Logo

«Նա թակում էր իմ դուռն ու անդադար լացում». Ինչպես «Չելսին» բաց թողեց աշխարհի լավագույն կիսապաշտպանին

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
14:34 / 18.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

2011/12 մրցաշրջանը հակասական ու փառահեղ ստացվեց «Սթեմֆորդ Բրիջում»: «Չելսին» տարին սկսեց Անդրե Վիլաշ-Բոաշի գլխավորությամբ՝ խաղային խնդիրներով, որոնք էլ հանգեցրին վատ արդյունքների: Բայց ակումբը մրցաշրջանն ավարտեց Ռոբերտո դի Մատեոյի հետ: Իտալացի մասնագետը Մյունխենում Չեմպիոնների լիգայի գավաթը բարձրացրեց, «Ուեմբլիում»՝ Անգլիայի գավաթը:

Այդ խառնաշփոթում, սակայն, կային բաներ, որոնք դուրս մնացին երկրպագուների ուշադրության կենտրոնից: Օրինակ՝ 3 բելգիացիների առք ու վաճառքը: Ռոմելու Լուկակուի՝ «Չելսի» տեղափոխությունից հետո ևս 2 բելգիացիներ «գաղթեցին» Լոնդոն: Ակումբն ամռանը գնեց Տիբո Կուրտուային, բայց վարձավճարով զիջեց «Ատլետիկոյին»: «Գենկից» «Չելսի» տեղափոխվեց նաև Կևին դե Բրույնեն, բայց նա երբեք հաջողություններ չգրանցեց Լոնդոնում: 2012/13-ին նա վարձավճարով խաղաց Բրեմենի «Վերդերում» (33 խաղում՝ 10 գոլ ու 9 գոլային փոխանցում), իսկ հետո՝ 2013/14-ին՝ 22 տարեկանում, նա վերադարձավ Լոնդոն ու բախվեց Ժոզե Մոուրինյոյին:

Ի՞ՆՉ ԵՂԱՎ ԺՈԶԵԻ ՈՒ ԴԵ ԲՐՈՒՅՆԵԻ ՄԻՋԵՎ

Պորտուգալացին հայտնի է իր մարզած յուրաքանչյուր թիմում «զոհեր» թողնելու հատկությամբ: «Ռեալում» նրա զոհերը դարձան Կասիլյասն ու Կական, «Մանչեսթեր Յունայթեդում»՝ Մխիթարյանը, «Չելսիում» այդ զոհերից մեկն էր հենց Դե Բրույնեն. «Մամուլում շատ է խոսվել իմ ու Ժոզեի հարաբերություններից, բայց իրականում մենք 2 անգամ ենք շփվել: Ծրագիրը միշտ հետևյալն էր՝ ես պետք է վարձավճարով խաղայի այլ ակումբներում ու ավելի ուժեղ վերադառնայի «Չելսի», - խոստովանեց դե Բրույնեն The Players Tribune-ի իր սյունակում:

2013-ի ամռանը Դե Բրույնեի պահանջարկը մեծ էր: Նրա ծառայություններով հետաքրքրված էր Յուրգեն Կլոպի «Բորուսիան», որը, ի վերջո, ձեռք բերեց Հենրիխ Մխիթարյանին: Բայց Մոուրինյոն թույլ չի տվել բելգիացուն հեռանալ թիմից. «Դու մնում ես, քանի որ այս թիմի մասնիկն ես»:

«Կարծում էի, թե մտնում եմ նրա ծրագրերում»,- ասում է Դե Բրույնեն ու նշում, որ ևս մեկ հանդիպում է ունեցել Մոուրինյոյի հետ դեկտեմբերին. «Նա ինձ իր աշխատասենյակ կանչեց ու ինչ-որ թղթեր հանեց, որի վրա գրված էր՝ 0 գոլ, 1 ասիստ ու 10 խլում: Ինձանից մի քանի րոպե պահանջվեց՝ հասկանալու, թե ինչ էր նա անում: Հետո նա սկսեց կարդալ Վիլիանի, Օսկարի, Մատայի, Շյուռլեի ու մյուսների վիճակագրությունը: Նա իմ պատասխանին էր սպասում. ես էլ ասացի, որ ի տարբերություն նրանց, որոնք 15-20 խաղ էին անցկացրել, ես ընդամենը 3 հանդիպման էի մասնակցել: Զգում էր, որ ակումբն ինձ չի ցանկանում, իսկ ես ուզում էի ֆուտբոլ խաղալ: Հասկացա, որ ճիշտ որոշումը հեռանալն է»:

Jose Mourinho tells the story behind Kevin De Bruyne in Chelsea-and why it  didn't work - London News Time

«Եթե ունես ֆուտբոլիստ, որը թակում է քո դուռն ու անդադար լացում, դժգոհում ու հեռանալու ցանկություն հայտնում, ապա պետք է որոշում կայացնես: Այդ պահին «Չելսին» ճիշտ վարվեց: Եթե Կևինը մնար՝ դժգոհ ու առանց մոտիվացիայի, միևնույն է մեկ տարի անց նրան վաճառելու էինք: Լոնդոնում նա իր լավագույն խաղամակարդակին չէր հասնի: Նա պատրաստ չէր մրցակցելուն: Փոքրիկ, կամակոր երեխա էր ու շատ վատ էր մարզվում», - հայտարարեց Մոուրինյոն 2017-ին, ինչին ի պատասխան՝ ԿԴԲ-ն հակասեց պորտուգալացուն France Football-ին տված հարցազրույցում. «Նա այդ ամենն ասել է մեդիային, որովհետև ոչ ոք չէր կարող տեսնել «Չելսիի» մարզումները: Դրանք փակ դռների հետևում էին անցկացվում: Խնդրում էի, որ դրանք բաց լինեն մարդկանց համար: Բոլորը գիտեն, որ ես այդպիսին չեմ: Ես այդ ժամանակ ոչինչ չասացի, քանի որ Մոուրինյոն կասեր, թե ստում եմ»:

2014-ի հունվարյան պատուհանին, ի վերջո, «Չելսին» վաճառեց Դե Բրույնեին «Վոլֆսբուրգին» 22 մլն եվրոյի դիմաց՝ թույլ տալով իր մեծագույն սխալներից մեկը:

ԴԵ ԲՐՈՒՅՆԵՆ «ՀԵՐՔԵՑ» ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻՆ՝ ՀԵՌՈՒ ԼՈՆԴՈՆԻՑ

«Վոլֆսբուրգ» տեղափոխվելուց 1.5 տարի անց՝ 2014/15 մրցաշրջանի արդյունքներով, Դե Բրույնեն ճանաչվեց Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ: Նրա խփած 10 գոլերն ու 21 գոլային փոխանցումներն օգնեցին «գայլերին» Բունդեսլիգայում զբաղեցնել 2-րդ տեղը՝ զիջելով միայն «Բավարիային»:

Դե Բրույնեի փայլուն խաղը Գերմանիայում ստիպեց «Մանչեսթեր Սիթիին» բացել քսակը: «Քաղաքաբնակները» իրականացրին այդ պահի տվյալներով իրենց պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը՝ «Վոլսֆսբուրգին» վճարելով 76 մլն եվրո բելգիացու համար: «Էթիհադում» դե Բրույնեն իր խաղը հասցրեց անհավանական բարձր մակարդակի. 7 մրցաշրջան, 286 խաղ, 74 գոլ, 112 գոլային փոխանցում ու 10 տիտղոս (3 Պրեմիեր լիգա, Անգլիայի լիգայի 5 գավաթ, Անգլիայի գավաթ ու Սուպերգավաթ):

Kevin De Bruyne sends warning to Manchester City squad over Liverpool  threat after beating Chelsea

ԳՎԱՐԴԻՈԼԱՅԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԿԵՎԻՆԸ ԴԱՐՁԱՎ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆԸ

Դե Բրույնեն «շարքային» ֆուտբոլիստներից առանձնացավ՝ հայտնվելով առանձնահատուկների շարքում հատկապես Պեպ Գվարդիոլայի՝ «Մանչեսթեր Սիթին» գլխավորելուց հետո:

Անցնող տարիների հետ բելգիացին Պեպի օգնությամբ հարմարվեց ժամանակակից ֆուտբոլին ու համակերպվեց նոր տենդենցներին: Եթե ԿԴԲ-ն դասական խաղարկող էր, ապա 2016/17-ից հետո նա աստիճանաբար դարձավ կենտրոնական կիսապաշտպան՝ box to box: Կևինը հասկացավ, որ փլեյմեյքերի դիրքը ֆուտբոլում վերանում է (Օզիլը, Խամեսը, Իսկոն, Դելե Ալին, Գյոտցեն ու մի շարք այլ ֆուտբոլիստներ հենց դրա պատճառով «կորան» ֆուտբոլային քարտեզից):

Սակայն խաղադաշտում նահանջելուց հետո էլ Կևինի մտքի կրեատիվությունը, ֆուտբոլային անզուգական տեսողությունը դաշտում ու գոլային փոխանցումների քանակը չտուժեցին: Պեպը Դե Բրույնեին օգտագործում է նաև «կեղծ 9 համարի» դիրքում, քանի որ վստահ է՝ բելգիացին ունի բոլոր որակները նաև այդ դիրքում խաղալու համար. ֆանտաստիկ հարվածներ երկու ոտքերով, տուգանային հրապարակում ճիշտ դիրք զբաղեցնելու կարողություն ու հուժկու հարվածներ նաև հեռու տարածություններից:

My head was blown off!' - De Bruyne says it is difficult to adapt to  Manchester City boss Guardiola's tactics | Soccer-Addict

«Դե Բրույնեն եզակի է: Նա արագ է վազում, գերազանց է կարդում խաղը և ունի ուժեղ անհատականություն: Կևինի կարգը շատ բարձր է, նա լավագույն ֆուտբոլիստներից է, որ երբևէ մարզել եմ իմ կարիերայում, ու այժմ՝ աշխարհի լավագույն կիսապաշտպանը», - նշում է Պեպը՝ խոնարհվելով Կևինի տաղանդի առջև. «Սկզբում մի փոքր տարօրինակ էր: Անում էի այն, ինչ մարզիչն էր ասում: Ես այդ առաջադրանքները երբեք չէի արել խաղադաշտում, բայց փորձում էի լավագույնս անել այդ ամենը», - խոստովանում է բելգիացին:

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՂԱՆԱԿ

2021-ին Դե Բրույնեն հեղափոխական քայլ արեց: Նա երկարաձգեց «Մանչեսթեր Սիթիի» հետ իր գործող պայմանագրի ժամկետը, բայց ոչ թե բանակցեց նրա գործակալը, այլ հենց ինքը՝ անձամբ՝ օգտագործելով Analytics FC ընկերության տրամադրած Big Data-ում իր ցույց տված խաղի տվյալներն ու վիճակագրությունը:

Արդյունքում՝ Դե Բրույնեն փաստերով կարողացավ համոզել «Սիթիի» ղեկավարությանն իր հետ կնքել ավելի շահավետ պայմանագիր: Ըստ նոր պայմանագրի, որը գործելու է մինչև 2025 թվականը, Կևինի աշխատավարձը բարձրանալու է 30 տոկոսով ու կազմելու է շաբաթական 445 հազար եվրո: Այդպիսով՝ նա Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է այս պահին:

KEVIN DE BRUYNE | CONTRACT EXTENSION | 2025 - YouTube

Դե Բրույնեի այս նորարարական քայլին մոտ ապագայում կարող են հետևել մի շարք այլ թոփ ֆուտբոլիստներ:

ԴԵ ԲՐՈՒՅՆԵԻ «ՈՒՂԻՂ» ՎՐԵԺԸ «ՉԵԼՍԻԻՑ»՝ 5 ԳՈԼ 11 ԽԱՂՈՒՄ

«Սա անարդար է: Ես իրոք ուզում էի, որ Դե Բրույնեն մնար, բայց նա ինձ ասաց, որ չունի իր տեղի համար պայքարելու բավարար բնավորություն: Նա կարիք ուներ խաղալու և բարելավելու իր որակները: Բայց ես նրան ասացի, որ երբ երիտասարդ ես ու նույն թիմում ես խաղում Ազարի, Մատայի, Վիլիանի ու Օսկարի հետ, ապա ես չեմ կարող խաղաժամանակ խոստանալ: Ես ուրախ եմ նրա համար, Կևինը լավ տղա է», - վերջերս հայտարարեց Մոուրինյոն՝ ընդունելով, թե որքան թոփ ֆուտբոլիստի է ժամանակին ձեռքից բաց թողել: Բայց, իհարկե, արդեն ուշ էր:

Կևին դե Բրույնեի հիշողություններում դեռ վառ է մնացել այն ժամանակահատվածը, երբ նրան չէին վստահում «Չելսիում», երբ նրա հետ հույսեր չկապեցին Լոնդոնում ու բաց թողեցին «Վոլֆսբուրգ»: 2014-ից հետո՝ ամեն անգամ, երբ Դե Բրույնեի ու «Չելսիի» ճանապարհները խաչվում են, բելգիացին ավելի ակնհայտ է դարձնում իր նախկին թիմի թույլ տված կոպիտ սխալը: «Ազնվականների» դեմ անցկացրած 11 խաղերում Կևինը գրեթե միշտ ցույց է տվել ֆանտաստիկ խաղ, խփել է 5 գոլ, որոնք եղել են շատ գեղեցիկ ու հիմնականում նաև վճռորոշ:

  • 2017/18 մրցաշրջանում՝ Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում, «Չելսին» ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»: Հավասար պայքարում ընթացող խաղի 67-րդ րոպեին Կևինն ստացավ գնդակը մրցակցի կիսադաշտում, պատ խաղարկեց Գաբրիել Ժեզուշի հետ ու ձախ ոտքի գերազանց հարվածով խոցեց Տիբո Կուրտուայի դարպասը, և իր գոլը նա նշեց յուրահատուկ խանդավառությամբ: «Սիթին» հաղթեց այդ գոլի շնորհիվ ու պոկվեց «Չելսիից» մրցաշարային աղյուսակում, իսկ վերջում դարձավ Անգլիայի չեմպիոն:
  •  
  • 2019/20-ի առաջին շրջանում՝ «Էթիհադում», արդեն «Սիթին» էր հյուրընկալել «Չելսիին»: Առաջինը հաշվի մեջ առաջ անցան հյուրերը Կանտեի գոլի շնորհիվ: Հետո «Սիթին» մեծացրեց առավելությունը, ու Դե Բրույնեն, ի վերջո, կրկին ձախ ոտքով գրավեց «Չելսիի» դարպասն ու դրեց «Սիթիի» քամբեքի առաջին քարը:
  • Նույն մրցաշրջանի երկրորդ հատվածում՝ «Սթեմֆորդ Բրիջում» կայացած խաղում, լոնդոնցիներն ավելի ուժեղ էին, բայց Դե Բրույնեն կրկին տխրեցրեց լոնդոնցի երկրպագուներին՝ տուգանայինից կատարած շքեղ հարվածով:
  • 2020/21-ի հունվարի 3-ին թիմերը կրկին հանդիպեցին Լոնդոնում: Այս անգամ «Սիթիի» առավելությունը տոտալ էր. առաջին կեսում Պեպի թիմը 3 գնդակ ուղարկեց «Չելսիի» դարպասը: Այդ 3 գոլերից 2-ում իր մասնակցությունն ունեցավ Դե Բրույնեն. գոլ ու գոլային փոխանցում Ֆոդենին:
  • 2021/22-ին՝ օրեր առաջ՝ «Էթիհադում» կայացած խաղում, «Սիթին» կրկին հաղթեց «Չելսիին» նվազագույն հաշվով: Հեշտությամբ կարող եք գուշակել, թե ով դարձավ կրկին միակ, հաղթական և գեղեցիկ գոլի հեղինակը:   

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա