Logo

It’s coming Rome. 3 պատճառ, թե ինչու Իտալիան կդառնա Եվրոպայի չեմպիոն

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 11.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
E5pk9qeWQAEdyeO 1 - It's coming Rome. 3 պատճառ, թե ինչու Իտալիան կդառնա Եվրոպայի չեմպիոն
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ

11 Հուլիս 2021 - 23:00

1

Իտալիա

1

Անգլիա

0 - 1 Լյուկ Շոու - 2`

1 - 1 Լեոնարդո Բոնուչի - 67`

ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչում եթե հաղթի Անգլիան, գավաթը կգնա home (տուն), եթե հաղթի Իտալիան, կգնա՝ Հռոմ։ 1996 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո Անգլիայի հավաքականի երկրպագուները շարունակում են երգել հայտնի երգի հայտնի հատվածն ու հուսալ, որ բացի մեծ ֆուտբոլից օրերից մի օր հայրենիք կվերադառնա նաև Եվրոպայի առաջնության գավաթը։ Թեպետ ինչպես ասաց Դանիայի հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելը․ «բայց այդ գավաթը երբևէ եղե՞լ է «տանը»։

Եթե 1996 թվականին Անգլիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի վրիպումը զրկեց «երեք առյուծներին» տնային ԵՎՐՈ-ի եզրափակիչում խաղալուց, ապա հիմա նրանք «Ուեմբլիում» խաղալու են հին աշխարհամասի գլխավոր մրցաշարում հաղթանակի հասնելու համար։ Բայց Անգլիան չի հաջողելու նաև այս անգամ։ Եզրափակիչում նրանց մրցակիցը ահեղ Իտալիան է։

«Սկուադրա աձուրան» հաղթելու է ԵՎՐՈ-2020-ը՝  առավելության հասնելով տանտերերի նկատմամբ։ Կան բազմաթիվ պատճառներ Ռոբերտո Մանչինիի թիմի հաղթանակի համար։ Ես, ի պատասխան Իշխանի Մելքոնյանի հիմնավորումներին, առանձնացրել եմ 3 փաստարկ։

Դե՜ ինչ, գնացի՜նք։

May be an image of 2 people, outdoors, crowd and text that says 'IT'S COMING HOHTE TO ROME'

Պատճառ 1․ Թիմ-Իտալիա 

Եթե համեմատենք Իտալիայի և Անգլիայի հավաքականների խաղացողներին առանձին- առանձին, ապա դարպասապահի ու միջին գծի խաղացողների դիրքերից բացի մյուսներում «երեք առյուծներն» ունեն առավելություն։ Կարծում եմ՝ բոլորն էլ կհամաձայնվեն, որ Մարկո Վերատին, կամ Ժորժինյոն հաստատ ավելի բազմափորձ են, քան օրինակ Դեկլան Ռայսն ու Քելվին Ֆիլիպսը։ Թեպետ նրանք երկուսն էլ գերազանց մրցաշար են անցկացնում։ Իսկ մյուս դիրքերում կամ տոտալ հավասարություն է, կամ էլ անգլիացիներն անհատապես ավելի ուժեղ են։ Պաշտպանության կենտրոնի իտալական զույգն ավելի բազմափորձ է, բայց Սթոունզ-Մագուայեր զույգը չի զիջում նրանց ոչնչով։ Եթե գանք հարձակման գծին, ապա Անգլիայի առավելությունն ակնհայտ է դառնում։

Իսկ երբ մոռանում ենք այդ անհատներին ու վերցնում ենք միայն թիմը, Իտալիան դառնում է ԻՏԱԼԻԱ։ Կար մի ժամանակ, երբ Իտալիայի հավաքականում բոլորն էին աստղային խաղացողներ։ Հիմա այդ տարիներն անցել են։ Ռոբերտո Մանչինին կարողացել է գերազանց «միքսել» հնաբնակ մարտիկներին ու երիտասարդ հեռանկարային խաղացողներին, որոնք ունեն մեծ պոտենցիալ համաշխարհային ֆուտբոլում հնչեղ անուններ դառնալու համար։ Հենց այս յուրօրինակ սոուսն էլ Իտալիայի ներկայիս թիմի ուժեղագույն կողմերից է։ Թիմի խաղում դերակատարում ունեն բոլոր 11 ֆուտբոլիստները։  Իտալիան առաջնության ընթացքում մնաց առանց Լեոնարդո Սպինացոլայի, որն այդքա՜ն խելահեղ ֆուտբոլ էր խաղում։ Բայց նույնիսկ դա չթուլացրեց Իտալիայի խաղը։

Euro 2020: Italy beat Spain on penalties to enter fourth final - Asian News

Իտալիայի հավաքականին ԵՎՐՈ-ից առաջ շատերը ֆավորիտ չեն համարել։ Բոլորը խոսում էին Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Բելգիայի, Գերմանիայի, Անգլիայի հավաքականների մասին։ Իսկ գիտե՞ք` ինչու․ քանի որ այնտեղ ընդգծված աստղեր կան։ Իտալիայում չկա այն խաղացողը, որին կարելի է առանձնացնել մնացածներից։ Գոլահարի կարգավիճակում Չիրո Իմոբիլեն է, իսկ երիտասարդներ Ֆեդերիկո Կիեզայի, Ֆեդերիկո Բերնարդեսկիի, Նիկոլո Բարելայի, կամ էլ Մանուել Լոկատելիի մասին մրցաշարից առաջ այդքան էլ շատ չէր խոսվում։ Թեպետ նրանք իրենց խաղով ապացուցեցին, որ նոր հայտնություններ են համաշխարհային ֆուտբոլում։

UEFA EURO 2020, Turkey vs Italy Highlights: Italy beat Turkey 3-0 in the opener - The Times of India

Իտալիայի հավաքականի թիմային ոգու մասին խոսելիս չենք կարող չանդրադառնալ նաև ոչ այդքան ֆուտբոլային հանգամանքներին։ Նույնիսկ աշխարհի 2006 թվականի չեմպիոնական թիմը խաղերից առաջ չէր երգում պետական օրհներգն այնպես, ինչպես անում են իտալացիները հիմա։ Ֆուտբոլասերները կհիշեն, որ այն տարիներին հիմնական ուշադրությունը հիմնի կատարման ժամանակ բաժին էր հասնում Ջանլուիջի Բուֆոնին, որը բոլորից բարձր էր երգում «Իտալացիների երգը»։ Հիմա դա անում են բոլորը։ Թիմում առկա բացառիկ մթնոլորտը տեսանելի էր նաև Իսպանիայի հետ հետխաղյա հարվածաշարի ժամանակ։ Առաջինը վրիպեց Մանուել Լոկատելին։ Հավաքականի ավագ, բազմափորձ Ջորջո Կիելինին սփոփում էր նրան ու ոգևորում թիմին։ Խաղից հետո Կիելինին գրկել էր Լոկատելիին ու արտասվում էր նրա հետ։ Իտալացիները վտանգավորության աստիճան էմոցիոնալ են այս մրցաշարում։ Նրանք իսկական թիմ են դարձել թե՛ խաղային, թե՛ ուրիշ դրվագներում։ Իտալիային կանգնեցնելը դժվար է լինելու «երեք առյուծների» համար։

Մեր ընտրանին․

 

Պատճառ 2․ Փորձը խոշոր մրցաշարերի եզրափակիչներում

Անգլիան խաղալու է «Ուեմբլիում»։ Սա իսկապես մեծ առավելություն է։ Տրիբունաներում անգլիացիներն, իհարկե, ավելի շատ են լինելու։ Սակայն դա իտալացիներին չի խանգարելու, քանի որ նրանք առավելություն ունեն ստադիոնի ավելի կարևոր ու ֆուտբոլային հատվածում։ Փորձը․ Իտալիան անհամեմատ ավելի մեծ փորձ ունի խոշոր մրցաշարերի եզրափակիչներում խաղալու։ Այս մասին խոսեց նաև «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։ Նրա խոսքով՝ Իտալիան գիտի, թե ինչպես է պետք հաղթել եզրափակիչներում։

Memorable moments from Germany 2006

Անգլիայի հավաքականի համար սա երկրորդ եզրափակիչն է խոշոր մրցաշարերում։ Առաջին եզրափակիչից անցել է 55 տարի։ Սա շատ մեծ ժամանակ է։ Անգլիայի հավաքականի ներկայիս կազմում չկան խաղացողներ, որոնք «պարկերով» եզրափակիչներ են ունեցել իրենց կարիերայում նույնիսկ ակումբային մակարդակում։ Նրանց առաջնորդում է Հարի Քեյնը, որը կարիերայում դեռ տիտղոս չի նվաճել։ «Մանչեսթեր Սիթիի» խաղացողները բոլորովին վերջերս են պարտվել «Չելսիին» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, որը շատերի համար առաջինն էր։ Այնպես որ, Իտալիան թե՛ պատմականորեն, թե՛ խաղացողների առումով ավելի մեծ փորձ ունի խոշոր մրցաշարերի եզրափակիչներում խաղալու։ Իտալիայի կազմում երկու խաղացող կա, որը մասնակցել է ԵՎՐՈ-2012-ի եզրափակիչին։ Այդ ֆուտբոլիստներն են Ջորջո Կիելինին և Լեոնարդո Բոնուչին։

Իտալիայի հավաքականը խոշոր մրցաշարերի եզրափակիչներում խաղալու է 10-րդ անգամ։ 6 անգամ նրանք խաղացել են Մունդիալի եզրափակիչներում ու հաղթել դրանցից չորսում։ ԵՎՐՈ-ներում ունեն երեք եզրափակիչ ու մեկ հաղթանակ։ Դա 1968 թվականի առաջնությունն էր։

Watch Pirlo's EURO 2012 Panenka penalty against England | UEFA EURO 2020 | UEFA.com

Խոշոր մրցաշարերում այս հավաքականների միջև կայացել է 4 հանդիպում, բոլորում հաղթել են իտալացիները։ Այդ խաղերից երկուսն են կայացել ԵՎՐՈ-ներում։ Առաջինը 1980 թվականի Եվրոպայի առաջնությունում էր, որտեղ Իտալիան հաղթեց խմբային փուլում նվազագույն հաշվով։ Մյուս հանդիպումը ֆուտբոլասերները պետք է որ լավ հիշեն։ 2012 թվականի մրցաշարում Իտալիան հաղթեց Անգլիային քառորդ եզրափակիչում։ Հետխաղյա հարվածաշարից Անդրեա Պիռլոյի սառնասիրտ պանենկան պետք է որ հիշեք։ Եվս երկու հանդիպում էլ կայացել է աշխարհի առաջնություններում։ Դրանցից մեկը 1990 թվականի մրցաշարի երրորդ տեղի համար խաղում էր։ Իտալիան նորից ուժեղ էր։ 2014 թվականին թիմերը Մունդիալի նույն խմբում էին։ Իտալիան հաղթել է նաև այդ խաղում՝ 2-1։

Պատճառ 3․ Վիճակագրություն, որը չի կարող պատահական լինել

Իտալիայի հավաքականը անպարտելի է 33 խաղ։ Այս վիճակագրությունը գուցե զարմանալի չլիներ, եթե չսկսվեր այն կատարյալ ֆիասկոյի ժամանակաշրջանից, որի միջով անցնում էր «Սկուադրա աձուրան»։ 1958 թվականից հետո առաջին անգամ Իտալիան 2018 թվականին չորակավորվեց խոշոր մրցաշարի՝ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։ Այնուհետև, եկավ Ռոբերտո Մանչինին ու փոխեց ամեն ինչ։ Ճիշտ է, նրա գլխավորությամբ ևս մի քանի պարտություն կրեց, սակայն դրանք Ազգերի լիգայի խաղարկության կամ էլ ընկերական հանդիպումների շրջանակում էին։ Իսկ հետո սկսվեց այս խելահեղ շարքը, որի շնորհիվ Իտալիան հասել է արդեն ԵՎՐՈ-ի եզրափակիչ։

Իտալիայի հավաքականի ավագ Ջորջո Կիելինին եզրափակիչից առաջ պատմեց, որ նույնիսկ թիմում են ապշած, թե ինչպես Մանչինին կարողացավ փոխել Իտալիայի հավաքականը։ Համաձայնվեք, սա հեքիաթի ժանրից է․ բաց թողնել նախորդ խոշոր մրցաշարը, ձախողել ընտրական փուլն ու անցումային խաղերը, իսկ նոր ցիկլում գերազանց ֆուտբոլ խաղալ ու արդեն հիմա պայքարել Եվրոպայի չեմպիոնի կոչման համար խելահեղ մրցաշարից հետո։ Կիելինին նաև պատմեց, որ թիմում քչերն էին հավատում ԵՎՐՈ-ում այսպիսի հաջողության հասնելուն, բայց Մանչինին ստիպել է ֆուտբոլիստներին հավատալ ԵՎՐՈ-հեքիաթին։ Հիշե՛ք մրցաշարի բացման խաղը․ ենթադրում եմ՝ այդ ժամանակ Իտալիան արդեն հասկացել էր, որ ի զորու է այս մրցաշարում շատ հեռու գնալ։

Image

Իտալիայի հավաքականի խելահեղ շարքը խոսում է մեկ այլ կարևոր հանգամանքի մասին ևս։ Իտալիան դարձել է հավաքական, որը կարողանում է ցանկալի արդյունք գրանցել նաև այն խաղերում, որտեղ լավ չի խաղում։ Երկրպագուների ու փորձագետների շրջանում կա տարածված կարծիք, որ Իսպանիայի հետ կիսաեզրափակիչը Իտալիան լավ չի անցկացրել։ Լուիս Էնրիկեի թիմը տիրում էր նախաձեռնությանը, վերահսկում էր գնդակը։ Իսպանիան կարողացավ մի քանի վտանգավոր պահ ստեղծել, երբեմն տեղի էր տալիս նաև Իտալիայի պաշտպանությունը։ Մի տեղ ժպտում էր բախտը, մի տեղ օգնում էր Դոնարուման։ Բայց, ի վերջո, այս ծանր դասավորվող խաղում Իտալիան հաղթող դուրս եկավ։

Իտալիան մեկ այլ բացառիկ շարք ուներ, որը ընդհատվեց Ավստրիայի դեմ խաղում․ նրանք 10 խաղ սեփական դարպասն անառիկ էին պահում։ Սրանք վիճակագրություններ են, որոնք ոչ մի դեպքում չեն կարող պատահականության, կամ էլ մրցակիցների թույլ լինելու արդյունք լինել։ Սրանք վիճակագրություններ են, որոնք ի հայտ են եկել այս տղաների անմնացորդ աշխատանքի ու խաղադաշտում ամեն ինչ թողնելու պատրաստակամությամբ։ Չեմպիոն դառնալու համար թիմին պետք է հենց այն, ինչ հիմա ունի Իտալիան։

Ու այստեղ խոսքը ամենևին էլ վիճակագրության մասին չէ, այլ այն բնավորության, խաղային որակների, տրամադրվածության ու նաև մարզական բախտի մասին է, որը Իտալիան հասցրել է մինչև եզրափակիչ։ «Սկուադրա աձուրան» հաղթելու է ԵՎՐՈ-2020-ում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա