Logo

Ինչպես Մեսին փոխեց «Բարսելոնայի» պատմությունը. Լեոյի 10 լավագույն պահերը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 06.08.2021ՍՊՈՐՏ
Screenshot 3 - Ինչպես Մեսին փոխեց «Բարսելոնայի» պատմությունը. Լեոյի 10 լավագույն պահերը

Լիոնել Մեսին հեռանում է «Բարսելոնայից»: Այս լուրից անցել է ժամեր, բայց դրան հավատալ, այդ տեղեկությունն ամբողջովին մարսել, ընկալել դեռ չի ստացվում: Այս պատմական փաստով ֆուտբոլում նոր աշխարհակարգ է ձևավորվում, իրողություն է փոխվում, էպոխա է ավարտվում:

Մեսի-«Բարսելոնա» համագործակցությունը լավագույններից է (եթե ոչ լավագույնը) համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ: «Բարսելոնան» Մեսիին տվել է ամեն ինչ, տվել է հնարավորություն՝ աշխարհում լավագույնը լինելու համար: Արգենտինացի ֆուտբոլիստը մանկապատանեկան տարիքում հայտնվել է կատալոնական ակումբում, տոտալ ֆուտբոլի համակարգում, որտեղ առաջնահերթություն էին տալիս ակադեմիային, երիտասարդներին և ամուր պահում Յոհան Կրույֆի բերած տիկի-տակայի մշակույթ/փիլիսոփայությունը: Մեսին իր թիկունքում ուներ «Բարսելոնայի» պատմության ամենահզոր ֆուտբոլիստներին՝ Չավի, Ինիեստա, Բուսկետս, Պիկե, գլխավոր մարզիչն էլ «Բարսայի» գաղափարների կրող Պեպ Գվարդիոլան էր: Այստեղ նա կարող էր ցույց տալ իր ամբողջ պոտենցիալն ու նվաճել հնարավոր բոլոր տիտղոսները: Նա այդպես էլ արեց:

Բայց Մեսին էլ շատ բան է տվել «Բարսելոնային»: Նրանից առաջ կատալոնական ակումբն այլ թիմ էր, հիմա՝ բոլորովին այլ: Մեսիի շնորհիվ «Բարսելոնայի» թանգարանը լցվեց բազմաթիվ տիտղոսներով. բավական է նշել միայն Չեմպիոնների լիգայի 4 գավաթի և Լա լիգայի 9 տիտղոսի մասին: Մեսին իր խաղով «Բարսելոնային» պահում էր ամենաբարձր մակարդակում նաև թիմի համար ամենածանր պահերին: Թվեր, նվաճումներ, խաղ, գեղեցկություն, գոլեր, ավելի մեծ անուն, կարգավիճակ… ավելորդ համարձակություն չէ հայտարարել, որ Մեսին «Բարսելոնայի» պատմության լավագույն ֆուտբոլիստն է:

Այժմ թվերով, գոլերով ու խաղերով հիշենք Մեսիի լավագույն պահերը, որոնց շնորհիվ նա փոխեց «Բարսելոնայի» պատմությունը:

Հեթ-տրիկը՝ «Ռեալի» դեմ խաղում

«Բարսելոնայում» միշտ էլ եղել են հեռանկարային ու տաղանդավոր ֆուտբոլիստներ: Բայց 2006/07 մրցաշրջանի՝ «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած Կլասիկոյի ժամանակ պարզ դարձավ, որ կատալոնացիների նոր տաղանդը հերթականներից չէր: Իսպանիայի առաջնությունում չեմպիոնության համար պայքարում ընթացող խաղում «Ռեալը» 3 գոլ խփեց, բայց հաղթանակով չհեռացավ Բարսելոնայից: 19-ամյա Լիոնել Մեսին դարձավ հեթ-տրիկի հեղինակ մադրիդյան գրանդի դեմ խաղում՝ խփելով տարբեր ճաշակի գոլեր: Այդ երեկոյից հետո բոլորը հասկացան, որ «Բարսելոնայում» նոր գերաստղ է ծնվել:

«Խետաֆեի» դարպասը խփած գոլը՝ Մարադոնայի ոճով

Այդ խաղից մեկ ամիս անց՝ 2007-ի ապրիլին Մեսին ևս մեկ անգամ ցնցեց աշխարհը: Արքայական գավաթի խաղարկության շրջանակում «Խետաֆեի» դեմ խաղի 28-րդ րոպեին Մեսին գնդակը ստացավ սեփական կիսադաշտում ու խփեց իր կարիերայի լավագույն գոլերից մեկը: Նա շրջանցեց մրցակցի ֆուտբոլիստ Պարեդեսին, մեկ շարժումով գնդակն ուղարկեց Նաչոյի ոտքերի արանքով, «պառկեցրեց» Ալեքսիսին ու Բելենգերին և գրավեց դարպասը: «Կամպ Նոուն» քարացած էր. Դիեգո Մարադոնան արժանի հետնորդ ուներ:

Messi Solo Goal vs Getafe ▻ Best Possible 1080p Quality [& English Commentary] ||HD|| - YouTube

Առաջին ՉԼ-ն ու գլխով խփած հանճարեղ գոլը

2008/09 մրցաշրջանում Մեսին հեռանկարային տաղանդից վերածվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստի: 2006/07-ին նա խփել էր 16 գոլ, 2007/08-ին՝ 17: 2008/09-ին Պեպ Գվարդիոլան գլխավորեց «Բարսելոնան» ու սկսեց ակումբի պատմության լավագույն ժամանակաշրջանը՝ Մեսիի գլխավորությամբ: «Բարսելոնան» նվաճեց հնարավոր բոլոր՝ 6 տիտղոսները, Մեսին խփեց 40 գոլ, դարձավ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու:

Այդ փառահեղ մրցաշրջանում «Բարսելոնայի» ամենահիշարժան 2 խաղում էլ Մեսին փայլեց: Նա դուբլի հեղինակ դարձավ «Ռեալի» նկատմամբ տարած հանրահայտ՝ 6-2 հաշվով հաղթանակի ժամանակ, իսկ Չեմպիոնների լիգայի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում դարձավ հիասքանչ գոլի հեղինակ՝ օդում որսալով գնդակն ու օդապարիկի նման այն իջեցնելով Վան դեր Սարի պաշտպանած դարպասը: 21-րդ դարի լավագույն դարպասապահներից մեկը սարսափահար հայացքով նայում էր գնդակին:

Մեսին այդ տարի նվաճեց իր առաջին «Ոսկե գնդակը»:

Lionel Messi names Champions League final header vs Manchester United as best-ever goal

Դրիբլինգով «Ռեալին» ՉԼ-ից դուրս թողնելը

2010/11 մրցաշրջանում «Բարսելոնան» տրեբլ չնվաճեց. հաղթեց միայն ՉԼ-ում ու Լա լիգայում, բայց իր ցուցադրած խաղով, գուցե, շատ ավելի լավն էր, քան 2008/09-ին: Գվարդիոլան թիմի խաղը հասցրել էր կատարելության, Մեսին էլ իր տարերքի մեջ էր:

Չեմպիոնների լիգայի այդ խաղարկության կիսաեզրափակիչը պարզապես կիսաեզրափակիչ չէր «Բարսելոնայի» համար. մրցակիցը «Ռեալն» էր: Առաջին խաղը տեղի ունեցավ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, որտեղ էլ վճռվեց դիմակայության ելքը: Եվ այն վճռեց մեկ ֆուտբոլիստ՝ իր ֆանտաստիկ խաղով: Մեսին դուբլի հեղինակ դարձավ, որն էլ հաղթանակ պարգևեց թիմին: Նրա խփած երկրորդ գոլը, սակայն, երբեք չի մոռացվի: Արգենտինացին շրջանցեց «Ռեալի» 4 ֆուտբոլիստի ու գրավեց Իկեր Կասիլյասի դարպասը: Մեծ գոլ՝ մեծ խաղում:

«Ուեմբլիի» ներկայացումը

ՉԼ նույն խաղարկության եզրափակիչում «Բարսելոնան» անցկացրեց իր պատմության լավագույն խաղերից մեկը. «Այս թիմը լավագույնն էր, որ երբևէ տեսել եմ», – խոստովանեց սըր Ալեքս Ֆերգյուսոնը, որի «Մանչեսթեր Յունայթեդը» տոտալ կապիտուլյացիայի ենթարկվեց այդ երեկո:

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները պարում էին գնդակով, իրենց արագ ու կարճ փոխանցումներով ձեռնունայն էին թողում մրցակցին և անդադար կրակի տակ պահում Վան դեր Սարի դարպասը: «Բարսելոնայի» գրեթե բոլոր գրոհները, բնականաբար, կազմակերպվում էին Մեսիի միջոցով: 1-1 հաշվի ժամանակ էլ հենց Մեսիի կրակոցն էր, որ վերջնականապես կոտրեց ՄՅՈւ-ի դիմադրությունն ու կատալոնացիներին պարգևեց իրենց պատմության 3-րդ ՉԼ գավաթը:

91 գոլ՝ մեկ տարում

2012 թվականին «Բարսելոնան» չկարողացավ դառնալ Իսպանիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայում էլ պարտվեց «Չելսիին»: Բայց դա չխանգարեց Մեսիին՝ հերթական ֆենոմենալ նվաճմանը հասնելու հարցում:

Արգենտինացի հարձակվողն արդյունավետության համաշխարհային ռեկորդ սահմանեց: 2012 թվականին նա խփեց 91 գոլ, և դա լավագույն արդյունքն է օրացուցային տարվա ընթացքում: Նա գերազանցեց լեգենդար Գերթ Մյուլերի՝ 85 գոլի ցուցանիշը: Այդ 91 գոլից 79 գնդակը նա խփեց «Բարսելոնայում»:

Մեր ընտրանին

2-րդ տրեբլն ու Բոատենգի տապալումը

Գվարդիոլան 2012-ին հեռացավ, «Բարսելոնայի» խաղը որոշակի անկում ապրեց: Հաջորդ 2 տարիներն ակումբի համար այնքան էլ փառահեղ չէին:

«Բարսելոնան» վերածնվեց 2014/15 մրցաշրջանում, երբ թիմը գլխավորեց Լուիս Էնրիկեն, Լիոնել Մեսին էլ ներկայացավ նորովի: Այդ մրցաշրջանում Մեսին գերազանցեց Տելմո Զարայի՝ Լա լիգայի պատմության ռեկորդը և դարձավ Իսպանիայի առաջնությունների լավագույն ռմբարկուն: Մրցաշրջանի երկրորդ հատվածում Մեսին ու ընկերներն անհավանական ֆուտբոլ ցուցադրեցին: «Ռեալի» հետ համառ պայքարում նվաճեցին Լա լիգայի տիտղոսը: Իսպանիայի գավաթի եզրափակիչում հաղթեցին «Ատլետիկին», Մեսին խփեց իր դասական դարձած «սոլո գոլերից»:

Բայց Մեսիի ամենահիշարժան գործողությունն այդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում էր: «Բավարիայի» դեմ կիսաեզրափակիչ առաջին խաղում Մեսին դուբլի հեղինակ դարձավ: Խփած երկրորդ գոլի ժամանակ նա նվաստացուցիչ հնարք կիրառեց, որով տապալեց Ժերոմ Բոատենգին խոտածածկին և գնդակը կախեց Մանուել Նոյերի վրայով: «Բարսելոնան» դուրս եկավ եզրափակիչ ու հաղթեց «Յուվենտուսին»: Մեսիի երկրորդ տրեբլը, և, բնականաբար, 5-րդ «Ոսկե գնդակը»:

MSN. լավագույն եռյակի դիրիժորը

2014/15 մրցաշրջանում ծնունդ առավ ֆուտբոլի պատմության լավագույն հարձակողական եռյակներից մեկը՝ MSN-ը: Մեսին, Նեյմարն ու Լուիս Սուարեսը 2014-ից մինչև 2017 թվականն ընկած ժամանակահատվածում քարուքանդ էին անում մրցակիցներին:

Ընդհանուր առմամբ՝  450 խաղում նրանք միասին խփել են 364 գոլ, կատարել 171 գոլային փոխանցում: Իհարկե՝ Նեյմարն ու Սուարեսը փայլուն ֆուտբոլ էին խաղում, բայց հարձակման դիրիժորն ու գրոհները համակարգողը Մեսին էր: Լեոն սկսում էր գրոհը, Նեյմարը միանում էր եզրերից, իսկ Սուարեսը եզրափակում էր խաղընկերների կոմբինացիան: Հիշարժան է այս 3-ի ստեղծած գոլը «Ռոմայի» դեմ ՉԼ խմբային փուլում խփած գոլը, ինչպես նաև՝ «Սելտայի» դեմ խաղում Մեսիի իրացրած 11-մետրանոցը, երբ նա անակնկալի բերեց դարպասապահին, փոխանցեց գնդակը Լուիս Սուարեսին, որն էլ գրավեց դարպասը:

Video Proves 'MSN' Are The Greatest Footballing Trio Of All-Time - SPORTbible

Հաղթական գոլը Կլասիկոյում ու մարզաշապիկի ցուցադրությունը՝ «Բեռնաբեուում»

2016/17 մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոն դարձավ «Ռեալը», բայց «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած Կլասիկոյում հաղթեց «Բարսելոնան»:

Մեսին, որը խփած 26 գոլով Կլասիկոների պատմության լավագույն ռմբարկուն է, լռեցրեց մադրիդցիներին իր խաղով: Նախ՝ առաջին կեսում նա դարձավ գոլի հեղինակ: Խաղավերջում հաշիվը 2-2 էր: Մրցավարի ավելացրած ժամանակում Սերխի Ռոբերտոն հակագրոհ ձեռնարկեց, գնդակը փոխանցեց Ալբային, որն էլ ուղարկեց կենտրոն: Տուգանային հրապարակ ներխուժած Մեսին անկասելի հարվածով գրավեց դարպասն ու հաղթանակի նժարը կատալոնացիների կողմը թեքեց: Խփած գոլից հետո Մեսին իր 10 համարի մարզաշապիկը պարզեց «Ռեալի» երկրպագուների առջև, ինչը դարակազմիկ կադր դարձավ ու կմնա Կլասիկոների պատմության մեջ:

barcacentre on Twitter: "Lionel Messi: "When we play at the Bernabeu, many more spaces are generated. They attack us more because they have the obligation as the host team and people push

Քամբեքն ու 6-րդ «Ոսկե գնդակը»

2018/19 մրցաշրջանում Մեսին իր 3-րդ շնչառությունն առավ:

Էռնեստո Վալվերդեի «Բարսելոնան» կայուն խաղ ցույց էր տալիս, բայց նախկինի նման գրավիչ չէր: Այդուհանդերձ՝ «Բարսելոնան» մինչև մայիս ամիսը հավակնում էր հերթական տրեբլը նվաճելուն: Թիմը դուրս էր եկել Իսպանիայի գավաթի եզրափակիչ, ՉԼ կիսաեզրափակիչ, իսկ առաջնությունում արդեն վճռել էր չեմպիոնության հարցը: Եվ այդ ամենը մեծապես Մեսիի խաղի շնորհիվ: Չավին ու Ինիեստան չկային, ու «Բարսելոնան» երբեք այդքան կախված չէր եղել Մեսիի խաղից:

Արգենտինացին այդ մրցաշրջանում Լա լիգայում խփեց 36 գոլ ու դարձավ լավագույն ռմբարկու, Չեմպիոնների լիգայում էլ միայնակ հասցրեց թիմին մինչև կիսաեզրափակիչ: «Բարսելոնան» Մեսիի գոլերով հաղթեց «Լիոնին», «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ կիսաեզրափակիչ առաջին խաղում 3-0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»: Մեսին դուբլ գրանցեց ու ավանդույթի համաձայն՝ գոլերից մեկը շեդևր էր: Տուգանայինից կատարած անթերի հարվածով Մեսին գրավեց Ալիսոնի դարպասը: Հետո եղավ «Էնֆիլդյան» ողբերգությունը, «Բարսելոնան» դուրս մնաց ՉԼ-ից, պարտվեց գավաթի եզրափակիչում, բայց Մեսին իրենից հասանելիք ամեն ինչ արել էր:

Արգենտինացին իր անհատական հրաշալի խաղի շնորհիվ նվաճեց 6-րդ «Ոսկե գնդակը»՝ այդ մրցանակի քանակով դառնալով աշխարհում միանձնյա առաջատար:

Messi will offer his sixth Golden Ball to the Camp Nou

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լրահոս