Logo

Նրանք մոտ են Չեմպիոնների լիգայում սխրանքի. ինչպես փոխվեց ավստրիական ակումբի պատմությունը 17 տարում

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
17:28 / 08.03.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Չեմպիոնների լիգայում Մյունխենի «Բավարիայի» այսօրվա մրցակից «Զալցբուրգը» 1/8 եզրափակիչի առաջին խաղերի գլխավոր սենսացիան դարձավ, ու քիչ էր մնում՝ թիմը պատմական հաղթանակ տաներ մրցաշարի հիմնական ֆավորիտներից մեկի նկատմամբ, սակայն ավստրիական ակումբը նոր չէ, որ սխրանքների արահետով է ընթանում. առաջին անգամ իր ու երկրի պատմության մեջ դուրս է եկել մրցաշարի փլեյ-օֆֆ՝ խմբային փուլում իր մեջքի հետևում թողնելով իսպանական «Սևիլիային», գերմանական «Վոլֆսբուրգին» ու 3 միավոր տանելով 6 հանդիպումներից 3-ում։ Ակումբն արդեն 3 մրցաշրջանն անընդմեջ ներկայացնում է Ավստրիան ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։

Ակումբ, որին արդեն վաղուց բոլորս ընկալում ենք որպես տաղանդների արտադրամաս, որտեղ խաղացողները կայանում են ու հեռանում խոշոր գումարների դիմաց: Ռեդ Բուլի ակումբը տուն է նաև շնորհալի մարզիչների համար, բայց դրանք ամենահետաքրքիր ու ինտրիգային փաստերը չեն, ինչ պետք է պատմենք առաջիկա տողերով։

VNews-ը «Բավարիա»-«Զալցբուրգ» պատասխան խաղին ընդառաջ առաջարկում է մանրամասն ծանոթանալ ավստրիական ակումբի ամենակարևոր էջերին, տարբերվող ֆուտբոլային մոդելին, ուսումնասիրել՝ ովքեր են ակումբից դուրս եկած ամենամեծ աստղերը։

Ինչպես «Զալցբուրգի» հոգում արթնացավ «ցուլը»

Երբ էներգետիկ ըմպելիքներ արտադրող «Ռեդ Բուլը» որոշեց իր բրենդը հաստատել ֆուտբոլային աշխարհում, սկսեց 2005-ին հայրենիքից՝ Ավստրիայից։ Ընկերությունը գնեց 50 տարվա պատմություն ունեցող «Ավստրիա Զալցբուրգը», և այդ օրվանից ամեն ինչ ակումբի համար սկսվեց զրոյից։ Երկրպագուների սիրտը նոր սեփականատարերը նվաճեցին, երբ եկան նաև հաղթանակները։ Հանրահայտ ընկերությունը շուտով ձեռք բերեց ևս 3 ակումբ՝ գերմանական «Լայպցիգը», ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլսը» և բրազիլական «Ռեդ Բուլ Բրագանտինոն», որոնք մշտապես փոխգործակցում, փոխլրացնում են միմյանց, ունեն նույն մեթոդներն ու մոտեցումները։

Այդ ժամանակ «Զալցբուրգն» ակումբ էր, որ իր պատմության մեջ 3 անգամ էր դարձել երկրի չեմպիոն, իսկ այժմ արդեն 15 անգամ է հասել այդ նվաճմանը: Վերջին 8 տարիներին անընդմեջ «Զալցբուրգն» Ավստրիայի չեմպիոն է դարձել: 8 անգամ թիմը եղել է երկրի գավաթակիր ու նվաճել երիտասարդների Չեմպիոնների լիգան՝ ճանապարհին հաղթելով «Մանչեսթեր Սիթիի», ՊՍԺ-ի, «Ատլետիկոյի» ու «Բարսելոնայի» երիտասարդական թիմերին:

Ակումբի երկու գլխավոր հենասյուների ստեղծումը

Առաջինը՝ միջազգային սկաուտական համակարգ
Ինչպես պատմում է ակումբի սպորտային տնօրեն Քրիստոֆ Ֆրեյդը, սկզբում ակումբի փիլիսոփայությունը լիովին այլ էր, քանի որ թիմի գույները պաշտպանում էին խաղացողներ, որոնք իրենց կարիերայի մայրամուտին էին, սակայն 2012-ին այս մոդելը փոխվեց, ու ամեն ինչ սկսեց աշխատել նոր շարժիչով։ Մասնավորապես, դրվեց նոր ծրագրի հիմք՝ երկու գլխավոր սյուներով. առաջինը՝ միջազգային սկաուտական համակարգն էր, երկրորդը՝ բարձր մակարդակի մարզումային կենտրոնների ստեղծումը։

«Մենք միայն փնտրում ենք երիտասարդ խաղացողների՝ 16-ից 19 տարեկան։ Մենք հաղորդագրություններ ենք ստանում շատ գործակալներից, բայց մեծ մասը մեզ չի հետաքրքրում, քանի որ կա՛մ տարիքով մեծ են, կա՛մ էլ այլ ոճի ֆուտբոլիստներ են։ Մեզ պետք են արագություն, խելք, լավ մտածելակերպ, լավ բնավորություն, մտավոր սուր խաղացողներ։ Միգուցե սա մի փոքր տարբերվում է այլ ակումբներից»,- պատմում է Ֆրեյդը։

Ակումբի շուրջ հավաքված բոլոր մարդիկ համակարծիք են, որ որոշակի հմտություններով օժտված տղան այլևս եզակի ադամանդ չէ նրանց համար, ինչպես 10 տարի առաջ, քանի որ նրանք փնտրում են ավելին, քան արագ, տեխնիկապես զարգացած խաղացողների, նրանք փնտրում են կատարյալ տղաների, որոնք համատեղում են բոլոր առավելությունները, ինչը երազում են թոփ ակումբները։

«Ֆուտբոլիստի մտածելակերպը շատ կարևոր է։ Ես միշտ ասել եմ, որ մտածողությունն ավելի կարևոր է, քան տաղանդը։ Ինչպե՞ս է պահում ֆուտբոլիստն իրեն խաղադաշտից դուրս, ինչպե՞ս է մարզվում, ինչպիսի՞ն է նրա արձագանքը, երբ պարտվում է, ինչպե՞ս է վերաբերվում իր թիմակիցներին»,- ավելացնում է Ֆրեյդը։

Շատերին էլ ակումբն առաջարկում է մուտք գործել ետնաբեմից՝ ուղարկելով «ՌԲ Ակադեմիա», որը համապատասխանում է տեխնիկական ժամանակակից բոլոր պահանջներին։ Այդ դպրոցից ակումբի մեկնարկային կազմ են հասել 7 խաղացողներ։

Դաշնակիցները տարբեր մայրցամաքներում

Ավստրիայի սահմաններից դուրս «Զալցբուրգը» ևս սերմեր է ցանում ու պայմանագրեր ունի Աֆրիկայի, Ասիայի ու Հարավային Ամերիկայի հետ, որտեղ, ավելի կոնկրետ՝ Բրազիլիայում, տեղակայված է նաև ակումբի մարզումային կենտրոնը։

«Դու չես կարող գնալ Աֆրիկա կամ Ասիա, նրանց ասել, թե ինչպես պետք է ֆուտբոլ խաղալ ու տաղանդներ բերել։ Այս ամենի հետևում հսկայական աշխատանք է թաքնված»,- պատմում է սպորտային տնօրենը։ 

Եվ բնական է, որ բոլոր խոստումնալից ֆուտբոլիստների համար տեղ չի գտնվում հիմնական կազմում, այդ պատճառով «Զալցբուրգը» նման խաղացողներին ուղարկում է իր պահեստային թիմ՝ «Լիֆերինգ», որը հանդես է գալիս Ավստրիայի հզորությամբ երկրորդ դիվիզիոնում։ Այս ակումբում խաղացողների միջին տարիքը 18.27 է։

«Այստեղ երիտասարդ տղաները կարող են իրենց հարմարավետ զգալ ու հնարավորություն ստանալ վաղ տարիքից խաղալ պրոֆեսիոնալ մակարդակի վրա։ Մեզ համար կարևոր է, որ նրանք խաղաժամանակ ստանան լավ մարզումներ անցկացնելու պարագայում»,- ամփոփում է Ֆրեյդը։ 

Երկրորդը՝ գերժամանակից մարզական կենտրոն
2014 թվականին կառուցված գերժամանակակից կառույցը նախանձ կարող է առաջացնել ցանկացած ակումբի մոտ։ Այն այնքան տպավորիչ է, որ «Լիվերպուլի» մարզումային կենտրոնը կառուցելիս մասնագետները ոգեշնչվել են «Զալցբուրգի» իրենց գործընկերներից։

«Զալցբուրգի» մարզումային կենտրոնի կառուցումը տևել է 21 ամիս։ Այնտեղ մարզասարքերը միացված են համակարգիչներին ու հավաքագրում են տվյալներ, որոնց հիման վրա էլ ֆիթնես-մարզիչներն անհատապես յուրաքանչյուրի համար համակարգ են մուտքագրում ծրագիր, որին էլ հետևում են ապագա աստղերը։ Այդ տվյալները մշտապես վերլուծվում են ու թարմացվում։

Այս կենտրոնում է գործում մի շատ հետաքրքիր և ուշագրավ սենյակ, որն ստացել է «360 աստիճան SoccerBot» անվանումը։ Դրա գործը ֆուտբոլիստների տարածության զգացումը ու տեխնիկական արագությունը չափելն է տարբեր խաղերում։ Այդ հանդիպումները վերարտադրվում են թվային կերպով, որպեսզի վիրտուալ կատարվի իրավիճակային վերլուծություն։

«Զալցբուրգում» խստորեն հետևում են նաև կարգապահությանը. խաղացողներին արգելվում է օգտագործել հեռախոսներ կամ էլ, օրինակ, գլխարկներ դնել ճաշարանում, օգտագործել ինտերնետ իրենց սենյակներում երեկոյան ժամը 10-ից հետո: Ննջարաններում էլ հեռուստացույցներ չկան։

Այստեղ կա 6 խաղադաշտ և մեկ փակ ֆուտբոլի դահլիճ, ինչպես նաև Նեյմարի անվամբ մինի ֆուտբոլի դահլիճ։ Մարզումային կենտրոնի անձնակազմը բաղկացած է 120 հոգուց, այդ թվում՝ 20 մարզիչ:

Մարզչական դպրոցն ու դրա կնքահայրը

Ինչպես արդեն պատմեցինք, «Զալցբուրգի» հաջողություններն սկսվում են 2012-ից, երբ Մատեշիցը 4 ժամ տևողությամբ հանդիպում է ունենում «գերմանական ֆուտբոլի կնքահայր» մականունն ունեցող Ռալֆ Ռանգնիկի հետ: Պրոֆեսորն ստանձնում է միանգամից 2 պաշտոն և դառնում «Լայպցիգի» ու «Զալցբուրգի» մարզական տնօրենը. 

«Ռանգնիկն այս նախագծի ճարտարապետն է: Երբ նա ժամանեց «Լայպցիգ», ամեն ինչ փոխվեց: Նա ստեղծեց փիլիսոփայություն, ստեղծեց հստակ գործելաոճ», – ասում է «Ռեդ Բուլի» ղեկավարներից Գուիդո Շաֆերը:

Հենց Ռանգնիկն է կանգնած այն փոփոխությունների ղեկին, ինչի մասին խոսեցինք վերևում. շեշտը դնել սկաուտինգի վրա ու ընդլայնել խաղացողների մոնիթորինգի աշխարհագրությունը։

Եվ ինչպես ֆուտբոլիստների դեպքում, «Զալցբուրգը» ոչ թե լավ մարզիչներ է փնտրում շուկայում, այլ նախընտրում սեփական այգում «աճեցնել» լավ մասնագետների ու օգտվել սեփական բարիքներից։

«Մարկո Ռոուզը («Զալցբուրգի» նախկին գլխ. մարզիչը, Դ. «Բորուսիայի» ներկայիս գլխ. մարզիչը-խմբ) մեր երիտասարդական թիմի մարզիչն էր, իսկ Ջեսի Մարշը («Զալցբուրգի», «Լայպցիգի» նախկին գլխ. մարզիչը, «Լիդս Յունայթեդի» ներկայիս գլխ. մարզիչը-խմբ) ընդհանրապես հայտնի անուն չէր Եվրոպայում։

Մենք ցանկանում ենք գտնել խաղացողների ու մարզիչների, որոնք հավատում են մեր գաղափարներին։ Դա ամենակարևորն է»։

Այս մարզիչների մեջ ներարկված են գերմանացի մասնագետ ու «գեգենպրեսինգի» գլխավոր ջատագով Ռալֆ Ռանգնիկի գաղափարները։

«Զալցբուրգի» լավագույն տղաները

Ֆուտբոլն առաջին հերթին բիզնես է «Ռեդ Բուլի» համար, որը, ֆուտբոլիստներ զարգացնելով, կայացնելով ու նրանց վաճառելով թոփերին, վերջին 5 տարում դիզել է 200 մլն եվրո:

2012-ին «Զալցբուրգին» միացավ 20-ամյա տղան, որը ֆրանսիական «Մեցում» 2 գոլ էր խփել։ Նրա անունը Սադիո Մանե էր։

«Մենք տեսանք նրա ներուժը, նկատեցինք նրա շարժումները, արագությունը, գոլեր խփելու քաղցը։ Նրան անձամբ հանդիպեցինք, ու նա պարզ ասաց, որ ցանկանում է հաջորդ քայլը կատարել»։

Եվ արդյունքում՝ 4 մլն եվրոյի դիմաց Ավստրիա տեղափոխված ֆուտբոլիստը մեկ տարի անց 23 մլն-ով մեկնեց «Սաութհեմփթոն», հետո էլ՝ «Լիվերպուլ», որի առաջատարներից է մինչև այժմ ու որի հետ հաղթել է Չեմպիոնների լիգան։ 

Նույնը կարելի է ասել Նաբի Կեյտայի մասին, երբ նա դեռ 19 տարեկան էր։ Այս ֆուտբոլիստի շնորհիվ թիմը հարստացավ մոտ 29 մլն եվրոյով։ Սակայն ամենավառ աստղը Էրլինգ Հալանդն է, որը հիմա ամենապահանջված երկու խաղացողներից է գրանդ ակումբների շրջանում։

Պետք է նշել նաև Դայո Ուպամեկանոյի, Կևին Կամպլի ու Դոմինիկ Սոբոսլայիի անունները։ 

Մենք ֆուտբոլիստներին միշտ վստահություն ենք հաղորդում ու ասում, որ չենք ցանկանում նրանց հավերժ տեսնել մեր թիմերում: Նրանք գիտեն, որ տարիներ հետո խաղալու են ավելի բարձր մակարդակի թիմերում», – նշում է «Զալցբուրգի» և «Լայպցիգի» սկաուտների թիմի ղեկավար Յոհանես Սպորսը:

Իսկ այս մրցաշրջանում «Զալցբուրգում» փայլում է 20-ամյա գերմանացի հարձակվող Կարիմ Ադեյեմին։ Միայն անցած մրցաշրջանում դառնալով հիմնական կազմի ֆուտբոլիստ՝ նա իր անվան դիմաց արդեն իսկ գրանցել է 14 գոլ առաջնության 18 խաղում ու ևս 3 գոլ է հեղինակել Չեմպիոնների լիգայում, իսկ Գերմանիայի հավաքականում իր առաջին գոլը խփել է Հայաստանի հավաքականի դարպասը։ «Բավարիայի» դեմ պատասխան խաղում նա, անկասկած, ցույց կտա, թե ինչու են «Բորուսիայում» նրան համարում Էրլինգ Հալանդի հետնորդը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա