Logo

Կուրտուան՝ համասեփականատեր, դարպասապահը՝ YouTube բլոգեր, աշխատավարձը՝ բիթքոիններով․ ապագայի ֆուտբոլային թիմ՝ «Ինտեր Մադրիդ»

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
19:47 / 22.06.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

2021 թվականի մայիսի 19-ին Transfermarkt-ը գրանցեց Մադրիդի «Ռեալի» սան Դավիդ Բարալի տեղափոխությունն իսպանական երրորդ դիվիզիոնը ներկայացնող Մադրիդի «Ինտեր», սակայն չկարողացավ նշել «Ռասինգին» հասանելիք փոխհատուցման չափը։ Պատճառը մեկն էր՝ Դավիդը դարձավ առաջին իսպանացի ֆուտբոլիստը, որի տրանսֆերի համար վճարվել է բիթքոիններով։ Այս մոտեցումը Մադրիդի «Ինտերի» գլոբալ և բազմաֆունկցիոնալ ռազմավարության մի մասն է՝ Լա լիգա դուրս գալու համար։ 

Կիբերսպորտային նախագիծ, որը դուրս է գալիս օֆֆլայն․ Իսպանիայում զարգանում է ակումբ, որի սեփականատերերից մեկը Տիբո Կուրտուան է

«Ինտերն» Իսպանիայի ամենաերիտասարդ ակումբներից է։ Հիմնադրման ժամանակ՝ 2002 թվականին, ունեցել է ամենաերկար անվանումը երկրում՝ «Sports Action Section Club de Fútbol Internacional de Madrid Deportes Sociedad Limitada»: Նախագծի գլխավոր ոգեշնչողն ու բաժնետերը եղել է «Real Estate Services» անշարժ գույքի գործակալության անգլիացի սեփականատեր Սթիվեն Նյումանը, որն ընկերության գումարներով ներդրում է արել ակումբում։

2010 թվականին մադրիդյան ակումբը դուրս է եկել Իսպանիայի չորրորդ դիվիզիոն, իսկ 8 տարի անց նրանք ապահովել են տեղը 3-րդ դիվիզիոնում։ Դրանից բացի, ակումբն արդեն հասցրել է նորամուտը նշել Իսպանիայի Արքայակայան գավաթի մրցաշարում։ Նյումանը հասկացել էր, որ մի օր «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ խաղալու երազանքն իրականացնելու համար ակումբին զարգացման նոր խթան է պետք։ Անգլիացին գիտակցաբար հրաժարվել էր ակումբների մեծ մասի համար հարուստ ներդրողներ ներգրավելու սովորական պրակտիկայից և ապավինել ժամանակակից տեխնոլոգիաներին ու հաղորդակցություններին: 2018-ին բիզնեսմենի թեթև ձեռքով կիբերսպորտային DUX Gaming-ը դարձավ «Ինտերի» բաժնետեր, բայց Նյումանը չկորցրեց նախագահի պաշտոնն այդ գործարքից հետո:

Կուրտուան և Իգլեսիասն ակումբի համասեփականատերերն են

DUX Gaming-ը հիմնել է իսպանացի հայտնի սթրիմեր DjMaRiiO-ն, որը 7․8 մլն հետևորդ ունի YouTube-ում և 700 հազար՝ Twitch-ում։ Նրա թիմերը խաղում են FIFA, NBA 2K և F1: Ակումբի առաջատարներն են աշխարհի առաջին պրոֆեսիոնալ կիբերմարզիկ Լաուրա Մորենոն և eLaLiga-ի FIFA-ի չեմպիոն Խայմե «Գրավեսեն» Ալվարեսը։

«Կիբերների» հետ միավորվելուց հետո ֆուտբոլային ակումբը վերանվանվեց «DUX Internacional de Madrid»՝ ամբողջական ռեբրենդինգով. կապույտ շապիկներն ու սպիտակ շորտերը փոխարինվեցին նորաոճ սև մարզաշապիկներով՝ հաջորդական սպիտակ գծերով։ 

Ակումբի համար հզոր խթան դարձավ լուրջ և անվանի ներդրողների հետ համագործակցությունը։ 2020 թվականին Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան և «Բետիսի» հարձակվող Բորխա Իգլեսիասը դարձան «Ինտերի» համասեփականատերերը։ Երկու ֆուտբոլիստներն էլ ոգևորված էին կիբերսպորտային թիմն օֆֆլայն դուրս բերելու գաղափարով։ 
«Ես մանկուց սիրել եմ տեսախաղերը, ուստի ինձ համար հետաքրքիր է նման նախագծի ակտիվ մասնակից լինելը։ Հաջողության հարցում կասկած չունեմ, քանի որ նախագծի վրա աշխատում են պրոֆեսիոնալ մասնագետներ։ Միասին աշխատելու և միմյանցից սովորելու հնարավորությունը մեզ ապագայում շատ առավելություններ կտան», - խոստովանել է Բորխան, որն անմիջականորեն զբաղվում է կոնտենտի ստեղծմամբ։ 

Youtube բլոգերը՝ դարպասապահի դիրքում, իսկ հանդիպումների ուղիղ հեռարձակումը՝ Twitch-ում

«Ինտերում» վերափոխումները հանրության ուշադրությունը սևեռեցին ակումբի վրա և օգնեցին գրավել հայտնի խաղացողներին: Այսօր, բացի բիթքոիններով գնված Բարալից, ակումբի գույները պաշտպանում է պրոֆեսիոնալ նախկին կիբերմարզիկ Կառլես «Կոլդերիու» Սանտալոն: Երիտասարդ տարիներին նա եղել է «Ժիրոնայի» և «Էսպանյոլի» ակադեմիաներում, բայց հետո կենտրոնացել է բլոգերության վրա։ «Ինտերի» համար նրա՝ YouTube-ի 1,8 միլիոն բաժանորդները նույնքան կարևոր են, որքան սեյվերը: 

«Մենք շատ գոհ ենք Կալդերիուի տեղափոխությունից: Նա օգնեց երիտասարդներին ներգրավել մեր նորաստեղծ ակումբի երկրպագուների բազա»,- ասել է «Ինտերի» սպորտային տնօրեն Ռուբեն Անդրեսը: 

Նախորդ տարի Սանտալոն ցանկանում էր աշխատել «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսի հետ, որը գլխավորում էր «Օրտան»: Մարզիչը խիստ պայման էր դրել. իր թիմում խաղալու համար դարպասապահը պետք է թողներ բլոգերությունը։ Կառլեսը հրաժարվել էր և բացարձակ չի զղջում։ «Ինտերում» նրա տեսահոլովակների նկարահանումները միայն խրախուսվում են։ 

Մադրիդյան թիմի գլխավոր առանձնահատկություններից մեկը Twitch-ով ֆուտբոլային հանդիպումների ուղիղ հեռարձակումն է։ Խաղերը մեկնաբանում են ֆուտբոլային հայտնի վերլուծաբաններ, լրագրողներ, բլոգերներ և կիբերմարզիկներ, իսկ հեռարձակումները հավաքում են մոտ 15000 դիտում։

Ակադեմիայի կառուցում, ներդրումներ կանանց ֆուտբոլում, բիթքոին

Ակումբի ղեկավարները հստակ գիտակցում են բազմակողմանի զարգացման կարևորությունը։ Նախորդ տարի «Ինտերն» ակադեմիա է բացել Մադրիդի արվարձանում։ Այն նախատեսված է վեց տարեկան երեխաների համար: DUX Gaming-ը նույնպես պատրաստակամորեն ներդրումներ է կատարում կանանց ֆուտբոլում: 2021 թվականի մարտին ակումբը գնել է ՖԱ «Լոգրոնյոն», որը խաղում է կանանց երկրորդ դիվիզիոնում։ 

«Մենք ցանկանում ենք աջակցել կանանց ֆուտբոլին և տեսնել, որ այն զարգանում է: Մեր թիմն ապացուցել է ցանկացած բարդության նախագծեր մշակելու և հաջողության հասնելու կարողությունը»,- ասել է Կուրտուան:

«Ինտեր դե Մադրիդը» ոչ միայն քայլում է ժամանակի հետ, այլ  նայում է ապագային։ Բացի ֆուտբոլային թոփերի, բլոգերների և խաղացողների ներգրավելուց, «Ինտերը» զարգացման համար օգտագործում է ժամանակակից էլեկտրոնային տեխնոլոգիաներ: 2022 թվականից ֆուտբոլիստների և ակումբի աշխատակիցների աշխատավարձի 30%-ը վճարվում է բիթքոիններով։

«Մենք ցանկանում ենք լինել առաջինը, որն այս վճարման եղանակը կբերի ֆուտբոլային աշխարհ», - ասել է Նյումանը: 

Թիմի մրցաշարային արդյունքները դեռ տպավորիչ չեն։ Լավագույն ձեռքերումը գրանցվել է նախորդ մրցաշրջանում, երբ «Ինտերը» երրորդ դիվիզիոնում դուրս եկավ փլեյ-օֆֆ, իսկ հետո ձախողեց Սեգունդա մտնելու համար եզրափակիչ փուլը։ Այս տարի մադրիդցիները 14-րդն են, սակայն ղեկավարությունը լիովին վստահում է գլխավոր մարզիչ Ալֆրեդո Սանտաելենային։ Մասնագետը, որը 1990-ականներին խաղացել է «Դեպորտիվոյում» և «Ատլետիկոյում», թիմում հարձակողական ֆուտբոլ է ներդրել։ Երբեմն այս թիմը շքեղ ֆուտբոլ է ցուցադրում։ 

«Ինտերի» համար հիշարժան է եղել 2020 թվականի դեկտեմբերին Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի դեմ խաղը։ Ի դեպ, «Արքայական» ակումբի երիտասարդական թիմի մարզիչը լեգենդար Ռաուլն է։ Թիմը պարտվում էր 1:2 հաշվով, բայց կարողացավ ոչ-ոքի կորզել՝ գոլ խփելով մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին։ 

«Այսպիսի խաղերն են ձևավորում ակումբի ինքնությունը», - խաղից հետո հայտարարել էր Սանտաելենան:

Մադրիդցիներն առանձնապես չեն շտապում։ Նրանք ցանկանում են ակադեմիայի սաների շնորհիվ մի քանի մրցաշրջան անց առաջընթաց գրանցել։ Իսկ հիմա ակումբի գլխավոր խնդիրն է երիտասարդների համայնք ձևավորելը, երիտասարդներ, որ կարող են աճել և զարգանալ ակումբի հետ։

Կիբերսպորտից մինչև պրոֆեսիոնալ ֆուտբոլ հասած «սևազգեստ տղամարդիկ» ապացուցում են, որ ունեն անհրաժեշտ հմտություններ՝ մի օր ֆանտազիան իրականություն դարձնելու և իսպանական էլիտա դուրս գալու համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա