն բանից հետո, երբ Շվեդիան ու Նորվեգիան հրաժարվեցին իրենց հավաքականներին գործուղել Տյումեն՝ դահուկավազքի աշխարհի գավաթին, միջազգային ֆեդերացիան որոշում ընդունեց տեղափոխել մրցաշարը։

Լողի աշխարհի երիտասարդների առաջնությունը չի կայանա Կազանում, ինչպես նաև քաղաքը զրկվել է ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարը հյուրընկալելու հնարավորությունից։ Հրաձգության Եվրոպայի առաջնությունն էլ պետք է տեղի ունենար մայրաքաղաք Մոսկվայում։

Ռուսաստանում մեծ ճանաչում ու մասսայականություն վայելող գեղասահքը նույնպես տուժածների թվում է. չմշկասահքի միջազգային միությունն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային՝ հայտնելով, որ ռուս և բելառուս մարզիկները չեն հրավիրվի մասնակցելու իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։

Այս ցանկը բավական երկար է և ավելանում է ժամ առ ժամ։ Այս ամենը ռուսական սպորտի համար կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա