Logo

Ինչու «Բարսելոնան» չի կարող շրջանառությունից հանել Մեսիի՝ «10» համարի մարզաշապիկը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 21.08.2021ՍՊՈՐՏ
Screenshot 1 20 - Ինչու «Բարսելոնան» չի կարող շրջանառությունից հանել Մեսիի՝ «10» համարի մարզաշապիկը

Լիոնել Մեսիի՝ ՊՍԺ տեղափոխությունից հետո շատերը կարծում են, որ «Բարսելոնան» արգենտինացու վաստակի համար պետք է շրջանառությունից հանի «10» համարի մարզաշապիկը:

Նման կերպ լեգենդներին գնահատելը նորություն չէ ֆուտբոլում: «Նապոլին» Մարադոնայի՝ ակումբից հեռանալուց հետո շրջանառությունից հանեց «10» համարի մարզաշապիկը, «Նյու Յորք Կոսմոսը» նույնն արեց Պելեի դեպքում: Իտալական «Միլանն» ու «Ռոման» նույնպես դիմեցին այդ քայլին, երբ հեռացան համապատասխանաբար Պաոլո Մալդինին ու Ֆրանչեսկո Տոտին:

Ցավոք, «Բարսելոնան» այդպես չի կարող հարգանքի տուրք մատուցել թիմում 21 տարի անցկացրած, բացառիկ նվաճումներ գրանցած Լիոնել Մեսիին:

Ինչո՞ւ

Լա լիգայի կանոնակարգում հստակ նշված է, որ թիմի հիմնական խաղացողները կարող են կրել «1»-«25» համարի մարզաշապիկները: «1» համարի մարզաշապիկը պետք է կրի դարպասապահը: Թիմում կարող է գրանցվել 25 ֆուտբոլիստ, այդ թվում՝ 3 դարպասապահ: Դարպասապահները կարող են կրել նաև «13» և «25» համարի մարզաշապիկները:

Եթե մրցաշրջանի ընթացքում ակումբը որոշի գրանցել նոր խաղացողի, ապա նրան կարող է տրվել «26»-«50» համարի մարզաշապիկ:

Մեսի 1 - Ինչու «Բարսելոնան» չի կարող շրջանառությունից հանել Մեսիի՝ «10» համարի մարզաշապիկը

Այսպիսով՝ եթե «Բարսելոնան» նույնիսկ ցանկանա շրջանառությունից հանել «10» համարի մարզաշապիկը՝ ի պատիվ Լիոնել Մեսիի, չի կարողանա, քանի որ այդ մարզաշապիկը պետք է գրանցվի հիմնական թիմի խաղացողներից մեկի անվան ներքո: Հակառակ դեպքում «Բարսելոնան» կարող է գրանցել 24 ֆուտբոլիստի թույլատրելի 25-ի փոխարեն:

Նույնը վերաբերում է նաև Մադրիդի «Ռեալին», որի ավագ Սերխիո Ռամոսը նույնպես այս ամռանը հեռացավ ու համալրեց ՊՍԺ-ի կազմը, ինչպես Մեսին: Նույն պատճառով «Արքայական ակումբը» չի կարող շրջանառությունից հանել խորհրդանշական «4» համարը, թեպետ այն արդեն բաժին է հասել Դավիդ Ալաբային:

Կանոնները Պրեմիեր լիգայում, Ա Սերիայում ու Բունդեսլիգայում

Անգլիայում, Իտալիայում ու Գերմանիայում կանոններն այս հարցում շատ ավելի մեղմ են, քան Իսպանիայում:

Պրեմիեր լիգա

Անգլիայում ցանկացած թիմային խաղահամար կարող է տրվել ցանկացած ֆուտբոլիստի: Լեգենդար Ջոն Թերին «Չելսիում» անցկացրած ժամանակահատվածում ելույթ էր ունենում «26» համարի մարզաշապիկով, իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին «Մանչեսթեր «Սիթիում» ու «Լիվերպուլում» խաղացել է «45» համարի մարզաշապիկով:

Բալո - Ինչու «Բարսելոնան» չի կարող շրջանառությունից հանել Մեսիի՝ «10» համարի մարզաշապիկը

Պրեմիեր լիգայում անգամ կան դեպքեր, որ «9» համարի մարզաշապիկով ելույթ է ունեցել պաշտպան, իսկ այդ խաղահամարն ավանդաբար վերապահված է ակումբի հիմնական հարձակվողին: Հոլանդացի պաշտպան Խալիդ Բուլարուզը 2006 թվականին «Չելսիում» հանդես է եկել հենց «9» համարի մարզաշապիկով:

Բունդեսլիգա

Բունդեսլիգայում նախկինում շատ խիստ է եղել սահմանափակումը: Մինչև 1994-95 մրցաշրջանը ելույթ ունեցող ֆուտբոլիստները կարող էին կրել միայն «1»-«11» համարի մարզաշապիկները: 2011-12 մրցաշրջանից սկսած՝ կանոնները բավական մեղմվեցին: Լիգայի ղեկավարությունը թույլատրեց թիմերին ֆուտբոլիստներին տրամադրել «1»-«40» համարի մարզաշապիկները, որոնցից «1»-ը պարտադիր տրվում է դարպասապահին:

Ա Սերիա

Իտալիայում կանոնները լիովին մեղմացված են, քանի որ խաղացողները կարող են կրել «1»-«99» համարի մարզաշապիկներ: 2008 թվականին, երբ լեգենդար Ռոնալդինյոն համալրեց «Միլանի» կազմը, վերցրեց «80» համարի մարզաշապիկը, իսկ «Պարմայում» լեգենդար Ջանլուիջի Բուֆոնը կրում էր «77» համարի մարզաշապիկը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա