Logo

«Ինչու՞, որտե՞ղ ու ե՞րբ». Ինչպես փոխվեցին թիմերը ձմեռային տրանսֆերային պատուհանից հետո (վերլուծություն)

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
15:12 / 03.02.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Ձմեռային տրանսֆեր

2022-ի ձմեռային տրանսֆերային պատուհանն արդեն փակ է ու կողպված։ Փոքրիկ փեղկ մրցաշրջանի երկրորդ հատվածից առաջ, որի միջով թարմ օդ է թափանցում այն ակումբների համար, որոնք խնդիր ու հավակնություններ ունեն պայքարելու ավելիի համար, ամրապնդելու այս և այն գոտին կամ փոխարինելու վնասվածք ստացած որևէ ֆուտբոլիստի։

Այնուամենայնիվ, ամեն անգամ գետը գերան չի բերի կամ ձմռանն այսքան թոփ տրանսֆեր չի լինի։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները, բնականաբար, գլխավոր դերակատարներն էին. Բավական է նշել, որ ԱՊԼ ակումբներն ընդհանուր առմամբ ծախսել են 295 մլն ֆունտ, իսկ ամենաակտիվը, ինչը շատ կանխատեսելի էր, «Նյուքասլ Յունայթեդն» էր իր «թարմ-թարմ» շեյխերով։ «Կաչաղակները» 85 մլն ֆունտ են վճարել նոր համալրումների համար, ու վստահաբար, սա թրեյլերն է ամառային «պրեմիերայից» առաջ։

Կրիշտիանու Ռոնալդուի ու Լիոնել Մեսիի հեռանալուց խոր դեպրեսիայի մատնված «Յուվենտուսի» ու «Բարսելոնայի» ղեկավարությունը նույնպես թիմը վերակենդանացնելու փորձեր կատարեց։ Ի դեպ, հենց թուրինյան ակումբն է իրականացրել ամենաթանկարժեք տրանսֆերը։

Այսպես, VNews-ը մեկ հարկի տակ հավաքել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենագործունյա ակումբներին ու վերլուծել տեղափոխությունների, ինչպես նաև վաճառքների նշանակությունը թիմերի համար։

«Էվերթոն»

Միացան՝ Վիտալիյ Միկոլենկոն (23.5 մլն եվրո), Նատան Պետերսոնը (14 մլն), Դելե Ալին (ազատ գործակալ), Դոնի վան դե Բեկը (վարձավճար), Անվար Էլ-Գազին (վարձավճար)

Հեռացավ՝ Լուկա Դինը («Ասթոն Վիլա», 30 մլն եվրո)

Դժվար է հավատալ, բայց «Էվերթոնին» ընդամենը 4 միավոր է բաժանում Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի վտանգավոր գոտուց։ Դա է գլխավոր պատճառը, որ ակումբի ղեկավարությունը նախաձեռնությունն արագ վերցրեց ձեռքը ձմեռային տրանսֆերային պատուհանին ընդառաջ։ Նախ՝ հեռացավ Ռաֆայել Բենիտեսը, իսկ նրա փոխարեն նշանակվեց «Չելսիի» լեգենդար ֆուտբոլիստ, նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը, իսկ հետո անգլիացուն վստահվեց «իրիսների» կազմի կերպարանափոխման գործը։ Լեմպարդի հեղինակության շնորհիվ լիվերպուլյան թիմի շարքերը համալրեցին ֆուտբոլիստներ, որոնց տաղանդը, որպես այդպիսին, կասկած չի հարուցում, բայց նրանք նոր շանսի կարիք ունեն, քանի որ չեն կարողացել կայանալ ու լավ խաղամակարդակ ցուցադրել իրենց ակումբներում։ 

Էվերթոն

Դոնի վան դե Բեկին անձամբ համոզել է Լեմպարդը, բայց երկրպագուներին ամենից շատ հուզում է հարցը՝ որ դիրքում կօգտագործի Լեմպարդը նիդեռլանդցուն, քանի որ նա «Այաքսում» կատարում էր «կեղծ 9 համարի» պարտականությունները, իսկ «Յունայթեդում» այդ դիրքը ցեմենտել է Բրունու Ֆերնանդեշը։ Միգուցե Վան դե Բեկը դառնա հաջորդ Մեյսոն Մաունթը, որը «Չելսիում» սկսեց ճախրել հենց Լեմպարդի օրոք։ Գրեթե նույնը կարող ենք պնդել նաև Դելե Ալիի մասին, որը սիրում է խաղալ 10 համարի դիրքում ու կարողանում է ճարպկորեն ներխուժել մրցակցի տուգանային հրապարակ։ Այս երկու տրանսֆերն ինքնին հուշում են՝ որ գոտին է Լեմպարդը համարում «Էվերթոնի» «աքիլեսյան գարշապարը»։

«Էվերթոն» է տեղափոխվել նաև Կիևի «Դինամոյից» երիտասարդ ձախ պաշտպան Վիտալիյ Միկոլենկոն, որի տեղը մեկնարկային կազմում կասկած չի հարուցում, քանի որ Լեմպարդն այլ ընտրություն չունի։ Այլ հարց է՝ ինչպես ֆուտբոլիստը կկարողանա դրսևորել նման մեծ ինտեսիվություն ունեցող լիգայում։ «Ռեյնջերսից» եկած աջ պաշտպան Նատան Պետերսոնի ուսերին նույնպես մեծ պատասխանատվություն է դրված։

«Լիվերպուլ»

Միացան՝ Լուիս Դիասը (45 մլն եվրո), Ռիս Ուիլյամսը (վարձավճարի ավարտ)

Հեռացան՝ Նատանիել Ֆիլիպսը («Բորնմութ», վարձավճար), Նեկո Ուիլյամսը («Ֆուլհեմ», վարձավճար)

Շատ հեռու չգնալով Լիվերպուլից՝ խոսենք նաև համանուն թիմի գլխավոր տրանսֆերի մասին։ «Պորտուից» եկած վինգերն իր լավագույն մրցաշրջանն էր անցկացնում ակումբում. նա 28 խաղում դարձել է 16 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: Բայց «Լիվերպուլը» վաղուց էր աչքի տակ պահել այս ֆուտբոլիստին ու գիտի, որ նա նաև կայուն է։ 

Լիվերպուլ

Անգլիական մամուլում շատ են քննարկումները, որ «կարմիրների» ղեկավարությունը, ինչպես Դիեգո Ժոտայի պարագայում, Դիասին դիտարկում է որպես հարձակման եռյակի (Սալահ-Ֆիրմինո-Մանե) ֆուտբոլիստներից մեկին փոխարինող, մասնավորապես՝ Մանեին, որի պայմանագիրն սպառվում է 2023-ին։ Այս տրանսֆերը թույլ կտա անգլիական ակումբին ոչ միայն վստահություն ձեռք բերել սենեգալցու հետ բանակցությունների սեղանի շուրջ, այլև կոլումբիացի ֆուտբոլիստին ընտելանալու, կայանալու ու ի վերջո հիմնական կազմի ֆուտբոլիստ դառնալու ժամանակ կընձեռի։

«Տոտենհեմ»

Միացան՝ Ռոդրիգո Բենտանկուրը (19 մլն եվրո), Դեյան Կուլուսևսկին (10 մլն, վարձավճար)

Հեռացան՝  Տանգի Նդոմբելեն («Լիոն», վարձավճար՝1.42 մլն), Դելե Ալին («Էվերթոն», ազատ գործակալ), Բրայան Խիլը («Վալենսիա», վարձավճար), Ջիովանի Լո Չելսոն («Վիլյառեալ», վարձավճար), Ջեք Կլարկը («Սանդերլենդ», վարձավճար)

Այս տրանսֆերային պատուհանը թրիլերային ստացվեց «Տոտենհեմի» երկրպագուների համար, քանի որ բոլոր գործարքները տեղի ունեցան տրանսֆերային պատուհանի փակումից ժամեր առաջ՝ Deadline Day-ին։ Այն, ինչի մասին խոսում էր Մաուրիսիո Պոչետինոն 2019-ին, հիմա իրականացնում է Անտոնիո Կոնտեն։ Ասել է թե՝ «պերեստրոյկա»։

Տոտենհեմ

Լոնդոնյան ակումբի համալրումներին ու հեռացած խաղացողների ցանկին նայելիս պարզ է դառնում, որ իտալացի մասնագետը բավական ցավոտ «մաքրություն» է կատարում «Տոտենհեմում»։ 

Ռոդրիգո Բենտանկուրին Կոնտեն հիանալի է ճանաչում ու գիտի, որ նա կիսապաշտպանության գոտում անփոխարինելի ֆուտբոլիստ կարող է դառնալ, քանի որ կարողանում է վերահսկել գնդակը ու գրոհներ կառուցել։ Մինչդեռ Օլիվեր Սկիպն ու Հարի Ունիկսը բազմաֆունկցիոնալ չեն այդ տեսանկյունից և պետք է պահեստայինների նստարանից հետևեն Պիեռ Հոյբյերգի խաղին։ Դեյան Կուլուսևսկիի հետ Կոնտեն կունենա հարձակման գծում այլընտրանք՝ Սոն, Քեյն, Մոուրա եռյակից որևէ մեկին։ 

«Նյուքասլ»

Միացան՝ Բրունու Գիմարայնսը (42 մլն եվրո), Քրիս Վուդը (30 մլն), Ջո Ուիլոքը (29 մլն), Կիրան Տրիպիեն (15 մլն), Դեն Բարնը (15 մլն), Մեթ Թարգեթը (վարձավճար)

Հեռացան՝ Յոշինորի Մուտոն («Վիսել Կոբե», ազատ գործակալ), Քրիստիան Ացուն( «Ալ-Ռաեդ», ազատ գործակալ), Մեթի Լոնգսթաֆը («Աբերդին», վարձավճար)

Աշխարհի ամենահարուստ հետնապահ ակումբը, բնականաբար, չհիասթափեցրեց նոր սեփականատերերի գլխավորությամբ առաջին տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Եթե իհարկե Դուք այն մարդկանցից չէիք, որոնք մտածում էին, թե Լիոնել Մեսին ու Կրիշտիանու Ռոնալդուն շուտով դառնալու են «Նյուքասլի» ֆուտբոլիստ։ 

Նյուքասլ

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուի առաջ խնդիր է դրված պահպանել ակումբի տեղն ուժեղագույնների մրցավազքում, ու դրա համար էլ արդեն ստեղծված է համապատասխան միջավայր։ «Կաչաղակների» տրանսֆերներից ամենից շատը քննարկվեց Կիրան Տրիպիեի տեղափոխությունը Մադրիդի «Ատլետիկոյից»։ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի որակների մասին Հաուն գիտի դեռ «Բարնլիում» համատեղ աշխատանքից, ու նրա միացումներն աջ եզրից կարող են հատկապես օգտակար լինել մյուս նորեկի՝ հարձակվող Քրիս Վուդի համար։ 

«Նյուքասլի» նորաթուխ երկրպագուների համար ամենալավ նորությունն իհարկե բրազիլացի  Բրունու Գիմարայնսի տրանսֆերն է «Լիոնից»։ Այս ֆուտբոլիստն ունիվերսալ է, կարողանում է խաղալ մի քանի դիրքում, կարդում է խաղը, գրոհներ կազմակերպում, սակայն ենթադրելի է, որ Հաուն նրան կօգտագործի հենակետայինի գոտում։ Իսկ Ուիլոքը կգործի աջից։ Պաշտպանության կենտրոնում Դեն Բարնը թույլ կտա թիմին մի փոքր վստահություն ձեռք բերել նաև այս գոտում։ «Բրայթոնից» եկած ֆուտբոլիստը փայլում է օդային պայքարում։

«Ասթոն Վիլա»

Միացան՝ Լուկա Դինը (30 մլն եվրո), Կալում Չեմբերսը (ազատ գործակալ), Ֆիլիպե Կոուտինյոն (վարձավճար), Ռոբին Օլսենը (վարձավճար)

Հեռացան՝ Անվար Էլ-Գազին («Էվերթոն»,վարձավճար), Ուեսլին («Ինտերնացիոնալ», վարձավճար), Քեյնան Դևիսը («Նոտմ Ֆորեստ», վարձավճար), Ջեդ Ստիրը («Լուտոն», վարձավճար), Կամերոն Արչերը («Պրեստեն», վարձավճար)

«Լիվերպուլի» լեգենդ, «Ռեյնջերսի» նախկին գլխավոր մարզիչ Սթիվոն Ջերարդի նշանակումից հետո, բնականաբար, անգլիական ակումբի հավակնություններն ու նպատակները նոր ուղղվածություն ստացան։ Ջերարդը սովորաբար իր թիմերում ձգտում է ներդնել այն մարտավարությունը, որով փայլում է «Լիվերպուլը»։

Ասթոն Վիլա

Ջերարդի իրականացրած տրանսֆերներից ամենաաղմկոտը «Բարսելոնայից» Կոուտինյոյի վարձավճարով տեղափոխությունն էր, և սա ինչ-որ չափով անակնկալ էր, քանի որ «առյուծները», մեծ հաշվով, խնդիրներ չունեին հարձակման գծում։ Այս գործարքը նաև ռիսկային է, քանի որ հայտնի չէ՝ արդյոք Ջերարդը կկարողանա՞ «կյանքի» վերադարձնել Կոուտինյոյին։ Բացի դրանից, շատ լավ հիշում ենք, որ «Լիվերպուլի» համակարգն սկսեց ավելի լավ աշխատել առանց բրազիլացու։ Սակայն հարձակման գծում ֆուտբոլիստը կարող է շատ արդյունավետ լինել, դրանում մենք արդեն համոզվել ենք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ նրա նորամուտի խաղում, որտեղ նա գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ։ 

Ջերարդի հաջորդ տրանսֆերը նույնպես եկել է ապացուցելու, որ նա արտատպում է «կարմիրների» տակտիկան, որում մեծ կարևորություն ունեն եզրային պաշտպանները։ «Էվերթոնից» Լուկա Դինը կխաղա լատերալի դիրքում. նա իդեալական ֆուտբոլիստ է այդտեղ։ Նա վտանգավոր է գրոհների ժամանակ ու հիանալի է իրացնում ստանդարտները։

«Արսենալի» Կալում Չեմբերսի անակնկալ տրանսֆերը Ջերարդին կօգնի հուսալիություն ունենալ պաշտպանության կենտրոնում։ Բացի դրանից, արգենտինացի դարպասապահ Էմի Մարտինեսի կոպիտ սխալներն ստիպեցին «Ասթոն Վիլային» իրականացնել նաև «Ռոմայից» Ռոբին Օլսենի գործարքը։

«Յուվենտուս»

Միացան՝ Դուշան Վլահովիչը (81 մլն. եվրո), Դենիս Զաքարիան (8.6 մլն), Ֆեդերիկո Գատին (7.50 մլն)

Հեռացան՝ Ռոդրիգո Բենտանկուրը («Տոտենհեմ», 19 մլն), Դեյան Կուլուսևսկին («Տոտենհեմ», 10 մլն, վարձավճար), Աարոն Ռեմսին («Ռեյնջերս», վարձավճար, ), Ֆեդերիկո Գատին («Ֆրոզինոնե», վարձավճար)

Ա Սերիայի 2021/22 մրցաշրջանում անփառունակ մեկնարկ ունենալուց հետո «Յուվենտուսն» սկսեց աստիճանաբար մագլցել մրցաշարային աղյուսակում։ «Ծեր սինյորան» դեռևս հեռու է չեմպիոնական մրցավազքից, սակայն մոտեցել է լավագույն քառյակին։ Դեռ այդ ժամանակ պարզ էր, որ ձմռանը թուրինյան ակումբն ակտիվ է լինելու տրանսֆերային շուկայում։

Դե, բնականաբար, խոր վերլուծություններ անհրաժեշտ չեն՝ հասկանալու համար, որ «Ֆիորենտինայից» եկած Դուշան Վլահիովիչը խաղալու է հարձակման կենտրոնում ու փոխարինելու է Ալվարո Մորատային, որը մրցաշրջանի ավարտին կվերադառնա Մադրիդի «Ատլետիկո»։ Ա Սերիայի լավագույն ռմբարկուն սրություն ու տեմպ կհաղորդի իտալացիների գրոհներին։ Մյոխնեգլաբախի «Բորուսիայից» եկած Դենիս Զաքարիան իրեն դրսևորել է 2 կիսապաշտպանով խաղում, իսկ Մաքս Ալեգրին ընթացիկ մրցաշրջանում օգտագործել է թե՛ 4-2-3-1 մարտավարությունը, թե՛ 4-3-3-ը։ Ենթադրելի է, որ առաջինի դեպքում Զաքարիայի հետ զույգ կկազմի Մանուել Լոկատելին, իսկ երկրորդի ժամանակ նրանց հետ կխաղա Արտուրը կամ Ռաբիոն։

Յուվենտուս

Համալրումները համալրումներով, սակայն թուրինյան ակումբի համար ավելի առանցքային են վաճառքները։ Առաջին հայացքից դրանք նորմալ գործարքներ են, սակայն անցած տարիների ընթացքում «Յուվենտուսի» ղեկավարությունը չէր կարողանում ազատվել անցանկալի ֆուտբոլիստներից, ինչը բերում էր իր հետ նաև ֆինանսական ծանր հետևանքներ։ Հիանալի օրինակ են Մարիո Մանջուկիչը, Սամի Խեդիրան ու Բլեզ Մաթյուիդին, երբ ակումբը մատը մատին չտվեց, ու նրանք հեռացան անվճար։ Ամեն ինչ էլ ավելի ողբերգական է Գոնսալո Հիգուայինի պարագայում. իտալական ակումբը 90 մլն եվրո էր վճարել նրա դիմաց, բայց Ռոնալդուի ժամանումից հետո նրան վարձավճարով ուղարկեց «Միլան», հետո էլ՝ «Չելսի», մյուս գործողությունում էլ խզեց պայմանագիրը բարձր աշխատավարձի պատճառով։

Սակայն իտալական ակումբում կարծես երկինքը բացվում է նոր գործադիր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեի ու սպորտային տնօրեն Ֆեդերիկո Չերուբինիի նշանակումից հետո։ Դրա վառ ապացույցը հենց ակումբի վաճառքներն ու գնումներ են, որոնք նաև միտված են երիտասարդացնելու ակումբի կազմը։

«Բարսելոնա»

Միացան՝ Ֆերան Տորեսը (55 մլն եվրո,) Ադամա Տրաորեն (վարձավճար), Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը (ազատ գործակալ), Դանի Ալվեսը (ազատ գործակալ)

Հեռացան՝ Ֆիլիպե Կոուտինյոն («Աստոն Վիլա», վարձավճար), Ալեքս Կոլադոն («Գրանադա», վարձավճար), Ինյակի Պենյան («Գալաթասարայ», վարձավճար)

«Բարսելոնայի» խնդիրների մասին խոսելն ավելորդ է։ Կատալոնական ակումբի ֆուտբոլիստներն ընթացիկ մրցաշրջանում հիմնականում թերանում են պաշտպանությունում ու դարպասի մոտ պահերի իրացման տեսանկյունից։ Հենց այդ պատճառով ակումբը շեշտը դրեց նոր հարձակվողների ու վինգերների ձեռքբերման վրա՝ հաշվի առնելով նաև Անսու Ֆատիի ծանր վնասվածքն ու Ուսման Դեմբելեի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ֆերան Տորեսն արդեն հասցրել է նորամուտը նշել «կապտանռնագույնների» կազմում ու արդեն 3 հանդիպում է անցկացրել՝ դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ «Վուլվզից» եկած հսկան, ամենայն հավանականությամբ, կխաղա հարձակման ձախ եզրում, իսկ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կլինի հարձակման կրակագծում։ Սակայն նրա տեղն ապահովված չէ մեկնարկային կազմում, քանի որ կան նաև Լյուկ դե Յոնգն ու Մեմֆիս Դեպայը։ 

Բարսելոնա

«Բարսելոնայի» երկրպագուները հույսեր ունեին, որ ակումբը կկարողանա ամրացնել նաև պաշտպանությունը, սակայն Սեզար Ասպիլիկուետայի ու Նիկոլաս Տալյաֆիկոյի մասին խոսակցություններն այդպես էլ մնացին օդում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա