Logo

«Առանց կրակ ծուխ չի լինում». Ինչու Լևանդովսկին կարող է հեռանալ «Բավարիայից»՝ տեղափոխվելով «Բարսելոնա»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
17:03 / 26.04.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Լևանդովսկի-Բավարիա

Մյունխենում լավ է, բայց ավելի տաք երկրում կարող է ավելի լավ լինել։ «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի ապագայի շուրջ քննարկումներն օր օրի նոր բոցերով են այրվում, իսկ խարույկի շուրջ հավաքվածները փորձում են հասկանալ, թե ինչն է հետ պահում ֆուտբոլիստին պայմանագիրը երկարաձգելուց ու հաջող ճանապարհորդությունը շարունակելուց։ Լևանդովսկին գերմանական ուժեղագույն ակումբում է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 8 տարի առաջ։

Այս ժամանակահատվածում Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը մագլցելով հասել է ահռելի նվաճումների ու դուրս եկել նոր մակարդակ։ Նա 8 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, գլխավերևում պահել Չեմպիոնների լիգայի գավաթն ու ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը: Նրա շքեղ հավաքածուում են նաև աշխարհի ակումբային առաջնության, Գերմանիայի գավաթները (3) ու Սուպերգավաթները (5): Նա նաև 2 դարձել է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ, «Ոսկե գնդակին» տիրանալուն էլ քիչ էր մնացել։ Նախորդ մրցաշրջանում նա գերազանցել է Գերդ Մյուլերի՝ 49 տարվա վաղեմության ռեկորդը՝ Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում հեղինակելով 41 գոլ։ 

Նա գերմանական ակումբի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է, ու պետք է որ հաջորդ թիրախը լիներ այս աղյուսակում նույնպես առաջատար դառնալը։ Այս ակումբում Լևանդովսկին վայելում է երկրպագուների, գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի մարզչական շտաբի ու Օլիվեր Կանի ղեկավարած կառույցի սերը և վստահությունը, նրա տեղը հիմնական կազմում,  ինչպես և գավաթները, կասկած չեն հարուցում։ Հիմա էլ ոչինչ չի վկայում, որ «Բարսելոնայի» կամ այլ ակումբների միջոցով Լևանդովսկին ցանկանում է լարվածության մեջ պահել գերմանացիներին ու ստորագրել բարելավված պայմաններով համաձայնագիր։ Լեհն իր պատճառներն ունի, որոնք առավել քան ողջամիտ են, և դրանք VNews-ը մեկտեղել է, ինչպես նաև անդրադարձել «Բարսելոնա» հավանական տրանսֆերին։

«Բավարիան» պատրաստ չէ ընդառաջել 

Մյունխենցիների հետ Ռոբերտ Լևանդովսկիի պայմանագրի ավարտին մնացել է 12 ամսից մի փոքր ավելին։ Կողմերի բանակցությունները դեռևս անարդյունք են։ Բանն այն է, որ բավարացիները պատրաստ են իրենց աստղին մեկ մրցաշրջանի համար առաջարկել 23-ից 25 մլն եվրո աշխատավարձ, և սա, ըստ ամենայնի, չի բավարարում լեհի սպասելիքները: Հավանաբար Լևանդովսկիին այցելում է այս միտքը՝ «Ինչու՞ Նեյմարը, Մբապեն, Մեսին ու Ռոնալդուն տարեկան պետք է վաստակեն երկու անգամ ավելին»:

Լևանդովսկի 11

Այս ամենի վրա «յուղ է լցնում» խաղացողի գործակալ Պինի Զահավին, որի հարաբերություններն ակումբի հետ փչացել էին դեռ 2020-ին՝ Դավիդ Ալաբայի ապագայի շուրջ բանակցությունների ժամանակ, որից հետո էլ նախագահ Ուլի Հյոնեսը սուպերգործակալին անվանել էր «ագահ պիրանյա»։ Հիմա հենց Զահավին է Լևանդովսկիին համոզում փոխել ակումբային գրանցումը, հավաստիացնում իր հաճախորդին, որ ակումբում նրան չեն գնահատում ու նրա մեջքի հետևում բանակցություններ են վարում «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի հետ։ Լեհ գոլահարին, բնականաբար, չի գոհացնում այս իրավիճակը։ Ակումբում նաև հակված չեն բանակցությունների սեղանին երկարաժամկետ պայմանագիր դնելու տարբերակին:։ 

Ակումբի գործադիր տնօրեն Օլիվեր Կանը կատակել է այս թեմայով, թե պայմանագրի թարմացումը հնարավոր չէ մեկ հպումով կատարել, ինչպես ինտերնետային խաղերում։ Նա հավելել է, որ իրենք բարձր են գնահատում ֆուտբոլիստը նվիրումը, բայց չի մոռացել հիշեցնել, որ վերջին 2 տարում ակումբը ֆինանսական լուրջ կորուստներ է կրել։

Գերմանիայում ծարավը հագեցել է. նոր երազանքներ

«Բավարիայի» «9» համարը հավատացած է, որ հասել է ամեն ինչի ակումբի հետ, ինչպես թվարկել էինք նախաբանում։ Նրան հոգնեցրել են նաև Գերմանիայի առաջնությունն ու մրցակցության բացակայությունը ներքին մրցումներում։ Ֆուտբոլիստը ցանկանում է իրեն տեսնել ավելի մրցունակ լիգայում, որտեղ իրական չեմպիոնական մրցավազք է ընթանում մինչև առաջնության վերջնահատված, ինչպես սովորաբար Իսպանիայում կամ Անգլիայում։ 

Լևանդովսկիի սրտով չեն նաև Յուլիան Նագելսմանի դավանած ֆուտբոլն ու համակարգը, որտեղ նա ստիպված է ավելի մեծ ծավալի աշխատանք կատարել ու երբեմն խաղալ նաև ենթահարձակվողի դիրքում։ Այս միտքը Լևանդովսկիի համար ավելի փաստարկված է դարձել Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի քառորդ եզրափակիչում «Վիլյառեալից» կրած պարտությունից ու «Բավարիայի» ձախողումից հետո։

Լևանդովսկի 22


Գերմանական Bild-ը պնդում է, որ Լևան մտքից չի հանել «Ոսկե գնդակը» նվաճելու երազանքը և այն կարծիքին է, որ եթե օգնի «Բարսելոնային» նվաճել Չեմպիոնների լիգան առանց Լիոնել Մեսիի, ապա հենց իրեն բաժին կհասնի France Football-ի գերհեղինակավոր մրցանակը։

Լևանդովսկիներից մեկը նույնպես «աչքով է անում» «Բարսելոնային»

Ֆուտբոլիստը ու նրա կինը՝ Աննա Լևանդովսկան, մշտապես հավանել են մերձարևադարձային կլիման ու ցանկացել են բնակություն հաստատել Իսպանիայում։ Եվ կար ժամանակ, երբ բացեիբաց խոսում էին դրա մասին։ Զույգը նույնիսկ տուն է գնել իսպանական Մայորկա կղզում 3.5 մլն եվրոյի դիմաց ու ժամանակ առ ժամանակ իր հագիստն է անցկացնում այնտեղ։

Աննան ֆիթնես-մարզիչ է ու մեծ լսարան ունի սոցցանցերում։ Հարցազրույցներից մեկում նա անկեղծացել է, որ իր ամուսնու լավ մարզավիճակի նախապայմաններից մեկը նաև իր ընտրած սննդակարգն է։

Լևանդովսկի 33


Սակայն առավել հետաքրքրական է՝ երբ մամուլում ակտիվորեն քննարկվում էր, թե ֆուտբոլիստը համաձայնության է հասել «Բարսելոնայի» հետ պայմանագրի շուրջ, նրա կինն Instagram-ում հրապարակում է կատարում, որում իր հետևորդներին ողջույններ է ուղարկել Մայորկայից ու հայտարարել, որ սկսել է իսպաներեն սովորել։ Բնականաբար, դա մեծ իրարանցում է առաջացրել սոցցանցերում ու նոր շահարկումների առիթ դարձել։

Լևանդովսկի 44

Որքան իրատեսական է «Բարսելոնա» տեղափոխությունը

Կատալոնական ակումբը նույնպես Էրլինգ Հալանդի համար տրանսֆերային մրցավազքում է, սակայն միանշանակ ֆավորիտ չէ։ Վերջին օրերին շատ են տեղեկությունները, որ նորվեգացու ապագա ակումբը դառնալու է «Մանչեսթեր Սիթին»։

Այդ պատճառով «կապտանռնագույների» համար այլընտրանքային տարբերակ է Լևանդովսկին, որի հետ նրանց ցանկությունները համընկնում են։ Ճիշտ է՝ ակումբում կտրականապես հերքում են ֆուտբոլիստի հետ բանակցությունների շշուկները հերթապահ խոսքերով, ինչպես ժամանակին Լուիս Սուարեսի տրանսֆերը կամ Լիոնել Մեսիի հեռանալու ցանկությունը. մի հարցազրույցում հաջորդ մրցաշրջանում «Բարսայի» 9 համարը Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն է, մյուսում՝ ցանկանում են ամրապնդել հարձակման գիծը։

Այնուամենայնիվ, կուլիսներում իսպանական ակումբի նախագահ Ժոան Լապորտան խոստովանում է, որ Կարիմ Բենզեմայի արդյունավետությունը ցույց է տվել, որ կարելի է խաղադրույք կատարել 33-ամյա փորձառու հարձակվողի վրա։ Նա պատրաստ է բավարարել Լևանդովսկիի ֆինանսական պահանջները, իսկ լեհը, ինչպես նշեցինք, ակնկալում է դառնալ էվոլյուցիա ապրած թիմի առաջատարն ու պայքարել «Ոսկե գնդակի» համար։

Պետք է նաև ընդգծել, որ այս հարցով հակասական տեղեկություններ են շրջանառվում իսպանական, գերմանական ու լեհական լրատվամիջոցներում։ Մի ճամբարը պնդում է, որ Լևանդովսկին արդեն կանաչ լույս է վառել «Բարսայի» համար, մերժել է «Բավարային», որն արդեն նրան փոխարինող է փնտրում,  իսկ գերմանացիները հայտնում են, որ «Բարսան» կապ չի հաստատել Բունդեսլիգայի աստղի հետ, ու ֆուտբոլիստը վերջնական որոշում դեռևս չի կայացրել։

Բայց «Բարսան» ու Չավին պետք է հաշվի առնեն մեկ հանգամանք, որ Լևանդովսկին իր տեսակով ավելի շատ նման է Զլատան Իբրահիմովիչին, քան, օրինակ, Լուիս Սուարեսին. նա չի աշխատում թիմակիցների արդյունավետության համար ու չի ձգտում զոհաբերել իրեն՝ հանուն թիմային կոմբինացիաների: Այնպես որ, իսպանացի երիտասարդ մարզիչը պետք է հետևողական լինի, որպեսզի չկրկնի Պեպ Գվարդիոլայի սխալը։ Մյուս կողմից էլ, այդ տարիներին մեծ դեր է խաղացել Լիոնել Մեսիի գործոնը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա