Logo

«Թող իմ ապտակը լինի քո մկրտությունը». ինչպես «Նամուս»-ի նկարահանման ժամանակ Աբելյանն ապտակեց խեղճ Մանյային

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:08 / 29.04.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Նամուս -նկարահանում

Ինչպես որ ամեն ինչ լինում է առաջին անգամ, այդպես էլ հայ կինոյում այլևայլ բաների շարքում առաջին անգամ եղավ… ապտակը: Իսկ դեպքը պատահեց 1924 թվականին, երբ նկարահանվում էր հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը` «Նամուսը»:

Ֆիլմում Բարխուդարի կերպարը բեմադրիչ Համո Բեկնազարյանը վստահեց թատրոնի մեծանուն հայ դերասան Հովհաննես Աբելյանին:

Տաղանդավոր արտիստը բեմի վրա անկրկնելի էր, սակայն կինոն նրա համար «մութ անտառ էր», և որպեսզի չմոլորվեր այդ անտառում, հարկ էր լինում մանրամասն բացատրել, թե որ դեպքերում ինչ է անհրաժեշտ անել: Եվ ահա դրվագներից մեկում, ըստ սցենարի, Բարխուդարը պետք է դուրս գար պատշգամբ, տեսներ իր աղջկան Սեյրանի հետ համբուրվելիս և ապտակեր Սուսանին:

Սուսանի դերը մարմնավորում էր ոչ պրոֆեսիոնալ դերասանուհի Մանյա Շահուբաթյանը: Փորձի ժամանակ ռեժիսորը զգուշացրեց Աբելյանին, որ կինոյի տարբերությունը թատրոնից հենց այն է, որ այստեղ ամեն ինչ բնական պետք է լինի` եթե հնարավոր է` լաց լինել, ապա արտասուքը պիտի երևա, եթե ծեծել է պետք, ապա դա նույնպես պետք է կատարել բնականորեն: Աբելյանը բեմադրիչի խորհուրդները հաշվի առավ ոչ ավելի, քան բառացիորեն: Եվ երբ դերի մեջ մտած՝ նկատեց Սուսանին համբուրվելիս, այնպիսի մի շառաչուն ապտակ հասցրեց աղջկան, որ կարիք զգացվեց բուժօգնություն ցույց տալ «տուժածին»:

Տեսարանը ստացվել էր, սակայն դրանից հետո Մ. Շահուբաթյանը մի քանի օր մնաց տանը` ուռած այտով: Հ. Աբելյանն ամեն օր` ծաղկեփունջը և քաղցրավենիքը ձեռքին` այցելում էր Շահուբաթյանին և հանցավորի պես ասում.

- Ներիր ինձ, Մանյա, մեղավորը Համոն է. նա ասաց, որ բնական պիտի լինի, դե, ես էլ ոգևորվեցի: Ոչինչ, աղջիկս, դու առաջին անգամն ես ոտք դնում արվեստի բնագավառ, թող իմ ապտակը լինի քո մկրտությունը:

 

Աղբյուր` գրականագետ Հովիկ Չարխչյան

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա