Logo

«Երբեմն կապերը գումարից կարևոր են». Ինչպես է «Արարատ-Արմենիան» տրանսֆերներ կատարում

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
14:06 / 24.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Ararat-Armenia transfer

«Արարատ-Արմենիան» ընդամենը 4 տարեկան է, սակայն հասցրել է մեծ իրարանցում առաջացնել հայկական ֆուտբոլում, երկու անգամ դառնալ չեմպիոն, եվրագավաթներում տպավորիչ արդյունքների հասնել և Հայաստանի մակարդակով թոփ ֆուտբոլիստների հետ պայմանագիր ստորագրել: Ինչպե՞ս է երևանյան ակումբը կարողանում Յոան Գուֆրանի մակարդակի հանրահայտ խաղացողներ հրավիրել, ինչո՞վ է առանձնանում տրանսֆերային քաղաքականությունը, և ինչպե՞ս է ֆուտբոլիստ ընտրում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատարի ղեկավարությունը: Այդ և այլ հետաքրքիր թեմաների մասին VNews.am-ը զրուցեց «Արարատ-Արմենիայի» մարզական տնօրեն Հակոբ Չալիկյանի հետ:

- Ե՞րբ եք սկսել աշխատել «Արարատ-Արմենիայում».

- Բացման օրից` 2018 թվականի հունիսից: Այդ ժամանակ աշխատակազմ չկար, միայն հեռանկարներ էին թիմի հետ կապված: Սկսած թիմի հանդերձանքից, վերջացրած նոր ֆուտբոլիստներով՝ ամեն ինչ զրոյից էինք սկսում:

-Երբ ակումբն «Ավան Ակադեմիայից» վերանվանվում էր «Արարատ Մոսկվա», հետո՝ «Արարատ-Արմենիա», արդեն թիմում էին 2017 թվականին «Փյունիկից» տեղափոխված բազմաթիվ պատանի տաղանդներ՝ Ժիրայր Շաղոյան, Հովհաննես Հարությունյան, Արմեն Հովհաննիսյան, Ալբերտ Խաչումյան, Արմեն Նահապետյան… Նման տաղանդներ ունեցող թիմը կարող է իր ապագան ծրագրել այդ ֆուտբոլիստների հաշվարկով, ապագայում նրանց վրա շեշտը դնելու հույսով: Դուք նման ծրագրեր ունեի՞ք.

- Մենք ուսումնասիրել էինք նրանց և որոշել հենց առաջին օրից ընդգրկել թիմի կազմում: Հարությունյանն ու Հովհաննիսյանը վարձավճարով մեկնեցին Սլովակիա: Հաշվարկել էինք, որ մի քանի տարի հետո այդ խաղացողները կարող են թիմի կորիզը դառնալ: Հիմա արդեն հասնում ենք դրան: Մնացածը նրանցից է կախված` ինչպես կդրսևորեն իրենց: Օրինակ` Շաղոյանին հաջողվեց վարձակալությունից վերադառնալ և խաղում է գլխավոր թիմում:

- 2018-ին «Արարատ-Արմենիան» սկսեց ելույթները Հայաստանի առաջնությունում և կարճ ժամանակում նոր թիմ հավաքեց` հրավիրելով 26 ֆուտբոլիստի: Ինչպիսի՞ն էր այդ տարվա ամառը.

- Շատ դժվար: Որ հիմա հիշում եմ, զարմանում եմ` ինչպես կարողացանք այդ ամենը հասցնել՝ սկսած ֆուտբոլիստների կենցաղային հարցերից, վերջացրած տեխնիկական խնդիրներով: Օրական 2-3 ժամ էինք կարողանում քնել: 26 ֆուտբոլիստ ընտրելու համար դիտարկել ենք 200-300 խաղացողի: Պողոս Գալստյանի փորձն ու գիտելիքներն էլ շատ օգնեցին նոր թիմ ստեղծել:

- Սկզբնական շրջանում թիմի անունը շատերը չգիտեին…

- Այո՛: Հիշում եմ` «Լոռիի» դեմ մեր առաջին խաղից առաջ մեր ակումբի լոգոն անգամ չկար օնլայն որոնողական կայքերում: Մի տեղ գրում էին «Ավան Ակադեմիա», ուրիշ կայքում՝ «Արարատ Երևան»: Հետաքրքիր է, որ այդ ժամանակ բանակցում էինք Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Սերխի Գոնսալեսի հետ տրանսֆերի վերաբերյալ, և նա ասում էր՝ այդ թիմի անունը փնտրում եմ համացանցում, բայց տեղեկություն չկա: Այդ ի՞նչ ակումբ է, ի՞նչ հավակնությունների մասին կարող է խոսք գնալ: Ասացի, որ սպասի. մի քանի ժամից առաջին խաղն է, արդյունքը կլինի համացանցում: Նա երկար ուսումնասիրեց մեր առաջարկը և ի վերջո ընդունեց այն: Նոր կազմավորված ակումբի համար ֆանտաստիկա էր «Ատլետիկոյի» ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելը, ֆուտբոլիստ, որ մադրիդյան թիմի կազմում օրեր առաջ դարձել էր Եվրոպա լիգայի չեմպիոն` խաղաժամանակ ստանալով այդ մրցաշարում:

- Այդ 200-300 ֆուտբոլիստների թվում, որոնց դիտարկել էիք, կայի՞ն խաղացողներ, որոնք կարող էին «Արարատ-Արմենիայի» կազմում ընդգրկվել, բայց չարեցիք դա, իսկ հետո զղջացիք դրա համար.

- Շատ քիչ` 1-2 խաղացող: Մեզ հասանելի խաղացողներից բոլոր լավագույններին ընտրեցինք:

- Այն ժամանակ «Արարատ-Արմենիան» իսկապես աղմուկով ներխուժեց հայկական ֆուտբոլ, ձմռանն ամրապնդեց կազմը և գարնանը դարձավ չեմպիոն: Իսկ հիմա, երբ արդեն Հայաստանի կրկնակի չեմպիոն եք, ինչպե՞ս է անցնում ակումբի մարզական տնօրենի օրը ձմեռային պատուհանի ժամանակ.

- Նորից ծանրաբեռնված գրաֆիկով: Ամենակարևոր և բարդ խնդիրը տրանսֆերների շուրջ բանակցություններն են: Հիմնական ժամանակը դրան եմ տրամադրում: Նաև պարտադիր ներկա եմ լինում թիմի բոլոր մարզումներին, ինչպես նաև հարկ եղած դեպքում ֆուտբոլիստներին օգնում եմ կենցաղային կամ այլ հարցերում: Ամեն ինչ անում եմ, որ ֆուտբոլիստներն զգան ինչպես տանը:

Ararat-Armenia

- Բանակցությունների մասին նշեցիք. ի՞նչն է բանակցություններում ամենաբարդը Ձեզ համար.

- Երևի թե արտասահմանցի ֆուտբոլիստներին Հայաստանում խաղալուն դրդելը: Շատերը ծանոթ չեն երկրին, տեղյակ չեն առաջնության մակարդակին: Կողքից նրանց թվում է, թե ավելի թույլ լիգա է, քան իրականում: Բազում ֆուտբոլիստներ, որոնք կարծում էին, թե այստեղ կարող են հեշտությամբ լավ խաղալ, հետագայում համոզվել են` ամենևին հեշտ առաջնություն չէ:

- «Արարատ-Արմենիայում» ո՞վ է նման կարծիքի եղել.

- Օրինակ` Հերադի Ռաշիդին, շվեդական ԱԻԿ-ից տեղափոխվելով, չկարողացավ այստեղ ամրապնդվել: Ֆուտբոլիստ, որ Չեմպիոնների լիգայում մեր թիմի դեմ փայլել էր, այստեղ հաջողության չհասավ:

- Ռաշիդին Ձեր ուշադրությունը գրավել էր «Արարատ-Արմենիայի» դեմ խաղերում, իսկ ընդհանրապես ինչպե՞ս եք ընտրում` որ ֆուտբոլիստին առաջարկ կատարել.

- Չափորոշիչները շատ են՝ խաղային որակները, վիճակագրությունը, վնասվածքների պատմությունը, հոգեբանական կողմը…

- Ինչպե՞ս գնահատել հոգեբանական գործոնը.

- Շատ դժվար հարց է: Միշտ չէ, որ ստացվում է գուշակել: Փորձում ենք հնարավոր բոլոր միջոցներով՝ ֆուտբոլիստի մասին տեղեկություններ փնտրելով, նրա հետ անձնական շփումով, մոտավոր հասկանալով` որքան է մեզ համապատասխան:

- Հավանաբար այդ ամենի համար նախնական երկար ժամանակ է հարկավոր՝ շաբաթնե՞ր, թե՞ ամիսներ.

- Ո՛չ, այդքան երկար չէ: Որոշ տրանսֆերներ շատ արագ են իրականացվում:

- Որո՞նք են եղել «Արարատ-Արմենիայի» ամենաերկար և ամենակարճ բանակցությունները.

- Միանշանակ ամենաերկարը Ֆուրջել Նարսինգի հետ էր: Նա երբեք Նիդեռլանդներից դուրս չէր խաղացել, չէր պատկերացնում` ինչ է այլ երկրում բնակվելը: Բավական մեծ տարիքում տեղափոխվեց մեր ակումբ: Շատ կասկածներ ուներ Հայաստան տեղափոխվելու վերաբերյալ: 2 շաբաթ շարունակ՝ օր ու գիշեր, բանակցություններ են ընթացել: Վերջում հաջողվեց համոզել նրան: Ամենակարևորն այն է, որ չի զղջում այդ տրանսֆերի համար, լավ է զգում մեր առաջնությունում: Նարսինգի օրինակով ցույց տվեցինք, որ կարելի է բարձրակարգ ֆուտբոլիստի բարձրակարգ լիգայից հրավիրել Հայաստան: Իսկ ամենակարճ բանակցություններից չեմ կարող առանձնացնել, բայց նշեմ, որ նման գործարքներից շատերն արդյունքում հաջողված են դարձել:

- Ինչպե՞ս առաջացավ Նարսինգի տրանսֆերի տարբերակը.

- Նիդեռլանդական «Դե Գրաֆսխապի» երիտասարդ ֆուտբոլիստներից մեկի խաղն էի ուսումնասիրում տեսանյութերով, բայց իմ ուշադրությունը հենց Ֆուրջելը գրավեց: Այդ ժամանակ նրա տարիքի խաղացողների չէի դիտարկում, բայց Նարսինգի խաղը տպավորեց ինձ և սկսեցի բանակցել:

Grigor Grigorian

- «Արարատ-Արմենիայի» մասին Vivaro Sports-ի ֆիլմում ակումբի գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը նշեց, որ ֆուտբոլիստներին հրավիրելիս առաջին հերթին հաշվի եք առնում` նրանք մենթալիտետով որքան են համապատասխանում Հայաստանին: Դրանից հետո նկատելի է` հաճախ հրավիրում եք VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի այլ թիմերի ֆուտբոլիստների ու մարզիչների, որոնք արդեն ադապտացվել են երկրին ու առաջնությանը: Վերջին տարիներին նման գործարքներն ավելի հաջող են դառնում ակումբի համար (Գունկո, Կամպանյա, Վբեյմար, Տերտերյան, Էզա, Վիմերկատի, Մուրադյան, Շահինյան).

- Շատ լավ հարց է: Նախորդ ամռանը մենք մի փոքր փոխեցինք տրանսֆերային քաղաքականությունը, սկսեցինք ավելի շատ հրավիրել Հայաստանին ադապտացված մարզչի և ֆուտբոլիստների: Արդյունքը ցույց է տալիս, որ դա ճիշտ որոշում էր:

- 2020 թվականին «Արարատ-Արմենիան» «տրանսֆերային պայթյուն» արեց` պայմանագիր կնքելով Յոան Գուֆրանի հետ: Ինչպե՞ս այդ տրանսֆերն ազդեց «Արարատ-Արմենիայի» հեղինակության վրա.

- Հսկայական ազդեցություն ունեցավ ոչ միայն մեր արտաքին վարկանիշի վրա, այլ նաև թիմի ներսում: Գուֆրանն օգնեց թիմը բարձրացնել նոր մակարդակի իր ցուցադրած վարքագծի միջոցով: Հիանալի պրոֆեսիոնալի և մարդու օրինակ է: Շատ ենք ցավում, որ այլևս մեր թիմում չէ, ավարտեց կարիերան: Խաղադաշտից դուրս իրեն շատ պարզ էր պահում, օգնում էր բոլորին, նույնիսկ ադմինիստրատիվ հարցերում: Նույնիսկ մարդկանց օգնում էր իրերը տանելու գործում: Թիմում բոլորը նրան շատ էին սիրում, մեծ հետք թողեց մեր պատմության մեջ:

- Ինչպե՞ս հաջողվեց պայմանագիր կնքել Գուֆրանի հետ.

- 2020 թվականի ձմռանը նրա դիրքի ֆուտբոլիստ էինք փնտրում: Հիշեցի, որ մեր աշխատակիցներից մեկը տվել է ինձ Յոանի հեռախոսահամարը: Որոշեցի գրել նրան: Մի քանի ժամ զրուցեցինք, և նա ասաց՝ հետաքրքրված է առաջարկով: Նա թիմին միացավ Կիպրոսում ընթացող հավաքի ժամանակ: Հիշում եմ` մեր երիտասարդ ֆուտբոլիստները որքան զարմացած էին: Գուֆրանը մինչև այդ կես տարի չէր խաղացել, շատ ցավեր ուներ, բայց հավաքի ժամանակ գերմարդկային ջանքեր գործադրեց, ի պատիվ մեր բժիշկների՝ բոլոր դժվարությունները հաղթահարեց և մեծ դեր խաղաց մեր չեմպիոնության գործում:

- Ֆինանսապես դժվա՞ր է նման կարգի ֆուտբոլիստ ունենալ ակումբի կազմում.

- Միգուցե, հիմա զարմացնեմ շատերին, բայց Գուֆրանը ֆինանսական շարժառիթներով չէր տեղափոխվել Հայաստան: Միջին աշխատավարձ էր ստանում Հայաստանի մակարդակով: Բայց դա նաև ցույց է տալիս, որ գումարը միակ շարժառիթը չէ մեզ մոտ խաղալու համար:

- Միգուցե Գուֆրանը Հայաստանում երբևէ հանդես եկած ամենաճանաչված օտարերկրացի խաղացողն է: Արդյոք այս 2 տարում եղե՞լ են այլ հանրահայտ խաղացողներ, որոնք մոտ են եղել  «Արարատ-Արմենիա» տեղափոխվելուն.

- Այո՛, Բակարի Սանյան: 2020 թվականին նրա հետ բանակցությունները հաջող անցան, համաձայնեց տեղափոխվել Հայաստան: Հենց Գուֆրանի գործոնն էր մեծ դեր խաղացել: Բայց հետո ընտանեկան պատճառներով տրանսֆերը չստացվեց: Սանյան իր ընտանիքի հետ սկսել էր բնակվել Կանադայում և որոշեց թեկուզ կարճ ժամանակով չբաժանվել ընտանիքից:

- Դուք ինքնե՞րդ եք ֆուտբոլիստների ընտրում, թե՞ ունեք սելեկցիոն բաժին.

- Ունենք սելեկցիոն բաժին, որն ինձ շատ է օգնում: Մեզ մոտ ամեն ինչ համակարգված է: Սելեկցիոն բաժնից ստանում եմ ֆուտբոլիստների մասին տեղեկություններ, այնուհետև սկսում եմ բանակցել: Արդեն հաստատված կապեր կան արտասահմանյան գործակալական կազմակերպությունների հետ, որոնք նույնպես խաղացողների են առաջարկում, և մենք դիտարկում ենք: Ֆուտբոլիստների ընտրության հարցում անգնահատելի դեր ունի նաև Պողոս Գալստյանը:

- Իսկ կա՞ն ակումբներ, որոնց հետ «Արարատ-Արմենիան» շատ լավ հարաբերությունների մեջ է, և դա օգնում է տրանսֆերային բանակցությունների ժամանակ.

- Այո՛, իհարկե: Օրինակ՝ լավ հարաբերությունների մեջ ենք «Լիդս Յունայթեդի» հետ: Երբ այդ ակումբի մարզական տնօրեն Վիկտոր Օրտան ժամանել էր Հայաստան, հանդիպեցի նրան: Արդյունքում՝ 2 տարի առաջ, երբ «Լիդսը» դեռ Չեմպիոնշիփում էր, շատ մոտ էինք այդ ակումբից 2 ֆուտբոլիստ վարձակալելուն, սակայն գործարքը վերջին պահին խափանվեց:

- Իսկ որքա՞ն հաճախ է «Արարատ-Արմենիան» գումարով ձեռք բերում ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունքները: Միակ մեզ հայտնի դեպքը, երբ «Արարատ-Արմենիան» ֆուտբոլիստի համար գումար է վճարել, Պետրոս Ավետիսյանի տեղափոխությունն է «Փյունիկից», այն էլ՝ Արթուր Սողոմոնյանն է հայտնել: Այլ նմանատիպ տրանսֆերներ եղե՞լ են.

- Կարելի է ասել` ոչ: Մենք գրեթե բոլոր ֆուտբոլիստներին ձեռք ենք բերում ազատ գործակալի կարգավիճակում:

- Օտուբանջոյի՞ն էլ.

- Նրա տրանսֆերային իրավունքները չենք գնել, այլ առաջին կես տարում վարձակալել ենք և վճարել ենք վարձավճարի գումարը: Կես տարի հետո նա դարձել է ազատ գործակալ, և մեզ հետ լիիրավ պայմանագիր կնքել:

Հակոբ Չալիկյան

- Տրանսֆերի համար ավելի կարևոր են ֆուտբոլային աշխարհում կապե՞րը, թե՞ գումարը.

- Հավասար: Երբեմն կապերն ավելի ծանրակշիռ դեր են ունենում: Այսօրվա ֆուտբոլում ծանոթությունները հաճախ եղանակ են ստեղծում: Ֆուտբոլիստների շրջանում նույնպես մեր վարկանիշը բարձրանում է, քանի որ մարզական արդյունքներից զատ, նաև շատ խաղացողներ մեր ակումբից են հրավիրվում ազգային հավաքական: Ոմանք նույնիսկ առաջին անգամ, ինչպես Պաշովը, Տերան, Սանոգոն: Վերջինս Բուրկինա Ֆասոյի հավաքականի կազմում երեկ դուրս եկավ Աֆրիկայի ազգերի գավաթի քառորդ եզրափակիչ:

- Կա՞ն արդյոք ֆուտբոլիստներ, որոնց բաց եք թողել «Արարատ-Արմենիայից» և հետո զղջացել դրա համար.

- Գուֆրանը, որը, սակայն, ընտանեկան պատճառներով հեռացավ: Նաև՝ Սերխի Գոնսալեսը, որը տեղափոխվեց «Ալավես»: Նա կարևոր դերակատարում ուներ, և երկար ժամանակ չէինք կարողանում նրան արժանի փոխարինող գտնել:

- Մաիլսոն Լիմա՞ն.

- Նա վերադարձավ, և դա արդեն խոսուն է:

- Ինչո՞ւ հեռացավ.

- Ցանկանում էր նոր փորձ իր կարիերայում, բայց շուտով հասկացավ, որ մեր ակումբը նրա համար յուրահատուկ տեղ ունի, ընտանիքի նման է, և վերադարձավ:

- Զգո՞ւմ եք տարբերություն նախկին և նեկայիս Լիմայի միջև.

- Բավական շատ: Հոգեբանական առումով սկսել է շատ կայուն ելույթներ ունենալ: Հիմա նա շատ երջանիկ է, մենք էլ ենք երջանիկ, որ Մաիլսոնի պես ֆուտբոլիստը մեր գույներն է պաշտպանում:

Լիմայի հեռանալու վերաբերյալ մեր երկրպագուների արձագանքն էլ լավ չէր: Մենք մեծ նշանակություն ենք տալիս «Արարատ-Արմենիայի» ֆան-ակումբի կարծիքին, և դա էլ գործոններից մեկն էր: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին: Նրանք շարժիչ ուժ են մեզ համար, շատ են մոտիվացնում: Ֆուտբոլային մշակույթի համար նրանք մեծ նշանակություն ունեն:

- Մյուս հարցի պատասխանը հետաքրքրում է ոչ միայն «Արարատ-Արմենիայի», այլև հայկական ֆուտբոլի բոլոր սիրահարներին. Ժիրայր Շաղոյանը նախորդ մրցաշրջանի փայլուն ելույթներից և Հայաստանի հավաքականում նորամուտից հետո, թվում էր, կտեղափոխվի եվրոպական ուժեղագույն լիգաներից մեկը: Ինչո՞ւ դա տեղի չունեցավ.

- Ինչպես մենք, այնպես էլ Ժիրայրը, կարծում էինք, որ արտասահմանյան թոփ ակումբ տեղափոխության պահը դեռ չէր հասունացել: Շաղոյանը կարծում է, որ պետք է որպես ֆուտբոլիստ կայանա՝ Հայաստանում հանդես գալով: Նա ճիշտ ուղու վրա է, ճիշտ ֆուտբոլային մտածելակերպ ունի: Հենրիխ Մխիթարյանը նույնպես կայացավ Հայաստանում, այնուհետև մեկնեց արտասահման:

- Որքա՞ն եք գնահատում ժիրայրի տրանսֆերային արժեքը.

- Բանակցությունների հարց է, կոնկրետ թիվ չեմ կարող ասել: Ֆուտբոլիստի գինը պայմանավորված է մեծ թվով հանգամանքներով:

- Զարմանալի է, բայց Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը քիչ խաղաժամանակ է ստանում. VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում ընդամենը 270 րոպե է խաղացել: Սպասո՞ւմ էիք, որ նման աղմուկ հանելուց հետո նա կարող է չհայտնվել մեկնարկային կազմում.

- Հաշվի առել ենք, որ թիմում մեծ մրցակցություն է՝ մեկնարկային կազմում խաղալու համար: Ժիրայրը, հենց այդ մրցակցությունը հաղթահարելով, զարգացման ևս մեկ քայլ կկատարի:

- Բայց Շաղոյանի նախընտրելի դիրքում խաղում է առաջնության լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Մաիլսոն Լիման: Ինչպե՞ս հաղթել մրցակցությունը.

- Քրտնաջան աշխատանքով: Ամեն ինչ նրա ձեռքերում է, և ամեն ինչ հնարավոր է:

Poxos Galstyan

- Տրանսֆերների հարցում ի՞նչ դեր ունի Պողոս Գալստյանը.

- Մեր ակումբում բոլոր առանցքային հարցերը կոնսենսուսի արդյունքում են որոշվում: Պողոս Գալստյանն իր ծանրակշիռ խոսքը վերջում ասում է բոլոր հարցերում, և սելեկցիան բացառություն չէ:

- Կա՞ ֆուտբոլիստ, որի տաղանդը հենց Պողոս Գալստյանն է նկատել և խորհուրդ տվել ձեռք բերել այդ խաղացողին, բայց նա չի եղել անձամբ Ձեր տեսադաշտում.

 - Հիշում եմ` Դավիթ Տերտերյանի մասին ասաց՝ ազգային հավաքականի ապագա ֆուտբոլիստ է: Դրանից հետո հրավիրեցինք Դավիթին, իսկ հիմա նա Հայաստանի հավաքականում կայուն ելույթներ է ունենում:

- Խոսեցինք ֆուտբոլիստների մասին, մի քիչ էլ՝ մարզիչների: Ի՞նչ սկզբունքով է «Արարատ-Արմենիան» ընտրում մարզիչներին.

- Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ մարզչի մարդկային որակները հավասար կամ նույնիսկ ավելի կարևոր են, քան գիտելիքները:

- Գունկոյին այդ սկբունքո՞վ եք հրավիրել.

- Շատ գործոններ ենք հաշվի առել, ամենակարևորը «Նոայի» ցուցադրած լավ խաղն էր:

- Ինչպիսի՞ն են «Արարատ-Արմենիայի» կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը.

- Երկարաժամկետ ծրագրերից է լիարժեք թիմից լիարժեք ակումբի վերածվելը: Ամեն ինչ կանենք դրա համար: Ուզում ենք լինել ակումբ, որն ունի իր պատմությունը, ավանդույթները, իր ֆուտբոլային մշակույթը, երկրպագուների բանակը, որն արդեն կա, և ունենալ կայուն ֆուտբոլային մարզադպրոց: Նաև սեփական մարզաբազա կառուցելու ծրագրեր ունենք:

Կարճաժամկետ ծրագրերից է եվրագավաթների խմբային փուլ մտնելը: Վստահ եմ` երկրպագուների գործոնը որոշիչ է լինելու: Ամեն անգամ մենք ֆուտբոլասերների հսկայական աջակցություն ենք զգացել, և վստահ եմ՝ 2020 թվականին, եթե չլիներ կորոնավիրուսը, մենք կարող էինք խմբային փուլ մտնել: Օրերս խոսում էի «Դյուդելանժի» արդեն նախկին ֆուտբոլիստներից մեկի հետ, որն ասաց` երբեք երկրպագուների ավելի լավ աջակցություն չի տեսել, ինչպես հայ ֆուտբոլասերների կողմից «Արարատ-Արմենիա» – «Դյուդելանժ» երևանյան խաղում:

- «Արարատ-Արմենիան» այս կազմով կարո՞ղ է խմբային փուլ դուրս գալ, թե՞ համալրման կարիք ունի.

- Համալրումը միշտ հարկավոր է՝ չնայած նրան, որ հիմա էլ ուժեղ թիմ ունենք: Այդուհանդերձ, բանակցում ենք նորեկների վերաբերյալ: Փորձելու ենք ուժեղացնել բոլոր դիրքերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա