Logo

Ինչպես «Ռեալի» աստղից դառնալ ոչինչ 7 տարում. Խամեսի կործանման պատճառները

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 26.09.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
james rodriguez everton colombia 1lorj8kphf5001e087ns5flcu9 scaled - Ինչպես «Ռեալի» աստղից դառնալ ոչինչ 7 տարում. Խամեսի կործանման պատճառները

Խամես Ռոդրիգեսը լատինամերիկյան դպրոցի գլխավոր խոստումներից էր Ռադամել Ֆալկաոյի հետ միասին: Նրանց կարիերայի սկիզբը բավական նման է. արգենտինական ակումբ, հետո՝ «Պորտու»: Խամեսը լավ խաղով աչքի էր ընկնում Պորտուգալիայում, բայց նրա աստղային ժամը եկավ 2014-ին՝ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ, երբ նա Կոլումբիայի հավաքականին առաջնորդեց մինչև ԱԱ 1/4 եզրափակիչ, գերեց իր խաղով բոլորին ու դարձավ այդ Մունդիալի լավագույն ռմբարկուն՝ խփած 6 գոլով:

Մունդիալի ավարտից մի քանի օր անց Խամեսը պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ ու ստացավ 10 համարի մարզաշապիկը. «Իմ երազանքը կատարվեց. տեղափոխվեցի «Ռեալ» ու ցանկանում եմ հաղթել այստեղ», – հայտարարեց Խամեսն իր շնորհանդեսին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, որտեղ 45 հազար երկրպագուներ էին հավաքված:

Խամեսի առաջին մրցաշրջանը Մադրիդում փայլուն ստացվեց: Նա աչքի ընկավ նորամուտի խաղում՝ գրավելով «Ատլետիկոյի» դարպասը, շատ արագ շահեց Կառլո Անչելոտիի վստահությունն ու հայտնվեց մեկնարկային կազմում, 47 խաղում խփեց 17 գոլ՝ մեկը մյուսից գեղեցիկ: Այդ ժամանակ Խամեսը 23 տարեկան էր: Թվում էր՝ առաջիկա 5-6 տարիներին նա լինելու է «Ռեալի» հիմնական աստղերից մեկը, բայց 2014/15 մրցաշրջանով ամեն ինչ սկսեց ու ավարտվեց:

Խամեսի անցկացրած անհավանական տարվանից/մրցաշրջանից անցել է 7 տարի: 7 տարի անց կոլումբացին պահանջարկ չունի նույնիսկ եվրոպական ոչ ամենաթոփ ակումբների շրջանում. նույն «Միլանը», «Պորտուն», «Բենֆիկան» կամ «Բեշիկթաշը» չցանկացան գնել նրան: Խամեսի գործակալ Ժորժե Մենդեշը ստիպված եղավ իր երբեմնի լավագույն հաճախորդներից մեկի համար փնտրել ոչ թե մարզական, այլ գոնե ֆինանսական առումով շահավետ ճանապարհ: Օրեր առաջ հայտարարվեց Խամեսի՝ Կատարը ներկայացնող «Ալ Ռայան» ակումբ տեղափոխության մասին: Կատարում տաղանդավոր ֆուտբոլիստը կստանա ամսական մոտ 1 մլն եվրո, բայց նրա անունը ավելի ու ավելի քիչ կլսենք:

Ընդամենը 30-ամյա Խամեսը, կարծես, ավարտում է իր ելույթները մեծ ֆուտբոլում, մինչդեռ հիմա կան 33, 34 կամ 36 տարեկան ֆուտբոլիստներ, որոնք իրենց կյանքի ֆուտբոլն են խաղում: Ինչպե՞ս Խամեսի կարիերան ոչինչ դարձավ, ո՞րոնք էին նրա անհուն ռեգրեսի գլխավոր պատճառները: Փորձենք հասկանալ:

Խնդիրները մարզիչների հետ

Խամեսը ժպտերես ու «սիմպո» երիտասարդ էր, ու թվում էր՝ նա դասվելու է ֆուտբոլային հրեշտակների շարքին:

Բայց հետագայում պարզ դարձավ, որ կոլումբացին բավական բարդ բնավորություն ունի և ամեն մարզչի հետ չէ, որ կարող է հանգիստ աշխատել: Կառլո Անչելոտիի հեռանալուց հետո «Ռեալը» գլխավորեց Ռաֆա Բենիտեսը, որի հետ Խամեսի առաջին իսկ առնչությունը նշանավորվեց կոնֆլիկտով: 2015-ի ամռանը Բենիտեսը Խամեսին խնդրեց միանալ թիմին, որն իր միջմրցաշրջանն էր անցկացնում Ավստրալիայում, բայց Խամեսը հրաժարվեց անել դա, քանի որ նոր էր ավարտվել Ամերիկայի գավաթի խաղարկությունը, և ֆուտբոլիստը որոշել էր չկրճատել իր արձակուրդը: Խամեսը «Ռեալին» միացավ արդեն Չինաստանում:

Իհարկե, այդ ամենն ունեցավ հետևանք: Բենիտեսը Լա լիգայի առաջին տուրում պահեստայինների նստարանին թողեց Խամեսին՝ պարզաբանելով, որ նա լավ մարզավիճակում չէ, իսկ որոշումը տեխնիկական է, ոչ թե անձնական: Մրցաշրջանի սկզբում Խամեսը կրկին թեթև վնասվածք ստացավ, որից վերականգնվելու համար պահանջվում էր 1-2 շաբաթ, բայց Բենիտեսը նրան չօգտագործեց ավելի քան մեկ ամիս: Խամեսը հրավիրվեց Կոլումբիայի հավաքական ու դարձավ գոլի հեղինակ, խաղից հետո էլ իր մեսիջը հղեց Բենիտեսին. «Սա նրանց համար, ովքեր ասում են, թե օպտիմալ մարզավիճակ չունեմ»:

Rafa Benítez fue amenzado para que no firme con el Everton | RCN Radio

Խամեսը գնալով ավելի քիչ խաղաժամանակ էր ստանում Բենիտեսի օրոք, բայց ի ուրախություն իրեն՝ Բենիտեսը հեռացավ ու եկավ Զիդանը: Դա, կարծես, նոր շանս էր կոլումբացու համար: Զիդանի առաջին ամիսներին Խամեսը թեև խաղում էր, բայց կարևոր հանդիպումներին մնում էր պահեստայինների նստարանին: «Ատլետիկոյի» դեմ ՉԼ եզրափակիչում նա գեթ մեկ րոպե չանցկացրեց խաղադաշտում:

2016/17-ին Խամեսն արդեն լիարժեք 2-րդ կազմի ֆուտբոլիստ էր: Ճիշտ է՝ խաղաժամանակի խնդիր չկար, հաշվի առնելով Զիդանի կիրառած ռոտացիան ու այն հանգամանքը, որ պահեստային թիմը խաղում էր Լա լիգայում, հիմնականը՝ ՉԼ-ում, բայց Խամեսն իրեն կարևոր չէր զգում թիմում. «Ինչո՞ւ Զիդանն ինձ չի վստահում. շատ կցանկանայի իմանալ այդ հարցի պատասխանը: Երբ չես խաղում, դժվար է որակներդ ցույց տալը»:

Ի վերջո, Խամեսը հեռացավ «Ռեալից» 2017-ին ու վարձավճարով տեղափոխվեց «Բավարիա»՝ իր սիրելի Անչելոտիի մոտ: Կառլոյի օրոք նա վատ չէր խաղում, խփում էր գոլեր ու կատարում ասիստներ: Մյունխենում նա դարձավ նաև Գերմանիայի չեմպիոն, բայց Անչելոտիի գնալուց ու Կովաչի գալուց հետո Խամեսը կրկին հայտնվեց նույն կոտրած տաշտակի առաջ: Ձախողած մրցաշրջանից հետո Խամեսին գնելու հնարավորությունը «Բավարիան» չօգտագործեց և կոլումբացին վերադարձավ «Ռեալ», որը կրկին գլխավորում էր Զիդանը: Բայց այս անգամ էլ նա ոչ միայն հիմնական կազմի ֆուտբոլիստ չէր, այլ նաև շատ խաղերի հայտացուցակում նույնիսկ չէր հայտնվում:

Real Madrid - La Liga: James and Zidane: A loving relationship that turned sour | MARCA in English

Խամեսի վերջին կոնֆլիկտը եղավ Կոլումբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեյնալդո Ռուեդայի հետ: Ռուեդան չէր հայտավորել Խամեսին Ամերիկայի գավաթին նախորդած վերջին հանդիպումներին, ինչի վերաբերյալ Խամեսը հայտնեց իր անթաքույց դժգոհությունը. «Պետք է հասկանալ, որ ես ֆիզիկական խնդիրներ չունեմ: Ինձ չհայտավորելը մարզչի որոշումն է, որը չես հասկանում ու չեմ ընդունում, դա անարգանք է իմ հանդեպ», – հայտարարեց, Խամեսը, ինչի արդյունքում նա չհայտավորվեց նաև Ամերիկայի գավաթին մասնակցելու համար:

Վերացող դիրքում մնալը

Բացի կոնֆլիկտները, Խամեսը «դուրս մնաց» խաղից, քանի որ չկարողացավ ընտելանալ իր խաղային դիրքի՝ փլեյմեյքերի, խաղարկողի դիրքի մուտացիային: Խաղարկողների՝ հարձակվողի թիկունքում խաղացող ֆուտբոլիստների դերը խաղադաշտում վերջին փոխանցումը կատարելն էր հարձակվողին, կրեատիվ որոշումներ կայացնելը և առանց վազելու՝ կենտրոնով անցումներ կատարելը:

Բայց ֆուտբոլը փոխվեց, սխեմաները՝ նույնպես, ու այժմ այս ֆուտբոլիստները միայն այդ գործառույթով չեն կարող սահմանափակվել: Նոր սխեմաներում չկան խաղարկողներ, նրանցից արդեն պահանջում են պաշտպանվել, դառնալ ամբողջական կիսապաշտպան, որը կխաղա սեփական տուգանային հրապարակից մինչև մրցակցի տուգանային հրապարակի մատույցներ: Խամեսը չկարողացավ ընդունել այս նոր իրողությունն ու ինտեգրվել խաղի նոր կանոններում, ինչի մասին դեռ Կլաուդիո Ռանիերին էր զգուշացնում 2013-ին, երբ Խամեսը «Մոնակոյում» էր ու չէր էլ տեղափոխվել «Ռեալ». «Խամեսը խնդիր ունի: Նա կիսապաշտպան է, բայց մտածում է միայն հարձակման մասին: Ժամանակակից ֆուտբոլը պահանջում է նաև պաշտպանվել: Երբ նա սկսի չխաղալ, կհասկանա դա»:

Who are the best replacements for Rodriguez in FPL?

Բայց Խամեսը չհասկացավ Ռանիերիի խոսքերը: «Ռեալում», հատկապես Զիդանի գալուց հետո, մադրիդցիների կիսապաշտպանները «կերան» Խամեսին: Կազեմիրո-Կրոս-Մոդրիչ եռյակն այլընտրանք չուներ, քանի որ այս ֆուտբոլիստները թիմին տալիս էին խաղային հավասարակշռություն: Կազեմիրոն քանդում էր, Կրոսը վերահսկում գնդակը կենտրոնում ու կազմակերպում թիմի պաշտպանությունը կենտրոնից, Մոդրիչն աշխատում էր խաղադաշտի ամբողջ երկայնքով: Խամեսը միայն պետք էր գրոհներ զարգացնելու համար, բայց միայն այդ գործառույթը քիչ էր: Նա վինգերի դիրքում էլ չկարողացավ լավ դրսևորել իրեն:

«Բավարիայում» էլ թիմի գլխավոր մարզիչՆիկո Կովաչը շեշտում էր Խամեսի տակտիկական թերացումները. «Խամեսը վատ չի խաղում, բայց ես վստահ եմ, որ նա կարող է շատ ավելին անել: Նա պետք է հասկանա, որ պետք է օգնի պաշտպաններին»:

Խամեսը չկարողացավ համակերպվել փոփոխություններին: Զիդանը պահանջում էր լինել ամբողջական կիսապաշտպան, Մյունխենում ցուրտ էր, Պրեմիեր լիգայի տեմպն էլ՝ չափազանց բարձր իր համար:

Մեր ընտրանին.

Փարթիները, ծխախոտն ու պարերը

Կարիերայի բարդ ժամանակահատվածներում Խամեսը չկարողացավ իր մեջ ուժ գտնել ու բարձրացնել գլուխը: Նրան խանգարում էին նաև խրախճանքները, ինչը կարող ենք որակել որպես ոչ պրոֆեսիոնալիզմ:

«Ռեալում» խաղալու ժամանակ՝ 2015-ի փետրվարին լուսանկարներ հայտնվեցին՝ ինչպես է վնասվածք ունեցող Խամեսը զվարճանոմ ու պարում երգիչ Կևին Ռոլդանի հետ: Այդ երեկո «Արքայական ակումբը» պարտվեց «Ատլետիկոյին» 0-4 հաշվով:

Վերջերս էլ՝ մեկ ամիս առաջ, պապարացիները նկատեցին ու «որսացին» Խամեսին Իբիցայում՝ ընկերների հետ զբոսանավի վրա ծխելիս: Այդ լուսանկարները մեծ աղմուկ բարձրացրին Անգլիայում: Եթե «Էվերթոն» ժամանած Բենիտեսը դեռ կասկածներ ուներ Խամեսի՝ թիմում տեղ ունենալու վերաբերյալ, ապա այդ լուսանկարները տեսնելուց հետո նրա համար արդեն պարզ դարձավ, որ Խամեսի հետ հույսեր չի կապելու:

James Rodriguez appears to vape on luxury yacht in Ibiza amid uncertain Everton future - Mirror Online

Կոլումբիայում նույնպես չուրախացան Խամեսի այդ լուսանկարները տեսնելով: Փոխարենը, հավաքականում իրավիճակը շտկելուն ու Ռուեդայի հետ հարաբերությունները վերականգնելուն, Խամեսը զվարճանում է: Միանգամից սկսեցին համեմատություններն իր հայրենակցի՝ Ռադամել Ֆալկաոյի հետ, որը, թեկուզ «Ռայո Վալեկանո» տեղափոխվելու գնով, փորձում է վերադառնալ Կոլումբիայի հավաքական:

Եթե անկեղծ՝ չգիտեմ, թե որ թիմի հետ է խաղալու «Էվերթոնը» հաջորդ շաբաթ. Խամես

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա