Logo

«Քշե՛ք, քշե՛ք, էլի ես եմ». Ինչպես «Վիլյառեալը» դարձավ գրանդների սարսափը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
19:37 / 22.04.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

2021/22 մրցաշրջանի ավարտը սարերի հետևում չէ: Թոփ առաջնություններից որոշներում արդեն գրեթե հայտնի են չեմպիոնները, եվրագավաթային մրցաշարերում էլ հասել ենք կիսաեզրափակիչներին:

Ավարտվեց նաև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը: Կիսաեզրափակիչի մասնակիցների թվում են «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը»... Կարծես ամեն ինչ «գծած» սցենարով է ընթանում: Բայց 4-րդ մասնակիցը «Վիլյառեալն» է, իսկ այս մեկը «ծրագրված» չէր: 

Ունայ Էմերիի «Վիլյառեալը» շատերի համար անսպասելիորեն տեղ է գտնում ֆուտբոլային քարտեզում: Մրցաշարից դուրս են մնացել «Չելսիի», «Բավարիայի», «Յուվենտուսի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Բարսելոնայի», ՊՍԺ-ի ու «Ատլետիկոյի» պես թիմերը, իսկ լավագույն 4 թիմերի շարքում «Վիլյառեալն» է՝ թիմ, որն իր բյուջեով նույնիսկ առաջատար 30 ակումբների ցանկում չէ: 

Էմերին «Վիլյառեալից» եվրագավաթային հսկա կառուցեց

«Վիլյառեալը» Լա լիգայում այս պահին 7-րդն է, ու Չեմպիոնների լիգայի գոտի մտնելուց բավական հեռու է, եթե չասենք, որ շանս չունի: Նախորդ մրցաշրջանում էլ թիմը չհայտնվեց լավագույն քառյակում:

Բայց «դեղին սուզանավն» անշեղ ընթացք ունի եվրագավաթային մրցաշարերում արդեն 2-րդ տարին անընդմեջ: Եվ դա ոչ թե հրաշք է, այլ օրինաչափություն: Ու ամեն ինչ սկսվեց 2020-ի ամռանը, երբ ակումբի ղեկավարությունը որոշեց նոր նախագծին մեկնարկ տալ, բարձրացնել հավակնությունների ու նպատակների շեմը: Եվ այդ նախագիծն առաջնորդելու էր Ունայ Էմերին՝ թոփ մարզիչ, որի գաղափարներն այնքան էլ լավ չէին աշխատել ՊՍԺ-ում, «Արսենալում» էլ նրա ժամանակն սպառվել էր: Բայց «Վիլյառեալի» ղեկավարությունը փոխարինեց Խավի Կալյեխային, որը նույնպես վատ արդյունք չուներ (նրա գլխավորությամբ թիմը 5-րդ տեղում էր):

Villarreal boss Emery reveals Ferguson encouragement to compete in  Champions League - Football Espana


2020-ին ակումբը խաղադրույք կատարեց Էմերիի վրա ու չսխալվեց: Այն օրերին, երբ մի շարք ակումբներ դժգոհում էին կորոնավիրուսի հետևանքով առաջացած ֆինանսական ճգնաժամից, «Վիլյառեալը» կատարեց թիրախային տրանսֆերներ, որոնք համապատասխանելու էին Էմերիի գաղափարներին, և արդյունքում իսպանացու օրոք «դեղինները» դարձան եվրագավաթային հսկա, թիմ, որ երկար տարածություններում կարող է ունենալ խնդիրներ, բայց լոկալ խաղերում կարող է հաղթել ցանկացած մրցակցի:

Նախորդ մրցաշրջանում «Վիլյառեալը» հասավ Եվրոպա լիգայի եզրափակիչ ու հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին», որն անհամեմատ ավելի ուժեղ էր որպես թիմ, քան այս մրցաշրջանում: Եվրոպայի Սուպերգավաթում «Վիլյառեալը» հավասար պայքար մղեց ՉԼ գործող գավաթակիր «Չելսիի» դեմ ու միայն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պարտվեց: Արդեն այս մրցաշրջանում «Վիլյառեալը» կարողացավ դուրս գալ մի խմբից, որում հայտնվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Ատալանտայի» հետ: 1/8 եզրափակիչում հաղթեց «Յուվենտուսին», քառորդում՝ «Բավարիային»: Ստացվում է, որ երկրորդ մրցաշրջանում անընդմեջ Էմերիի թիմը չի պարտվում եվրագավաթային փլեյ-օֆֆ դիմակայություններում: 

Եվ սա պատահականություն չէ: Չեմպիոնների լիգայում, հատկապես, պատահականություններ չեն լինում:

Տակտիկապես չափազանց դժվար է հաղթել «Վիլյառեալին»

Նշեցինք արդյունքները, հիմա արդեն խաղային գործոններն առանձնացնելու ժամանակն է: 

Առաջին ու գլխավոր առավելությունը, որն ունի «Վիլյառեալը», տակտիկան է և թիմային ֆուտբոլը: Երբ այս թիմը 100 տոկոսով տրամադրվում է կոնկրետ խաղի, դժվար է հասկանալ, թե ինչի հաշվին մրցակիցը կարող է հաղթել «Վիլյառեալին»: Էմերին իր տրամադրության տակ բազմազան, բազմակողմանի, բազմերանգ ու բազում բառով սկսվող այլ հատկանիշներ ունեցող ֆուտբոլիստներ ունի: Եվ դա նրան թույլ է տալիս խաղադաշտում կյանքի կոչել իր բոլոր մարզչական երևակայություններն ու ստեղծել գերճկուն թիմ: 

Մրցակցով պայմանավորված՝ «Վիլյառեալը» քամելեոնի պես կարողանում է փոխել իր ավանդական 4-4-2 մարտավարությունը: Երբ Էմերիի թիմը չունի գնդակ, խաղում է թիմի դեմ, որն ավելի լավ է վերահսկում գնդակը, անցնում է տակտիկական ու քանակական գրագետ պաշտպանության՝ անցնելով 5-3-2-ի, որտեղ լատերալները վերածվում են պաշտպանների, իսկ կիսապաշտպանները դառնում են կենտրոնական պաշտպաններ: Այդպիսի իրավիճակներում եզրերից բարձրից փոխանցումներ կատարելուց բացի դժվար է այլ կերպ ճեղքել նրանց պաշտպանությունը, դե իսկ սպասվելիք հակագրոհները չափազանց վտանգավոր են: 

UEFA Champions League: How did mighty Bayern Munich fall to Villarreal

Հարձակման գծում էլ թիմը հիբրիդային սխեմա ունի: Յերեմի Պինոն, Ջովանի Լո Չելսոն, Առնո Դանժուման, Սամու Չուկվուեզեն, Ժերար Մորենոն ու նույնիսկ Ալբերտո Մորենոն 4-4-2-ի ժամանակ կարող են եզրային հարձակվողից վերածվել հարձակվողի, հենց խաղի ընթացքում փոխվել դիրքերով ու եզրերով, ինչը թույլ է տալիս անակնկալի բերել մրցակցին: «Վիլյառեալը» կարողանում է «հոշոտել» այն թիմերին, որոնք սիրում են զիջել նախաձեռնությունը: Էմերիի թիմը գնդակով զվարճանում է մրցակցի կիսադաշտում (Պարեխո - Կապու զույգը հրաշալի է կենտրոնում հաղթելու տեսանկյունից. մեկը «մախն» է (ունի ֆիզիկական հրաշալի որակներ), մյուսը՝ «գաղափարը» (շատ լավ վերահսկում է գնդակն ու կատարում փայլուն փոխանցումներ): Ունի գրոհների ֆանտաստիկ դինամիկա և պահերի իրացման բարձր տոկոս. Իսպանիայում «դեղիններն» այն 5 թիմերի շարքում են, որոնք արդեն հատել են 51 գոլի սահմանը: 

Անհատներ, որոնք հիասքանչ մակարդակ են ցույց տալիս

Տակտիկայից բացի, Էմերին հրաշալի է աշխատում նաև անհատների հետ: «Վիլյառեալում» չեն խաղում աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, բայց թիմն ունի լավ բալանսավորված կազմ և համարժեքին բավական մոտ պահեստային նստարան:

Թիմի գրեթե բոլոր օղակներում կան փորձառու/վերածնված կամ տաղանդավոր երիտասարդներ, որոնք այս մրցաշրջանում հասել են իրենց խաղամակարդակի պիկին: Խերոնիմո Ռուլին վերջապես ցույց է տալիս այն խաղը, որ սպասում էին նրանից դեռ տարիներ առաջ, պաշտպանության կենտրոնում շարունակում է տպավորել Պաու Տորեսը, որին գնելու համար ակումբն այս մրցաշրջանից առաջ առաջարկների պակաս չունեցավ, բայց Տորեսը որոշեց մնալ հարազատ թիմում ու հաջողություն գրանցել ՉԼ-ում, դե իսկ Ռաուլ Ալբիոլն այնպես է վերածնվել, որ նույնիսկ խոսում են նրա՝ Իսպանիայի հավաքական հավանական վերադարձի մասին: Ծերուկը հրաշալի խաղ անցկացրեց «Բավարիայի» դեմ՝ որպես մրցակից ունենալով Լևանդովսկիին, և ճանաչվեց մյունխենյան խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Պարեխո - Կապու զույգի մասին արդեն նշվեց, հարձակման գծի առաջատարն էլ Ժերար Մորենոն է: Մինչև նախորդ մրցաշրջանը Մորենոյի մասին քչերը գիտեին, բայց Էմերիի գլխավորությամբ այս խաղացողը բացեց իր ամբողջ ներուժը՝ ցույց տալով, որ բացի արդյունավետ հարձակվող լինելուց (նախորդ մրցաշրջանում դարձավ 30 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ, տեղ գտավ «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում), ունի խաղային բարձր ինտելեկտ ու կարողանում է գրոհներ կազմակերպել խորքից: Երբ Մորենոն վնասվածք ուներ մրցաշրջանի սկզբում, «Վիլյառեալը» մի շարք միավորներ կորցրեց ու նույնիսկ դուրս մնաց լավագույն տասնյակից: Առնո Դանժուման ու Յերեմի Պինոն նույնպես փայլուն երիտասարդներ են, որոնցից Էմերին կարողանում է առավելագույնը քաղել: Դանժուման «Բորնմութից» տեղափոխվեց թիմ ամռանն ու դարձել է հարձակման գծի ամենաառանցքային խաղացողներից, իսկ 19-ամյա Յերեմի Պինոն այնպիսի ֆուտբոլ է ցույց տալիս, որ արդեն հայտնվել է Իսպանիայի հավաքականում, իսկ ըստ նոր պայմանագրի՝ հրաժարագինը կազմում է 80 միլիոն եվրո:  

Festive on the spot report: Yeremi Pino saved the day when Villarreal drew  1-1 with Athletic Bilbao – Netral.News


Իսպանացի մասնագետը կարողանում է իր տրամադրության տակ ունեցած կազմը ռիթմի մեջ պահել նաև գրագետ ռոտացիայից հետո. պաշտպանության եզրերում հավասարաչափ խաղում են Պերվիս Էստուպինյանը, Ալֆոնսո Պեդրասան, Սերժ Օրյեն ու Խուան Ֆոյթը, հնարավորություն են ստանում նաև Մանու Տրիգերոսը, Սամու Չուկվուեզեն, Պակո Ալկասերն ու Ֆրանսիս Կոկլենը: Ալբերտո Մորենոն, որը վնասվածքի պատճառով բաց է թողել նախորդ մրցաշրջանը գրեթե ամբողջությամբ, ձախ պաշտպանից վերածվել է եզրային կիսապաշտպան-հարձակվողի ու իր կարիերայի ամենաարդյունավետ մրցաշրջանն է անցկացնում: 

Այսպիսին է «Վիլյառեալը»՝ երկու դեմք ու երկու խաղաոճ ունեցող թիմ, որին թերագնահատեցին և նույնիսկ հիմա շարունակում են թերագնահատել: Բայց Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ոչ մի թիմ պատահական չի հայտնվել կիսաեզրափակիչում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա