Logo

Ինչպես «Շոուբերտո Կառլոսը» մերժեց Մոուրինյոյին՝ դառնալով լավագույն ձախ պաշտպաններից մեկն աշխարհում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 08.07.2021ՍՊՈՐՏ
Luke Shaw - Ինչպես «Շոուբերտո Կառլոսը» մերժեց Մոուրինյոյին՝ դառնալով լավագույն ձախ պաշտպաններից մեկն աշխարհում

ԵՎՐՈ 2020-ին լավագույն արդյունքներ ցույց տվող թիմերի շարքում է Անգլիայի հավաքականը: Անգլիացիների կազմում ամենից շատ աչքի ընկնող ֆուտբոլիստներից մեկը Լյուկ Շոուն է, որի հասցեին գովեստի խոսքեր են հնչեցնում շատ մասնագետներ ու երկրպագուներ: Այժմ դժվար է հավատալ, որ 18 ամիս առաջ Շոուին ՄՅՈւ-ի կազմում ավելի ցածր կշիռ ուներ, քան երիտասարդ Բրենդոն Վիլյամսը, իսկ 2020-ին ակումբը նոր ձախ պաշտպան գնեց՝ այդ դիրքն ուժեղացնելու համար: Քչերն են ֆիքսել՝ որքան բարդ և քարքարոտ ճանապարհ է անցել Լյուկն ու ինչ փորձություններ է հաղթահարել՝ մինչև այս խաղամակարդակին հասնելը:

VNews-ը հայացք է գցում Շոուի բավական հետաքրքիր ու դրամատիկ կարիերային՝ վերհիշելով նրա ծանր օրերն ու ֆանտաստիկ քամբեքը:

«Մանչեսթեր Յունայթեդ». բարձր արժեքի ճնշումն ու վան Գալի դասը

2014-ին Շոուի կյանքում շոկային իրադարձություն տեղի ունեցավ: Որքան էլ նա լիներ լավ տվյալներով հեռանկարային երիտասարդ 18 տարեկանում «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը, այն էլ 38 միլիոն եվրոյով, համաձայնեք, շատ մեծ ճնշում է:

Բացի ճնշումից ու երկրպագուների սպասումներից, Շոուի հիմնական խնդիրը «Յունայթեդի» պես մեծ թիմում ընտելանալն էր, բայց կար խոչընդոտ՝ ֆիզիկական ոչ օպտիմալ մարզավիճակ և սխալ սննդակարգ, ինչը միանգամից նկատել էր թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ու հայտնել ֆուտբոլիստին: Հոլանդացի մասնագետը չէր ընդգրկում Շոուին նույնիսկ թիմի ընդհանուր խմբի մարզումներին, և 18-ամյա խաղացողը ստիպված էր մարզվել անհատական ծրագրով՝ առանց վնասվածք ունենալու. «Շոուն ֆիզիկապես պատրաստ չէ անելու այն, ինչ ես ցանկանում եմ», – հայտարարել էր վան Գալը:

Manchester United pre-season tour: Luke Shaw 'is not fit enough to do what I want,' reveals Louis van Gaal | The Independent | The Independent

Իր առաջին մրցաշրջանում Շոուն Պրեմիեր լիգայում անցկացրեց ընդամենը 16 հանդիպում՝ առանձնապես լավ տպավորություն չթողնելով իր խաղով: Առաջին այս բարդ մրցաշրջանը փոքրիկ խնդիր էր միայն՝ հաշվի առնելով, թե ինչ էր սպասում հետագայում Շոուին: Փոխարենը՝ երիտասարդ խաղացողը կարևոր դաս քաղեց ու հոգեբանորեն կոփվեց, ինչը դեռ շատ մեծ նշանակություն էր ունենալու ապագայում:

Ոտքի կոտրվածքն ու ասպարեզից դուրս մնալը

Շոուն հաջորդ՝ 2015/16 մրցաշրջանին, լավ էր տրամադրված: Թիմին արդեն ճանաչում էր, ֆիզիկապես էլ աշխատել էր իր վրա և մտադիր էր վերջնականապես ամրապնդվել թիմի մեկնարկային կազմում. «Ես միայն ինքս ինձ պետք է մեղադրեի խնդիրներիս համար: Ոչինչ չգնաց այնպես, ինչպես ծրագրել էի, բայց ես դասեր քաղեցի և մեծ փորձ հավաքեցի», – հայտարարեց ֆուտբոլիստը, որ դեռ չգիտեր գլխի գալիքը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Յունայթեդը» մեկնել էր Նիդերլանդներ՝ խաղալու ՊՍՎ «Էյնդհովենի» դեմ: Խաղային դրվագներից մեկում հոլանդական ակումբի ֆուտբոլիստ Հեկտոր Մորենոն կոպիտ սահանկումով գնաց Շոուի հետ բախման և կոտրեց ֆուտբոլիստի ոտքը: 19-ամյա խաղացողի համար դա մեծ հարված էր՝ բառի բուն և փոխաբերական իմաստով, որի պատճառով նա բաց թողեց 288 օր՝ մոտ մեկ տարի: Հետագայում Շոուն հայտարարեց, որ կարող էր նույնիսկ կորցնել ոտքը:

Շարք վերադառնալուց հետո էլ Շոուն միանգամից լավ մարզավիճակ ձեռք չբերեց: 2016/17-ին նա 2 անգամ վնասվածք ստացավ՝ ընդհանուր առմամբ բաց թողնելով 25 խաղ:

Մոուրինյոյի բանտն ու նվաստացումները

Շոուի կարիերայի հաջորդ դժոխային էտապը, ինչպես շատ ֆուտբոլիստների կարիերայում, Մոուրինյոն էր:

Պորտուգալացին ոչ միայն շանս չէր տալիս Շոուին, այլ նրան փորձում էր հոգեպես կոտրել, և դա անում էր հրապարակային հայտարարություններով: Ամենահիշարժանը Մոուրինյոյի՝ 2017-ի մարտին արած հայտարարությունն է. «Ինձ համար դժվար է Շոուի համար նույնիսկ պահեստայինների նստարանում տեղ գտնել: Ես չեմ կարող համեմատել նրան Էշլի Յանգի հետ, Մատեո Դարմիանի հետ, Դեյլի Բլինդի հետ: Ես չեմ կարող համեմատել նրանց՝ մարզումներն անցկացնելու ձևը, նվիրվածությունը, կենտրոնացվածությունը, ամբիցիաները: Ես պարզապես չեմ կարող անել դա: Շոուն բոլորից չափազանց շատ է ցածր»:

Manchester United manager Jose Mourinho speaks with Luke Shaw - Vbet News

Շոուի համար նման խոսքերը սեփական մարզչից լսելը ծանր էր, բայց նա ամենևին էլ չկոտրվեց: 2018-ին ամռանը, երբ թիմակիցներն իրենց արձակուրդն էին վայելում ամերիկյան լողափերում, Շոուն Քերինգթոնում՝ ՄՅՈւ-ի մարզաբազայում լրացուցիչ մարզումներ էր անցկացնում՝ Մոուրինյոյի դիրքորոշումը փոխելու համար: Պորտուգալացին տեսավ՝ ինչպես է Շոուն աշխատում ֆիզպատրաստության գծով մարզիչ Գարի Ուոքերի հետ ու գնահատեց այն, բայց արդեն ուշ էր՝ 2018/19 մրցաշրջանը չէր էլ հատել հասարակածը, երբ Ժոզեն հեռացվեց:

Լույս՝ թունելի վերջում. եկավ Սուլշերը

Շոուն սկսեց վերջապես «կենդանության նշաններ» ցույց տալ մարզչական փոփոխությունից հետո, երբ Ուլե Գունար Սուլշերը եկավ Մոուրինյոյի փոխարեն: Նորվեգացի մասնագետի գալով, իհարկե, Շոուի խաղը միանգամից չփոխվեց, բայց Սուլշերն իր ֆուտբոլիստին հրապարակավ փնովելու փոխարեն գոնե իր վստահությունը ցույց տվեց և կարևոր դեր խոստացավ թիմում:

Բացի Շոուին վստահություն հաղորդելը՝ Սուլշերի դերն ու նշանակությունը ֆուտբոլիստի կարիերայում նաև մեծ էր տակտիկական առումով: Իր գալու առաջին իսկ շաբաթներից հետո նորվեգացին Շոուին հորդորեց ավելի շատ առաջ շարժվել խաղադաշտում, բայց դրա համար պետք էր որոշ հմտություններ զարգացնել: Սուլշերն ու Շոուն հիմնական մարզումներից բացի հավելյալ ժամանակ տրամադրեցին ֆուտբոլիստի՝ եզրերից կատարած փոխանցումները հղկելու և գնդակի հետ վարվելու տեխնիկայի ուղղությամբ, ինչի արդյունքում Շոուն սկսեց ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել և գրոհներին միանալ ավելի մեծ արդյունավետությամբ՝ չկորցնելով գնդակը:

«Հոգեբանական առումով Լյուկը շատ լավ վիճակում է: Նրա խաղի բարձր ինտենսիվությունը շատ է տպավորում ինձ: Ես գիտեմ, որ նա դեռ կարող է անել ավելին». Սուլշեր

2020-ի ամռանը «Յունայթեդը» գնում է Ալեքս Տելեսին՝ 15 միլիոն եվրոյով՝ պաշտպանության ձախ եզրն ուժեղացնելու համար, բայց Շոուն Տելեսին միանգամից նստեցրեց պահեստայինների նստարանին՝ խաղալով շատ վստահ ֆուտբոլ: Անգլիացին ընդհանուր առմամբ, մասնակցեց 47 խաղի, դարձավ 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Մեր ընտրանին

«Շոուբերտո Կառլոսի» շոուն ԵՎՐՈ 2020-ում

Շոուն իր փայլուն մարզավիճակը տեղափոխեց արդեն միջազգային մակարդակ, ավելի կոնկրետ՝ ԵՎՐՈ 2020:

Առաջին խաղին պահեստայինների նստարանին նստելուց հետո՝ Շոուն շանս ստացավ շոտլանդացիների դեմ խաղում և այդ հանդիպումից հետո հաստատվեց թիմի մեկնարկային կազմում՝ դուրս թողնելով Կիրեն Տրիպյեին ու Բեն Չիլուելին: Անգլիայի հավաքականը հասել է կիսաեզրափակիչ ու բաց է թողել ընդամենը մեկ գոլ, այն էլ՝ տուգանային հարվածից: Անգլիայի հավաքականի պաշտպանությունում այդ սոլիդ տեսքը պայմանավորված է նաև Շոուի՝ ձախ եզրում վստահ խաղով:

Բացի պաշտպանվելը՝ Շոուն ցույց է տալիս նաև շատ մեծ սրություն հարձակման գծում: Գերմանիայի հավաքականի դեմ 1/8 եզրափակիչ խաղում Շոուի փոխանցումից հետո Ստեռլինգը բացեց հաշիվը, իսկ Քեյնի գոլի գրոհում նա իր ակտիվ մասնակցությունն ունեցավ: Ուկրաինայի դեմ խաղում արդեն Շոուն 2 ասիստ կատարեց: Առհասարակ՝ Եվրոպայի այս առաջնության ժամանակ Անգլիայի հավաքականի գրոհները կազմակերպվում են հիմնականում ձախ եզրով, և դրանք ավելի սուր են դառնում, երբ միանում է Շոուն՝ բարձրից կամ ցածրից կատարած փոխանցումներով: Ուշադրության է արժանի նաև Շոուի ֆիզիկական վիճակը. Դանիայի ընտրանու դեմ նույնիսկ 120-րդ րոպեին Շոուն խաղադաշտում տեղաշարժվում ու վազում էր այնպես, կարծես խաղի մեկնարկից 15 րոպե էր անցել միայն:

Գովեստի խոսքեր Ռոբերտո Կառլոսից ու թիմակիցներից

Իր փայլուն խաղի շնորհիվ Շոուն խաղընկերներից ստացել է «Շոուբերտո Կառլոս» մականունը՝ ի պատիվ լեգենդար ձախ պաշտպան Ռոբերտո Կառլոսի: Նրան Անգլիայի հավաքականում սիրում ու բարձր են գնահատում բոլորը:

«Կարծում եմ՝ Շոուի որակները միշտ էլ եղել են, պարզապես նա այժմ ֆիզիկապես պատրաստ է 100 տոկոսով: Լյուկի մեջ ամենից շատ ինձ տպավորում է նրա պահանջկոտությունն իր հանդեպ: Նա չի ցանկանում պարզապես լավ խաղալ, նա յուրաքանչյուր խաղին իր առջև նպատակ է դնում լինել լավագույնը խաղադաշտում», – նշում է Հարի Մագուայրը:

Բայց Շոուն ստացավ մեծագույն գնահատականը, որի մասին երազել կարող էր միայն: Գուցե՝ բոլոր ժամանակների լավագույն ձախ պաշտպան Ռոբերտո Կառլոսն է նույնիսկ խոսել Շոուի լավ խաղի ու միմյանց միջև համեմատության մասին. «Շոուն իսկապես կատարելագործել է իր խաղը: Նա կարևոր մասնիկ է Անգլիայի հավաքականում: Չեմ սիրում համեմատություններ տանել, մենք խաղացել ենք տարբեր ժամանակաշրջաններում: Ես խաղացել եմ իմ ժամանակ, նա՝ իր: Բայց մի բանով նման ենք հաստատ՝ հաղթելու մեծ ցանկությամբ», – հայտարարել էր Կառլոսը:

Screenshot 1 960x615 - Ինչպես «Շոուբերտո Կառլոսը» մերժեց Մոուրինյոյին՝ դառնալով լավագույն ձախ պաշտպաններից մեկն աշխարհում

Իհարկե՝ Մոուրինյոն իր ոճով օրեր առաջ քննադատել էր Շոուին՝ մեղադրելով նրան չափազանց շատ եզրային փոխանցումներ կատարելու հարցում, բայց հիմա ո՞ւմ է հետաքրքրում Մոուրինյոյի մեկնաբանությունները Շոուի խաղի մասին: Հուլիսի 11-ին Շոուն կարող է դառնալ Եվրոպայի չեմպիոն, և դա լավագույն պատասխանը կլինի «Առանձնահատուկին», բայց առանց ոսկե մեդալի էլ Շոուն ապացուցելու ոչինչ չունի. նա արդեն սխալ է «հանել» Մոուրինյոյին՝ դառնալով աշխարհի լավագույն ձախ պաշտպաններից մեկը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա