Logo

It’s coming home. 3 պատճառ, թե ինչու Անգլիան կդառնա Եվրոպայի չեմպիոն

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 10.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
harry kane kcwwmk87co9215ojglhxfoh47 - It's coming home. 3 պատճառ, թե ինչու Անգլիան կդառնա Եվրոպայի չեմպիոն
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ

11 Հուլիս 2021 - 23:00

1

Իտալիա

1

Անգլիա

0 - 1 Լյուկ Շոու - 2`

1 - 1 Լեոնարդո Բոնուչի - 67`

Այսպես՝ «աչքներս թարթեցինք» ու վրա հասավ ԵՎՐՈ 2020-ը, որի մեկնարկը կարծես երեկ լիներ: Ինչպես մեկնարկային խաղում՝ հիմա էլ մասնակիցներից մեկն Իտալիան է, բայց իտալացիների համար ամենևին էլ հեշտ զբոսանք չի լինելու եզրափակիչը՝ ի տարբերություն թուրքերի դեմ բացման խաղի: Մրցակիցը Անգլիայի հավաքականն է, որն այս մրցաշարի ընթացքում, գուցե, չի խաղում այն ֆուտբոլը, որ շատերը սպասում էին, բայց Սաութգեյթի թիմն ապացուցեց, որ իր ճանապարհն դեռ ամբողջովին արդարացնում է իրեն:

Անգլիայի հավաքականի համար առաջիկա եզրափակիչը հաղթելու տարբեր գործոններ կան, որոնցից առանձնացրել եմ 3-ը: Սպասում եմ իմ գործընկեր Արամ Սահակյանի պատասխանին, որը պետք է ինձ և Ձեզ համոզի, թե ինչի հաշվին Իտալիան կարող է հաղթել անգլիացիներին:

Պատճառ 1. Իտալիայի զենքն Անգլիայի ձեռքում է

Փողոցում կանգնեցրեք ցանկացած ֆուտբոլասերի ու հարցրեք՝ ինչ է պատկերացնում Իտալիա ասելիս: Վստահաբար՝ նա կպատասխանի ամուր պաշտպանություն: Այո, դա Իտալիայի անձը հաստատող փաստաթուղթն է, նրանց պատմական ինքնությունը, ֆուտբոլային լեզուն, բայց ժամանակները փոխվում են, թիմերն էլ՝ ըստ իրենց մարզիչների կամ սերունդների, փոխում են իրենց ձեռագիրը:

Անգլիայի հավաքականն այժմ ավելի Իտալիա է, քան երբևէ: Անգլիայի պաշտպանության գրանցած արդյունքներն ապշեցնում են այս ԵՎՐՈ-ին. բաց թողած ընդամենը մեկ գոլ, այն էլ՝ ոչ խաղային իրավիճակից (Դանիայի հավաքականը տուգանային հարվածով գրավեց Պիկֆորդի դարպասը): Այնպես չէ, որ Անգլիան «Կատենաչո» է դավանում և գնդակը տալիս է մրցակցին ու ավտոբուս կանգնեցնում դարպասի դիմաց: Ամենևին: Ընդհակառակը՝ Անգլիան խաղում է առաջին համարով, վերցնում է գնդակը և պահում իր մոտ հնարավորինս երկար: Ֆուտբոլիստներին ցուցում է գործել առավելագույն չափով պրագմատիկ, եթե գնդակը հարձակում ուղարկելու մեջ այն կորցնելու նույնիսկ փոքր վտանգ կա, ուրեմն պետք է շրջվել ու փոխանցել այն դարպասապահին կամ պաշտպաններին:

Այսպիսի ֆուտբոլը, հաշվի առնելով Անգլիայի հավաքականի հարձակվողների որակն ու քանակը, գուցե հիասթափեցնող է ֆուտբոլային էսթետների համար (հատկապես՝ կարգով ավելի թույլ թիմերի դեմ խաղերում), բայց Սաութգեյթն իր առջև խնդիր է դրել Եվրոպայի չեմպիոն դառնալը և լավ է հասկանում, որ չեմպիոն դառնալու դեպքում ոչ ոք չի հիշելու պրագմատիկ ֆուտբոլի մասին, փոխարենը՝ նրա արձանը կկանգնեցնեն «Ուեմբլիի» մատույցներում:

The Desperate 'Deep Woke' Attacks on Southgate's Squad Speak for Themselves – Byline Times

Պաշտպաններն էլ իրենց գործը հստակ են անում մրցակցի գրոհների կամ դրանց փորձերի ժամանակ: Հատկանշական է, որ պաշտպանական գիծը մանչեսթերյան է՝ Շոուն ու Մագուայրը ներկայացնում են «Յունայթեդը», իսկ Ուոքերն ու Սթոունզը՝ «Սիթին»: Շոուն ու Ոուքերը փակում են եզրերը, իսկ Սթոունզ-Մագուայր զույգն ամուր կանգնած է կենտրոնում: Պետք չէ մոռանալ նաև 2 հենակետայիններ Քելվին Ֆիլիպսի և Դեկլան Ռայսի մասին, որոնք անհրաժեշտության ժամանակ փոխօգնության են հասնում խաղընկերներին ու փակում մրցակիցների «օդը»:

Նման պաշտպանությունը հաղթանակի գրավական է Անգլիայի համար, ու դժվար է պատկերացնել՝ ինչպես են իտալացիները ճեղքեր գտնելու այստեղ, հատկապես՝ հաշվի առնելով Չիրո Իմոբիլեի՝ այս ԵՎՐՈ-ին առանձնապես չփայլելու փաստը (խոսքը չի գնում դերասանական խաղի մասին):

Պատճառ 2. Անծայրածիր պահեստայինների նստարան ու Բոնուչի-Կյելինի տանդեմը կոտրելու լայն լուծումներ

Շատերն են դժգոհում անարդար մրցավարությունից Դանիայի դեմ կիսաեզրափակիչ խաղում 11-մետրանոցի դրվագի ժամանակ: Գուցե՝ կանոնների խախտում չկար Ստեռլինգի դեմ պայքարում, գուցե՝ խաղադաշտում երկրորդ գնդակի առկայության դեպքում մրցավարը պարտավոր էր կանգնեցնել խաղը, բայց դա չէր փոխելու դանիացիների դեմ խաղի ելքը: Ոչ ոք չի կարող պնդել, որ Դանիան ավելի լավ էր խաղում, քան Անգլիան, գոնե այդ րոպեներին՝ լրացուցիչ ժամանակում: Անգլիան այնպես էր սեղմել Դանիային իրենց տուգանային հրապարկում, որ եթե նույնիսկ չլիներ գոլ այդ դրվագում, կլիներ րոպեներ կամ վայրկյաններ անց: Եվ դա Անգլիայի՝ շատ երկար պահեստայինների նստարանի շնորհիվ է, ինչը թույլ է տալիս թիմին ունենալ թարմություն նույնիսկ խաղի 120-րդ րոպեին:

Սաութգեյթը նայում է պահեստայինների նստարանին, ու տեսնում այնտեղ նստած Սանչոյի, Ռեշֆորդի, Ֆոդենի ու Գրիլիշի նման ֆուտբոլիստներ: Դժվար է հավատալ, որ այս 4 ֆուտբոլիստները, որոնք կզարդարեին աշխարհի յուրաքանչյուր թիմի մեկնարկային կազմ, նստած սպասում են իրենց հերթին: Բացի քանակը, Սաութգեյթն ունի հարձակման գծի այնքան տարբեր խաղաոճերի և ունակությունների տեր ֆուտբոլիստներ, որ կարող է խաղի ժամանակ հարձակման գծում տալ այն լուծումը, որ կթելադրի իր երևակայությունը: Խաղ եզրերով/եզրային փոխանցումներով, խաղալ 1 խաղարկող ու 2 հարձակվողով, խաղալ 2 ենթահարձակվողներով ու կեղծ 9 համարով:

Why is Jadon Sancho not a lock for England's squad? - Sportsbet.io

Բոնուչի-Կյելինի զույգին ծնկի բերելը չափազանց բարդ գործ է, ու հնարավոր չէ այդ խնդիրը լուծել՝ պարզապես ունենալով անհատներ: Ծերուկները միմյանց հետ անցկացրել են 219 խաղ, նվաճել են բազմաթիվ տիտղոսներ, միմյանց ավելի լավ են ճանաչում, քան սեփական կանանց, իսկ Եվրոպայի այս առաջնությունը նրանց միջև քիմիան ավելի ուժեղ է, ինչպես երբեք: Երբեմն նույնիսկ անհնար է տարբերել նրանց, երբ ռեժիսորը կադրը մեծ պլանով է վերցնում:

Այսպիսով՝ այս զույգի պատնեշը հաղթահարելը Սաութգեյթի հիմնական մարտահրավերներից է, որի լուծումն անգլիացին ունի: Այս հարցում չափազանց կարևոր է Հարի Քեյնի գործոնը: Ո՛չ, խոսքն ամենևին էլ «Տոտենհեմի» ռմբարկուի գոլային հոտառության մասին չէ: Պարզապես Քեյնը վերջին 2 տարիներին ձեռք է բերել նահանջելու, պաշտպաններին իր վրա քաշելու և եզրայինների համար տարածություն բացելու հմտությունը: Որպես վառ օրինակ՝ հիշեք Սիմոն Կյերի ինքնագոլը, ինչպես Քեյնն այդ դրվագում նահանջեց, իր վրա սևեռեց դանիացիների ուշադրությունը և փոխանցեց գնդակը աջ եզրը ճեղքող Բուկայո Սակային, որն էլ ստիպեց Կյերին գրավել սեփական դարպասը: Հենց այդպես էլ Քեյնը կարող է նահանջել, իր մոտ քաշել Բոնուչիին ու Կյելինիին, իսկ մնացածը կանեն Սական, Ստեռլինգը, Սանչոն կամ Գրիլիշը:

Մեր ընտրանին

Պատճառ 3. «Ուեմբլի» մարզադաշտ ու բացառիկ մոտիվացիա 

Եվ վերջապես՝ Եվրոպայի այս առաջնության եզրափակիչն անցկացվելու է Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: Բայց միայն եզրափակիչը չէ, որում իր խաղը կանցկացնեն «երեք առյուծները», և դա նրանց տալիս է մեծ առավելություն:

Այդ առավելությունը միայն հուզական ֆոնի վրա չէ: Նախ՝ Անգլիան ֆիզիկապես ամենաթարմ կազմն ունի մյուս թիմերի, այդ թվում՝ Իտալիայի հավաքականի համեմատ: Եվրոպայի այս առաջնությունը, ինչպես գիտեք, անցկացվել է 11 տարբեր մարզադաշտերում: Լինում էին դեպքեր, երբ թիմերից մեկը մի քանի օրվա ընթացքում ճանապարհորդում էր հազարավոր կիլոմետրեր (օրինակ՝ Շվեյցարիայի հավաքականը ժամերի տարբերությամբ Բաքվից ժամանեց Հռոմ, հետո վերադարձավ Բաքու), և դա, բնական է, իր ֆիզիկական ազդեցությունն է ունենում ցանկացած մարդու վրա՝ որքան էլ ուղևորությունները պրոֆեսիոնալ կազմակերպված լինեն, որքան էլ ինքնաթիռը լինի հարմարավետ: Այս վնասն Անգլիայի հավաքականը չի կրել՝ իր գրեթե բոլոր խաղերը (բացառությամբ՝ կիսաեզրափակիչը) անցկացնելով Լոնդոնում:

Euro 2020: More than 60,000 fans allowed in Wembley for semi-finals and final | UK News | Sky News

Բնականաբար՝ իր դերն է խաղում նաև սեփական երկրպագուներով լեփ-լեցուն մարզադաշտը, սեփական երկրպագուներով քաղաքը, շունչը: Անգլիայի հավաքականն այս մրցաշարն ու եզրափակիչն անցկացնում է տանը:

Առհասարակ՝ Անգլիայի հավաքականի համար այս օրերը պատմական են. թիմը 55 տարվա դադարից հետո հայտնվել է մեծ մրցաշարի եզրափակիչում ու կարող է նույնքան դադարից հետո դառնալ մեծ մրցաշարի հաղթող: Անգլիայի համար դա կլինի համազգային ցնծություն, և Սաութգեյթը զգում է աշխարհի բոլոր անգլիացիների աջակցությունը. Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մոռացել է բոլոր խնդիրների ու կորոնավիրուսի բրիտանական շտամի մասին, Էդ Շիրենը Դևիդ Բեքհեմի հետ գալիս է մարզադաշտ ու դիտում խաղերը, կասկած չկա, որ Ելիզաբեթ թագուհին էլ՝ արքայազն Վիլյամի ու ընտանիքի հետ միասին դիտելու է եզրափակիչը:

Boris Johnson below mounting strain to grant employees financial institution vacation if England win Euro 2020 | Less Daily

Ամեն ինչ նպաստում է Անգլիայի չեմպիոնությանը, թիմն էլ իր ցույց տված խաղով՝ փաստարկներով տանում է դրան: Այս անգամ, կարծես, football is coming home!

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա