Logo

Իրանն ու ԱՄՆ-ը՝ նույն խմբում․ ֆուտբոլային պայքա՞ր, թե՞ քաղաքական հաշվեհարդար

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
19:34 / 15.04.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

ԱԱ 2022-ի եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքում Իրանի ու ԱՄՆ-ի հավաքականները հայտնվեցին միևնույն՝ B խմբում։ Սա այն հակամարտություններից է, որտեղ քաղաքական ինտրիգները գուցե ավելի շատ կլինեն ուշադրության կենտրոնում, քան ֆուտբոլը։ 

Այո՛, ֆուտբոլի և առհասարակ սպորտի՝  քաղաքականությունից դուրս լինելու մասին խոսելը կատարյալ մոլորություն է։ Ընդհակառակը՝ սպորտային նվաճումները միշտ եղել են քաղաքական գործիքներից մեկը։ Ըստ այդմ՝ պետությունների ու համակարգերի հակամարտությունները տեղափոխվել են սպորտային աշխարհ։ Հակառակ դեպքում չէին լինի 1980 և 1984 թվականների Օլիմպիական խաղերի բոյկոտները, ՈՒԵՖԱ-ն որոշ հավաքականների և ակումբների չէր բաժանի իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերի վիճակահանության ժամանակ։ Բայց նույնիսկ այդ դեպքում ազգամիջյան հակամարտություններից խուսափել չի ստացվում։ 

Այդպիսի շատ օրինակներ կան՝ Հայաստանը և Ադրբեջանը, Ուկրաինան և Ռուսաստանը, Իսպանիան և Ջիբրալթարը, Սերբիան ու Բոսնիա և Հերցեգովինան Կոսովոյի դեմ։ 

Ավելի քան բարդ հարաբերություններ ունեն Իրանն ու ԱՄՆ-ը։ Կոշտ պատժամիջոցներ, հակամարտություններ Մերձավոր Արևելքում, բանակցություններ Իրանի միջուկային ծրագրի շուրջ... 
Մի ամբողջ ուսումնասիրություն կարելի է գրել այս թեմայով՝ սկսած իսլամական հեղափոխությունից և 1979 թվականին Թեհրանում ամերիկյան դեսպանատան գրավումից։

Ինչո՞ւ է ԱՄՆ-ի և Իրանի առճակատումն այդքան թեժ

Իրանի և ԱՄՆ-ի հակամարտությունը քաղաքական մակարդակով շարունակվում է կես դարից ավելի։ 

1953 թվականի օգոստոսին Իրանում տեղի ունեցավ պետական հեղաշրջում։ Վարչապետ ընտրված Մոհամադ Մոսադեղին, որը ցանկանում էր ազգայնացնել իրանական նավթը, փոխարինեց շահ Մոհամադ Ռեզա Փահլավին։ Իրանում պետական հեղաշրջման հետևում կանգնած էին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունները։ Բանն այն է, որ Իրանում սև ոսկին արդյունահանում էին բացառապես բրիտանական ընկերությունները։

Մոսադեղի ծրագրերը մեծ աջակցություն ստացան երկրում՝ Փահլավիի վարած քաղաքականությունից դժգոհության ֆոնին։ 1979 թվականի հունվարին այս ամենի արդյունքը դարձավ իսլամական հեղափոխությունը, և իշխանության եկավ ընդդիմությունը։ Փահլավին, որը դատապարտվել էր մահապատժի իր հայրենիքում բռնաճնշումների և կոռուպցիայի համար, փախավ երկրից ու թաքնվեց Նահանգներում: Նրան չեն արտահանձնել։ Վրդովված իրանցիները գրավել են Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը։ Ընդ որում՝ ամերիկյան դեսպանատան 52 աշխատակից պահվել է երկու տարի՝ մինչև 1981 թվականի հունվար։ 

Այս դեպքերի վերաբերյալ նկարահանվել է հայտնի «Օպերացիա Արգո» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարը հոլիվուդյան աստղ Բեն Աֆլեքն է։

ԱՄՆ-ն խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ և տնտեսական պատժամիջոցներ սահմանել այդ երկրի դեմ։ Տարիների ընթացքում պատժամիջոցների ցանկը միայն աճել է։ Բնականաբար, ամերիկյան ճնշումը դժվարացրել է իրանցիների կյանքը։

Եվ այս ֆոնին 1998 աշխարհի առաջնությանն Իրանի ու ԱՄՆ-ի հավաքականները հայտնվեցին նույն խմբում՝ Գերմանիայի ու Հարավսլավիայի հետ։ Մունդիալ 98-ի մեկնարկից առաջ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ԱՄՆ-ի հավաքականն զբաղեցնում էր 11-րդ տեղը (գերմանացիներից շատ ցածր և հարավսլավացիների կողքին), մինչդեռ Իրանի հավաքականը 42-րդ տեղում էր, և թվում էր, թե քառյակի ակնհայտ հետնապահն է:

Բոլոր խաղերի մայրը

Այդ հանդիպումը մեծ ուշադրության է արժանացել։ ԱՄՆ-ում սպորտային գործիչներից մեկը վիճակահանությունից հետո օգտագործել էր «բոլոր խաղերի մայր» արտահայտությունը՝ բնութագրելով սպասվող դիմակայությունը։ Սակայն հետագայում ԱՄՆ-ի հավաքականում բոլորը կտրականապես հերքում էին քաղաքական երանգավորումները։ Իրանում քաղաքական մի շարք գործիչների համար այդ խաղը «չարի կայսրության» հետ հանդիպում էր։ Իսկ Լիոնում կայանալիք խաղի նախօրեին իրավիճակը թեժանում էր։

Օրինակ՝ իրանցի ըմբիշներին թույլ չեն տվել մասնակցել ԱՄՆ-ում կայացած մրցաշարին, իսկ փախստականները բողոքի ակցիա են անցկացրել իրանցիների գլխավոր մարզիչ, նախկինում ազգային հավաքականի հայտնի խաղացող Ջալալ Թալեբիի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նախկինում Իրանի երիտասարդական հավաքականի հետ աշխատած մասնագետը երկրում ֆուտբոլի ժամանակավոր արգելքից հետո ստիպված է եղել լքել հայրենիքը։ Թալեբին աշխատել է Մալայզիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սինգապուրում և Ինդոնեզիայում, իսկ հետո տեղափոխվել է Կալիֆորնիա, որտեղ մարզել է համալսարանական թիմը։ Սակայն աշխարհի առաջնությունից երեք շաբաթ առաջ հայրենիքը կանչեց իր հերոսին՝ պաշտոնանկ անելով Տոմիսլավ Իվիչին։

Ինչպես իրանցիները պատրաստվեցին «իրենց կյանքի ամենակարևոր հանդիպմանը»

ԱԱ 1998-ում երկու հավաքականներն էլ, ինչպես սպասվում էր,մեկնարկեցին պարտություններով։ Իրանցիները զիջեցին Հարավսլավիային (0:1), իսկ հաջորդ օրն ԱՄՆ-ն պարտվեց Գերմանիային (0:2): Երկրորդ տուրում Լիոնի «Ժերլան» մարզադաշտում հանդիպեցին սկզբունքային մրցակիցները։ Ամերիկացիների հայտացուցակում 6 ֆուտբոլիստ կար եվրոպական ակումբներից։ Իրանի հավաքականում գրեթե բոլոր խաղացողները ելույթ էին ունենում ներքին առաջնությունում, իսկ եվրոպական ֆուտբոլում (ավելի ճիշտ՝ գերմանական) միայն երեքը՝ կիսապաշտպան Քարիմ Բաղերին, «Արմինիայի» հարձակվող Ալի Դաեին, ինչպես նաև «Քյոլնի» հարձակվող Խոդադադ Ազիզին։ 

Ասիայի լավագույն խաղացող ճանաչված Ազիզին հիշել է իրանա-իրաքյան պատերազմի զոհերին, իսկ պատերազմը, ըստ իրանցիների, հրահրվել է ԱՄՆ-ի կողմից։ Խոսակցություններ էին պտտվում հնարավոր անկարգությունների մասին, ինչը հանգեցրեց հանդիպմանն անվտանգության աննախադեպ միջոցառումների ձեռնարկմանը: Իսկ Թալեբին՝ որպես երկու երկրներին մոտ մարդ, հորդորեց կենտրոնանալ ֆուտբոլի վրա, և նրա մոտեցումը հաղթեց։

Իրանի հավաքականը հաղթեց ԱՄՆ-ին 2։1 հաշվով։ Այդ խաղը պատմական էր նրանով, որ առաջին հաղթանակն էր Իրանի հավաքականի համար աշխարհի առաջնություններում։ Վերջին տուրում իրանցիները պարտվեցին Գերմանիային 0։2 հաշվով և դուրս չեկան խմբից, բայց գուցե դա այնքան էլ էական չէր, քանի որ նրանք իրենց կյանքի ամենակարևոր խաղն արդեն հաղթել էին։ 

«Անցել է 20 տարի, բայց ես դեռ չգիտեմ, թե ինչպես արտահայտել այն զգացումները, որոնք ես ապրեցի այդ պահին», - ասել է Թալեբին The Guardian-ի հետ հարցազրույցում։ 

«Չեմ կարող բացատրել։ Այն դեռ իմ մտքում և սրտում է: Պատճառն այն չէ, որ ԱՄՆ-ն էր։ Առաջին հաղթանակն էր աշխարհի առաջնությունում այն ժամանակ, երբ Իրանի ժողովուրդն ամենից շատ էր սպասում ուրախության։ Իմ երկրում մարդիկ երբեք չեն մոռացել այդ գիշերը և թե ինչպես են պարել փողոցներում մինչև լուսաբաց: Մենք բոլորս մարդ ենք։ Ֆուտբոլում մենք թշնամիներ չենք։ Կարող ենք միասին խաղալ, հարգել միմյանց, ձեռք սեղմել, փոխանակվել շնորհավորանքներով և անցնել հաջորդ խաղին։ Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի բոլորին ցույց տանք, որ ունենք հպարտանալու պատմություն և այնտեղ չենք գնացել կռվելու համար: Մենք այնտեղ էինք մարզական մրցակցության համար»:

Ըստ կանոնակարգի՝ օրհներգերից հետո նոմինալ հյուրերը պետք է մոտենան մրցակից թիմին՝ ձեռքսեղմում կատարարելու համար։ Այս դեպքում նոմինալ հյուր էին համարվում իրանցիները։ Բնականաբար, հավաքականում բոլորն էլ հասկանում էին, որ դա անելն անհնար է։ Երկրում պարզապես նրանց չեն հասկանա։ ԱՄՆ-ի հավաքականը, կարելի է ասել, մտավ մրցակցի դրության մեջ և արեց առաջին քայլը։ Իսկ Իրանի հավաքականի ֆուտբոլիստներն սպիտակ վարդերի փունջ նվիրեցին մրցակցին (Իրանում խաղաղության խորհրդանիշ)։ 2 հավաքականների ֆուտբոլիստները նաև համատեղ լուսանկար ունեն։ 

Լիոնում կայացած հանդիպումը համարվում է երկու երկրների հարաբերությունների ջերմացման պահ։ Ազիզին և իրանցի մի քանի այլ ֆուտբոլիստներ հետո խաղացել են ԱՄՆ-ի առաջնությունում՝ MLS-ում, իսկ պաշտպան Ջեֆ Ագուսը պատմական այդ հանդիպման մասին ասել է, որ ֆուտբոլիստները 90 րոպեում ավելին են արել, քան քաղաքական գործիչները երկու տասնամյակում:

Սակայն մի քանի տարվա երկխոսությունն ու իրավիճակը լիցքաթափելու իրական քայլերն ավարտվեցին անհաջողությամբ։ Ջորջ Բուշը 2002 թվականին Իրանը հայտարարեց «չարիքի առանցք», իսկ այժմ հարաբերությունների կարգավորման մասին խոսելն ավելորդ է։

Բայց ո՞վ գիտի, թե ինչ կլինի ԱԱ 2022-ի ժամանակ և դրանից հետո...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա